Armenian ARMSCII Armenian
Կ-363-25.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 150.3 հոդվածի՝

1. 1-ին մասում՝ «առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:» բառերը փոխարինել «առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:» բառերով:

2. 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերում « մեկ սռնու» բառերից հետո լրացնել «(սռնիների)» բառով:

Հոդված 2. Օրենսգիրքը 150.15 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 150.16-րդ հոդվածով.

«Հոդված 150.16. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

«Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների (բացառությամբ ստուգումների իրականացմանը խոչընդոտելու համար) իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 24413-րդ հոդվածում` «150.10-րդ հոդվածով (բացառությամբ Երեւան քաղաքի միջով անցնող միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների մասով)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ 150.16-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 150.3-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Վերոգրյալ մոտեցմամբ՝ ավելի շատ քաշով եւ դրա արդյունքում ճանապարհներին առավել շատ վնաս հասցնող տրանսպորտային միջոցը նույն պատասխանատվության է ենթարկվում, ինչ համեմատաբար նվազ քաշ ունեցող եւ արդյունքում ավելի քիչ վնաս հասցրած տրանսպորտային միջոցը: Նշված մոտեցումը արդյունավետ միջոց չի հանդիսանում՝ իրավախախտումը կատարելու կանխարգելման տեսանկյունից:

Միեւնույն ժամանակ, համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելն առանց փոխադրումների իրականացման թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ մեկ տոննա եւ ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Արդյունքում ստացվում է տարբերակված մոտեցում, քանի որ նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է ֆիքսված տուգանքի չափ, իսկ 2-րդ մասով նախատեսված իրավախախտման համար սահմանված է տուգանք, որն ավելանում է յուրաքանչյուր ավել տոննայի համար:

Միաժամանակ՝ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը առավել արդյունավետ եւ արդարացի է՝ վերոգրյալ հիմնավորմամբ:

Այդպիսով, անհրաժեշտ է 150.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման համար եւս սահմանել տուգանք՝ որը կավելանա յուրաքանչյուր ավել տոննայի համար:

Բացի այդ, տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Օրենսգրքով սահմանված չէ պատասխանատվություն:Սակայն, հաշվի առնելով մյուս բնագավառներում (օրինակ՝ հրդեհային, տեխնիկական անվտանգության, էներգետիկայի եւ այլն) խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերի սահմանված ժամկետում չկատարելու համար Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության մոտեցումը՝ այն է տուգանքի նշանակում, առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից խախտումները վերացնելու համար տրված կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակման ձեւով:

Միեւնույն ժամանակ, Օրենսգրքի 1821 հոդվածով սահմանված է ստուգումներ իրականացնող մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար պատասխանատվություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է նաեւ ներդնել համահունչ պատասխանատվության միջոց՝ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու համար՝ տուգանքի ձեւով:

Իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ պատասխանատվություն սահմանված է նաեւ Օրենսգրքի 105-րդ հոդվածով, որը վերաբերում է էներգետիկայի բնագավառին եւ էներգասպառման ոլորտին, այն է՝ պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելը:

ՀՀ կառավարության 2006 թվականի N 1106-Ն որոշմամբ սահմանված է տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը եւ (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի չափորոշիչները, որտեղ նշված են նաեւ 1-ից ավել տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցները:Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում նաեւ ներառել թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ մեկից ավել սռնիների վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելը:

2. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ՝

1) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ եւ (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու դեպքերը,

2) հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

3. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

4. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտության մասին.

Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարականն փաստաթղթերի հետ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի էական ավելացում չի նախատեսվում սակայն նշված իրավախախտման համար առավել խիստ տուգանքի չափ սահմանելու արդյունքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների էական ավելացումներ՝ կախված իրավախախտման բնույթից եւ ծանրությունից (գերազանցող բեռնվածքից):


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն