Armenian ARMSCII Armenian
Կ-5211-27.02.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել նոր 110.4-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 110.4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պայմանների խախտումն արձանագրելիս՝

առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման կարգի խախտման դեպքում՝

առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հարյուրերեսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. Տուգանքի վճարումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2382-րդ հոդվածում «, 188-րդ եւ 213.2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213.2-րդ եւ 110.4» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի եւ մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը: Այն հատկապես կարեւորվում է ներկայումս կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության միջոցառումների իրականացման շրջանակում: ՀՀ-ում օրգանական գյուղատնտեսությունը սկսեց զարգանալ 2000-ական թվականներից, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազել է օրգանական գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավված հողատարածքների մակերեսը եւ արտադրանքի ծավալները: Այն հիմնականում պայմանավորված է իրացման խնդիրներով, արտադրության իրականացման առանձնահատուկ պահանջներով, տեղական շուկայում ոչ բավարար պահանջարկով, սերտիֆիկացման գործընթացի հասանելիության հետ կապված դժվարություններով, պետական աջակցության թիրախավորված ծրագրերի բացակայությամբ եւ այլն:

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն ՀՀ-ում սերտիֆիկացում կարող են իրականացնել օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպությունները, որը սահմանափակում է այլ կազմակերպությունների կողմից հավատարմագրած կազմակերպությունների գործունեության իրականացումը:

Միեւնույն ժամանակ այն չի համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում օրգանական արտադրանքի շրջանառության մասին համաձայնագրի նախագծին, համաձայն որի անդամ երկրներում օրգանական սերտիֆիկացում իրականացնող կազմակերպությունը պետք է լինի համապատասխան երկրի պետական հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ՝ ՀԱՄ) կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմին (այսուհետ՝ ՀԳՄ):

Բացի այդ, ներկայումս ընթացքի մեջ է «Հավաստագրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում գործող սերտիֆիկացման կազմակերպությունների ՀԱՄ-ի կողմից պարտադիր հավատարմագրումը, որի կողմից ՀԳՄ-ի հավատարմագրման գործընթացն իրականացվելու է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտով:

Չնայած «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին վերապահված է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան վարելու լիազորություն, որն իրականացվում է հանրապետությունում գործող սերտիֆիկացնող ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, սակայն այդ տեղեկատվությունը լիարժեք չէ, քանի որ ՀՀ-ից դուրս գրանցված սերտիֆիկացնող ընկերությունների կողմից սերտիֆիկացված օրգանական արտադրողի գրանցում չի իրականացվում: Արդյունքում օրգանական գյուղատնտեսության արտադրանքի ծավալների, արտադրատեսակների, արտադրողների եւ հողատարածքների մակերեսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը բացակայում է:

Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների հետ կապված պետական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում լիազորող նորմի սահմանումը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունումը, որը կնպաստի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրմանը եւ կանխարգելմանը:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը:

Սույն օրենքի եւ ՀՀ կառավարության որոշումների ընդունման արդյունքում ոլորտի իրավական կարգավորումները կհամապատասխանեցվեն, ինչպես նաեւ կմոտարկվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, հնարավորություն կստեղծվի տվյալների հավաքագրման, վերլուծությունների, կանխատեսումների եւ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք:

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության (EU-GAIA) նախաձեռնությունը Հայաստանում ծրագիր:

4. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով:

Արդյունքում ակնկալվում է օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնում, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծում, սերտիֆիկացման գործընթացի դյուրացում եւ բարելավում, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնում եւ արտադրության ծավալների աճ, անհրաժեշտ վերլուծությունների իրականացում եւ քաղաքականության  մշակման համար ամբողջական տվյալների առկայություն եւ դրանց հրապարակում, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների նկատմամբ խախտումների արձանագրում եւ կանխարգելում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված գերակայությունների 4-րդ կետով նախատեսված է զարգացնել տեղական շուկաները եւ բարձրացնել արտահանման հնարավորությունները, որի շրջանականերում էլ նախատեսվում է մշակել եւ իրականացնել միջոցառումներ օրգանական արտադրության զարգացման նպատակով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում