Armenian ARMSCII Armenian
Կ-440-24.11.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ` Օրենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.14-րդ հոդվածով.

«Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի եւ (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Ինտերնետ շահումով խաղի եւ (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար`
 
բազային տուրքի             175 000-ապատիկի չափով

Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` 

բազային տուրքի              50 000-ապատիկի չափով

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչեւ խաղադրույք ընդունելու իրավունքի` սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի եւ (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության «օրենքի 19.7-րդ եւ 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ եւ 19.14-րդ» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված` խաղադրույք ընդունելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`  10 աշխատանքային օրվա ընթացքում: