Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-541-11.06.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.  «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը «ժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է` հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու եւ վճարելու ժամանակ (նշված օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվել է 19.06.2013թ. հ. ՀՕ-92-Ն օրենքով), իսկ 5-րդ կետի համաձայն` նաեւ  պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Նախ, համայնքներին տեղեկատվական բազաները տրամադրվել են պետական լիազորված մարմինների կողմից, որոնցում բացակայում են ֆիզիկական անձանց վերաբերյալ անձնագրային եւ սոցիալական քարտերի տվյալներ:

Օրենքի լրացման արդյունքում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ վճարելու հարցում բարդություններ եւ դժվարություններ են ստեղծվել քաղաքացիների համար, որոշ դեպքերում նաեւ վճարման անհնարինություն, որի հետեւանքով լրջագույն խնդիր է առաջացել համայնքներում բյուջեների մուտքերն ապահովելու համար:

Այսպես.

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի.

4-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է` ապա այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը:

Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ նույն ավտոտրանսպորտային միջոցը մի քանի անգամ վերավաճառվել է լիազորագրի հիման վրա եւ գործարքների արդյունքները չեն հաշվառվել պետական լիազորված մարմնում, որի հետեւանքով սեփականությունը հաշվառվել է սկզբնական սեփականատիրոջ անունով:

Օրենքի պարտադրում է բանկերին ավտոկայանատեղի տեղական տուրք վճարողից պահանջել այլ փաստաթղթերի հետ մեկտեղ հանրային ծառայությունների համարանիշ` վճարումն ընդունելու համար, ինչը, վերը նշված դեպքում, պրակտիկորեն անհնարին է դարձնում Օրենքի պահանջի կատարումն ավտոտրանսպորտային միջոցի վերջին սեփականատիրոջ կողմից: Արդյունքում` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ տիրապետողի կողմից անհնարին է դառնում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջի կատարումը, որի հետեւանքով` տուժում են համայնքների գույքային շահերը:

Նույնը վերաբերվում է նաեւ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման դեպքերին:

12-րդ հոդվածի համաձայն` ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից:

9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`ավտոկայանատեղի տուրքի վճարման ձեւերը սահմանում է համայնքի ավագանին:

Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012թ. հ. 563-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն`վճարողներն ավտոկայանատեղի տուրքը վճարում են անկանխիկ ձեւով Երեւանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետեւյալ եղանակներով.

1) բանկային եւ (կամ) վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով,

2) էլեկտրոնային եղանակով,

3) «sms» վճարմամբ:

Երեւանում լայն տարածում է ստացել բջջային կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի տուրքի վճարումը եւ ավագանու որոշմամբ, ի տարբերություն Հայաստանում այլ տուրքերի վճարման եղանակների, նախատեսված է նաեւ լրացուցիչ հնարավորություն տեղական տուրքը վճարելու համար, ինչը շատ հարմարավետ եւ արդյունավետ գործիք է:

Օրենքը չի կարգավորում բջջային կարճ հաղորդագրության միջոցով տուրքի վճարման հետ կապված հարաբերություններ:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աղբահանության վճար վճարողներ են համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի, այդ թվում` բնակելի շինության սեփականատեր համարվող կամ որեւէ այլ իրավունքով այդ գույքը տիրապետող կամ օգտագործող ֆիզիկական անձինք (ներառյալ` անհատ ձեռնարկատերը եւ արտոնագրային վճար վճարողը), իրավաբանական անձինք, հիմնարկները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ պետական կամ համայնքային սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հիմքով քաղաքացու կամ իրավաբանական անձի կողմից տիրապետման դեպքում` վարձակալը, անհատույց օգտագործողը:

Եթե միեւնույն գույքի նկատմամբ նշված օրենքի իմաստով աղբահանության վճար վճարող են համարվում մեկից ավելի անձինք, ապա աղբահանության վճարի գծով նշված օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են համապարտ պատասխանատվություն:

Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ, օրինակ` հասարակական նշանակության շինության սեփականատերը ամիսներ շարունակ վճարում է աղբահանության վճար եւ հաշվառման բազայում գրանցված է նրա անհատական տվյալները եւ հետագայում վերջինս իր սեփականությունը հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության մի քանի սուբյեկտների, ապա նշված սուբյեկտներն առաջ են կանգնում մի խնդրի` աղբահանության վճարի վճարում սեփականատիրոջ հանրային ծառայությունների համարանիշով, որը պետք է ներկայացնեն վճարում կատարելու ժամանակ, քանի որ անհատական տվյալների բազայում հաշվառված է սեփականատիրոջ հանրային ծառայությունների համարանիշը: Եթե, պայմանականորեն, սեփականատերը բացակայում է տվյալ համայնքից կամ գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա խնդիրներ կծագեն ոչ միայն աղբահանության վճար վճարողի համար, այլ նաեւ տվյալ համայքի համար` բյուջե չմուտքագրվող տեղական վճարի առումով:

Բացի այդ, նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, ինչպես նաեւ այդ վճարի գանձումը (մուտքագրումը) համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ համայնքի ղեկավարի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել օպերատորին կամ այլ կազմակերպությանը (կազմակերպություններին):

Երեւան քաղաքի ավագանու 19.03.2013թ. հ. 622-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները .... վերապահվել է Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:

Խնդիրներ են առաջանում նաեւ փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի սեփականատիրոջ մահվան դեպքում համապատասխանաբար ավտոկայանատեղի տեղական տուրքի կամ աղբահանության վճարման ժամանակ:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի`

1. Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի:

 2. Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաեւ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:

1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգի կողմից վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման դեպքում առաջանում է տուրքի վճարման պարտավորություն:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա/ ենթակետի համաձայն` աղբահանության վճարը սահմանվում է` կենցաղային աղբի համար` ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար:

Նշված օրենքի հիման վրա Երեւան քաղաքի ավագանու ընդունած որոշումներով` աղբահանության վճարի չափը սահմանվել է բնակվող յուրաքանչյուր բնակչի համար:

Եթե բնակարանի միակ սեփականատիրոջ մահվան դեպքում /որը միայնակ է բնակվել բնակարանում եւ աղբահանության վճարը վճարել է մեկ անձի դիմաց/ բնակարանը սկսում է տիրապետել ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգը կամ ժառանգները, որոնք առաջացնում են կենցաղային աղբ, ապա վերջիններս պարտավոր են վճարել աղբահանության վճար, ինչն անհնարին է մահացածի հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա:

Վերը նշված օրինակները սպառիչ չեն:

Այսպիսով, Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները լրջագույն խնդիրներ են առաջացրել ինչպես քաղաքացիների համար` տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար, այնպես էլ համայնքների բյուջեների մուտքերի ապահովման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ դրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է վերացնել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման արդյունքում քաղաքացիների կողմից տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ կատարելու համար ստեղծված խոչընդոտները (անհնարինությունը), ինչպես նաեւ ապահովել համայնքների բյուջեների մուտքերը: