Armenian ARMSCII Armenian
Կ-430-17.11.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 232-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 

  «Հոդված 232. Հաշվետու ժամանակաշրջանը

1. Ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

2. Կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակը:»,

Հոդված 2. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

1. Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետեւյալ ժամկետներում՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները.

1) ֆիզիկական անձինք մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ,

2) կազմակերպությունները յուրաքանչյուր հաշվետու կիսամյակ` առաջին կիսամյակում մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, երկրորդ կիսամյակում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Հարկային օրենսգրքով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ վճարման ժամանակահատվածը՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, նշվածը որոշակի խնդիրներ է ստեղծում համայնքային բյուջեի եկամտային մասի պլանավորման ժամանակ, հաշվի առնելով, որ կազմակերպությունների մեծ մասը անշարժ գույքի գծով իրենց պարտավորությոնները կատարում են 4-րդ եռամսյակում, որից ելնելով առաջանում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները եւ կարգավորման առարկան.

Անշարժ գույքի հարկի գծով ընթացիկ պարտավորությունները կազմում են համայնքի սեփական եկամուտների մեծ մասը, իսկ կազմակերպությունների պարտավորությունները այդ պարտավորությունների կառուցվածքում մեծ դեր ունեն, հաշվի առնելով, որ ի տարբերություն ֆիզիկական անձանց՝ համեմատաբար միանվագ մեծ գումարների հոսք են ապահովում համայնքի բյուջե, որից ելնելով համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման եւ կատարման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում պայմանավորված այն հանգամանքով, որ գործող ՀՀ Հարկային օրենսգրքի 232-րդ հոդվածով կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին, իսկ ՀՀ հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն՝ վճարման ժամանակահատվածը՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Ընդ որում հարկ է նկատի ունենալ, որ կազմակերպությունների համար «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով նույնպես (ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք) նմանատիպ՝ կիսամյակային հաշվարկման եւ վճարման կարգավորումներ էր սահմանված, որը սակայն ՀՀ հարկային օրենսգրքում չի ներառվել:

Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքում՝ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումը իրականացնել 1-ին կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար՝ մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան.

Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական փոփոխությունների կիրառման դեպքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտայի մասի պլանավորման եւ կատարման մակարդակը, ինչպես նաեւ կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:

Մասնավորապես, փոփոխություններ կատարելով օրենսդրական դաշտում՝ կբարելավվի հանրային միջոցների հավաքագրման եւ նպատակային օգտագործման արդյունավետությունը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետա՟կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
  
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն