Armenian ARMSCII Armenian
Կ-529-09.03.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 6-րդ մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «սույն օրենքով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Ավագանու նորմատիվ, անհատական եւ ներքին իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով եւ նույն ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Քաղաքապետի իրավական ակտերը ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացվում են լիազոր մարմին՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու նպատակով (բացառությամբ՝ աշխատանքային հարաբերություններից բխող իրավական ակտերի) եւ նույն ժամկետում տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:»:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«3. Քաղաքապետի իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասում ««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով» բառերը փոխարինել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ակնկալվող արդյունքը

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 49-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երեւան քաղաքի ավագանու եւ Երեւանի քաղաքապետի ակտերն ընդունվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:

Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից յուրաքանչյուր տարի ընդունվում են ավելի քան 6000 ակտեր: Երեւան քաղաքում բնակվող անձանց եւ Երեւան քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող բազմաթիվ իրավաբանական անձանց հաճախ անհրաժեշտ է լինում ծանոթանալ նշված ակտերին՝ իրենց գործունեության իրականացման ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ գործող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական www.arlis.am կայքն արդյունավետ իրականացնում է իրավական ակտերի ինկորպորացված հրապարակումը եւ նշված կայքում Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած ակտերի տեղադրումն առավել դյուրին կդարձնի որեւէ ակտին եւ դրա բովանդակությանը ծանոթանալու ընթացքը եւ այդ ակտին համապատասխան գործունեության կազմակերպումը, ուստի իրավական ակտերի միասնական շտեմարան ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշակվել է սույն օրենքի նախագիծը:

Միաժամանակ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվում են հղումներ «Իրավական ակտերի մասին» օրենքին, որն ուժը կորցրել է 07.04.2018 թվականին, եւ ներկայումս նշված հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, ուստի «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում «Իրավական ակտերի մասին» բառերն առաջարկվում է փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» բառերով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից.

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն