Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6281-06.10.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 12. Լրատվական գործունեություն իրականացնողների հաշվետվությունները

Լրատվական գործունեություն իրականացնողը, յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 15-ից ոչ ուշ լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ (եթե դա թողարկվում է) «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում օրենքով սահմանված կարգով հրապարակում է նախորդ տարվա ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվությունները` նշելով համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերը:

Հաշվետվության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն իր հրամանով սահմանում է հաշվետվության ձեւը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

2012թ. Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց եւ սկսեց կիրառվել որոշ իրավաբանական անձանց, մասնավորապես՝ հիմնադրամների, կուսակցությունների, ԶԼՄ-ների, բաց բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց տարեկան հաշվետվությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու ինստիտուտը, ինչը էապես բարելավեց իրավաբանական անձանց գործունեության հրապարակայնության, թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը:

Սակայն այդ գործընթացի իրականացման տեխնիկական կողմը շարունակում է մնալ խնդրահարույց: Առկա են մի շարք թերություններ՝ մասնավորապես, թեեւ ինստիտուտը, որպես այդպիսին, ունի էլեկտրոնային ձեւաչափ, սակայն հաշվետվությունները կայքը վարողին ներկայացվում են առձեռն, իսկ դրանց տեղադրումը կայքում ժամանակատար գործընթաց է: Պրակտիկ գնահատմամբ, մեկ հաճախորդի սպասարկումը տեւում է շուրջ 25 րոպե: Այդ ժամանակահատվածի մի զգալի մասը նվիրվում է տպագրական նիշերի հաշվարկմանը եւ բանկում կամ տերմինալում վճարումներ կատարելուն, ինչը ոչ միայն հաճախորդներից ու կայքը վարողից խլում է ահռելի ժամանակ, այլեւ հանդիսանում ֆինանսական խոչընդոտ:

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է.

1) սահմանել, որ հաշվետվությունների ներկայացումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով,

2) կանոնակարգել պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրումը իրավաբանական անձանց համար՝ սահմանելով, որ յուրաքանչյուր իրավաբանական անձ պետք է ունենա իր էլեկտրոնային հասցեն՝ իր վավերապայմաններով եւ անհատականացման միջոցներով,

3)  վերացնել հրապարակման վճարովի լինելը,

4) ընդլայնել հաշվետվություն հրապարակող սուբյեկտների շրջանակը՝ ընդգրկելով նաեւ հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները եւ փակ բաժնետիրական ընկերությունները, ինչը մեծապես կբարձրացնի թափանցիկության եւ հանրային հաշվետվողականության վիճակը,

5)  կայքի վարողների աշխատանքների դյուրացման նպատակով տարբեր սուբյեկտների համար սահմանել հաշվետվությունների հրապարակման տարբեր ժամկետներ: