Armenian ARMSCII Armenian
Կ-375-14.09.2022-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 21-ին հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի եւ կոմունալ ծախսերի նորմաները: Իսկ որոշման 2-րդ կետի հիման վրա ընդունվել են նաեւ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները եւ հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» N 1956-Ն որոշումը: Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների համար եւս ընդունվել են համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Ելնելով սահմանված կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունից, իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ իրավական ակտերը եւ դրանց ընդունման համար հիմք հանդիսացող ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի եւ դեկտեմբերի 30-ի համապատասխանաբար թիվ 1536-Ն եւ 1956-Ն ենթաօրենսդրական ակտերն ունեն համապատասխան իրավական հիմքի խնդիր (մասնավորապես բացակայում է կարգավորող օրենքներում համապատասխան լիազորող նորմերը):

Վերոգրյալ ենթաօրենսդրական ակտերի լիազորող նորմերի սահմանման համար Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանն իրավասություն է տրվում սահմանելու Օրենքով նախատեսված առանձին ծախսային ուղղություններով նորմաները:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է Օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտեր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաեւ առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն