Armenian ARMSCII Armenian
Կ-477-19.12.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բույսերի չորացումը, արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաեւ այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.»

Հոդված 2. Օրենքի 45.3-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 45.5-րդ հոդվածի 3-րդ մասում «փոխանցել» բառը փոխարինել «օտարել» բառով:

Հոդված 3. Օրենքի 45.4-րդ հոդվածում

1) 1-ին մասի 2-րդ կետում «արտադրական կանեփի բույսի» բառերը փոխարինել «արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի» բառերով,

2) 1-ին մասի 2-րդ կետում «տիրապետում» բառից հետո լրացնել «,օգտագործում եւ տնօրինում:» բառերը,

3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի, արտադրական կանեփի չորացված զանգվածի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում »

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 45.6-րդ հոդվածում

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգում արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար նախատեսվում են պահանջներ, այդ թվում՝ լիցենզիա ստանալու համար դիմողի ֆինանսական եւ գույքային վիճակի, կանոնադրական կապիտալի (հիմնադրամի) նվազագույն չափի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ պահանջներ:»:

2) 6-րդ մասի 1-ին կետում «ունեն դատվածություն» բառերը փոխարինել «դատապարտվել են» բառով, 2-րդ կետում «տառապում են թմրամոլությամբ» բառերը փոխարինել «առկա են թմրաբանական հիվանդություններ» բառերով:

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզիա ստացած անձինք նախքան արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավվելը լիցենզավորող մարմին են ներկայացնում աշխատակիցների անձնագրային տվյալները, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված լինելու կամ այդպիսի վարչական իրավախախտման կատարման համար պատասխանատվության ենթարկված լինելու եւ թմրաբանական հիվանդությունների բացառման վերաբերյալ տեղեկություններ: »

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ եւ 13-րդ մասերով.

«8. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության կատարման համար դատապարտված կամ այդպիսի վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկված կամ թմրաբանական հիվանդությունների առկայությամբ անձինք կամ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող հանդիսանալ աշխատակիցներ:

Լիցենզավորման կարգով կարող են նախատեսվել աշխատակիցներին վերաբերող այլ պահանջներ:

9. Լիցենզավորող մարմինը վարում է աշխատակիցների ռեեստր, որի վարման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից: Աշխատակիցների ռեեստրի տվյալներին հասանելիություն պետք է ունենան նաեւ լիցենզավորված անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները:

10. Լիազոր մարմինը ստացված հայտերը եւ կից փաստաթղթերը ներկայացնում է շահագրգիռ պետական մարմիններին: Շահագրգիռ պետական մարմինները ներկայացված հայտերը եւ կից փաստաթղթերը իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով ներկայացնում են դրանց վերաբերյալ դիրքորոշում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը եւ կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի, տվյալ տնտեսական գործունեության քողի տակ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման, ինպես նաեւ տնտեսական անվտանգության ապահովման եւ կոռուպցիայի հակազդման, թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փողերի լվացման դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու նպատակով եւ ներկայացնում համապատասխան դիրքորոշում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է արտադրական կանեփի հետ կապված գործունեությանը ներգրավված եւ նրանց փոխկապակցված անձանց մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ներկայացված անվտանգության ապահովման պլանը, այնուհետեւ ներկայացնում է դրանց վերաբերյալ դիրքորոշում:

Էկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրում է հայտերը, կից փաստաթղթերը եւ ներկայացնում է դիրքորոշում՝ արտադրական կանեփի բույսերի սորտերի, արտադրական կանեփի (սերմերի, մայր բույսերի, կտրոնների) մշակության առանձնահատկությունների եւ արտադրատեսակների քանակների վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կանեփի արտադրության գործընթացների իրականացման համար նախատեսված համապատասխան տարածքների հիմնական պահանջները, որոնց լրացուցիչ չափանիշները կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնի կողմից:

12. Լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից մեկ տարվա ընթացքում: Հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչեւ մեկ տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կառույցները կառուցելու համար:

13. Եթե մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստացած անձը չի ներկայացնում վերապահմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ այդ տարածքները չեն համապատասխանում Կառավարության սահմանած պահանջներին, ապա լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող մարմնի կողմից՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի հիմքով, անկախ տվյալ լիցենզիայի գործողությունը կասեցված լինելու հանգամանքից:»:

Հոդված 5. Օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումներից շեղումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման հիմք: Քվոտաների վերանայման կարգը սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչեւ տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման:

Քվոտաների խախտման թույլատրելի չափը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 45.8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման եւ մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաեւ տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումը առնվազն 6 ամիս ժամկետով՝ վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար:»:

Հոդված 7. Օրենքի 45.9-րդ հոդվածում

1) 1-ին մասից հանել «եւ պատասխանատվության միջոցների կիրառման» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով.

«8.Դիտարկման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան պահանջների, լիցենզավորման պայմանների խախտման դեպքում վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը տալիս է որեւէ գործողություններ կատարելու կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբեյալ կարգադրագրեր՝ դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

9.Դիտարկման արդյունքները հիմք են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու համար:

10.Դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում, բացառությամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելու դեպքերի:»:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

2. Սույն օրենքով նախատեսված փոփոխություններից բխող լիցենզավորման կարգում փոփոխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: