Armenian ARMSCII Armenian
Կ-4397-24.11.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մարմինների» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ներկա օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսեւորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ եւ յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեեւ Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ եւ հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաեւ պետական մարմինների միջեւ փոխգործակցության շրջանակներում: Ավելին, պետական պահպանության ծառայության որոշակի ինքնուրույնության արտացոլումն է նաեւ վարչապետի անմիջական մասնակցությունը նրա ղեկավար կազմի ձեւավորման հարցում (ծառայության ղեկավարը նշանակվում եւ ազատվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ, իսկ առաջին տեղակալը՝ վարչապետի կողմից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ներկայացմամբ):

Միաժամանակ, համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 6.1-ին հոդվածի 4-րդ մասերի՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, նշված իրավակարգավորումը պաշտոնաթող վարչապետների մասով ներդրվել է 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-275-Ն օրենքով: Առկա իրավակարգավորման պարագայում սահմանափակված չէ նաեւ վերը նշված անձանց պետական պահպանության տրամադրման վայրը (տարածքը), ինչի արդյունքում վերջիններիս պետական պահպանություն տրամադրվում է աշխարհի ցանկացած վայրում՝ անսահմանափակ ժամկետով:  Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տարեցտարի աճելու է պետական պահպանության ենթակա անձանց թիվը, ինչի արդյունքում եւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի ներկա իրավակարգավորումների առկայության պարագայում ակնհայտ է, որ այդ քանակությամբ անձանց պետական պահպանության ապահովումը պահանջելու է ահռելի ռեսուրսներ (թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական)՝ օրենքի պահանջները կատարելու համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հաշվառմամբ՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:

Կարեւորելով զինծառայողներով համալրված եւ «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու եւ համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանափակել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին եւ վարչապեներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները: Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում Հանրապետության նախագահներին եւ վարչապեներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով: Նշված ժամկետների ընտրության համար հիմք է ընդունվել Հանրապետության նախագահի պաշտոնավարման սահմանադրական ժամկետը եւ Ազգային ժողովի ընտրության (համապատասխանաբար՝ վարչապետի պաշտոնավարման) երկու սահմանադրական ժամկետը: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ վերը նշված ժամկետների ավարտից հետո պաշտոնաթող Հանրապետության նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչապետի որոշմամբ (օրինակ՝ կախված այն հանգամանքից, թե վերջիններս ինչ տեղեկատվության կրող են կամ արդյոք վերջիններիս կյանքին որեւէ վտանգ է սպառնում): Առաջարկվում է նախատեսել նաեւ իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին եւ վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցերի ընթացքում:

Մյուս նախագծերով առաջարկվող կարգավորումներն ածանցյալ են նշված հիմնական փոփոխությունից: Նախագծերի փաթեթում ներառված է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանայել պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այցերի ընդհանուր տեւողությունը, համանման կարգավորում նախատեսել նաեւ պաշտոնաթող վարչապետի համար, միաժամանակ, կանոնակարգելով նաեւ վերջիններիս՝ այլ պետություններ կատարովող այցերի ժամանակ նրանց պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողների՝ օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները: Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) եւ այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա:

Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաեւ նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաեւ անվտանգության հետ: Միաժամանակ, վերոհիշյալ նախագծով առաջարկվում են նաեւ այլ կարգավորումներ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք անմիջականորեն առնչվում են պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց՝ նպատակահարմար է գտնվել առաջարկվող փոփոխությունները միավորել մեկ փաթեթում:

 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում եւ ծախսերում փոփոխությունների առաջացմանը հնարավոր կլինի անդրադառնալ Պետական պահպանության ծառայությունում կառուցվածքային եւ կազմ-հաստիքային փոփոխությունների իրականացման ընթացքում:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից, սահմանափակել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին եւ վարչապեներին տրամադրվող անձնական պետական պահպանության ժամկետները՝ խնայելով մարդկային եւ ֆինանսական էական ռեսուրսներ, կանոնակարգել պետական պահպանության օբյեկտներ հանդիսացող անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների հետ կապված որոշ հարաբերություններ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի  N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից եւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետից:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից՝ համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն