Armenian ARMSCII Armenian
Պ-377-23.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում՝ «այդ կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «մասնաճյուղերում կամ» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով:

Նշված նորմի տառացի մեկնաբանման արդյունքում պարզ է դառնում, որ օտարերկրացիները կարող են աշխատել առանց թույլտվության միայն օտարերկրյա իրավաբանական անձի ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Մինչդեռ, օտարերկրյա իրավաբանական անձի ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղում աշխատելու համար նման արտոնություն նախատեսված չէ:

Հետեւաբար, Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի տառացի մեկնաբանման արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղի եւ ներկայացուցչության նկատմամբ՝ վերջինիս համար սահմանելով ավելի բարենպաստ պայմաններ իրավաբանական անձի աշխատակիցներին ՀՀ-ում աշխատանքի ներգրավելու հարցում:

Այս առումով անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին խտրական վերաբերմունքի արգելքի վերաբերյալ:

Մասնավորապես՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը հայտնել է հետեւյալ իրավական դիրքորոշումները.

1) պետության պոզիտիվ սահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավասար հնարավորություն կտան իրացնելու, իսկ խախտման դեպքում՝ պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում կխախտվեն ոչ միայն հավասարության, խտրականության արգելման, այլ նաեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքները (ՍԴՈ-731),

2) Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881),

3) խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224):

Համադրելով նշված դիրքորոշումը տվյալ դեպքի հետ, կարելի է փաստել այն, որ օտարերկրյա իրավաբանական անձի ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղի եւ ներկայացուցչության միջեւ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, մասնավորապես՝ մասնաճյուղը, ի տարբերություն ներկայացուցչության, զրկվում է առանց թույլտվություն ստանալու օտարերկրյա իրավաբանական անձի աշխատակիցներին ՀՀ-ում աշխատանքի ընդունելու իրավունքից: Ավելին, նման խտրական եւ տարբերակված մոտեցումը զուրկ է որեւէ օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից, քանի որ մասնաճյուղի եւ ներկայացուցչության իրավական կարգավիճակը գրեթե նույնական է:

Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

1. Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը:

2. Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

Նշվածից հետեւում է, որ ներկայացուցչությունը եւ մասնաճյուղը հանդիսանում են իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ, սակայն մասնաճյուղը իրականացնում է ավելի լայն գործառույթներ քան ներկայացուցչությունը: Ակնհայտ է, որ ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղի համար, իրականացնելով օտարերկրյա իրավաբանական անձի բուն գործառույթները, առավել կարեւոր է ներգրավել վերջինիս աշխատակիցներին, հաշվի առնելով այն, որ նրանք կոնկրետ գործունեության ոլորտում արդեն իսկ մասնագիտացված եւ հմտացած են եւ կարող են նպաստել մասնաճյուղի բնականոն գործունեությանը:

Ավելին, Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի արտոնությունը նախատեսվել է հաշվի առնելով օտարերկրյա իրավաբանական անձի եւ ՀՀ-ում բացված առանձնացված ստորաբաժանման սերտ կապը: Գտնում ենք, որ Օրենսդրի նպատակն է եղել հնարավորություն տալ օտարերկրյա իրավաբանական անձանց անխոչընդոտ օգտագործել իրենց աշխատակիցների ներուժը ՀՀ-ում տեղակայված առանձնացված ստորաբաժամումներում, այլ ոչ թե միայն ներկայացուցչությունում: Իսկ նման արտոնությունը միայն ներկայացուցչությանը տրամադրելը չէր ունենա որեւէ ողջամիտ հիմնավորվածություն: Ուստի Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի «Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում» ձեւակերպումը խնդրահարույց է, չի համապատասխանում Օրենսդրի իրական նպատակին, ինչպես նաեւ համահունչ չէ խտրականության արգելման սկզբունքի հետ:

Օրենքի նման կարգավորումը անհարկի բարդություններ է առաջացնում օտարերկրյա իրավաբանական անձանց համար ՀՀ-ում ստեղծված մասնաճյուղերի միջոցով գուրծունեություն իրականացնելու համար, ինչն իր հերթին խոչընդոտ է հանդիսանում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ներգրավվման եւ արդեն իսկ գոյություն ունեցողների խթանման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետում կատարել լրացում, այն է՝ վերոնշված կետի «այդ կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «մասնաճյուղերում կամ» բառերը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ



Մեծարգո՛ պարոն Սիմոնյան,


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) օրենքի նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պապոյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021)