Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5442-18.06.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 3-րդ մասը «հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման» բառերից հետո լրացնել «, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների ժամկետը չի կարող գերազանցել մեկ աշխատանքային օրը:»,

2) 3.1-ին մասի 5-րդ կետը «ուղղված ստուգումներ» բառերից հետո լրացնել «,  առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ սույն օրենքի N5 հավելվածով սահմանված կարգով ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումներ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգման արդյունքների ամփոփման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի N5 հավելվածով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը «30 օրացուցային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի N5 հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմնի կողմից քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 5. Օրենքը լրացնել N5 հավելվածով` համաձայն հավելվածի:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:


«Հավելված 5

«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
եւ անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների իրականացման կարգը:

2. Ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման ստուգումը սույն հավելվածին համապատասխան իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման համապատասխանությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումը սույն հավելվածին համապատասխան իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի կողմից իրեն ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռքբերված համապատասխան ապրանքների առկայությունը:

4. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան ստուգումներն իրականացվում են սույն օրենքին համապատասխան հրապարակած հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ստուգման հիմքերը, նպատակը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստուգում իրականացնելու վայրը, ժամկետները եւ ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը):

5. Հանձնարարագրի երկու օրինակը ստուգումը փաստացի սկսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց:

6. Հարկային մարմնի պաշտոնատար անձինք ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման ստուգումը սկսելու օրը տնտեսավարող սուբյեկտի մոտ ընտրում են վաճառքի վայրում առկա մինչեւ 30 անուն ապրանքատեսակ, որոնց մասով պետք է իրականացվի ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման ստուգում: Ընտրված ապրանքատեսակների ցանկի վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից կազմվում է արձանագրություն, որը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն իրականացնել արձանագրությունում չնշված ապրանքատեսակների մասով ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման ստուգում:

7. Ստուգման ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք պահանջում են ընտրված ապրանքատեսակների համար ներկայացնել դրանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերը եւ տեղեկություններ վաճառքի վայրում առկա` դրանց մնացորդների վերաբերյալ:

8. Տնտեսավարող սուբյեկտի մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման` օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները համարվում են խախտված, եթե՝

1) բացակայում է ընտրված ապրանքատեսակներից որեւէ մեկի ձեռքբերման փաստաթուղթը,

2)   հարկ վճարողի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին կամ խախտված են այդ փաստաթղթերի համար սահմանված վավերապայմանները,

3) եթե տվյալ ապրանքատեսակի առկա քանակային մնացորդը գերազանցում է փաստաթղթավորման պահանջին բավարարող ձեռքբերման փաստաթղթերով ձեռքբերված քանակներին (հաշվի առնելով նաեւ նախկինում սույն կարգին համապատասխան իրականացված ստուգման ժամանակ արձանագրված տվյալները),

4) եթե ներկայացվում է տվյալ ապրանքատեսակի արտադրության ժամկետին նախորդող, բայց նույն ապրանքատեսակին վերաբերող ձեռքբերման փաստաթուղթ (այն ապրանքատեսակների համար, որոնց տարայի վրա նշված է արտադրության ժամկետ),

5) հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով ստուգման նպատակներին առնչվող տեղեկատվությունը կամ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելը հիմք է հանդիսանում արձանագրելու, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները խախտված են:

Սույն կետի կիրառման իմաստով, ապրանքի ձեռքբերման միակողմանի գնման ակտը չի համարվում ապրանքների ձեռքբերման գործարքները հաստատող փաստաթուղթ: Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման գործարքների վրա:

9. Ստուգման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող ակտում (ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում հայտնաբերվելու դեպքում) կամ արձանագրությունում (ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում չհայտնաբերվելու դեպքում), որը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման արդյունքներով կազմվող ակտի կամ արձանագրության ձեւը սահմանվում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Ակտում կամ արձանագրությունում նշվում են`

1) համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

2) ստուգում նշանակելու մասին հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

5) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը, ժամկետը եւ ժամանակահատվածը.

6) ստուգման շրջանակներում ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի կատարված լինելու կամ պահանջի խախտված լինելու մասին գրառում` նշելով այն ապրանքատեսակների տվյալները, որոնց մասով խախտված են եղել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջները, խախտումների նկարագրությունը, խախտում պարունակող փաստաթղթերի վավերապայմանները այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

7) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները,

8) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկը, եթե հայտնաբերվել է ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում:

10. Շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումն իրականացվում է հայտարարագիրը ստանալու կամ տվյալները մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ ստուգվում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռքբերված համապատասխան ապրանքատեսակների առկայությունը վաճառքի վայրում, որի արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում: Արձանագրությունը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման արդյունքներով կազմվող արձանագրության ձեւը սահմանվում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրությունում նշվում են`

1) համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

2) ստուգում նշանակելու մասին հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

5) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը, ժամկետը եւ ժամանակահատվածը.

6) «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռքբերված համապատասխան ապրանքների առկայության կամ բացակայության մասին գրառումը,

7) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

Սույն կետով նախատեսված ստուգման ընթացքում կարող է ստուգվել բացառապես «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռք բերված համապատասխան ապրանքատեսակների առկայությունը:

11. Սույն կարգով իրականացված ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

12. Ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված ակտի կամ արձանագրության օրինակները ստուգումը փաստացի սկսելու օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իր կողմից ստորագրված ակտի կամ արձանագրության մեկ օրինակը հանձնում է ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ ակտի կամ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում ակտում կամ արձանագրությունում` ակտին կամ արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ ակտը կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Ակտի կամ արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում ակտում կամ արձանագրությունում եւ այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:

13. Ստուգման արդյունքներով կազմված ակտերը եւ (կամ) արձանագրությունները ժամանակագրական կարգով հաշվառվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում, որի տվյալները հաշվի են առնվում նույն ապրանքատեսակի մասով տնտեսավարող սուբյեկտի մոտ սույն կարգին համապատասխան հաջորդ ստուգման ժամանակ:

14. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը կամ արձանագրությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող են սահմանված կարգով բողոքարկվել: Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը վերադաս հարկային մարմին մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հիմնավորում

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների եւ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. 2013 թվականի հունվարի 1-ից ներդրվել է շրջանառության հարկի համակարգը, որի շրջանակներում հարկային պարտավորությունները հաշվարկվում են իրացման շրջանառությունների հիման վրա` գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված դրույքաչափերով` առանց հաշվի առնելու ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծախսերը: Խնդիրը կայանում է նրանում, որ շրջանառության հարկ վճարողների կողմից կատարվող ձեռքբերումները չփաստաթղթավորելու մոտեցումը նկատելիորեն նպաստում է ստվերային շրջանառությունների ձեւավորմանը եւ սահմանափակում է շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկման հնարավորությունները:

Բացի այդ, գործող հարկային օրենսդրությամբ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության համար հարկման առաձնահատուկ մոտեցումներ նախատեսված չեն, ինչը չի սահմանափակում է այս խմբի տնտեսավարող սուբյեկտների ձեւավորման ու զարգացման գործընթացին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս եւ զուգահեռաբար սահմանել կատարվող ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջ,

2) ներդնել եւ 2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցները,

3) սահմանել, որ պատասխանատվության միջոցները չեն կիրառվում, եթե տնտեսավարող սուբյեկտները հարկային մարմնին հայտնել են մատակարարների կողմից մատակարարված ապրանքների դիմաց հաշվարկային փաստաթղթեր չտրամադրելու փաստի մասին եւ վերջինս հաստատվել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման արդյունքներով (կամ հարկային մարմինը 1 օրվա ընթացքում տեղեկություն տրամադրող հարկ վճարողի մոտ ստուգում չի իրականացրել),

4) ներդնել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ փաստաթղթավորման պահանջի ստուգման նպատակով հարկային մարմնի կողմից ստուգումների իրականացման եւ ստուգումների արդյունքների բողոքարկման պարզեցված ընթացակարգեր ու կարճ ժամկետներ,

5) առավել պարզեցնել շրջանառության հարկ եւ ԱԱՀ վճարող համարվելու ընթացակարգերը,

6) ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մասով ներդնել հարկման արտոնյալ համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ամբողջությամբ ազատել պետական հարկերից, բացառությամբ վարձու աշխատողների եկամտային հարկի, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար առաջարկվում է սահմանել ամսական 5 հազ. դրամի չափով: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող  է համարվել ընտանիքի անդամների «ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր» կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որից իրացումից հասույթը նախորդ տարվա կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 միլիոն դրամը,

7) սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից չեն կարող օգտվել «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված գործունեության տեսակներով, առք ու վաճառքով զբաղվող հարկ վճարողները` գործունեության նշյալ տեսակների մասով, ինչպես նաեւ որոշակի փոխկապակցվածություն ունեցող կամ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողները` ընդհանրապես:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար բարենպաստ հարկային միջավայրի ստեղծմանը եւ խոշոր տնտեսավարող սուբյեկտների` հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

5. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

1) նպաստել տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորմանը եւ դրանով իսկ` ապահովել խոշոր տնտեսավարող սուբյեկտների լիարժեք հարկում,

2) ներդնել ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ եւ նպաստել այս խմբի տնտեսավարող սուբյեկտների ձեւավորմանն ու զարգացմանը: