Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-029-11.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է բնական մենաշնորհի ոլորտներում պետական քաղաքականության իրավական հիմքերը եւ կարգավորում այդ ոլորտներում սակագների հաշվարկման եւ սահմանման հետ կապված հարաբերությունները։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի գործողության ոլորտը եւ բնական մենաշնորհների մասին oրենսդրությունը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկաներում բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ աշխատանքների կատարման հետ կապված հարաբերությունների եւ այդ հարաբերությունների սուբյեկտների գործունեության վրա։

2. Բնական մենաշնորհի ոլորտներում ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
 

ա) բնական մենաշնորհ՝ ապրանքային շուկայի վիճակ, որի դեպքում պահանջարկի բավարարումը՝ պայմանավորված արտադրության մասշտաբի էֆեկտով, արդյունավետ է մրցակցության բացակայության պայմաններում, իսկ մատակարարվող ապրանքները (ծառայությունները, աշխատանքները) փոխադարձ փոխարինելի չեն,

բ) արտադրության մասշտաբի էֆեկտ ՝ երեւույթ, որի արդյունքում միավոր արտադրանքի վրա կատարվող ծախսերը նվազում են արտադրության ծավալների աճի դեպքում,

գ) բնական մենաշնորհի սուբյեկտներ՝ բնական մենաշնորհի ոլորտներում ապրանքների մատակարարմամբ, ծառայությունների մատուցմամբ եւ (կամ) աշխատանքների կատարմամբ զբաղվող իրավաբանական անձինք։

2. «Մրցակցություն», «փոխադարձ փոխարինելի ապրանքներ», «ապրանքային շուկա» եւ «ապրանք» հասկացություններն օգտագործվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ով սահմանված իմաստներով։

ՀՈԴՎԱԾ 4. Բնական մենաշնորհի ոլորտները

Հայաստանի Հանրապետության տարածքում բնական մենաշնորհի ոլորտներն են՝

ա) խողովակաշարերով նավթի, նավթամթերքների, գազի փոխադրումը եւ մատակարարումը,

բ) էլեկտրական եւ ջերմային էներգիայի հաղորդումը (փոխադրումը), բաշխումը եւ ներկրումը,

գ) ոռոգման եւ խմելու ջրի փոխադրումը եւ մատակարարումը,

դ) երկաթուղային փոխադրումները,

ե) հեռահաղորդակցության եւ փոստային ծառայությունները։
 

ԳԼՈՒԽ 2.

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

ՀՈԴՎԱԾ 5. Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը կարգավորող հանձնաժողովը

1. Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհի ոլորտների կարգավորման պետական հանձնաժողովն է (այսուհետ՝ Հանձնաժողով)։

2. Հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է սույն օրենքի, այլ իրավական ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա։

3. Սույն օրենքով սահմանված լիազորությունները եւ գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից։

ՀՈԴՎԱԾ 6. Հանձնաժողովի իրավասությունները

Բնական մենաշնորհի ոլորտներում Հանձնաժողովը՝

ա) սահմանում է ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման (այդ թվում՝ հաղորդման, փոխադրման, բաշխման, ներկրման), ինչպես նաեւ բնական մենաշնորհի ոլորտների օպերատորների կողմից եւ դրանց մատուցվող ծառայությունների սակագները,

բ) օրենքով սահմանված կարգով տալիս է լիցենզիաներ, վերահսկում է դրանց պայմանների պահպանումը եւ կիրառում տուժանքներ,

գ) սահմանում է ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման, ինչպես նաեւ սպառողների կողմից պարտադիր պահպանման ենթակա կանոնները,

դ) սահմանում է լիցենզավորված անձանց միջեւ կնքվող ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձեւերը, իր կողմից սահմանված կարգով գրանցում է լիցենզավորված անձանց միջեւ կնքված, ինչպես նաեւ ներկրման եւ արտահանման պայմանագրերը,

ե) սահմանում է լիցենզավորված անձանց եւ սպառողների միջեւ կնքվող պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձեւերը եւ ապահովում դրանց ներդրումը,

զ) կազմակերպում է քննարկումներ լիցենզավորված անձանց միջեւ առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների եւ բողոքների, այդ թվում՝ սպառողներին ներկայացված վճարման հաշիվների վիճարկման վերաբերյալ, քննարկումների արդյունքով կայացնում է որոշումներ եւ (կամ) տալիս է պարզաբանումներ,

է) լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման եւ ներկայացված ֆինանսատնտեսական հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց տեղեկանքների եւ ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր,

ը) իր կողմից սահմանված կարգով լիցենզավորված եւ լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջում է բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, սակագների սահմանման, տարաձայնությունների եւ այլ հարցերի քննարկման համար,

թ) սահմանում է սպառողների սպասարկման որակի վերաբերյալ ընկերություններին ներկայացվող պահանջները,

ժ) սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշիվների պլանին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ՝ կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար,

ժա) ուսումնասիրում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացված զարգացման ներդրումային ծրագրերը, ընդունում որոշումներ՝ ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման վերաբերյալ,

ժբ) ապահովում է իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը եւ մեկնաբանումը,

ժգ) մասնակցում է բնական մենաշնորհի ոլորտներում պետական քաղաքականության եւ կարգավորող իրավական ակտերի մշակմանը,

ժդ) մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը,

ժգ) համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ,

ժդ) մշակում եւ իրականացնում է օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ,

ժե) ամփոփում է սույն օրենքով սահմանված ոլորտների օրենսդրության կիրառման փորձը եւ առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ,

ժզ) ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը, հրատարակում է տեղեկագիր,

ժէ) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

ՀՈԴՎԱԾ 7. Հանձնաժողովի կազմը եւ լիազորությունների իրականացման ժամկետը

1.Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից՝ նախագահ, տեղակալ եւ հինգ անդամ։

2. Հանձնաժողովի անդամներին Հայաստանի Հանրապետության Վարչապետի ներկայացմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Հանձնաժողովի անդամները, բացառությամբ առաջին կազմի, նշանակվում են հինգ տարի ժամկետով։

3.Հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունները սահմանվում են՝

մեկ անդամը՝ մեկ տարի,

մեկ անդամը՝ երկու տարի,

երեք անդամը՝ երեք տարի,

Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ չորս տարի,

Հանձնաժողովի նախագահը՝ հինգ տարի ժամկետով։

4.Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, ստեղծագործական կամ մանկավարժական աշխատանքից։

5.Հանձնաժողովի անդամները եւ ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ բնական մենաշնորհի ոլորտներում ապրանքային շուկայի մասնակիցներից։

6. Հանձնաժողովի ներկայացուցիչները, Հանձնաժողովի իրավասություններով եւ պարտականություններով պայմանավորված, ունեն ազատ մուտքի իրավունք բնական մենաշնորհի սուբյեկտների եւ լիցենզավորված անձանց գործունեության տարածք։

7. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է ներգրավել անկախ փորձագետների, եթե վերջիններս բնական մենաշնորհի սուբյեկտների եւ լիցենզավորված անձանց հետ կապված ֆինանսական շահագրգռվածություն կամ դրանցում փայամասնակցություն չունեն։

8. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել անձինք, որոնք՝

ա) չունեն բարձրագույն կրթություն,

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն,

գ) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

դ) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարած հանցագործության համար,

ե) օրենքով սահմանված կարգով զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից։

9. Հանձնաժողովի անդամների աշխատավարձերի չափը, Հանձնաժողովի գործունեության տարեկան ծախսերի շրջանակներում, Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, սահմանում է Հանձնաժողովը։

ՀՈԴՎԱԾ 8.Հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցումը

1.Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, սույն օրենքի 7 հոդվածի 8-րդ կետի «գ», «դ» եւ «ե» ենթակետերում նշված, ինչպես նաեւ նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման, այլ աշխատանքի անցնելու դեպքերում, կամ եթե նա թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները։

2.Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը տաս օրվա ընթացքում նշանակում է նոր անդամ՝ հինգ տարի ժամկետով։

3.Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա կարող է կրկին նշանակվել Հանձնաժողովի անդամ։

ՀՈԴՎԱԾ 9. Հանձնաժողովի աշխատակազմը

1.Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հանձնաժողովը։

2. Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի չափը Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ սահմանում է Հանձնաժողովը։

ՀՈԴՎԱԾ 10. Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի իրավունքների սահմանափակումը

Հանձնաժողովի անդամները եւ աշխատակազմն իրենց պաշտոնավարության ընթացքում չեն կարող բնական մենաշնորհի սուբյեկտների մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ բաժնեմաս, արժեթղթեր կամ կատարել այլ ներդրումներ, ինչպես նաեւ որեւէ այլ նյութական շահագրգռվածություն ունենալ բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունում կամ այդ գործունեության իրականացման համար լիցենզավորված անձանց գործարքներում։

ՀՈԴՎԱԾ 11. Հանձնաժողովի նախագահը

1. Հանձնաժողովի նախագահը՝

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում,

բ) համակարգում եւ ապահովում է Հանձնաժողովի եւ նրա աշխատակազմի բնականոն աշխատանքը,

գ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին եւ քննարկվող հարցերի վերաբերյալ հայտնել գրավոր կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ,

դ) հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը,

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը,

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ նիստերի արձանագրությունները,

է) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներին, ընդունում է որոշումներ նրանց խրախուսման կամ կարգապահական տույժի ենթարկելու մասին, իրականացնում է օրենքով եւ Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի անդամներից տարիքով առավել ավագը։

ՀՈԴՎԱԾ 12. Շահերի բախումը

1. Հանձնաժողովի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է քննարկումից առաջ տեղեկացնել մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի եւ բնույթի մասին, ինչը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ։ Այդ տեղեկացումից հետո նշված անդամը՝

ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց,

բ) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով։

2. Անձը, որի հարցը քննվում է, կարող է բացարկ հայտնել Հանձնաժողովի անդամին, եթե վերջինս քննարկվող հարցի վերաբերյալ ունի անձնական շահագրգռվածություն։

ՀՈԴՎԱԾ 13.Հանձնաժողովի կանոնադրությունը

1. Հանձնաժողովի կանոնադրությունը սահմանում է Հանձնաժողովի գործունեության կարգը, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները եւ դրանց գործունեության կարգը, դրանց ղեկավարների եւ աշխատակիցների իրավասության շրջանակները, ինչպես նաեւ Հանձնաժողովի ներքին կառավարմանը վերաբերող այլ հարցեր։

2. Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատում է Հանձնաժողովը։

ՀՈԴՎԱԾ 14. Տարեկան ծրագիրը, հաշվետվությունը եւ Հանձնաժողովի հրաժարականը

1.Հանձնաժողովը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը, որը Հանձնաժողովի նախագահի կողմից մինչեւ հոկտեմբերի 1-ը ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Ծրագիրը չհաստատվելու դեպքում Հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում են հրաժարական։

2.Տարեկան ծրագիրը ներառում է՝

ա) բնական մենաշնորհի ոլորտների իրավիճակի վերլուծությունը,

բ) բնական մենաշնորհի ոլորտներում պետական քաղաքականության սկզբունքները եւ հիմնական ուղղությունները,

գ) սակագնային կարգավորման ուղղությունները եւ ռազմավարությունը,

դ) բնական մենաշնորհի սուբյեկտների ներդրումային ծրագրերի համառոտ բնութագիրը եւ դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները,

ե) այլ տեղեկություններ եւ դրույթներ, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի ծրագրի հիմնավորման եւ ներկայացման համար։

3. Հանձնաժողովը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) հաշվետու տարում բնական մենաշնորհի ոլորտներում ստեղծված իրավիճակը,

բ) հաշվետու տարվա ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման աստիճանը,

գ) բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից նախատեսված ներդրումների կատարման աստիճանը,

դ) Հանձնաժողովի կողմից կիրառված պատժամիջոցների (տուգանքների, տուժանքների, լիցենզիաներից զրկման) վիճակագրությունը,

ե) Հանձնաժողովի գործունեության ֆինանսական հաշվետվությունը,

զ) այլ տեղեկություններ եւ դրույթներ, որոնք Հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի հաշվետվության հիմնավորման եւ ներկայացման համար։

4. Հանձնաժողովի գործունեության ֆինանսական հաշվետվության հավաստիության ճշտման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը կարող է անցկացնել Հանձնաժողովի գործունեության աուդիտ։ Հանձնաժողովը պարտավոր է աջակցել աուդիտի անցկացմանը։

5. Ազգային ժողովի կողմից հաշվետվությունը չհաստատվելու դեպքում Հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում են հրաժարական, որն ընդունվում է հաջորդ օրը։

6. Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանձնաժողովի անդամների հրաժարականն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում նշանակում է Հանձնաժողովի նոր կազմ։

ՀՈԴՎԱԾ 15. Բնական մենաշնորհի սուբյեկտների, պետական եւ տեղականինքնակառավարման մարմինների պարտականությունները Հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման գործում

1.Սույն օրենքով նախատեսված գործառույթները կատարելու համար, Հանձնաժողովի պահանջով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն։

2. Բնական մենաշնորհի սուբյեկտներն իրենց առնչվող հարցի քննարկման կապակցությամբ պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ եւ տրամադրել համապատասխան փաստաթղթեր։

ՀՈԴՎԱԾ 16. Հանձնաժողովի տարեկան ծախսերը

1.Հանձնաժողովն իր տարեկան ծախսերի նախահաշիվը (հայտը) ներկայացնում է կառավարություն, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում առանձին տողով այն անփոփոխ ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը։

2.Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամներին աշխատավարձի վճարումը։

ՀՈԴՎԱԾ 17. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով։

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նրա անդամներից առնվազն հինգը։

3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնասել շահագրգիռ անձանց շահերին, կամ քննարկվում են դատական քննության վարույթում գտնվող, պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ Հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր։

4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են։

5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի պահանջով։

6. Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա եւ ժամի մասին, նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը՝ կցելով հարցին առնչվող նյութերը։

Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը եւ որոշումների ընդունմանը։

7. Հանձնաժողովն ընդունում է նորմատիվ-իրավական ակտեր, որոնցով կանոնակարգվում են Հանձնաժողովի անդամների կամ աշխատակազմի աշխատակիցների հանդիպումներն այն անձանց հետ, որոնց գործունեության լիցենզիա տալու կամ այն վերանայելու, սակագները հաստատելու վերաբերյալ հարցերը ներկայացված են Հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի անդամը, առանց նախապես զգուշացնելու եւ բոլոր կողմերին մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իրավունք չունի քննարկման ենթակա հարցի վերաբերյալ խորհրդակցել շահագրգիռ անձի կամ նրա լիազորած անձի հետ։

8. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ եւ բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաեւ ներկայացնել այլ միջնորդություններ։

9. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում (եզրակացություն) այն փաստերի շարադրմամբ, որոնք դրված են տվյալ որոշման հիմքում։ Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ։ Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է։

Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում։

10. Որոշման (եզրակացության) ընդունումից հետո 3 օրվա ընթացքում դրա պատճեն տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ կայացվել է որոշումը։

11. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր իրավական ակտերի մատչելիությունը։

12.Հանձնաժողովի որոշումները կարող է բողոքարկվել դատական կարգով՝ դրանց ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում։

ՀՈԴՎԱԾ 18. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը

1.Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով Հանձնաժողովն իրավասու է կիրառել պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ տալ նախազգուշացում եւ խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու կարգադրություն, նշանակել օրենքով նախատեսված չափերով տուգանք կամ տուժանք։

2.Պատասխանատվության միջոցները Հանձնաժողովի կողմից կիրառվում են նախնական ծանուցմամբ եւ լսման հնարավորության ընձեռմամբ։

ՀՈԴՎԱԾ 19. Հանձնաժողովի կարգադրությունը

1.Որեւէ անձի կողմից սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է կարգադրություն արձակել նախազգուշացումով եւ խախտումը շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ՝ նաեւ կարգադրություն)։ Կարգադրությունն ուժի մեջ է մտնում նախազգուշացվող անձին հանձնելու պահից եւ ենթակա է պարտադիր կատարման։

2.Կարգադրությունը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ նաեւ այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել տվյալ կարգադրության արձակման համար։

ՀՈԴՎԱԾ 20. Հանձնաժողովի պարտավորություններն առեւտրային գաղտնիքի պահպանման գործում

1. Առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացվել են սույն օրենքով սահմանված լիազորությունների կատարման ժամանակ,

2. Հանձնաժողովի անդամները եւ աշխատակիցներն իրավուն չունեն հրապարակել կամ այլ կերպ տարածել, ինչպես նաեւ անձնական շահադիտական նպատակներով օգտագործել իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողական տեղեկատվությունը։

3. Բնական մենաշնորհի սուբյեկտից ստացած եւ առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար Հանձնաժողովը կամ դրա պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

4. Առեւտրային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքում բնական մենաշնորհի սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման պետական բյուջեի միջոցների հաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 21. Հանձնաժողովի կողմից սույն օրենքի խախտումների քննարկման հիմքերը

Հանձնաժողովն իրավասու է իր կողմից անցկացվող հետազոտությունների, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվության, բնական մենաշնորհի սուբյեկտների եւ սպառողների դիմումների, զանգվածային լրատվական միջոցների հաղորդումների եւ իր տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք վկայում են սույն օրենքի խախտման մասին, կազմակերպել քննարկումներ եւ ընդունել որոշումներ։

ՀՈԴՎԱԾ 22. Հանձնաժողովի որոշման կատարման կարգը

1. Հանձնաժողովի որոշումը ենթակա է պարտադիր կատարման բնական մենաշնորհի սուբյեկտների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից՝ որոշմամբ սահմանված ժամկետներում եւ կարգով։

2. Ուժի մեջ մտած իր որոշման չկատարման դեպքում Հանձնաժողովն իրավասու է հայցով դիմել դատարան։

3. Հանձնաժողովն ազատվում է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարումից։

ԳԼՈՒԽ 3.

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 23. Սակագների պետական կարգավորման հիմնական սկզբունքները

1. Սակագների պետական կարգավորման հիմնական սկզբունքներն են.

ա) բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից սպառողներին սահմանված կարգով եւ հաստատված սակագներով ծառայությունների անխափան ու ժամանակին մատուցումը,

բ) սակագների հաշվարկման եւ հաստատմսան տնտեսական հիմնավորվածության ապահովումը,

գ) սակագների հաշվարկման եւ հաստատման գործընթացի հրապարակայնության ապահովումը,

դ) սակագնային կարգավորման ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի տնտեսական հիմնավորվածությունը,

ե) սակագնային կարգավորման ենթակա ոլորտների սուբյեկտների բնականոն եւ անվտանգ գործունեության համար պայմանների ստեղծումը,

զ) շահութաբերության ապահովումը եւ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը։

2. Հանձնաժողովի կողմից հաստատված սակագները կիրառվում են դրանց վերաբերյալ Հանձնաժողովի որոշումն ընդունելուց 30 օր հետո։ Սակագների գործողության ժամկետը չի կարող վեց ամսից պակաս լինել, բացառությամբ այն դեպքի, երբ բնական մենաշնորհի սուբյեկտը կամ լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները։ Նման դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխել բնական մենաշնորհի սուբյեկտի կամ լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչեւ նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը։

ՀՈԴՎԱԾ 24. Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության պետական կարգավորումը

1. Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեությունը Հանձնաժողովը կարգավորում է հետեւյալ մեթոդների կիրառմամբ՝

ա) սակագնային կարգավորման մեթոդ,

բ) իրացման կարգավորման մեթոդ։

2. Սակագնային կարգավորման մեթոդի կիրառման դեպքում Հանձնաժողովն իրավասու է՝

ա) ինքնուրույն հաշվարկել եւ հաստատել բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից իրացվող ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) սակագները (գները),

բ) հաստատել բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից՝ հիմնավորված հաշվարկների հիման վրա ներկայացված սակագինը,

գ) բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների համար հաստատել սակագների առավելագույն եւ (կամ) նվազագույն սահմաններ,

դ) բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների սակագների որոշման համար հաստատել ծախսերի նկատմամբ շահութաբերության նորմատիվ։

3.Իրացման կարգավորման մեթոդի կիրառման դեպքում Հանձնաժողովն իրավասու է՝

ա) որոշելու այն սպառողների շրջանակը, որոնց սպասարկումը պարտադիր է բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից,

բ) որոշելու պարտադիր սպասարկման ենթակա սպառողներին մատակարարվող ապրանքների նվազագույն քանակները՝ այդ ապրանքների նկատմամբ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու անհնարինության դեպքում։

4. Իրացման կարգավորման մեթոդի կիրառման դեպքում բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից վճարման ենթակա ծախսերը ֆինանսավորվում են անվերապահորեն, իսկ ֆինանսական միջոցների ժամանակավոր բացակայության դեպքում՝ ոչ ուշ, քան վճարման օրվանից երեք ամսվա ընթացքում։

5. Սույն հոդվածով սահմանված կարգավորման մեթոդների կամ դրանց ցանկացած համակցության ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի որոշմամբ, որում նշվում են կարգավորման մեթոդների ընտրության հիմքերը։

6. Բնական մենաշնորհի սուբյեկտները պարտավոր են իրենց կողմից մատակարարվող ապրանքներն իրացնել Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներով։

ՀՈԴՎԱԾ 25. Բնական մենաշնորհի ոլորտներում պետական վերահսկողությունը

1. Բնական մենաշնորհի ոլորտներում պետական քաղաքականության իրականացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով Հանձնաժողովը վերահսկում է բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից (նրանց մասնակցությամբ) կամ նրանց նկատմամբ կատարվող այն գործարքներն ու գործողությունները, որոնք կարող են վնասել սպառողների շահերը կամ խոչընդոտել համապատասխան ապրանքային շուկան բնական մենաշնորհի ոլորտից մրցակցային շուկա տեղափոխելու տնտեսապես արդարացված հնարավորությունը։

2. Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝

ա) բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից այն հիմնական ֆոնդերի կամ դրանց օգտագործման իրավունքի ձեռք բերման գործարքների նկատմամբ, որոնք նախատեսված չեն բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից թողարկվող արտադրանքի արտադրության համար, եւ որոնց միանվագ կամ շարունակական ձեռք բերման արժեքը գերազանցում է բնական մենաշնորհի սուբյեկտի հիմնական կապիտալի 20 տոկոսը՝ ըստ վերջին հաստատված հաշվապահական հաշվեկշռի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

բ) բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից կատարվող այն ներդրումների նկատմամբ, որոնք չեն վերաբերում տվյալ բնական մենաշնորհի սուբյեկտի բնականոն գործունեության ապահովմանը, վերազինմանը կամ ընդլայնմանը, եւ որոնք գերազանցում են բնական մենաշնորհի սուբյեկտի հիմնական կապիտալի 10 տոկոսը՝ ըստ վերջին հաստատված հաշվապահական հաշվեկշռի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

գ) բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից իրացման, վարձակալության հանձնման կամ այլ գործարքների նկատմամբ, որոնց արդյուքում գնորդը բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից արտադրվող ապրանքի արտադրության համար նախատեսված հիմնական ֆոնդի մի մասի նկատմամբ ձեռք է բերում սեփականության կամ օգտագործման իրավուք, եւ որոնք գերազանցում են բնական մենաշնորհի սուբյեկտի հիմնական կապիտալի 10 տոկոսը՝ ըստ վերջին հաստատված հաշվապահական հաշվեկշռի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքները եւ ներդրումները կատարվում են Հանձնաժողովի համաձայնությամբ՝ վերջինիս կողմից համապատասխան որոշման ընդունմամբ։

Համաձայնություն ստանալու նպատակով բնական մենաշնորհի սուբյեկտի կողմից դիմումի եւ համապատասխան փաստաթղթերի ներկայացման կարգը (ցանկը) սահմանում է Հանձնաժողովը։

4. Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու նպատակով բնական մենաշնորհի սուբյեկտի ներկայացրած դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Հանձնաժողովը պարտավոր է քննարկել եւ կայացնել որոշում։ Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովն իրավասու է երկարացնել դիմումի քննարկման ժամկետը, բայց լրացուցիչ տեղեկությունները ստանալուց հետո ոչ ավելի, քան 15 օրով։

5. Սահմանված ժամկետներում Հանձնաժողովի կողմից որոշում չկայացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված։

6. Հանձնաժողովն իրավասու է մերժել բնական մենաշնորհի սուբյեկտի դիմումը, եթե այն եւ կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ (կամ) դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ։

7. Համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է դիմողին։

8. Սույն հոդվածով սահմանված վերահսկողական գործառույթների իրականացման հետ կապված Հանձնաժողովի որոշումները կարող են ուժը կորցրած ճանաչվել Ազգային ժողովի կողմից՝ համապատասխան օրենքի ընդունմամբ։

9. Հանձնաժողովի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու իրավական հետեւանքները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 26. Բնական մենաշնորհի սուբյեկտների պարտականությունները

1. Բնական մենաշնորհի սուբյեկտներն իրավունք չունեն հրաժարվելու սպառողների հետ իրենց կողմից արտադրվող ապրանքների մատակարարման պայմանագրեր կնքելուց, եթե այդպիսի ապրանքների արտադրության եւ մատակարարման հնարավորություններն առկա են։

2. Բնական մենաշնորհի սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողովին ներկայացնել՝

ա) իրենց գործունեության վերաբերյալ ընթացիկ եւ (կամ) տարեկան հաշվետվություններ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ պարբերականությամբ,

բ) նախատեսվող կապիտալ ներդրումների ծրագրերը,

գ) իրենց առնչվող հարցի քննարկման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ։

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտման համար բնական մենաշնորհի սուբյեկտները եւ Հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 4.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։