Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-315-27.05.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլուխ 1.
Ընդհանուր դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնելու եւ փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները եւ այդ գործունեության իրականացման կարգը։

Հոդված 2. Փաստաբանության մասին օրենսդրությունը

Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից եւ իրավական այլ ակտերից։

Սույն օրենքով սահմանված կարգը միասնական է եւ պարտադիր բոլոր փաստաբանների համար։

Հոդված 3. Փաստաբանությունը եւ պետությունը

Փաստաբանությունը, որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ։

Փաստաբանությունը գործում է անկախության, օրինականության, մարդասիրության, արդարության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, փաստաբանական գաղտնիքը պահպանելու, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա։

Հասարակության համար իրավաբանական օգնության մատչելիությունն ապահովելու եւ փաստաբանական գործունեությանն աջակցելու համար պետական կառավարման մարմիններն ապահովում են փաստաբանության անկախության երաշխիքները, այն փաստաբանների գործունեության վճարովիությունը, ովքեր օրենսդրությամբ նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում համագործակցում են անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանների հետ՝ ծառայական տարածքներ եւ հաղորդակցության միջոցներ տրամադրելով։

Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը

Կազմակերպությունների եւ հասարակական միավորումների անվանումներում «փաստաբանական գործունեություն», «փաստաբանություն», «փաստաբան», «փաստաբանների պալատ», «փաստաբանների պալատի խորհուրդ» հասկացությունների կամ այդ հասկացությունները ներառող բառակապակցությունների օգտագործումը համաձայնեցվում է փաստաբանների պալատի հետ։

Հոդված 5. Փաստաբանական գործունեությունը

Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է։

Փաստաբանական գործունեություն է համարվում մասնագիտական իրավաբանական օգնությունը, որը տրամադրվում է ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին (այսուհետ` վստահորդներ), նրանց իրավունքները, ազատությունները եւ շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ վստահորդի համար օրենքի գերակայությունը եւ արդարադատության մատչելիությունն ապահովելու նպատակով։

Փաստաբանական գործունեությունը ներառում է՝

1) խորհրդատվությունը, այդ թվում` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը, նրանց օրինական իրավունքների եւ պարտավորությունների, դատական համակարգի՝ վստահորդի օրինական իրավունքներին առնչվող գործունեության կապակցությամբ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը,

2) ներկայացուցչությունը,

3) քրեական գործերով պաշտպանությունը։

Սույն հոդվածով նախատեսված պաշտպանությունն իրականացնում է միայն փաստաբանը։

Փաստաբանական գործունեություն չի համարվում իրավաբանական անձանց, կազմակերպություններում պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների կողմից ցույց տրվող իրավաբանական օգնությունը։

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր ներկայացուցչություն են իրականացնում օրենքի հիման վրա:

Հոդված 6. Փաստաբանական գործունեության վճարովիությունը

Փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալ իր ծառայությունների դիմաց։

Փաստաբանական գործունեության վճարի ողջամիտ չափն ու վճարման կարգը որոշվում է փաստաբանի ու վստահորդի միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով։

Օրենքով նախատեսված դեպքում անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է պետությունը` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջոցով։

Սույն օրենքով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունն ապահովվում է քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, ինչպես նաեւ հետեւյալ քաղաքացիական գործերով հայցեր ներկայացրած անձանց.

1) ալիմենտի գանձման վերաբերյալ գործերը,

2) խեղման կամ առողջությանն այլ վնաս պատճառելու, ինչպես նաեւ կերակրողի մահվան հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ գործերը:

Անվճար իրավաբանական օգնություն կարող է ցույց տրվել նաեւ փաստաբանի նախաձեռնությամբ։

Պետության կողմից ապահովվող փաստաբանական անվճար ծառայությունները փոխհատուցվում են պետական բյուջեից: Փաստաբանների պալատին պետական բյուջեից փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանի աշխատանքային մեկ ժամի դիմաց բոլոր գործերով՝ Երեւան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված աշխատանքային մեկ ժամի վարձատրությանը համարժեք գումարի չափով, իսկ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում (այսուհետ` վճռաբեկ դատարան)՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի աշխատանքային մեկ ժամի վարձատրությանը համարժեք գումարի չափով։

Գլուխ 2.

Փաստաբանության կազմակերպումը

Հոդված 7. Փաստաբանների պալատը

Փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող միասնական հասարակական կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Փաստաբանների պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից։

Փաստաբանների պալատի խնդիրներն են`

1) պայմաններ ստեղծել իր անդամների կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելու համար,

2) պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում,

3) կազմակերպել իր անդամների վերապատրաստումը,

4) վերահսկողություն իրականացնել իր անդամների կողմից «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ,

5) միջոցներ ձեռնարկել փաստաբանի հեղինակության բարձրացման ուղղությամբ,

6) կազմակերպել իր անդամների սոցիալական ապահովությունը եւ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ նրանց եւ նրանց ընտանիքի անդամներին,

7) կազմակերպել յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն։

Փաստաբանների պալատը կարող է համագործակցել այլ երկրների փաստաբանական կառույցների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ։

Հոդված 8. Փաստաբանների պալատի մարմինները

Փաստաբանների պալատի մարմիններն են`

1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը,

2) փաստաբանների պալատի խորհուրդը,

3) փաստաբանների պալատի նախագահը,

4) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը,

5) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը,

6) փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովը:

Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները կազմավորման կարգը, գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ։

Հոդված 9. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը արտոնագիր ունեցող փաստաբանների ընդհանուր հավաքն է, որն իրավասու է քննարկելու եւ լուծելու փաստաբանությանը վերաբերող եւ սույն օրենքից բխող հարցեր:

Փաստաբանների ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը`

1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ է կատարում դրանում,

2) ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդ,

3) ընտրում է փաստաբանների պալատի նախագահ,

4) ընտրում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողով,

5) ընտրում է փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողով,

6) որոշում է ընդունում հատուկ արտոնագիր տրամադրելու վերաբերյալ,

7) հաստատում է փաստաբանի վարքագծի կանոնագիրքը,

8) հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն,

9) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն տարին մեկ անգամ՝ փաստաբանների պալատի նախագահի նախաձեռնությամբ: Փաստաբանների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել փաստաբանների պալատի խորհրդի կամ փաստաբանների պալատի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա են փաստաբանների պալատի անդամների երկու երրորդից ավելին:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմինների:

Հոդված 10. Փաստաբանների պալատի խորհուրդը

Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր ղեկավար մարմինն է:

Փաստաբանների պալատի խորհուրդը ընտրվում է չորս տարի ժամկետով՝ տասնմեկ անդամի կազմով:

Փաստաբանների պալատի խորհուրդը՝

1) կազմավորում է որակավորման հանձնաժողովը,

2) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանի վարքագծի կանոնագիրքը,

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ իրավական այլ ակտերի կատարելագործման ուղղությամբ,

4) կազմում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում փաստաբանների պալատի տարեկան բյուջեի նախագիծը, ինչպես նաեւ կազմում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում փաստաբանական անվճար ծառայությունների փոխհատուցման ֆինանսական հայտերը,

5) կազմակերպում է փաստաբանների մասնագիտական ուսուցումը եւ վերապատրաստումը,

6) քննարկում եւ որոշում է կայացնում փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուն հավակնող անձին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր, բացառությամբ՝ հատուկ արտոնագրի, տրամադրելու վերաբերյալ,

7) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով,

8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կարգով,

9) մշակում եւ հաստատում է իր կողմից հիմնադրված փաստաբանական գրասենյակների կանոնադրությունը, փաստաբանական գործունեության վարձատրության կարգը, փորձնակների փորձաշրջանի կազմակերպելու եւ անցկացնելու կարգը,

10) հիմնադրում է փաստաբանական գրասենյակներ առաջին ատյանի դատարանների բոլոր նստավայրերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ անվճար իրավաբանական օգնություն կազմակերպելու նպատակով,

11) սահմանում է փաստաբանի անդամավճարի եւ այլ վճարների չափը, ինչպես նաեւ դրանք մուծելու կարգը,

12) հաստատում է փաստաբանական գործունեության վճարի չափի ու վճարման կարգի չափորոշիչները,

13) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ,

14) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են փաստաբանների պալատի նախագահի կողմից՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս։

Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են փաստաբանների պալատի խորհրդի անդամների երկու երրորդից ավելին:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Փաստաբանների պալատի խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

Հոդված 11. Փաստաբանների պալատի նախագահը

Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի գործադիր մարմինն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով։

Փաստաբանների պալատի նախագահը`

1) քննարկում է փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցեր եւ դրանց վերաբերյալ կայացնում համապատասխան որոշումներ,

2) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը,

3) նշանակում եւ ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարին,

4) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը,

5) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում,

6) տրամադրում է փաստաբանի, փաստաբանի օգնականի եւ փաստաբանի փորձնակի վկայականներ,

7) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է ունենալ տեղակալ կամ տեղակալներ, որոնք ընտրվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից՝ փաստաբանների պալատի խորհրդի կազմից:

Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է։

Փաստաբանների պալատի նախագահը չի կարող ընդգրկվել փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի կազմում:

Հոդված 12. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանների վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին է:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը ստեղծվում է երկու տարի ժամկետով՝ ինն անդամի կազմով:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝

1) փաստաբանի նկատմամբ իրականացնում է կարգապահական վարույթ,

2) որոշում է ընդունում փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան,

3) տալիս է եզրակացություն փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահն ընտրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կազմից:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս։

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների երկու երրորդից ավելին:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստերի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամը:

Հոդված 13. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է հավակնորդից որակավորման քննություններ ընդունելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով՝ տասներեք անդամի կազմով, ներկայացուցչության հետեւյալ համամասնությամբ՝

1) փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից` առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող յոթ փաստաբան,

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից՝ երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ,

3) համապատասխան գիտական հաստատությունից կամ հաստատություններից՝ երկու գիտնական իրավաբան՝ այդ հաստատության կամ հաստատությունների ղեկավարի ներկայացմամբ,

4) վճռաբեկ դատարանից՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ վճռաբեկ դատարանի երկու դատավոր։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահն ընտրվում է որակավորման հանձնաժողովի կազմից։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը որակավորման հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։

Հավակնորդից որակավորման քննություններ ընդունելու վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող որակավորման հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ անվանական քվեաթերթիկներով քվեարկության միջոցով։ Քվեաթերթիկի ձեւը հաստատվում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից։ Որակավորման հանձնաժողովի նիստի արձանագրությունը ստորագրվում է որակավորման հանձնաժողովի բոլոր անդամների կողմից՝ անկախ քվեարկության ժամանակ անդամներից յուրաքանչյուրի ունեցած դիրքորոշումից։ Քվեաթերթիկները եւ հարցերին գրավոր պատասխանների (թեստավորման) տեքստերը կցվում են արձանագրությանը եւ պահվում են փաստաբանների պալատի արխիվում՝ երեք տարի ժամկետով։ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը հավակնորդին հայտարարվում է քվեարկությունից անմիջապես հետո։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ փաստաբանները որակավորման հանձնաժողովում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ։

Փաստաբանների որակավորման հանձնաժողովի կազմում չի կարող ընդգրկվել փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի անդամը:

Հոդված 14. Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովը

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովը փաստաբանների պալատի վերահսկողություն իրականացնող մարմինն է:

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է երեք տարի ժամկետով՝ հինգ անդամի կազմով։

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովը հսկողություն է իրականացնում փաստաբանների պալատի գույքի ձեւավորման եւ փաստաբանների պալատի ընդհանուր կարիքների համար կատարվող ծախսերի նկատմամբ, ինչպես նաեւ իրականացնում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում է փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի կազմից` փակ քվեարկությամբ։

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի նիստերը հրավիրվում են փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց տարեկան մեկ անգամից ոչ պակաս։

Փաստաբանների պալատի վերստուգիչ հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը։

Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը

Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների անդամավճարներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված դրամաշնորհներից եւ բարեգործական օգնությունից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից։ Փաստաբանների պալատը հանդիսանում է տվյալ գույքի սեփականատերը:

Փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Փաստաբանների պալատին անհատույց տրամադրում է անհրաժեշտ բարեկարգ շինություն:

Հոդված 16. Փաստաբանների հասարակական միավորումները

Փաստաբաններն իրավունք ունեն ստեղծելու փաստաբանների հասարակական միավորումներ կամ լինել փաստաբանների հասարակական միավորումների անդամ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Փաստաբանների հասարակական միավորումներն իրավունք չունեն իրականացնել փաստաբանների պալատի կամ դրա մարմինների սույն օրենքով նախատեսված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված լիազորությունները։

Գլուխ 3.

Փաստաբանը եւ նրա գործունեությունը

Հոդված 17. Փաստաբանը

Փաստաբան է համարվում այն անձը, ով սույն օրենքով սահմանված կարգով ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, հանդիսանում է փաստաբանների պալատի անդամ, տվել է երդում։ Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու։

Փաստաբանն աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու եւ միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ:

Փաստաբանն իրավունք չունի զբաղվել այլ վճարովի գործունեությամբ, բացառությամբ գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական գործունեության։

Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը`

1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր,

2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ եւ իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ դրանց նախագծեր,

3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում,

4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը եւ վարչական իրավախախտումների գործերով վարույթին,

5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը միջնորդ դատարանում կամ վեճեր լուծող այլ մարմիններում,

6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում եւ այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում կամ հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների եւ այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Փաստաբանն իրավունք ունի ցույց տալ օրենքով չարգելված այլ իրավաբանական օգնություն։ Քաղաքացիական եւ վարչական իրավախախտումների գործերով դատավարությունում որպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ փաստաբանները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործառույթներն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում աշխատող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

Փաստաբանն իր անունից կազմված դիմումները, հարցումները եւ այլ փաստաթղթերը ստորագրում է եւ կնքում իր կնիքով։

Փաստաբանն իր ինքնությունը հաստատում է փաստաբանների պալատի կողմից տրված փաստաբանի վկայականով։ Քրեական, քաղաքացիական, վարչական վարույթներին որպես պաշտպան, վստահորդ կամ ներկայացուցիչ մասնակցելու համար փաստաբանը ներկայացնում է փաստաբանական պալատի կողմից տրված արտոնագիրը կամ հատուկ արտոնագիրը եւ օրդերը:

Փաստաբանն իրականացնում է իր փորձնակների ուսուցումը։

Փաստաբանը փաստաբանների պալատի կողմից սահմանված չափով եւ կարգով մուծում է անդամավճար` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների եւ փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար։

Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Օտարերկրացի փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի կողմից տրված արտոնագրի հիման վրա:

Օտարերկրացի փաստաբանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ կապված հարցերով։

Օտարերկրացի փաստաբանը չի կարող ընտրվել փաստաբանների պալատի մարմիններում։

Հոդված 18.Փաստաբանի հիմնական իրավունքները

Քաղաքացիական եւ քրեական դատավարությունում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան դատավարական օրենսդրությամբ եւ սույն օրենքով։

Փաստաբանն իրավունք ունի՝

1) քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով ներկայացնել կամ պաշտպանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց շահերը, ինչպես նաեւ ներկայացնել վստահորդի շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ոչ պետական մարմիններում եւ կազմակերպություններում,

2) օրենքով սահմանված կարգով ձեռք բերել եւ ներկայացնել վստահորդի շահերից բխող ապացույցներ,

3) դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կազմակերպություններին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու պաhանջով։ Նշված մարմիններն ու կազմակերպությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը կամ դրանց պատճենները,

4) համաձայնության դեպքում հարցման ենթարկել անձանց, ովքեր ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերվող տեղեկատվության, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս,

5) պայմանագրային հիմունքներով մասնագետներ ներգրավվել իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված այլ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերը պարզաբանելու համար:

Փաստաբանն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի բողոքարկել օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները, որոշումները, մասնակցել վճռաբեկ դատարանում իր բերած բողոքի քննությանը:

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ որոշման բողոքարկման հարցը լուծելու համար հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իրավունք ունի դատարանում ծանոթանալու տվյալ գործին:

Հոդված 19. Փաստաբանի հիմնական պարտականությունները

Փաստաբանը պարտավոր է՝

1) ազնվորեն եւ բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները եւ օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով,

2) առաջնահերթության կարգով վստահորդին առաջարկել վեճը լուծել հաշտության համաձայնությամբ,

3) պահպանել սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները,

4) չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

5) մշտապես կատարելագործել իր գիտելիքները,

6) մուծել անդամավճարներ,

7) չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է վստահորդի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը,

8) չստանձնել աշխատանքային ավելի մեծ ծավալ, քան ողջամտորեն կարող է կատարել,

9) իրականացնել փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված կարգով եւ նվազագույն չափով անվճար իրավաբանական օգնություն:

Հոդված 20. Փաստաբանի հիմնական իրավունքների եւ պարտականությունների առանձնահատկությունները

Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալ, եթե՝

1) իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ակնհայտ անօրինական բնույթ է կրում,

2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից,

3) առկա է հակասություն նույն հարցով երկու կամ ավելի անձանց շահերի միջեւ,

4) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաեւ եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը,

5) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը,

6) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որեւէ գործում, եւ այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը։

Փաստաբանն իրավունք չունի՝

1) վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ հայտարարություններ անել, եթե վերջինս ժխտում է դա,

2) հրապարակել վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները առանց վստահորդի համաձայնության:

Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջեւ առաջանում է հակասություն:

Փաստաբանն իրավունք ունի հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաեւ վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:

Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:

Փաստաբանն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ։

Հոդված 21. Փաստաբանի գործունեության երաշխիքները

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքով» եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ:

Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կուսակցությունների եւ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ:

Փաստաբանը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պահանջներին համապատասխան իրականացրած ցանկացած գործողության, այդ թվում՝ իր մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարելիս, դատարանում, հետաքննության, նախաքննության եւ այլ մարմիններում հայտնած կարծիքի եւ դիրքորոշման համար:

Փաստաբանն իր վստահորդի հետ կնքած պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Հոդված 22. Փաստաբանի իրավական պաշտպանությունը

Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները եւ նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։

Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի՝ պաշտպանության անհրաժեշտ օրենքով սահմանած միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Փաստաբանին ձերբակալելիս՝ ձերբակալումն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի խորհրդին:

Հոդված 23. Փաստաբանի օգնականը

Փաստաբանն իրավունք ունի ունենալ օգնական կամ օգնականներ։ Փաստաբանի օգնական չի կարող լինել սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձը։

Փաստաբանի օգնականն իրավունք չունի զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

Փաստաբանի օգնականն իրավունք չունի հրապարակել փաստաբանական գաղտնիքը։

Փաստաբանի օգնականն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպության հետ կնքվող աշխատանքային պայմանագրով, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ կնքվող աշխատանքային պայմանագրով:

Փաստաբանի օգնականն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի օգնականի վկայականով, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատվում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից։

Հոդված 24. Փաստաբանի փորձնակը

Հինգ տարուց ոչ պակաս փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանն իրավունք ունի ունենալ փորձնակ կամ փորձնակներ։ Փաստաբանի փորձնակ կարող է լինել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կառույցներում անցնում է փորձնակություն մեկից երկու տարի ժամանակով, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածում նշված անձանց։

Փորձնակություն անցնելու կարգն ու պայմանները սահմանվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից։

Փաստաբանի փորձնակն իր գործունեությունն իրականացնում է փաստաբանի ղեկավարությամբ՝ կատարելով նրա առանձին հանձնարարությունները։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի ինքնուրույն զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Փաստաբանի փորձնակն իրավունք չունի հրապարակել փաստաբանական գաղտնիքը։

Փաստաբանի փորձնակն աշխատանքի է ընդունվում այն կազմակերպությունում, որտեղ աշխատում է տվյալ փաստաբանը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող փաստաբանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով։

Փաստաբանի փորձնակն իր ինքնությունը հաստատում է փաստաբանի փորձնակի վկայականով, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատվում է փաստաբանների պալատի խորհրդի կողմից։

Հոդված 25. Փաստաբանական գաղտնիքը

Փաստաբանական գաղտնիք է համարվում այն տեղեկությունը, որը վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաեւ այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք փաստաբանը ձեռք է բերել ինքնուրույն՝ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում, եւ որոնք հայտնի չեն հանրությանը:

Փաստաբանական գաղտնիք են համարվում նաեւ վստահորդի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները, որոնք հայտնի չեն հանրությանը։

Փաստաբանը չի կարող որպես վկա հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով իրեն դիմելու կամ իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ:

Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը, եթե՝

1) առկա է վստահորդի համաձայնությունը,

2) դա անհրաժեշտ է նրա եւ վստահորդի միջեւ ծագած դատական վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար,

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում:

Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ:

Հոդված 26.Փաստաբանների գործունեության կազմակերպական-իրավական ձեւերը

Փաստաբանն իր գործունեությունը կազմակերպելու համար կարող է ընտրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձեւ:

Հոդված 27 Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը

Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը սահմանում է փաստաբանի վարքագծի կանոնները եւ փաստաբանական էթիկայի սկզբունքները:
 

 

Գլուխ 4.

Փաստաբանական գործունեության արտոնագրումը

Հոդված 28. Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար ներկայացվող պահանջները

Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, ով՝

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան եւ իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,

2) հանձնել է որակավորման քննություն եւ ստացել համապատասխան վկայագիր:

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված ծրագրով, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար՝ հատուկ ծրագրով։ Քննությունն ընդունելու եւ հանձնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկ, աշխատանքային գրքույկի պատճենը կամ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժը հաստատող այլ փաստաթուղթ, բարձրագույն իրավաբանական կրթությունը կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճանի վկայությունը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ փաստաբանության մասին օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր։

Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի եւ տվյալների հավաստիության ստուգումը։

Որակավորման քննությունը բաղկացած է հարցերին գրավոր պատասխաններից՝ թեստավորումից եւ բանավոր հարցազրույցից։ Որակավորման քննության պահանջները, քննական առարկաների ցանկը, գնահատման չափանիշները սահմանվում են որակավորման հանձնաժողովի կողմից:

Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:

Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդը կրկին դրա հանձնմանն է թույլատրվում մեկ տարի անց։ Քննություն հանձնելու փորձերի թիվն անսահմանափակ է։

Քննություններն անց են կացվում առնվազն տարին մեկ անգամ։

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքային ստաժի մեջ մտնում է աշխատանքը՝

1) որպես դատավոր կամ դատախազ,

2) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գիտական կազմակերպությունում բարձրագույն իրավաբանական կրթություն պահանջող պաշտոնում,

3) որպես փաստաբան կամ փաստաբանի փորձնակ,

4) որպես նոտար կամ քննիչ,

5) որպես իրավունքի բնագավառի դասախոս միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում։

Առանց որակավորման քննություն հանձնելու եւ համապատասխան վկայագիր ստանալու փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ անձը, ով ունի փաստաբանի, դատավորի կամ դատախազի առնվազն տասնհինգ տարվա աշխատանքային ստաժ։

Հոդված 29. Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը:

Հավակնորդի դիմումը քննարկվում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացվում փաստաբանների պալատի խորհրդի կողմից մեկամսյա ժամկետում:

Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:

Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 28-րդ եւ 33-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով մեկամսյա ժամկետում:

Դիմումը մերժվելու դեպքում հավակնորդը նոր դիմում կարող է ներկայացնել մերժելու մասին որոշումը ընդունելու օրվանից մեկ տարի հետո։

Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով եւ նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

Հոդված 30. Հատուկ արտոնագիրը եւ այն տրամադրելու կարգը

Հատուկ արտոնագիրը տրամադրվում է վճռաբեկ դատարանում օրենքով նախատեսված հիմքերով փաստաբանական գործունեություն իրականացնելու նպատակով:

Հատուկ արտոնագիր տրամադրելու համար փաստաբանը փաստաբանների պալատի նախագահին է ներկայացնում դիմում հատուկ արտոնագիր ստանալու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխան վկայագրի պատճենը եւ փաստաբանի արտոնագիրը:

Հատուկ արտոնագիր տրամադրում է փաստաբանների պալատի նախագահը՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունված որոշմամբ՝ առավելագույն ձայներ հավաքած առաջին յոթ հավակնորդներին:

Փաստաբանների պալատը տվյալ տարվա ընթացքում կարող է տալ ոչ ավելի քան յոթ հատուկ արտոնագիր՝ գործունեության հինգ տարի ժամանակով:

Հատուկ արտոնագիրը տրվում է ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

Հոդված 31. Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի գրանցումը վճռաբեկ դատարանում

Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը հատուկ արտոնագիրը վճռաբեկ դատարան ներկայացնելու օրվանից հնգօրյա ժամկետում գրանցվում է վճռաբեկ դատարանում՝ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով՝ նախապես ներկայացնելով պետական տուրքի մուծման մասին անդորրագիրը:

Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանն իր լիազորությունները կարող է իրականացնել գրանցման պահից:

Հոդված 32. Փաստաբանի երդումը

Առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը փաստաբանների պալատի խորհրդի առջեւ հանդիսավոր պայմաններում տալիս է երդում` հետեւյալ բովանդակությամբ.

«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ եւ բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները եւ շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով եւ «Փաստաբանի վարքագծի կանոնագրքով»։

Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր փաստաբանի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

Փաստաբանը ստորագրում է երդման տեքստը։

Հոդված 33. Փաստաբանական գործունեության սահմանափակումները

Անձը չի կարող լինել փաստաբան, եթե՝

1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

Հոդված 34. Փաստաբանների ցուցակը եւ դրանում ընդգրկվելը

Հասարակության համար փաստաբանական գործունեության մատչելիությունն ապահովելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը վարում եւ առնվազն տարին երկու անգամ հրապարակում է փաստաբանների ցուցակ:

Փաստաբանների ցուցակը ներառում է փաստաբանի անունը եւ ազգանունը, փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները, փաստաբանի մասնագիտացումը, ինչպես նաեւ փաստաբանի ցանկությամբ այլ տեղեկատվություն, որը մանրամասն պետք է նշված լինի փաստաբանի դիմումում:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանի դիմումը ստանալու օրվանից տասնչորս օրվա ընթացքում ընդգրկում է նրան փաստաբանների ցուցակում։

Փաստաբանն օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում փաստաբանների ցուցակում հրապարակված կեղծ տեղեկատվության համար:

Հոդված 35. Փաստաբանների ցուցակից հանելը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից, եթե՝

1) նա գրավոր դիմում է փաստաբանների ցուցակից իր անունը հանելու վերաբերյալ,

2) դադարեցվում է նրա արտոնագրի գործողությունը սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում,

3) դադարեցվել է օտարերկրացի փաստաբանի փաստաբանական գործունեության իրավունքն իր քաղաքացիության երկրում։

Գլուխ 5.

Արտոնագրի գործողության դադարեցումը եւ կասեցումը

Հոդված 36. Արտոնագրի գործողության դադարեցումը

Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե նա՝

1) գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին՝ արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին,

2) արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ,

3) առկա են սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներ,

4) մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ անհարգելի պատճառով չի կատարել վստահորդի առաջ ունեցած իր մասնագիտական պարտականությունները կամ փաստաբանների պալատի՝ իր իրավասության շրջանակներում ընդունած որոշումները,

5) մեկ տարվա ընթացքում երեք կամ ավելի անգամ ենթարկվել է կարգապահական տույժի,

6) մահացել է կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի որոշումը։

7) որակավորման հանձնաժողով է ներկայացրել կեղծ տվյալներ,

8) լրացել է արտոնագրի գործողության կասեցման սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ այն ուժը կորցրած ճանաչելով:

Փաստաբանների պալատի խորհուրդը սույն հոդվածի առաջին մասի չորրորդ եւ հինգերորդ կետերով նախատեսված դեպքում արտոնագիրն ուժը կորցրած է ճանաչում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

Փաստաբանն իրավունք ունի դիմել նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի անց:

Օտարերկրացի փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն։

Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին:

Հոդված 37. Հատուկ արտոնագրի գործողության դադարեցումը

Հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝

1) փաստաբանը գրավոր դիմել է հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին,

2) առկա են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներ,

3) լրացել է հատուկ արտոնագրի գործողության ժամկետը,

4) լրացել է հատուկ արտոնագրի գործողության կասեցման սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ժամկետը:

Հատուկ արտոնագրի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է մեկամսյա ժամկետում բողոքարկվել դատական կարգով:

Փաստաբանն իրավունք ունի դիմել նոր հատուկ արտոնագիր ստանալու համար հատուկ արտոնագրի գործողությունը դադարեցնելուց երկու տարի հետո:

Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու դեպքում փաստաբանն փաստաբանական գործունեությունն իրավունք ունի շարունակել փաստաբանի արտոնագրի հիման վրա:

Հատուկ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին:

Հոդված 38. Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողության կասեցումը

Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցվում է մինչեւ հինգ տարի ժամկետով, եթե փաստաբանը՝

1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում կամ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ իր լիազորությունների ժամկետով,

2) զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության՝ մինչեւ ծառայության ժամկետի լրանալը,

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարել իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր,

4) անցել է պետական ծառայության՝ պետական ծառայություն մեջ գտնվելու ժամկետով,

5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող,

6) կատարել է դիտավորյալ հանցագործություն, որի համար նրան առաջադրվել է մեղադրանք,

7) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելու դեպքում փաստաբանների պալատի խորհուրդը կարող է կասեցնել տվյալ փաստաբանի արտոնագրի գործողությունը։

Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման։

Արտոնագրի եւ հատուկ արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի նախագահը։

Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղյակ պահել փաստաբանների պալատի նախագահին։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ այն փաստաբանի դիմումի հիման վրա, ում արտոնագրի գործողությունը կասեցվել էր։

Փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։

Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին:



Գլուխ 6.

Փաստաբանի պատասխանատվությունը

Հոդված 39.Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը

Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի, «Փաստաբանի վարքագծի կանոնագրքի» եւ փաստաբանների պալատի կանոնադրության պահանջները խախտելու, իր մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Կարգապահական վարույթ հարուցվում է փաստաբանների պալատ ստացված գրավոր հաղորդումների կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա: Անստորագիր եւ անհասցե հաղորդումները ստուգման ենթակա չեն:

Փաստաբանն իրավունք ունի մասնակցելու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, ունենալ պաշտպան, ծանոթանալու կարգապահական վարույթում առկա նյութերին, ներկայացնելու ապացույցներ, կանչելու վկաներ, տալու հարցեր եւ իր դեմ վկայություն տվող անձանց ուղղելու հարցեր։

Կարգապահական վարույթ հարուցվում է կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման դեպքում, դրանց վերաբերյալ ստացված հայտարարության կամ հաղորդման օրվանից տասնօրյա ժամկետում:

Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը հաղորդվում է փաստաբանին:

Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե խախտումը հայտնաբերելու օրվանից անցել է վեց ամիս:

Եթե փաստաբանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կամ իրականացվում է քրեական հետապնդման, ապա քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ, փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանից երկու ամսվա ընթացքում։

Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանից ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում` ներառյալ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ժամանակը։

Կարգապահական վարույթի արդյունքները հրապարակվում են փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից:

Հոդված 40.Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի տեսակները

Կարգապահական խախտման համար մեղավոր ճանաչված փաստաբանի նկատմամբ կարող է նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերից մեկը`

1) նկատողություն,

2) խիստ նկատողություն,

3) տուգանք։

Տուգանքի չափերը սահմանվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։ Տուգանքը վճարվում է փաստաբանների պալատին։

Կարգապահական տույժեր նշանակելիս հաշվի են առնվում կատարողի անձը, արարքի ծանրությունը եւ կրկնակիությունը, առաջացած հետեւանքները եւ պատճառված վնասի չափը։

Կարգապահական տույժի նշանակումը փաստաբանը կարող է բողոքարկել դատական կարգով` տույժի նշանակման օրվանից մեկամսյա ժամկետում։

Կարգապահական տույժն ուժի մեջ է նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշում ընդունելու պահից երեք ամիս ժամկետով, խիստ նկատողության դեպքում՝ վեց ամիս ժամկետով, տուգանքի դեպքում` ինն ամիս ժամկետով։ Կարգապահական տույժերի ուժի մեջ լինելու համար սահմանված ժամկետները լրանալու դեպքում փաստաբանը համարվում է տույժ չունեցող:

Փաստաբանի նկատմամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

 


Գլուխ 7.

Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

Հոդված 41. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։

Սույն օրենքն ուժի մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 18-ին ընդունված ՀՕ-234 օրենքը։

Հոդված 42. Փաստաբանների պալատի կազմավորումը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների իրավահաջորդը։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական մյուս միությունների լիազորությունները պահպանվում են մինչեւ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կազմավորումը։

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգով ։

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրվում է վճռաբեկ դատարանի նախագահի կողմից։

Վճռաբեկ դատարանի նախագահը ժողովը վարում է մինչեւ փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը իրավասու է սկսել աշխատանքները գործող փաստաբանների միություններում ընդգրկված փաստաբանների ընդհանուր թվի երկու երրորդի առկայության դեպքում։

Հոդված 43. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր ստացած փաստաբանների իրավական վիճակը

Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանների միությունները համարվում են վերակազմակերպված` օրենքով սահմանված կարգով գրանցելու պահից:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Հայաստանի Հանրապետությունում գործող միությունների անդամ փաստաբանների արտոնագրերը եւ հատուկ արտոնագրերը փոխարինում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի արտոնագրերով: Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների կողմից տրամադրած արտոնագրերը եւ հատուկ արտոնագրերը ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի ընդունման

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Փաստաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործողության մեջ է 1998 թվականի հունիսի 18-ից, եւ այդ ժամանակահատվածում ի հայտ են եկել տեխնիկական եւ խմբագրական բնույթի թերություններ, ինչպես նաեւ արդի պայմաններում այնպիսի հարցերի կարգավորման անհրաժեշտությունը, ինչպիսիք են փաստաբանության եւ պետության փոխհարաբերությունները, այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է փաստաբանությունը, հասարակության համար իրավաբանական օգնության մատչելիությունն ապահովելու երաշխիքները, փաստաբանի մասնագիտությունն իրականացնող անձանց միավորող միասնական կառույցի՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ստեղծումը, որոնք կշտկվեն եւ կկարգավորվեն օրենքն ընդունելու դեպքում:

Օրենքի ընդունման կապակցությամբ անց են կացվել մի շարք սեմինարներ, փորձագիտական հանդիպումներ եւ նման այլ միջոցառումներ օրենքը անմիջականորեն կիրառողների, ինչպես նաեւ մասնագետ-տեսաբանների հետ՝ Ամերիկայան իրավաբանների ընկերակցության եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետների մասնակցությամբ: Այդ միջոցառումների ընթացքում քննարկվել է օրենքի նախագիծը: Առաջ քաշված մի շարք առաջարկություններ հիմնավոր են, ուստի դրանք ներառվել են «Փաստաբանության մասին» օրենքի նախագծում: Օրենքի շուրջ ծավալված քննարկումների եւ սեմինարների ընթացքում օրենքը կիրառողների եւ պրակտիկ աշխատողների կողմից առաջ են քաշվել մի շարք գործնական առաջարկություններ, որոնք բխում են «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի կիրառման արդի պրակտիկայից, արվել են նաեւ տեսական բնույթի առաջարկներ, որոնց ներառումը «Փաստաբանության մասին» օրենքում, անշուշտ, կնպաստի օրենքի ճիշտ կիրառմանը:

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տվյալ օրենքի նախագիծը ներառում է բոլոր այն դրույթները, որոնք վերացնում են «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի թերությունները, կարգավորում է դրանով դեռեւս չկարգավորված հարցերը, ինչպես նաեւ այն ժամանակի պահանջներին եւ եվրոպական չափանիշներին ավելի համահունչ է: