Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-563-09.07.2014,05.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.    Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  204.38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 204.38. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վերաբերելի մասերով կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ կամ 240-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունները:

2.1. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը, բեկանելով դատական ակտը, կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32-րդ կամ 204.33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում   փոփոխություններ կատարելը բխում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումների (ՍԴՈ-984, ՍԴՈ-1114)  պահանջներից, որով ամրագրվել է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto(փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը` բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Այսպես  Սահմանադրական դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 18-ի  ՍԴՈ-1114 որոշման մեջ նշել է. «...հարկ է տարբերակել «նոր հանգամանքների հիմքով վերանայման վարույթի հարուցում» եւ «նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայում» եզրույթները: Այսպես. նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը տեղի է ունենում նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման բողոքի ընդունելիության հարցը լուծելիս, որի ընթացքում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33, 204.36 եւ 204.37-րդ հոդվածները, չի կարող գնահատվել դիմողին առնչվող գործով կիրառված հակասահմանադրական նորմի ազդեցությունը դատարանի եզրահանգման վրա: Տվյալ դեպքում սահմանադրական դատարանի` ՍԴՈ-984 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումների ուժով, եթե առկա չեն բողոքը վերադարձնելու հիմքեր, ապա դատական ակտը վերանայող դատարանը պարտավոր է ոչ միայն հարուցել վերանայման վարույթ, այլեւ դրա արդյունքում բեկանել վերանայվող դատական ակտը, այլապես դատական ակտի հիմքում կշարունակվի մնալ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված կամ սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը: Ինչ վերաբերում է նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայմանը, ապա այն վերանայվող դատական ակտի բեկանումից հետո տեղի ունեցող ընթացակարգ է, որի ընթացքում միայն կարող է գնահատվել նոր հանգամանքի ազդեցությունը գործի ելքի վրա, ինչով էլ պայմանավորված է վերանայվող դատական ակտի եզրափակիչ մասը փոփոխելու կամ չփոփոխելու անհրաժեշտությունը: Հակառակ պարագայում կխաթարվի կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտների էությունը: Ընդ որում, ինչպես արձանագրված է ՍԴՈ-984 որոշման մեջ, դատական ակտը վերանայող` վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրավասու են կա՛մ վերանայվող դատական ակտը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, կա՛մ վերանայվող դատական ակտը բեկանել եւ փոփոխել:»:  Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը՝ նախագծերի փաթեթում ամրագրվել է, որ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վերաբերելի մասերով կիրառելով  վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունները: