Armenian ARMSCII Armenian
Կ-373-13.09.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի ՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) գործակալություն՝ պետական գրանցում եւ պետական հաշվառում իրականացնող մարմին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) գործող գրասենյակ.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.1-րդ եւ 19.2-րդ կետերով.

«19.1) անձը նույնականացնող տվյալներ՝ ֆիզիկական անձի համար՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ նույնականացման քարտի համար, հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար, հաշվառման կամ բնակության վայրի հասցե, անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անուն, ազգանուն, պետական հաշվառման համար, հաշվառման վայրի հասցե, իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանում, գրանցման համար, գտնվելու վայրի հասցե.».

19.2) կապի միջոցներ՝ էլեկտրոնային փոստի հասցե, փոստային կապի եւ հաղորդակցության ապահովման այլ տվյալներ.».

3) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ կետով.

«22.1) դիվանագիտական ծառայության մարմին՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ (դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ), որոնք կատարում են գործակալության սպասարկման գրասենյակի որոշակի գործառույթներ.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գրառման բովանդակությունը եւ այն կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ՝ Նախարար):

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» գրասենյակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավահաջորդը:»:

2. Հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած» բառերը փոխարինել «Գործակալության» բառով:

3. Հոդվածի 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթները կարող են իրականացվել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայությունների միասնական գրասենյակների, նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների կողմից, որոնց գործառույթները, դրանց իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիվանագիտական ծառայության մարմինները ընդունում են գործակալության գործառույթներին առնչվող դիմումները եւ ընթացք են տալիս դրանց, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5.

1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից, 11-րդ հոդվածի 3-րդ մասից, 13-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից, 17-րդ հոդվածի 11-րդ մասից, 20-րդ հոդվածի 22-րդ մասից, 22-րդ հոդվածի 3-րդ մասից, 23-րդ հոդվածի 1-ին մասից, 26-րդ հոդվածի 18-րդ մասից, 59-րդ հոդվածի 6-րդ մասից, 66.1-րդ հոդվածի 1-ին մասից եւ 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության» բառերը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:

2. Օրենքի 9-րդ հոդվածի 4.2-րդ մասից, 17-րդ հոդվածի 3-րդ մասից, 17-րդ հոդվածի 10-րդ մասից, 26-րդ հոդվածի 28-րդ մասից, 42-րդ հոդվածի 1-ին մասից հանել «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող » բառերը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:

3. Օրենքի 60.3-րդ հոդվածի 6-րդ մասից, 62-րդ հոդվածի 2-րդ մասից, 63-րդ հոդվածի 1-ին մասից, 65-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 65-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «արդարադատության » բառը՝ «նախարարություն» կամ «նախարար» բառերը փոխարինելով «Նախարարություն» կամ «Նախարար» բառերով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 1-մասի՝

1) 7-րդ կետում հանել «, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն» բառերը,

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«8) որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն: Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա վերջինիս վերաբերյալ գրառվում են հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն.».

2) 9-րդ կետում «տեսակ(ներ)ը» բառը փոխարինել «հիմնական՝ առաջնային տեսակը» բառերով:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.2-րդ հոդվածով.

«Հոդված 25.2. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները

1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են՝

1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.

2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) գտնվելու վայրի հասցեն.

5) կապի միջոցները.

6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).

7) տեղեկություններ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները): Սույն կետով սահմանված տեղեկությունները գրառվում են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար.

8) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին.

9) հարկ վճարողի հաշվառման համարը (օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման դեպքում):

2. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 1-ին մասի 7-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով:»:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 1-րդ մասի 9-րդ կետում «տեսակ(ներ)ը» բառը փոխարինել «՝ առաջնային տեսակը» բառերով,

2) 6-րդ մասը «հիմնարկի» բառից հետո լրացնել «անվանումը եւ » բառերով:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 28-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածը՝

1) 2-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «ոչ առեւտրային կազմակերպությունների եւ» բառերով, իսկ «սահմանված» բառից հետո՝ «այլ» բառով:

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «, ինչպես նաեւ սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածով ամրագրված տեղեկություններ» բառերը:

Հոդված 15. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով

«7) գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրն այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործեր, հարուցված եւ չկարճված կատարողական վարույթներ, հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված եւ չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաեւ հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան:»::

Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6.1.-րդ մասով.

«6,1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հայտարարագրի ստուգման արդյունքում (դատական դեպարտամենտի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեղեկատվական համակարգերի միջոցով) դրա անարժանահավատության վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերումը,»:

Հոդված 17. Օրենքի 53-րդ հոդվածի 5-րդ մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «, Դատական դեպարտամենտի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

Հոդված 18. Օրենքի 58-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով՝

«2. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:

3. Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:»:

Հոդված 19. Օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետեով

«12.2) Գրանցամատյանում գրառված լինելու դեպքում քաղվածքը ներառում է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը, հաշվառման համարը:»:

Հոդված 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 63.1-րդ հոդվածով.

«Հոդված 63.1. Առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի հաշվառումը հաստատող՝ պետական միասնական գրանցամատյանից տրվող քաղվածքը

1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման եւ հիմնարկի մասին քաղվածքը հայցվող օրվա դրությամբ պետք է ներառի գրանցամատյանում գրառված հետեւյալ տեղեկությունները.

1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.

2) պետական հաշվառման համարը.

3) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, օրը.

4) գտնվելու վայրի հասցեն.

5) կապի միջոցները.

6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).

7) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները).

8) հաշվառումից հանվելու տարին, ամիսը, օրը.

9) տեղեկությունների հայցման տարին, ամիսը, օրը.

10) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը:»:

Հոդված 21. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունվում են սույն օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական իրավական ակտերը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին եւ հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում կարող էին հանգեցնել հակասությունների եւ տարընթերցումների:

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության գործող օրենքով սահմանված են իրավաբանական անձանց պետական գրանցման ու դրանց առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման կարգը, պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների սպառիչ ցանկերը:

Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաեւ Դատական դեպարտամենտի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները՝ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է Հայաստանի Հանրապետության որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը:

Ելնելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի կարգավորումներից, որոնցով վերացվել է գործակալությունների՝ որպես պետական մարմնի առանձնացված ստորաբաժանումների հասկացությունը, Նախագծով առաջարկվել է նաեւ սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը՝ նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ: Հաշվի առնելով նաեւ իրավաբանական անձանց գրանցման ժամկետների եւ գրանցման համար ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը՝ հստակեցվել են գրանցման ժամկետներն՝ անփոփոխ թողնելով ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից առեւտրային կազմակերպություններ գրանցելու համար սահմանված մեկ աշխատանքային օրվա ժամկետը: Հստակեցվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների մասին տեղեկությունները գրառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում: Մասնակիցների մասին անձնագրային տեղեկությունները գործող «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքի հիման վրա նշված են նաեւ ընկերության կանոնադրությունում: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում մասնակիցների անձնագրային տվյալների փոփոխության արդյունքում առաջանում է հակասություն՝ գրանցամատյանում գրառված եւ կանոնադրությունում նշված տվյալների միջեւ: Արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում փոփոխություններ կատարել նաեւ կանոնադրությունում, որպիսի պարագայում անհրաժեշտ է ներկայացնել կանոնադրության փոփոխությունները, իրավաու մարմնի որոշումը՝ համապատասխան փոփոխությունները հաստատելու մասին:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կանոնադրությունում քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը նշելու վերաբերյալ նորմի սահմանման դեպքում յուրաքանչյուր անձնագրային տվյալի փոփոխության դեպքում կանոնադրության փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը վերանում է:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար:

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծերի ընդունմամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվող գործառույթները անձանց առավել հասանելի կդառնան, որով նաեւ կբարձրանա ծառայության քննարկվող տեսակների նկատմամբ վստահության մակարդակը:

5. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսեր չեն նախատեսվում: Ինչ վերաբերում է ակնկալվող եկամուտների նվազեցմանը, ապա նվազեցման կամ նվազեցման չափի էական կամ ոչ էական լինելու վերաբերյալ կանխատեսում անելը հնարավոր չէ՝ հաշվի առնելով համապատասխան փոփոխությունների գրանցման գործերի առանձնահատկությունները:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն