Armenian ARMSCII Armenian
Կ-443-28.11.2022-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 800 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ՝ ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը:

Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաեւ առկա է սերտ եւ ակտիվ համագործակցություն «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով եւ կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը:

Կենտրոնը սերտ համագործակցում է նաեւ Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաեւ ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական եւ որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ եւ չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման եւ բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:

Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման եւ շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից՝ օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:

3.1. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կողմից կազմած ֆինանսական ցուցանիշների ամփոփ տեղեկատվության համաձայն՝ վերջին երեք տարիների 2018-2020թթ. պետական բյուջեի հաշվին Ընկերության ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 42,722,900.0 ՀՀ դրամ: Ընկերությունը աշխատանքը սկսել է 2020 թվականի հունիսից, այդ տարում Ընկերության փաստացի եկամուտը կազմել է 151,266,718.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 116,650,949.0 ՀՀ դրամ, որտեղ ներառված չեն ամորտիզացիոն ծախսերը: 2021 թվականին Ընկերության փաստացի եկամուտը 01.12.2021թ-ի դրությամբ կազմել է 136,394,000.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 136,299,000.0 ՀՀ դրամ: Ընկերությունն ունի 30 աշխատակից, բացի այդ 2022 թվականին կանխատեսվում է Ընկերության ծախսերի գծով աճ՝ սարքավորումների երաշխիքային եւ տեխնիկական սպասարկման, նոր սարքերի եւ նյութերի ձեռքբերման եւ այլնի գծով: Այսպիսով 2022 եւ 2023 թվականներին Ընկերությունը կանխատեսում է 445,1 մլն դրամի եկամուտ եւ 444,4 մլն դրամի ծախս, որում ընդգրկված է 21,0 մլն դրամի պետական պատվերով նախատեսվող գումարը, որը չի ներառում 2023 թվականի վարկերի մարման գումարը: Ընկերությունը ունի թվով 4 բյուջետային վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 ՀՀ դրամ:ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1003-Ա եւ N 995-Ն որոշումներով վարկերի մարումները հետաձգվել եւ սկսվում են 2023 թվականից, այդ տարի՝ 10.06.2023թ.-ին վարկերի մարման համար անհրաժեշտ է 1,040,124,596.92 ՀՀ դրամ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից՝ այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերության կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը եւ շարունակական զարգացումը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից, ինչպես նաեւ «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքար» 3-րդ կետից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն