Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-603-23.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետում «հայտարարությամբ» բառից հետո վերջակետը փոխարինել միջակետով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր ե) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն նստաշրջանի ընթացքում իր հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրավոր եւ բանավոր հարցերով դիմելու, լիագումար նիստում եւ այն մշտական հանձնաժողովի կամ հանձնաժողովների, որի անդամ է հանդիսանում, նիստերում օրինագծերի քննարկման ժամանակ ունեցած ելույթների, խորհրդարանական լսումներում ունեցած ելույթների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների եւ դրանց պատասխաների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: Հաշվետվությունը հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սույն օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց, թափանցիկ եւ հաշվետվողական դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ընտրված պաշտոնյա՝ իր գործունեության հինգ տարիների ընթացքում որեւէ ձեւով պատգամավորը հաշվետու չի լինում իր ընտրողների առջեւ: Հաշվետու լինելու ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա շահագրգռել պատգամավորին աշխատել, խթանել մրցակցությունը պատգամավորների միջեւ: Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի, որպեսզի պատգամավորը շահագրգիռ լինի ցուցաբերելու ակտիվություն, որովհետեւ իր պատգամավորական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունից է մեծապես կախված լինելու նրա վերընտրվելու հավանականությունը: Սա կարող է նպաստել, որպեսզի Հայաստանի Ազգային ժողովը համալրվի առավել կարող, նորարար գաղափարներով հարուստ, թարմ հայացքներ ունեցող պատգամավորներով, այդպիսով խորհրդարանը դարձնելով առավել պրոֆեսիոնալ եւ արդյունավետ գործող պետական ինստիտուտ: