Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-558-30.06.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի այդ գումարի եւ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի հանրագումարի 50 տոկոսից, իսկ «բ» գործոնով համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` 30 տոկոսից:».

2) 2-րդ մասի «հաշվարկվող տարվան» բառերից հետո լրացնել «(սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի եւ դրանից հետո՝ պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման

1)  Անհրաժեշտություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այսուհետ` դոտացիաների) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ:

2)  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ

«սույն օրենքի «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվան (սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները) նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի քսանհինգ տոկոսից, իսկ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տասը տոկոսից:»:

Ինչպես երեւում է, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ նույն օրենքի 6-րդ  հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի (այսուհետ` 1-ին հայտանիշով բաշխվող գումար) նվազագույն չափի հաշվարկներում կիրառվում է հաշվարկվող տարվան (այսինքն այն տարվան, որի համար հաշվարկվում են դոտացիաները) նախորդող երկրորդ բյուջետային տարվա եկամտահարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարը: Նույնը կարելի է նշել նաեւ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի (այսուհետ` 2-րդ հայտանիշով բաշխվող գումար) նվազագույն չափի հաշվարկման մասին: Սակայն 2015 թվականի եւ դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկման համար ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ հայտանիշներով բաշխվող ընդհանուր գումարների նվազագույն չափերը որոշել հնարավոր չէ, քանի որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն այդ օրենքն ուժի մեջ մտնելու պահից (2013 թվականի հունվարի 1-ից) ուժը կորցրած է ճանաչվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքը: Ուստի, դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն օրենքին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է վերացնել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթում առաջացած անհամապատասխանությունը «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքին:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Նախագիծը չի նախատեսում ֆինանսական համահարթեցման բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության փոփոխություններ:

4) Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է` 2015 թվականի եւ դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների գումարների հաշվարկներում 1-ին եւ 2-րդ հայտանիշներով բաշխվող ընդհանուր գումարների նվազագույն չափերը որոշելու համար «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով ամրագրել այնպիսի մի մոտեցում, որի վրա հարկային օրենքներում փոփոխություններն այսուհետ կունենան չեզոք ազդեցություն: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է վերը նշված հայտանիշներով բաշխվող գումարների նվազագույն չափերի հաշվարկներում հողի հարկի, գույքահարկի եւ եկամտահարկի փաստացի մուտքերի ցուցանիշների կիրարկումից անցում կատարել յուրաքանչյուր հայտանիշով բաշխվող ընդհանուր գումարի նվազագույն չափի սահմանմանը որպես որոշակի տոկոսային մաս վերը նշված հայտանիշներով բաշխվող ընդհանուր գումարների հանրագումարում: Այսպես, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 1-ին հայտանիշով համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի տեսակարար կշիռը չի կարող պակաս լինել 1-ին եւ 2-րդ հայտանիշերով բաշխվող գումարների հանրագումարի 50 տոկոսից, իսկ 2-րդ հայտանիշով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի տեսակարար կշիռը` 30 տոկոսից: Նշված տոկոսային չափերը մոտ են պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով 2010-2014 թվականների համար 1-ին եւ 2-րդ հայտանիշերի գծով հաստատված գումարների հանրագումարում յուրաքանչյուր հայտանիշի գումարի տեսակարար կշիռների շարքի նվազագույն մեծության չափին (համապատասխանաբար 2010թ.` 50.4% եւ 49.6%, 2011թ.` 58.2% եւ 41.8%, 2012թ.` 69.2% եւ 30.8%, 2013թ.` 67.3% եւ 32.7%, 2014թ.` 69.3% եւ 30.7%):

5) Ակնկալվող արդյունքը

2015 թվականի եւ դրան հաջորդող տարիների դոտացիաների գումարների հաշվարկման գործընթացն իրականացնելու համար ճշգրտված իրավական դաշտի առկայություն:

6) Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

7) Նախագծերի փաթեթի նախագծմանը եւ քննարկմանը հասարակության մասնակցության մասին տեղեկանքը

Նախագիծը 2014 թվականի ապրիլի 16-ին տեղադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում` www.minfin.am, նույն կայքում հրապարակված էր նաեւ հանրային քննարկումների հրավերը: Նախագծի քննարկումները բաց էին բոլոր շահագրգիռ անձանց համար: Նախագծի կապակցությամբ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ստացվել: