Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-435-22.11.2022-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ»:

Հոդված 2. Օրենքի նախաբանում, 2-րդ, 3-րդ, 4-րդ գլուխների վերնագրերում, 1-9 եւ 11-22-րդ հոդվածներում «ընտանիքում» բառը փոխարինել «ընտանեկան» բառով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 6-րդ կետերում, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերում, 8-րդ հոդվածի 3-րդ մասում, 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում, 22-րդ հոդվածի 2-րդ մասում «եղող» բառը փոխարինել «գտնվող» բառով:

Հոդված 4. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանեկան բռնության հասկացությունը, ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանեկան բռնություն է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության արարքը, ինչպես նաեւ անտեսումը կամ հետամտումը, որոնք կատարվել են ընտանիքի անդամների կամ զուգընկերների կամ նախկին զուգընկերների միջեւ, անկախ նրանց համատեղ բնակվելու հանգամանքից:»:

2. 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ֆիզիկական ներգործությունը, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը.»:

3. 2-րդ մասին 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) հոգեբանական բռնություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հոգեկան ներգործությունը կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, ինքնասպանությանը հասցնելը կամ հակելը, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, ինչպես նաեւ` ֆիզիկական,  սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգության համար.»:

4. 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով. հետեւյալ նախադասությամբ. « 6) հետամտում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անձին հետամտելը:»:

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում` խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները, տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը.»:

2. լրացնել նոր՝ 1.1) կետով, հետեւյալ բովանդակությամբ. «1.1) զուգընկեր` անձի հետ ինտիմ՝ հոգեհուզական կամ սեռական կայուն  հարաբերությունների մեջ գտնվող անձ»:

3. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «աջակցության կենտրոն՝ ընտանեկան բռնության կամ ենթադրաբար բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից.»:

4. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ընտանեկան բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, այդ թվում ընտանիքի ներսում բռնությանը ականտես երեխան, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանեկան բռնությունից.»:

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի՝

1. առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ  բռնության դեպքը տեղի է ունեցել առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերեւույթ չի պարունակում, եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում:»:

2. 2-րդ մասը «փոստի միջոցով:» բարեռից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում ծանուցումը բռնություն գործադրած անձի ստանալու հանգամանքից անկախ:»:

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Եթե ընտանիքի մեկ անդամը կամ ներկա/նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, այդ թվում՝ երեխայի ներկայությամբ, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կամ ներկա կամ նախկին զուգընկերոջ կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:»:

2. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20 օր:»:

3. 7-րդ մասը «փոստի միջոցով:» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնվում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում՝  որոշման պատճենն ուղարկվում է նրա  էլեկտրոնային փոստին կամ նրա հաշվառման վայրի հասցեով՝ պատվիրված փոստի միջոցով:»:

4. 8-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից իր իրերը հավաքելը եւ ընտանեկան բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը:»:

5. 8-րդ մասի «ուղեկցությամբ:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ շարադասությամբ. «Այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը որոշում է կայացնում ընտանեկան բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու մասին,  իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանեկան բռնության ենթարկված անձը եւ իր խնամքին գտնվող անձանց կողմից բնակության վայրից  անձնական իրերը հավաքելը:»:

6. լրացնել նոր մասով՝ հետեւյալ նախադասությամբ. «8.1. Բռնության ենթարկված անձին եւ իր խնամքին գտնվող անձանց տեղափոխումը աջակցման կենտրոն կազմակերպվում է ոստիկանության կողմից:»:

7. 10-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչեւ դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:»:

8. 11-րդ մասի «ոստիկանությունը» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:» բառերը:

9. 13-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9 . Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պաշտպանական որոշումը կայացվում է 6-12 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել` մինչեւ վեց ամիս ժամկետով:»:

2. 5-րդ մասին 1-ին կետի «այլ վայրերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ապաստարանի» բառերը:

3. 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «մինչեւ պաշտոնական որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը կամ դատական գործի դեպքում՝ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն:»:

4. 9-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պաշտպանական որոշումն ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: Էլեկտրոնային հսկողության իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

5. 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Ընտանեկան բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանեկան բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:  Անձի կողմից ընտանեկան բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված աջակցության կենտրոնի  սոցիալական աշխատողը եւ ոստիկանության ծառայողը, Լիազոր մարմնի սահմանած կարգով:»:

1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Ոստիկանության ծառայողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում է ունենում հաշվառման վերցված եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ եւ բացատրական աշխատանքներ իրականացնում: Աջակցության կենտրոնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը:»:

2. Lրացնել նոր՝ 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Միասնական սոցիալական ծառայության տարածքային մարմինը համագործակցում է պատական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ՝ բռնության ենթարկված անձանց ըստ անհրաժեշտության սոցիալական ծառայությունից օգտվելու գործընթացում աջակցելու եւ համապատասխան մարմիններ ուղղորդելու համար:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ռազմավարությունը, բռնության ենթարկված անձանց ուղղորդման կարգը եւ բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 2-րդ կետի «աջակցության կենտրոնների,» բառերից հետո լրացնել «ապաստարանների,» բառը:

2. 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «9) համակարգում է բռնության ենթարկված անձանց ուղղորդման գործընթացը: Աջակցության նպատակով բռնության ենթարկված անձանց ուղղորդման կարգը սահմանում է  Կառավարությունը.»:

3. 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.՝ «սահմանում է կանխարգելիչ հաշվառման շրջանակում ընտանեկան բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկման իրականացման կարգը.»:

4. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ապահովում է ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները համազգեստի վրա կրում են իրենց ծառայությունը խորհրդանշող տարբերանշան, որի նկարագիրը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները` ոստիկանության պետը.»:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1. Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում»:

2. 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) ապահովում է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անհատույց բժշկական օգնություն, սահմանում է ընտանեկան բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց վերաբերյալ տեղեկության գրանցման կարգը եւ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը հայտնելու պայմանները.»:

Հոդված 15.

Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«5. Անձին, իր համաձայնությամբ, իր խնամքի տակ գտնվող անձանց հետ, ապաստարան կարող են ուղղորդել ՝

1) Լիազոր մարմինը՝ տվյալ անձի նախաձեռնությամբ կամ այլ մարմիններից եւ կազմակերպություններից ստացած տեղեկության հիման վրա,

2) ոստիկանությունը՝ բռնության ենթարկված անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգի դեպքում,

3) աջակցության կենտրոնը՝ գնահատված կարիքի հիման վրա,

Բռնության ենթարկված երեխան ապաստարանում տեղավորվում է իր ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ:»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու  եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան բռնության բոլոր դեպքերի բացահայտման եւ արդյունավետ կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց՝  այդ թվում երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման եւ համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու անհրաժեշտությամբ:

2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկումը փաստում է, որ այս ոլորտում կարգավորումները բավարար չեն ընտանեկան բռնության կանխարգելման, բռնությունից տուժած անձանց արդյունավետ պաշտպանության համար:

Գործող օրենքի վերնագրում, ինչպես նաեւ ամբողջ տեքստում կիրառվող «ընտանիքում բռնություն» ձեւակերպումը ամբողջությամբ չի բնորոշում այն խնդիրը: «Ընտանիքում բնություն»-ը ավելի շատ մատնանշում է վայրը կամ միջավայրը, որտեղ կատարվել է բռնությունը ընդ որում ամբողջությամբ չծածկելով այն, քանի որ բռնության այդ դսեւորումը հանդիպում է նաեւ այնպիսի հարաբերություններում, որոնք ընտանեկան չեն: Մինչդեռ հատկանիշ ցույց տվող «ընտանեկան» բառը գործածելիս ընդլայնվում են տվյլալ գործողության՝ բռնության կատարման սահմանները, քանի որ ընտանեկան բռնությունը կարող է լինել ոչ միայն ընտանեկան հարկի տակ, այլ նաեւ ուրիշ վայրում:

Գործող օրենքում սահմանումների հստակեցման եւ լրացման կարիք կա, մասնավորապես՝ բռնության եւ դրանց տեսակների սահմանումները, ինչպես նաեւ օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն անհրաժեշտ է համախատասխանեցնել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի սահմանումներին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ուղեցույցներին եւ միջազգային չափանիշներին:

Ընտանեկան բռնության տարածված դրսեւորումներից է նաեւ վերահսկող վարքագծի կիրառումը կամ հետամտումը, որը ՄԱԿ-ի կողմից եւս սահմանվում է որպես ընտանեկան բռնության տեսակ, իսկ Եվրոպայի խորհուրդն այն առաջարկում է քրեականացնել որպես կանանց դեմ բռնության դրսեւորում: Սակայն այս հասկացությունը, որպես բռնության տեսակ եւ հանցակազմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, ինչի արդյունքում բռնության տվյալ դրսեւորումը զրկված է որեւէ իրավական կարգավորումից:

Գործող կարգավորումներով օրենքը տարածվում է միայն համատեղ բնակվող ընտանիքի այնպիսի անդամների վրա, ինչպիսիք են տատը, պապը, քույրը եւ եղբայրը (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույրը, ամուսնու եղբայրը, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը, այնինչ նկատի ունենալով Հայաստանում ընտանեկան հարաբերությունների համակարգը, ակնհայտ է, որ համատեղ չբնակվելու համակարգը չի կարող կանխարգելող հանգամանք հանդիսանալ բռնության համար: Ուստի օրենքը պետք է տարածվի վերը նշված անդամների վրա անկախ համատեղ բնակության հանգամանքից, ինչպես նաեւ ներառի ներկա եւ նախկին զուգընկերներներին:

«Զուգընկեր» հասկացությունն օրենքով սահմանված չէ եւ օրենքի գործողության շրջանակից դուրս է, մինչդեռ, գործնականում ընտանեկան բռնության դեպքերի զգալի մասը կատարվում է նաեւ զուգընկեր հանդիսացող անձի նկատմամբ: Զուգընկերներն այն անձինք են, ովքեր չեն գտնվում ամուսնական հարաբերությունների մեջ, չեն վարում համատեղ տնտեսություն եւ կենցաղ, սակայն նրանց միջեւ ձեւավորված են մտերիմ/ինտիմ բնույթի հարաբերություններ: Ընդ որում, բռնությունը գործադրվում է զուգընկերոջ նկատմամբ վերահսկողություն, ուժ, իշխանություն եւ ազդեցություն կիրառելու նպատակով, ինչը հնարավոր չէր լինի, եթե բռնության ենթարկված զուգընկեր հանդիսացող անձը` ելնելով հաստատված հարաբերությունների բնույթից (մտերիմ, ընկերական, սեռական) չունենար որոշակի կախվածություն բռնություն գործադրած անձից:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Աջակցության կենտրոնի կարգավիճակ ունի միայն պետական կազմակերպությունը, մինչդեռ ներկայումս հասարակական կազմակերպության կարգավիճակով գործում են աջակցության կենտրոններ, որոնք մրցութային կարգով դրամաշնորհ են ստանում պետությունից, քաջատեղյակ են ոլորտի առանձնահատկություններին, ունեն ընտանեկան բռնության դեպքերով աշխատելու կազմակերպչական, նյութական եւ մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ, բռնության ենթարկված անձանց տրամադրում են աջակցություն՝ ընդհուպ ապահովելով ժամանակավոր կացարանով: Սակայն, պետության հետ հարաբերություններում այդ կենտրոնները չեն օգտվում Օրենքով սահմանված երաշխիքներից, օրինակ, իրավասու չեն դիմելու դատարան՝ պաշտպանության միջոց հայցելու պահանջով: Հետեւաբար, շահավետ եւ նպատակահարմար կլինի աջակցության կենտրոնի կարգավիճակ թույլատերլ նաեւ ոչ առեւտրային  կազմակերպության համար: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ոլորտի հասարակական կազմակերպությունների աշխատակիցները անընդհատ վերապատրաստումներ են անցնում կապված ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանական արդյունավետ միջոցների կիրառման, օրենքում առկա բացերի, ոլորտի իրավասու մարմինների հետ ավելի արդյունավետ համագործակցության ապահովման ուղղություններով եւ առավել  պատրալծստված են աշխատելու ընտանեկան բռնութան ենթարկված անձանց հետ:

Oրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, ով անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը եւ/կամ կրել է այդ բռնության բացասական հետեւանքներն իր վրա (անուղղակի զոհեր): Ֆիզիկական կամ սեռական բռնությանն ականատես լինելու կամ հոգեբանական հարկադրանքի անմիջական ազդեցությունը կրելու հետեւանքով երեխան՝ տարիքային առանձնահատկություններից ելնելով, հայտնվում է խիստ խոցելի, հոգեբանորեն ծանր վիճակում: Սակայն, երեխան՝ որպես բռնությունից տուժած անձ, չի ստանում իրավական պաշտպանություն եւ, գործնականում, հաճախ մնում է բռնարարի անմիջական ազդեցության տակ: Նման պայմաններում, անհրաժեշտ է բռնության հարաբերություններին ականատես կամ բռնության ազդեցությունն այլ կերպ կրած երեխայի իրավական պաշտպանվածությունը հավասարեցնել անմիջականորեն բռնության ենթարկված անձանց կարգավիճակին՝ Օրենքով սահմանված նույն երաշխիքների տրամադրմամբ:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ: Մինչդեռ, նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն, իսկ բռնությունից տուժած անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի եւ անվտանգության համար իրական սպառնալիքներ: Իսկ այդ սպառնալիքների դեպքում նախազգուշացումը ենթադրում է լրացուցիչ ջանքեր զոհի կողմից, մասնավորապես ոստիկանություն արված զանգեր, դիմումներ, որոնք պետք է կատարի՝ անհետաձգելի կամ պաշտպանական որոշում ընդունելու հնարավորություն ստանալու: Նախազգուշացումը կիրառվում է, երբ բռնությունը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, եթե չկան քրեական հանցագործության տարրեր, ինչպես նաեւ շտապ միջամտության հիմքեր: Այնինչ ընտանեկան բռնության կանխարգելման միջազգային պայմանագրերը եւ պրակտիկան պահանջում են պաշտպանություն տրամադրել՝ առանց իրավախախտման կատարման հղումի:

Փորձը ցույց է տալիս, որ հայաստանյան հասարակությունում բռնությունից տուժած կինը ոստիկանություն է դիմում, երբ բռնության դեպքերը կրկնվում են եւ իրավիճակն արդեն կառավարելի չէ, կամ երբ սպառել է ինքնապաշտպանության բոլոր միջոցները: Ուստի վտանգը մեծ է, որ նախազգուշացումը բավարար չէ ապահովելու բռնության կանխարգելումը եւ որեւէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը, հատկապես երբ խոսքը ֆիզիկական կամ սեռական բռնության մասին է:

Անհետաձգելի միջամտության ժամկետը գործող կարգավորումներով չի կարող գերազանցել 20 օրը: Այս նորմը ոստիկանությանը թույլ է տալիս այս գործերով սահմանել ավելի նվազ ժամկետներ, օրինակ՝ հինգ կամ տասը օր, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ է: Եվ համեմատելով  արդեն օրենքով  նախատեսված պաշտպանական որոշում կիրառելու վերաբերյալ անձի դատարան հայցադիմում ներկայացելու եւ դատարանի կողմից համապատասխան դատական ակտ կայացնելու ժամկետների հետ, գործնականում ընտանեկան բռնության ենթարկված անձը մնում է առանց պաշտպանության:

Օրենքով սահմանված չէ պարտադիր պահանջ գործերով իրավասու ծառայողների կողմից անհետաձգելի միջամտության որոշման պատճենը հանձնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց, ինչի բացակայության հետեւանքով մի շարք  դեպքերում դատարանները մերժում են պաշտպանական որոշում կիրառել անհետաձգելի որոշման բացակայության պատճառաբանությամբ եւ նման իրավիճակում անձի դատարան դիմելու իրավունքը խախտվում է:

Օրենքով սահմանված չէ նաեւ պարտավորություն ոստիկանության աշխատակցի համար չլքելու բռնության տարածքը այնքան ժամանակ, քանի դեռ բռնության ենթարկված անձը չի հավաքել իրերը եւ չի տեղափոխվել ապաստարան, եթե այդպիսի որոշում կա: Բացի այդ կարգավորված չէ նաեւ ապաստարան տեղափոխելու գործընթացը:

Փորձը ցույց է տալիս, որ բռնություն գործադրած անձի նկատմամբ հսկողության ավելի արդյունավետ համակարգի ներդրման կարիք կա, խոսքը մասնավորապես (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների մասին է, ինչը  հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հսկել վերջինիս տեղաշարժը՝ կիրառված որոշման պատշաճ կատարումն ապահովելու եւ բռնության հետագա հնարավոր դեպքերից խուսափելու  նպատակով: Ֆրանսիայում, Կանադայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նման հսկողության համակարգերի կիրառությունն արդեն իսկ արդարացրել է իրեն: Իսպանիայում այսպիսի համակարգ գործում է 2009 թվականից,  Վրաստանում այն գործում է 2017 թվականից:

Գործող կարգավորումների համաձայն պաշտպանական որոշումը կայացվում է մինչեւ 6 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչեւ 3 ամիս ժամկետով: Միջազգային փորձը սակայն ցույց է տալիս, որ բռնարարների մոտ բռնության կիրառման ամենաակտիվ փուլը պաշտպանական որոշման կայացմանը հաջորդող 18 ամիսներն են, ուստի հենց այդ ժամանակահատվածում է որ բռնության ենթարկված անձը կարիք ունի պաշտպանության: Բացի այդ, հիմնավորված չէ երկարաձգման դեպքերի սահմանափակումը: Պաշտպանության բոլոր միջոցներում առաջնահերթությունը պետք է դրվի զոհի եւ նրա երեխաների անվտանգության վրա: Օրինակ՝ ամուսնալուծության եւ երեխայի խնամակալության վերաբերյալ գործերով դատական վարույթը, որը զոհի համար ամենավտանգավոր ժամանակահատվածն է, կարող է տեւել տարիներ: Առկա երկարաժամկետ պաշտպանական որոշումները պետք է կիրառվեն մեկ տարուց ավելի ժամկետով՝ կայուն լուծումներ ապահովելու համար: Գործող կարգավորումներն առանց պաշտպանության են թողնում այն զոհերին, որոնց համար բռնության սպառնալիքը տեւում է մեկ տարուց ավելի, ինչը օրենքի լուրջ բաց է:

Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում  խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության եւ խախտված իրավունքի վերականգնման: Հաշտեցման գործընթացը  հակադրվում է ընտանեկան բռնության դեպքերի բարձր հանրային վտանգավորության, տուժողի բողոքից անկախ քրեորեն հետապնդելի լինելու եւ համաչափ, արդարացի ներգործության միջոցներ պահանջելու սահմանված ուղենիշերի հետ: Քննարկվող ոլորտում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ընտանեկան բռնության դեպքերը կանխարգելելուն, բռնության կրկնումը կամ շարունակումը բացառելուն, մինչդեռ պետությունը զույգերին կամ ընտանիքի անդամներին հաշտեցման գործառույթ չի կարող ունենալ:

Կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձի կողմից ընտանեկան բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի սոցիալական աշխատողը, իսկ անչափահաս անձի պարագայում` ոստիկանությունը` համապատասխանաբար Լիազոր մարմնի կամ ոստիկանության պետի սահմանած կարգով: Վերը նշված կարգավորումները խնդրահարույց են, քանի որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները եւ դրանց աշխատակիցները մասնագիտացված չեն ընտանեկան բռնության դեպքերի մոնիթորինգի ոլորտում, իսկ անչափահասների հանդեպ մշտադիտարկումը ոստիկանության կողմից առավել խնդրահարույց է, հատկապես այն պարագայում, երբ կանխարգելիչ հաշվառումը ըստ օրենքի չի իրականացվում ոստիկանության կողմից: Ուստի անհրաժեշտ է օրենքում հստակեցնել մոնիթորինգ իրականացնող պատասխանատուներին, նկատի ունենալով նաեւ իրավակիրառ պրակտիկան

Անհրաժեշտ է հստակեցնել Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում, քանի որ գործող կարգավորումների համաձայն լիազոր մարմնին վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնք գործնականում հնարավոր չէ իրականացնել ի սկզբանե իրեն վերապահված լիազորությունների, ինչպես նաեւ գործիքակազմի իմաստով: Մասնավորապես ըստ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 11-րդ կետերի լիազոր մարմինը համապատասխանաբար հաստատում է աջակցության կենտրոնի կողմից ընտանեկան բռնության ենթարկված եւ ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջեւ հաշտեցման կազմակերպման եւ իրականացման կարգը, հաստատում է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը: Լիազոր մարմինը տվյալ պարագայում չունի գործիքակազմ անձանց հաշտեցնելու համար: Բացի այդ, ռեաբիլիտացիոն ծրագիրը ենթադրում է բազմակողմանի աշխատանք՝ միջգերատեսչական համագործակցության միջոցով, ուստի ծրագրի սահմանման լիազորությունը նպատակահարմար է, որ վերապահվի Կառավարությանը:

Խնդրահարույց է նաեւ աջակցման կենտրոնների լիազորություններում վերը նշված ծրագրի իրականացման սահմանումը, քանի որ որպես սոցիալ-աջակցության կենտրոն այս կառույցները ի սկզբանե ստեղծված չեն աշխատելու բռնություն գործադրած անձանց հետ, եւ նման լիազորություններ դրանց համար օրենքով սահմանելը խնդրահարույց է, քանի որ դրանք աշխատում են բռնության ենթարկված անձանց հետ եւ տրամադրում են սոցիալ-աջակցման ծառայություններ:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններին ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում, ապա գործող օրենքով սահմանվում է միայն առանջնային բժշկական օգնության տրամադրման դրույթը, ինչն ըստ էության որեւէ լրացուցիչ երաշխիք չի սահմանում բռնության ենթարկված անձանց համար, քանի որ բոլոր քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում առաջնային բուժօգնությունը տրամադրվում է անհատույց, ուստի անհրաժեշտ է ընդլայնել այս ոլորտի լիազոր մարմնի լիազորությունները եւ սահմանել, որ բռնության ենթարկված անձանց բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար:

Քրեական Օրենսգրքի մի շարք հոդվածներ պարունակում են ծանրացնող հիմք՝ հիմնված ռասսայական, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, կրոնական, քաղաքական կամ այլ հայացքների կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների վրա հիմնված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի դրդապատճառների վրա:

Օրենսգիրքը չի ներառում սակայն սեռով պայմանավորված խտրականության ծանրացնող հիմքը: 2013 թվականի մայիսի 20-ին ընդունված «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է՝ Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ուղղակի եւ անուղղակի գենդերային խտրականությունն արգելվում է: Նույն հոդվածը սահմանում է նաեւ գենդերային խտրականության ուղղակի եւ անուղղակի ձեւերը, որը ներառում է ինչպես ընտանեկան դրության, հղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը, այնպես էլ այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետեւանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձեւով: Հարկ է նկատել, որ թեեւ վերը նշված օրենքով սահմանված է գենդերային խտրականության արգելքը, բայց դրանից պաշտպանվելու կամ դրա հետեւանքների վերացման համար սահմանված չեն պատասխանատվության միջոցներ: Այնինչ, ընտանեկան բռնությունը կարող է լինել եւ հաճախ դրդված է գենդերային կողմնակալությունից եւ գենդերային խտրականության ձեւ է:

Գործող կարգավորումներով պատժաչափերի քաղաքականությունը չի կարողանում պատշաճ կերպով անդրադառնալ գենդերահեն բռնությանը եւ համաչափ պատիժներ չի նախատեսում գենդերային կողմնակալությամբ կատարված հանցագործությունների համար:

Մերձավոր ազգականի կողմից կատարված արարքը ծանրացնող հանգամանք է սահմանված օրենսգրքի մի շարք հոդվածներում: Այնուամենայնիվ, վերը նշված ծանրացնող հիմքը դուրս է մնացել օրենսգրքի կարգավորումներից, մասնավորապես ինքնասպանության հակելուն, ինքնասպանության նպաստելուն, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործմանը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելուն առնչվող հոդվածներից:

Ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարված արարքը եւս որպես ծանրացնող հիմք դուրս է մնացել Օրենսգրքի այնպիսի հոդվածներից, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը: Մասնավորապես՝ Սպանությունը, Ինքնասպանության հասցնելը, Ինքնասպանության հակելը, Ինքնասպանությանը նպաստելը, Առողջությանը ծանր վնաս պատճառելը, Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, Առողջությանը թեթեւ վնաս պատճառելը, Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, Երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը, Ազատությունից ապօրինի զրկելը, Հոգեկան ներգործությունը, Ֆիզիկական ներգործությունը, Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, Շորթումը, Գույքային վնաս պատճառելը սպառնալիքի կամ բռնություն գործադրելու միջոցով հոդվածներից:

Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը հոդվածում նշված ձեւերը համապատասխանում են Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի «նվազագույն» ցանկին եւ Պալերմոյի արձանագրությանը: Որոշ երկրներ սակայն ընդլայնել են այդ ցանկը՝ հատուկ ներառելով հանցավոր գործունեության շահագործումը, մուրացկանության շահագործումը (կամ հարկադիր մուրացկանությունը), զինված հակամարտությունների օգտագործումը՝ ի լրումն հարկադիր ամուսնության: Եվրոպայի  խորհուրդն առաջարկում է ընդլայնել 188-րդ հոդվածի 4-րդ մասում նշված շահագործման ձեւերը: Բացի այդ, նկատի ունենալով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կատարված հանցանքը եւ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից իրականացրած գործողությունները որպես ծանրացնող հանցակազմ չեն դիտարկվում համապատասխան հոդվածում, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումը: Նմանատիպ բաց առկա է նաեւ Օրենսգրքի 189-րդ հոդվածում, որն անդրադառնում է երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգին կամ շահագործմանը, սակայն չի շահագործման ձեւերում չի առանձնացնում մուրացկանության մեջ ներգրավելը:

Անհետաձգելի եւ պաշտպանական որոշումների դիտավորությամբ խախտման հանցակազմի դեպքում տուգանքը շարունակում է պատժի միջոց հանդիսանալ, ինչը էական ազդեցություն չի կարող ունենալ բռնության կրկնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության գործընթացի վրա:

Քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջն ընտանեկան բռնություն գործադրած անձի կողմից չկատարելու դեպքում: Ըստ էության սահմանված կարգավորմամբ պատիժը կարող է կիրառվել վերը նշված օրենքի հոդվածի 1-ից 4-րդ կետերի բոլորի առկայության դեպքում, ինչը անհետաձգել միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու պատժից խուսփելու հնարավորություն է տալիս բռնարարին այն դեպքում, երբ նա որոշման որեւէ կետ է խախտել, բայց ոչ բոլոր կետերը միասին:

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքի առկա կարգավորումներով դատարանները մի շարք դեպքերում պաշտպանական որոշում կիրառելու համար ներկայացված հայցադիմումները վերադարձնում են կից փաստաթղթերի ցանկից պատասխանողի եւ ընտանեկան բռնության ենթարկված անձին միջեւ ընտանեկան եւ /կամ/ արյունակցական կապերի մասին տեղեկատվության բացակայության պատճառաբանությամբ: Սակայն որոշ դեպքերում ամուսինները փաստացի ամուսնության մեջ են գտնվում կամ հանդիսանում են զուգընկերներ, ինչը նշանակում է, որ նման դեպքերում անհնար է ներկայացնել վերը նշված փաստաթղթերը: Բացի այդ, նույնիսկ համապատասխան կապը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում միշտ չէ, որ ընտանեկան բռնության ենթարված անձը կարող է դրանք ներկայացնել, մասնավորապես փախուստի դիմելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է նման փաստաթղթերի ներկայացնելու պահանջը ոչ պարտադիր սահմանել: Բացի այդ, արդեն իսկ օրենքով նախատեսված է, որ ընտանեկան բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանեկան բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման:

Ուստի հայցադիմումի մեջ պատասխանողի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվություն կամ այլ ապացույցը ներառելը նպատակահարմար չէ եւ ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում բռնության ենթարկված քաղաքացու համար:

Ըստ գործող կարգավորումների, դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` տասնօրյա ժամկետում, ինչը երկար ժամանակահատված է անձի առողջությունը եւ կյանքը պաշտպանելու համար: Այս ժամկետն անհրաժեշտ է կրճատել, ավելի արդյունավետ պաշտպանական միջոց ունենալու նպատակով:

Առկա կարգավորումներով դատարանները պարտականություն չունեն կայացրած դատական ակտը ուղարկելու իրավասու մարմիններին, որոնք վերահսկողություն են իրականացնում դատական ակտի կատարման նկատմամբ: Շատ դեպքերում վերջիններս հայտնում են, որ տեղյակ չեն դատարանի կողմից կայացված պաշտպանական որոշման մասին: Ստացվում է, որ ընտանեկան բռնության ենթարկված անձը ինքը պետք է միջոցներ ձեռնարկի իրավասու անձանց դատական ատի վերաբերյալ տեղեկատվութան տրամադրման համար, ինչը որոշ դեպքերում հնարավոր չէ ապահովել եւ խախտում է մարդու արդարադատության մատչելության իրավունքը: Օրենքով դատարանների կողմից պաշտպանական որոշումը ընտանեկան բռնության ենթարկված անձին ուղարկելու ժամկետ չի նախատեսվել, ինչը խախտում է անձի ողջամիտ ժամկետում իր գործի քննության, դատական ակտը ստանալու, պատշաճ իր իրավունքները իրացնելու, իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու եւ այլ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի առկա կարգավորումներով սահմանված տուգանքը չի համապատասխանում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած «համաչափության սկզբունքին», չի ապահովում արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի եւ պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջեւ: Սահմանված տուգանքի չափը չի համապատասխանում պատժի նպատակներին՝ չի վերականգնում սոցիալական արդարությունը, չի կանխում նմանատիպ արարքները եւ չի ներգործում հասարակության բարոյապես անկայուն անդամների վրա՝ ստիպելով պատասխանատվության սպառնալիքների ներքո չկատարել նմանատիպ պատժելի արարքներ: Արդյունքում, կիրառվող միջոցները խիստ անհամաչափ են արարքի ծանրության համեմատ եւ կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով եւ նման արարք կրկնելու ռիսկը գնահատելու համար անհրաժեշտ է փոփոխել եւ առավել խիստ ներգործության միջոց կիրառել:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքում եւ կից օրենքների փաթեթում, մասնավորապես՝

սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում:

3. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու, ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարն ավելի արդյունավետ իրականացնելու, տրամադրելու արդյունավետ պաշտպանության եւ աջակցման միջոցներ բռնության ենթարկված անձանց, ինչպես նաեւ կստեղծվեն առավել արդյունավետ մեխանիզմներ բռնության գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման համար:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն