Armenian ARMSCII Armenian
Կ-518-21.02.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) փոստային կապ` փոստային առաքանու ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումն ապահովող կապի տեսակ, որը տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր է.

2) փոստային կապի ծառայություններ` գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու, հիբրիդային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման եւ հանձնման գծով.

3) ներհանրապետական փոստային կապի ծառայություններ` փոստային կապի ծառայություններ, որի դեպքում փոստային առաքանին ընդունվում, մշակվում եւ հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.

4) միջազգային փոստային կապի ծառայություններ` փոստային ծառայություններ, որի դեպքում փոստային առաքանին առաքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ստացվում է այլ երկրներից եւ առաքվում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ տարանցիկով անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով.

5) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ` Օրենքի 3.3 հոդվածի 1-ին մասով սահմանված որակի չափանիշներին համապատասխան, բոլոր օգտվողների համար՝ անկախ Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու վայրից, հասանելի, մշտական հիմունքներով փոստային կապի ծառայությունների նվազագույն շրջանակի մատուցում.

6) փոստային առաքանի` վերջնական տեսքով հասցեագրված առաքանի, որը ենթակա է ընդունման փոստային կապի ծառայություններ մատուցողի կողմից կանոնակարգի պահանջներին համապատասխան, այդ թվում՝ նամակագրական թղթակցությունը, ինչպես նաեւ գրքերը, կատալոգները, թերթերը, պարբերականները ու փոստային ծանրոցները, որոնք կարող են ունենալ կամ չունենալ առեւտրային արժեք: Առաքանին համարվում է վերջնական տեսքով հասցեագրված, եթե այդ առաքանու, կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է փոստային վճարման պետական նշան կամ փոստային ծառայություն մատուցողի կողմից ճանաչված փոստային վճարման պետական նշանին համարժեք այլ նշան եւ այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա առկա է ստացողի հասցեի վերաբերյալ անհրաժեշտ նշում` փոստային ծառայություն մատուցողի կողմից այն առաքման նպատակով մշակելու համար.

7) հասարակ փոստային առաքանի՝ չգրանցվող փոստային առաքանի, որն ընդունման ժամանակ ուղարկողին անդորագիր չի տրվում եւ որը հանձնվում է ստացողին առանց ստորագրության.

8) գրանցվող փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողին անդորագրի հանձնումով, եւ ստացողին (օրինական ներկայացուցչին) հանձնվում է ստորագրությամբ` անձնագրի առկայության դեպքում.

9) գնահատված փոստային առաքանի` փոստային առաքանի, որն ընդունվում է ուղարկողի կողմից ներդրվածքի արժեքի գնահատմամբ, ուղարկողին անդորագրի հանձնումով, եւ ստացողին հանձնվում է ստորագրությամբ: Գնահատված արժեքի գումարի առավելագույն չափը սահմանվում է փոստային ծառայություններ մատուցողի կողմից.

10) նամակագրական թղթակցություն` ցանկացած ֆիզիկական կրիչով գրավոր թղթակցություն, որը ենթակա է փոխադրման եւ հանձնման` ուղարկողի կողմից այդ առաքանու կամ դրա փաթեթավորման կամ ծրարի վրա նշված հասցեով: Նամակագրական թղթակցությունը ներառում է հասարակ եւ գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ եւ փոքր փաթեթներ, տպագրված իրեր, ինչպիսին է ուղիղ փոստը: Գրքերը, կատալոգները, պարբերական հրատարակությունները` ինչպիսին են թերթերը եւ պարբերականները չեն համարվում նամակագրական թղթակցություն.

11) ուղիղ փոստային առաքանի` փոստային առաքանու տեսակ, որն իր մեջ պարունակում է գովազդային, տեղեկատվական կամ հրապարակային նյութեր: Առաքանու ներդրվածքը պետք է պարունակի միատեսակ հաղորդակցություն կամ տեղեկատվություն, որոնք չեն կարող փոփոխել առաքվող նյութերով հաղորդվող տեղեկությունների իմաստը, բացառությամբ այն տեղեկությունների, որոնցով սահմանվում են հասցեատիրոջ անունը, հասցեն, նույնականացման համարը եւ հասցեագրմանն առնչվող այլ տեղեկություններ.

12) փոստային ծանրոց` առեւտրային արժեք ունեցող կամ չունեցող առաքանի, որի չափերը, քաշը եւ փաթեթավորումը սահմանվում են կանոնակարգերով.

13) սեկոգրամ` բացառապես կույրերի համար նախատեսված փոստային առաքանի, որը հանձնվում է բաց տեսքով, սեկոգրաֆիայի եղանակով գրված նամակագրական հաղորդագրություններով եւ հրատարակություններով, սեկոգրաֆիայի նշաններով՝ կլիշեներով, ձայնագրություններով, տիֆլոտեխնիկական միջոցներով.

14) սուրհանդակային կապի ծառայություններ` մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին ուղարկողի պատվերով հավաքագրվում է իր բնակության, գտնվելու կամ գործունեության վայրում եւ առաքվում է ուղարկողի կողմից նշված հասցեատիրոջը: Ընդունումից մինչեւ առաքում ընկած ամբողջ ժամանակահատվածում` առաքանին ուղեկցվում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սուրհանդակի կողմից` առանց մշակման, փոխանակման կամ փոխանցման գործողություն իրականացնելու.

15) էքսպրես փոստային ծառայություններ` փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում առաջարկվում է փոստային առաքանու առավել կարճ ժամկետներում ընդունում եւ առաքում` այլ փոստային ծառայությունների համեմատ, եւ որը ներառում է նաեւ անհատականացված ծառայություններ` ուղարկողի եւ ծառայություն մատուցողի միջեւ կնքված պայմանագրի համաձայն: Էքսպրես փոստային ծառայություն է համարվում նաեւ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռների առաքումը.

16) հատուկ կապի ծառայություն` սուրհանդակային կապի ծառայության տեսակ` հատուկ առաքանիների հավաքագրման, մշակման, փոխադրման եւ հանձնման համար.

17) հատուկ առաքանի` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող կամ ստացվող առաքանի, որը բացառապես պարունակում է օրենքով կամ միջազգային պայմանագրերով պաշտպանվող գաղտնի տեղեկատվություն կամ առարկաներ, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներ, քարեր կամ  զարդեր.

18) հիբրիդային առաքանի՝ էլեկտրոնային նամակ (հաղորդագրություն), որը ընդունվում է փոստային կապի օպերատորի կողմից եւ տեղ է հասցվում հասցեատիրոջը նամակի (փոստային բացիկի) տեսքով, կամ նամակ (փոստային բացիկ), որը ընդունվում է փոստային կապի օպերատորի կողմից եւ տեղ է հասցվում հասցեատիրոջը էլեկտրոնային նամակի (հաղորդագրություն) տեսքով՝ էլեկտրոնային փոստին կամ էլեկտրոնային բաժանորդային արկղին:

19) էլեկտրոնային նամակ (հաղորդագրություն)՝ հեռահաղորդակցության ցանցի, ինտերնետի կամ էլեկտրոնային կրիչի միջոցով էլեկտրոնային ձեւով ուղարկված տեղեկատվություն:

20) դրամական միջոցների փոստային փոխադրություններ` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն դրամական (փողային) փոխանցումներ.

20) փոստային առաքում` փոստային առաքանու ընդունում, մշակում, փոխադրում եւ հանձնում հասցեատիրոջը.

21) փոստային առաքանու ընդունում` փոստային կապի օպերատորի կողմից ուղարկողից, այդ թվում փոստարկղերից հավաքագրված փոստային առաքանիների ձեւակերպում՝ հետագա առաքման համար.

22) փոստային առաքանու մշակում՝ գործողությունների համալիր՝ փոստային առաքանիները տուփերի, պարկերի եւ տարաների մեջ խմբավորելու, վերափաթեթավորելու գծով` համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ձեւակերպմամբ եւ արտադրական տարածքներում դրանց տեղափոխումը.

23) փոստային առաքանու փոխադրում՝ փոստային առաքանու փոխադրում (տեղափոխում) ընդունման կետից մինչեւ նշանակման վայրի արտադրական օբյեկտներ` հասցեատիրոջը տեղ հասցման եւ (կամ) հանձման համար.

24) փոստային առաքանու հանձնում՝ փոստային առաքանու տրամադրում անձամբ հասցեատիրոջը կամ լիազորված ներկայացուցչին.

25) փոստային հասցե` տվյալների ամբողջություն, որը թույլ է տալիս փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին որոշելու առաքման վայրը, որն առնվազն պարունակում է փոստային դասիչը, շենքի համարը, փողոցի եւ համայնքի անվանումները, երկրի անվանումը, կամ այլ նշում կամ տվյալ: Հասցեն պետք է նշված լինի փոստային առաքանու, ծրարի կամ փաթեթավորման վրա կամ առանձին ցուցակով այնպես, որ թույլ տա փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին առաքանին առաքելու ուղարկողի կողմից նշված հասցեով.

26) hասցեատեր (ստացող)` փոստային գործունեության ծառայություններից օգտվող, որին հասցեագրված է փոստային առաքանին, դրամական միջոցների փոստային փոխադրությունը, հեռագրային կամ այլ հաղորդագրությունը: Հասցեատերը կարող է փոստային օպերատորի կողմից սահմանված կարգով նշանակել ստացող, ով լիազորված է հասցեատիրոջ անունից ստանալու առաքանին.

27) ուղարկող` անձ, ով պատասխանատու է փոստային առաքանու ներդրվածքի համար, ում կամքով եւ ում անունից առաքանին հանձնվել է փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորին.

28) oգտվող` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, որն օգտվում է փոստային գործունեության ծառայությունից որպես ուղարկող կամ հասցեատեր.

29) փոստային կապի օպերատոր` փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաեւ փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.

30) սուրհանդակային կապի օպերատոր՝ միջազգային սուրհանդակային կապի օպերատոր կամ ներհանրապետական սուրհանդակային կապի օպերատոր` սուրհանդակային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով սույն օրենքով, ինչպես նաեւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները եւ պահանջները.

31) փոստային կապի ազգային օպերատոր (նշանակված օպերատոր)` փոստային կապի օպերատոր, որը պատվիրակված է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը, ինչպես նաեւ Համաշխարհային փոստային միության ակտերից բխող պարտավորությունների կատարումը եւ որը կրում է Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.

32) կանոնակարգ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում փոստային կապի օպերատորի կամ սուրհանդակային կապի օպերատորի գործունեություն իրականացնող անձանց` տվյալ գործունեությանը վերաբերող տարածքային, տրանսպորտային միջոցների, տեխնիկական եւ տեխնոլոգիական նվազագույն չափանիշներ, ինչպես նաեւ փոստային կապի օպերատորի գործունեության եւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պահանջներ.

33) փոստային կապի ցանց` արտադրական, տեխնոլոգիական, տրանսպորտային եւ այլ ռեսուրսների համակարգ, որն օգտագործվում է փոստային առաքանիների ընդունման, մշակման, փոխադրման ու առաքման համար.

34) փոստային օբյեկտներ` փոստային օպերատորի առանձնացված ստորաբաժանումներ` ներառյալ փոստային առաքանիների տեսակավորման եւ փոխադրման կենտրոնները, օդանավակայաններին եւ երկաթուղային կայարաններին կից փոստի փոխադրման բաժանմունքները, փոստափոխանակման կետերը, փոստային բաժանմունքները, փոստային սպասարկման կետերը.

35) փոստային կապի երթուղի` փոստային օբյեկտների միջեւ փոստային փոխադրման երթուղի.

36) փոստարկղ` փոստային առաքանիների, բացառությամբ գրանցված փոստով ուղարկվող, հավաքման համար նախատեսված հատուկ փակվող արկղ.

37) փոստային բաժանորդային պահարան` հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ եւ գրանցված փոստային առաքանիներ ստանալու մասին ծանուցումներ ստանալու համար բնակելի շենքերում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

38) փոստային անվանական պահարան՝ հասցեատերերի կողմից հասարակ փոստային առաքանիներ ստանալու համար որոշակի ժամկետով տրամադրվող` փոստային կապի օբյեկտներում տեղադրվող փակվող խցիկներով հատուկ պահարան.

39) հասանելիության կետեր` այն ֆիզիկական տարածքները` այդ թվում փոստարկղերը, որտեղ ուղարկողները կարող են մուտք անել իրենց փոստային առաքանիները փոստային ցանց: Դրանք կարող են լինել հանրային վայրերում կամ փոստային օպերատորի տարածքում եւ նրա փոստային օբյեկտներում հանրության համար հատկացված տարածքների տեսքով.

40) փոստային սպասարկման կետ` փոստային օպերատորի կամ փոստային օպերատորի հետ պայմանագրային հիմունքներով երրորդ անձի կողմից շահագործվող անշարժ կամ շարժական հասանելիության կետ, որտեղ` կախված հանգամանքներից եւ փոստային ծառայություն մատուցողից, օգտվողները կարող են օգտվել մի շարք փոստային ծառայություններից եւ այլ ծառայություններից.

41) փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման ժամկետ ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի որոշակի ծառայությունների մատուցման ժամկետներից եւ նորմատիվներից բաղկացած ամբողջություն՝ փոստային եւ սուրհանդակային կապի օպերատորի սահմանած առանձին տեխնոլոգիական գործողությունների կատարման համար.

42) հսկիչ ժամկետներ` փոստային առաքանիների եւ դրամական միջոցների փոստային փոխադրությունների` փոստային կապի ընդունման վայրից մինչեւ փոստային կապի օբյեկտի հանձնման վայրն առաքման, ինչպես նաեւ փոստային կապի օբյեկտներում դրանց վերամշակման առանձին գործառնությունների համար սահմանված ժամանակ.

43) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման սակագին ` փոստային կապի եւ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման վճարման համար սահմանված չափ.

44) փոստային վճարման պետական նշաններ` փոստային նամականիշ, ֆրանկոմեքենաների եւ նիշավորող մեքենաների դրոշմներ կամ այլ նիշեր, որոնք գործողության մեջ են դրվում փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից եւ հաստատում են նշանակված օպերատորի կողմից փոստային ծառայությունների մատուցման վճարումը.

45) ֆրանկոմեքենա եւ նիշավորող մեքենա` նամակագրական թղթակցության վրա փոստային ծառայությունների մատուցման վճարումը, տվյալ թղթակցության ընդունման ամսաթիվը եւ այլ տեղեկություն հաստատող փոստային վճարման պետական նշաններ դրոշմելու համար նախատեսված մեքենաներ.

46) փոստային դասիչ` փոստային ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքի փոստային հասցեների կամ դասիչների բաժանման թվանշային կամ տառային շարքերի համակարգ.

47) փոստային գաղտնիություն՝ տեղեկություն՝ փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների անձնական տվյալների, փոստային հասցեի, փոստային առաքանիների, դրանց ներդրվածքի եւ գտնվելու վայրի մասին:»:

Հոդված 2. Օրենքի 3.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.1. Փոստային կապի գործունեության տեսակները

1. Փոստային կապի գործունեության տեսակներն են՝ փոստային կապի, սուրհանդակային կապի եւ էքսպրես փոստային ծառայությունները:

2. Փոստային կապի ծառայություներ չեն համարվում`

1) փոստային առաքանու փոխադրումը` առանց ընդունման, մշակման եւ հանձնման գործառույթների.

2) ինքնաառաքումը, նշանակում է անմիջապես ուղարկողի կողմից փոստային առաքանու հանձնում եւ այդպիսի հանձնմանը նախորդող եւ դրա հետ կապված գործողություններ: Իրավաբանական անձի դեպքում ինքնաառաքում է համարվում առաքումը, որն իրականացվում է այդ իրավաբանական անձի աշխատակիցների կողմից նույն իրավաբանական անձի համար:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 3.2.-րդ եւ 3.3.-րդ հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 3.2 Փոստային կապի ունիվերսալ ծառայություններ

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները իրենց մեջ ներառում են մինչեւ 2 կիլոգրամ քաշով ներհանրապետական հասարակ, գրանցված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը եւ հանձնումը:

2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են հետեւյալ շրջանակը.

1) հասարակ նամակագրական թղթակցության՝ նամակների,  փոստային բացիկների, փաթեթների եւ փոքր փաթեթների առաքման ծառայություններ.

2) գրանցված նամակագրական թղթակցության՝  նամակների,  փոստային բացիկների, փաթեթների եւ փոքր փաթեթների առաքման ծառայություններ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շրջանակի մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատվիրակում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը փոստային կապի ազգային օպերատորին:

4. Փոստային կապի ազգային օպերատորը՝ ներհանրապետական փոստային առաքանիների առաքումը պետք է իրականացնի փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված հասանելիության պահանջներին համապատասխան:

5. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա:

6. Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով պետք է ապահովի այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորների ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներին:

Հոդված 3.3 Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները

1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշներն են՝

1) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների անընդհատություն՝ մշտական հիմունքներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքի աշխատանքային ռեժիմի, փոստային առաքանիների տեղ հասցման հաճախականության, փոստային առաքանիների հավաքագրման եւ փոստային առաքանիների առաքման ժամկետների նորմատիվների պահպանմամբ.

2) Տարածքային հասանելիության ապահովում, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, որն ապահովվում է փոստային բաժանմունքների, հասանելիության կետերի, փոստային սպասարկման կետերի եւ փոստարկղերի տեղակայման նորմատիվների պահպանմամբ.

3) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տեխնոլոգիական եւ տարածքային անբաժանելիություն, որն ապահովում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցում, պահպանելով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային առաքանիների առաքման տեխնոլոգիական միասնականությունը.

4) Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների միասնական սակագների կիրառում, որն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում միանման եւ միասնական սակագներով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված նորմատիվները հանդիսանում են փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման նորմատիվներ եւ հաստատվում են փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:»:

Հոդված 4.   Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1.«բ», «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության եւ ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովումը.

գ) փոստային առաքանիների տարանցման ազատության եւ փոստային կապի բնագավառում միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովումը.

դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարության ապահովումը.».

2. լրացնել նոր «զ» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«զ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների կենսունակ եւ կայուն տրամադրման ապահովում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր 6.2-րդ  հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 6.2. Փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովում

1. Պետությունը երաշխավորում է փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների ծառայություններից յուրաքանչյուր օգտվողի փոստային գաղտնիության իրավունքը: Փոստային գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ:

2. Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորները պարտավոր են պահպանել փոստային կապի ոլորտում գաղտնիության ապահովման պահանջները: Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մասնակցում են փոստային առաքանիների բացման գործընթացին, իրավունք չունեն հրապարակել փոստային գաղտնիության պահպանման հետ կապված տեղեկությունները, բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի:

3. Փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների աշխատակիցները, ինչպես նաեւ այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք խախտել են փոստային գաղտնիությունը, ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի «գ» կետում «ծառայություններ» բառից հետո լրացնել «,Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան միջազգային փոստային կապի ծառայություններ» բառերը,

2. 1-ին մասը լրացնել «ը» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության եւ սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. «դ» կետում «սահմանում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

2. «է» կետում «գործունեությունն» բառից հետո լրացնել «ռազմական դրության ժամանակ եւ» բառերը:

3. 2-րդ մասը լրացնել նոր «ժդ», «ժե», «ժզ»  եւ «ժէ» կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ժդ) իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորության կատարման նկատմամբ հսկողություն.

 ժե) հաստատում է Հայաստանի Հանրապետության փոստային վճարման պետական նշանների հրատարակման եւ գործողության մեջ դնելու, ինչպես նաեւ հատուկ փոստային դրոշմակների կիրառման կարգը.

ժզ) հաստատում է փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների եւ վիճակագրական տվյալների ներկայացման եւ վերլուծության իրականացման կարգը.

ժէ) հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի նորմատիվները:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Փոստային կապի բնագավառում գործունեության կառավարումն ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում

1. Ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակներում փոստային կապի բնագավառում գործունեության համակարգումն ու կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը` համագործակցելով ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմնի եւ այն մարմինների հետ, որոնց տնօրինության տակ գտնվում են փոստային կապի ցանցեր:»:

Հոդված 9. Օրենքի 181 -րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 182 -րդ հոդվածի՝

1. 5-րդ մասում «90-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «80 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Լրացնել 10-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«10. Կարգավորող հանձնաժողովը հաստատում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդիկան:»:

Հոդված 11. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 35-րդ կետի 35.1-ին ենթակետի կատարմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ-պետությունների միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Համաձայնագրի Գլուխ V-ի՝ IV ենթաբաժնի (Փոստային եւ կապի ծառայությունները)  հոդվածներով սահմանված դրույթներին օրենքի մոտարկմամբ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում Է «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումից:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել հասկացությունները՝ մասնավորապես, սահմանվել է թվով 19 նոր հասկացություն, նոր խմբագրությամբ է շարադրվել՝ 18 հասկացություն, որոնք համապատասխանեցվել են Համաշխարհային փոստային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրվել են փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցվել են փոստային կապի գործունեության տեսակները, նոր խմբագրությամբ սահմանվել է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման որակի չափանիշները, դրանց վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաեւ համապատասխան իրավական հիմքեր (լիազորող նորմեր) են սահմանվել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

Հաշվի առնելով, որ Նախագծով փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկից հանվել է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքման ծառայությունը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել  օրենքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը ուժը կորցրած ճանաչել եւ նշված հոդվածով սահմանված կարգավորումը նախատեսել «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքի 7-րդ հոդվածով:

Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխություն կատարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագնի վերանայման (վերահաստատման կամ փոփոխման) հայտի ուսումնասիրման եւ որոշման կայացման համար սահմանված ժամկետի մասով, մասնավորապես՝ 90-օրյա ժամկետը փոխարինվում է 80 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվի առնելով հանրային ծառայությունների կարգավորման մյուս ոլորտներում նույնական (ոչ տարբերակված) մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Նախագիծը լրացվել է նոր 6.2 հոդվածով, որով սահմանվել են փոստային կապի եւ սուրհանդակային կապի օպերատորների կողմից փոստային կապի բնագավառի գաղտնիության ապահովման վերաբերյալ, ինչպես նաեւ դրանց խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու կարգավորումներ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է փոստային կապի ոլորտի բարելավում, փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցման մեխանիզմների կարգավորում, փոստային կապի ծառայությունների մատուցման որակական չափանիշների սահմանում, հաշվետվությունների մեխանիզմների ներդրում, փոստային ծառայությունների, փոստային առաքումներին ներկայացվող պահանջների եւ փոստային ծառայությունների շուկայում գործելու կանոնների սահմանում:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:

Նախագծի մշակումը միտված  է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 35-րդ կետի 35.1-ին ենթակետի կատարմանը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ

ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն