Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-595-11.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 01-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 395-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 4268 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4268 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը

1. Դատարանը դատական ակտը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա:

2. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնում է, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 4267 -րդ հոդվածով սահմանված՝ բողոքի ձեւին եւ բովանդակությանը առաջադրվող պահանջները, կամ

2) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին, կամ

3) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել, կամ

4) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, եւ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, կամ

5) բողոքը ներկայացրել է այն անձը, ով բողոք ներկայացնելու իրավունք չունի:

3. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնում է բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում: Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերող անձին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերեւույթ սխալները:

4. Դատարանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոքն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում կայացնում է դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: Որոշումը պատշաճ ձեւով ուղարկվում է բողոք բերող անձին եւ գործին մասնակցող այլ անձանց:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված սխալները վերացվելու եւ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում դրանում առկա սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

6. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ որոշումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

7. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով ծանուցվում են բողոք բերող անձը եւ գործին մասնակցող այլ անձինք: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

8. Բողոքի քննության արդյունքում դատարանը մերժում է վերանայման պահանջը, եթե քննության արդյունքում պարզվում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք չի հանդիսանում:

9. Դատարանը բեկանում է դատական ակտը եւ ուղարկում նոր քննության ստորադաս դատարան, եթե բողոքի քննության արդյունքում պարզում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք է հանդիսանում: Այս դեպքում դատարանը սահմանում է նոր քննության ծավալը:

10. Դատարանը բեկանում եւ փոփոխում է դատական ակտը, եթե բողոքի քննության արդյունքում պարզում է, որ բողոքում մատնանշված հանգամանքը տվյալ գործով նոր կամ նոր երեւան եկած հանգամանք է հանդիսանում, եւ գործով հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս, առանց նոր քննության, կայացնելու նոր դատական ակտ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 4269 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4269 . Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննության կարգը

1. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով գործի նոր քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Գործի նոր քննության արդյունքում դատարանը կարող է չփոփոխել վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքով նախատեսված նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներն ըստ էության չեն ազդել գործի ելքի վրա:

3. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտերը ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984, 2012 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1049 եւ 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշումների պահանջների կատարման, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքում իրացնելու անհրաժեշտությամբ:

Իրավակիրառական պրակտիկայում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի ուժով նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում իրականացնում էր այն նույն լիազորությունները, որոնք իրականացնում էր ստորադաս դատարանի դատական ակտերի օրինականությունն ստուգելիս, ինչն իր հերթին նշանակում էր, որ դատական ակտը վերանայող դատարանն իրավասու էր մերժել բողոքը՝ դատական ակտը թողնելով օինական ուժի մեջ: Այսինքն՝ իրավակիրառական պրակտիկայում քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանության ուժով դատարանները հնարավորություն էին ստանում օրինական ուժի մեջ թողնել վերանայման ենթակա այն դատական ակտը, որը կայացվել էր Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված օրինադրույթի կիրառմամբ կամ ընդունվել էր ի խախտումն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի: Դրա համար իրավական հիմք էին ծառայում քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնցում ամրագրված «ընդհանուր կարգ» ձեւակերպումը, ըստ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության, թույլ էր տալիս դատական ակտը վերանայելիս ղեկավարվել համապատասխանաբար քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածով, եւ ըստ այդմ, օրինական ուժի մեջ թողնել վերանայման ենթակա դատական ակտը:

Վերը նշված գործերով կայացված որոշմամբ Սահմանադրական դատարանը, բացահայտելով քրեական դատավարության օրենսգրքի 4269 -րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրաիրավական բովանդակությունը, հաստատել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն դեպքում, երբ դատական ակտի վերանայման համար որպես նոր հանգամանք հիմք է հանդիսանում սահմանադրական դատարանի՝ համապատասխան օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումը, ապա գործնականում վերանայված դատական ակտի ուժի մեջ մնալն անհնարին է, որովհետեւ արդարադատության հիմքում դրվել է եւ կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման դեպքում եւս Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման դեպք արձանագրելիս դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելը չի ապահովի անձանց խախտված իրավունքների վերականգնումը: Ուստի, նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Սահմանադրական դատարանն այսպիսի դիրքորոշում է արտահայտել նաեւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման կապակցությամբ (ՍԴՈ-1049):

Սակայն խնդիրը պայմանավորված չէր միայն իրավակիրառական պրակտիկայուվ, այլ նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերնայման ինստիտուտի արդյունավետ գործողության համար անհրաժեշտ եւ բավարար օրենսդրական դաշտի բացակայությամբ:

Չնայած տարիների ընթացքում կատարված բազմաթիվ փոփոխություններին, այդուհանդերձ նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտը դեռեւս ունի բարեփոխումների կարիք: Այս առումով հատկապես անհրաժեշտություն կա սահմանելու դատարանի լիազորությունները դատական ակտի վերանայման վարույթի փուլում, հատկապես նոր կամ նոր երեւան եկած հանգամանքի բացակայության դեպքում վերանայման պահանջը մերժելու, իսկ դրանց առկայությունը հաստատվելու դեպքում՝ դատական ակտը պարտադիր բեկանելու եւ փոփոխելու կամ ստորադաս դատական ատյան ուղարկելու լիազորությունները:

Նախագծով լուծվել են նաեւ նոր երեւան եկած եւ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին առնչվող օրենսգրքում առկա այլ խնդիրներ:

Այսպիսով, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորությունը՝ ապահովելով դատական ակտերի վերանայման նպատակի եւ խնդիրների իրացում եւ միաժամանակ անձի՝ արդարադատության մատչելիության եւ արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրականացում: