Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-410-17.10.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 65-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«65) կոնսիլիում` նույն կամ տարբեր մասնագիտությամբ բժիշկների խորհրդակցություն, որն իրականացվում է պացիենտի առողջական վիճակը գնահատելու, ախտորոշումը հաստատելու եւ բժշկական օգնության եւ սպասարկման մարտավարությունը որոշելու նպատակով: Բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում լրացնել 8-րդ եւ 9-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.

«8. Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայությունններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը:

9. Նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում լրացնել 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների արձանագրմանը ներկայացվող նվազագույն պահանջները հաստատում է լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել 1.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Լիազոր մարմինը հաստատում է ծննդի, պերինատալ մահվան եւ մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում.

1) լրացնել 13.1-ին ենթակետ` հետեւյալ բովանդակությամբ.

«13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային եւ մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով եւ ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի համաձայն` անհրաժեշտություն է առաջացել գույքագրելու Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական իրավական ակտերը եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող համապատասխան փոփոխություններ:

Այսպես` ներկայումս գործում են Կառավարության 30.03.2006 թվականի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության եւ նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 420-Ն եւ 25.12.2014 թվականի «Պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները եւ նեղ մասնագետների եւ դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը սահմանելու մասին» թիվ 1529-Ն որոշումները, ինչպես նաեւ Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանը, որոնք ընդունվել են լիազորող նորմերի բացակայությամբ, կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում:

Հաշվի առնելով, որ, մասնավորապես, Կառավարության վկայակոչված որոշումներով կարգավորվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկին փոխելու հետ կապված հարաբերությունները եւ հաստատված են ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի մոտ գրանցվող բնակչության թույլատրելի թվաքանակները, ինչպես նաեւ պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների եւ դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը, որոնք հիմք են հանդիսանում արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների պետական պատվերի պայմանագրային ծավալների հաշվարկման համար, ապահովելով ԱԱՊ ծառայության հիմնական` ըստ մարդաշնչի ֆինանսավորման սկզբունքը (ԱԱՊ բժշկի մոտ գրանցված բնակիչների թվաքանակի համաձայն), ինչպես նաեւ նեղ մասնագետների եւ դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի հիման վրա վերջիններիս վարձատրման նվազագույն նորմատիվները` անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական համապատասխան փոփոխություն:

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանին, ապա անհրաժեշտ է նշել, որ դրանով հաստատված են պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությանը նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների չափորոշիչը, նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների տրամադրման ցանկը: Միաժամանակ, Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը եւ մատուցման կարգը, իսկ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը, իսկ տեսակների շրջանակներում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը: Բացի այդ, նույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը հաստատում է Կառավարությունը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ այն վիճակների եւ հիվանդությունների ցանկերը, որոնց առկայության դեպքում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով, սահմանում է լիազոր մարմինը:

Այսինքն, ըստ Սահմանադրության եւ Օրենքի վկայակոչված հոդվածների վերլուծությունից բխում է, որ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու լիազորություն վերապահված չէ լիազոր մարմնին:

Ներկայումս գործում է նաեւ Առողջապահության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 767 հրամանը, որով հաստատված է մայրական մահացության դեպքերի կապակցությամբ տեղեկատվության հաղորդման եւ մասնագիտական վերլուծություն անցկացնելու կարգը: Նշված հրամանը նույնպես ընդունված է առանց համապատասխան լիազորող նորմի, մինչդեռ, հաշվի առնելով, որ դրա հիման վրա լիազոր մարմնին տրամադրվող տեղեկատվությունը էական նշանակություն ունի տվյալ ոլորտում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման որակը բարելավելու տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող տեղեկատվության համար ապահովել համապատասախն իրավական հիմքը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել որոշ հասկացություններով, 3-րդ հոդվածը` նոր 8-րդ եւ 9-րդ մասերով, որոնցով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայությունններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատելու լիազորությունը կվերապահվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Լիազոր մարմնին կվերապահվի նաեւ նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու, ինչպես նաեւ մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգը եւ ժամկետները սահմանելու լիազորությունները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան մահացության դեպքերի վիճակագրության վարման եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով տեղեկատվություն տրամադրելու կարգի եւ ժամկետների սահմանում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն