Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5508-18.06.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների ապահովման նպատակով սոցիալական վճարներ կատարող անձանց համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ սեփականության անձեռնմխելիության ամրագրումն է, կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանումը, դրանց պաշտպանության անընդհատության ապահովման սահմանումը Օրենքով նախատեսված արտակարգ դրության հայտատարման դեպքերում:

Հոդված 1. Կուտակային հատկացումների անձեռնմխելիությունը

1. Մասնակցի օգտին (համար) կատարված կուտակային հատկացումները կարող են օգտագործվել բացառապես կենսաթոշակային համակարգից բխող նպատակներով:

2. Ոչ ոքի չի կարելի զրկել իր օգտին (համար) վճարված կուտակային հատկացումներից (դրանց հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերից) եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումարի նկատմամբ սեփականության իրավունքից: Սույն դրույթից բացառություններ նախատեսվել չեն կարող: Կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների օգտին (համար) կատարված կուտակային հատկացումները եւ դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումարը չի կարող ազգայնացվել, օտարվել կամ որեւէ այլ կերպ օգտագործվել հասարակության կամ պետության կարիքների համար:

Հոդված 2. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակցի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անընդհատությունը

1. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորվում է:

2.Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել մասնակիցների՝ Օրենքից բխող իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անընդհատության երաշխիքներ նաեւ անհաղթահարելի ուժի (ֆորս մաժորի) հետեւանքով առաջացած պատահարների, արտակարգ իրավիճակների եւ այլ պայմաններում արտակարգ դրություն հայտարարելու դեպքերում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված դեպքերի վրա հասնելու հավանականությունը, պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ կարող է հաստատել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ եւ երաշխիքներ:

Հոդված 3. Մասնակցի՝ իր իրավունքների, օրինական շահերի եւ պարտականությունների վերաբերյալ վարչական մարմիններից տեղեկատվություն ստանալու իրավունքը

1. Վարչական մարմինը պարտավոր է մասնակցին տեղեկացնել իր իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, տրամադրել իրավունքների եւ պարտականությունների իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, պատասխանել մասնակցի հարցերին:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունը տրամադրելիս վարչական մարմնի ներկայացուցիչը առաջնորդվում է ողջամտության կանխավարկածով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկատվությունը վարչական մարմնի ներկայացուցիչը տրամադրում է պարզ, մատչելի հայերենով:

4. Մասնակցի խնդրանքով վարչական մարմնի ներկայացուցիչը անհրաժեշտության դեպքում ապահովում է սույն հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը օտար լեզվով:

Հոդված 4. Մասնակցի՝ իր իրավունքների, օրինական շահերի եւ պարտականությունների վերաբերյալ իրազեկվածությունը

1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող վարչական մարմինները պարտավոր են իրենց գործունեության ողջ ընթացքում ապահովել մասնակցի՝ իր իրավունքների, օրինական շահերի եւ պարտականությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող վարչական մարմինները պարտավոր են իրենց պաշտոնական ինտերնետային էջում ունենալ համապատասխան ենթաէջ՝ մասնակցի իրավունքների, օրինական շահերի եւ պարտականությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությամբ:

Հոդված 5. Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու մասնակցի իրավունքը

1. Մասնակիցը սույն օրենքով եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորված իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ իրականացման եւ պաշտպանության համար կարող է պահանջ ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքներից բխող վեճերը, անկախ վարչական կամ դատական կարգով բողոքարկվելուց, կարող են ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարի քննմանը եւ լուծմանը:

Հոդված 6. Պետական տուրքի գծով արտոնություններ

1. Սույն օրենքից, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող վեճերի առաջացման դեպքում մասնակիցները «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարաններում ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից:

Հոդված 7. Մասնակցի իրավական վիճակը վատթարացնող օրենքի ուժի մեջ մտնելը

1. Մասնակիցների իրավունքները եւ օրինական շահերը սահմանափակող կամ նրանց իրավական վիճակը այլ կերպ վատթարացնող դրույթներ կարող են սահմանվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով:

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համեմատությամբ մասնակցի իրավական վիճակը վատթարացնող, նրա համար ավելի խիստ իրավական ռեժիմ սահմանող օրենքը կարող է օրինական ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակման պահից ոչ շուտ քան 2 տարի հետո:

Հոդված 8. Երաշխիքներ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի դադարման դեպքում

1. Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցները ազատվում են սոցիալական վճարներ կատարելու եւ դրա հետ կապված ցանկացած այլ պարտավորությունից, եթե Հայաստանի Հանրապետությունում դադարում է գործել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը կամ անցում է կատարվում ցանկացած այլ կենսաթոշակային համակարգի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերադարձելիության ապահովման համար: Այս դեպքում, մասնակիցը կարող է տնօրինել իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը, այդ թվում նաեւ իրականացնել հաշվում առկա փայերի մարում:

Հոդված 9. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, պահառուի, հաշվի օպերատորի, մասնակիցների ռեեստրը վարողի ֆիդուցիար պարտականությունը

1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, հաշվի օպերատորը, մասնակիցների ռեեստրը վարողն եւ վերջիններիս աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով մասնակիցների շահերից, իրենց իրավունքներն իրականացնել եւ ֆոնդի մասնակիցների նկատմամբ իրենց պարտականությունները կատարել բարեխիղճ ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն):

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց ֆիդուցիար պարտականությունների խախտման դեպքերը եւ բնույթը որակելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 10. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: