Armenian ARMSCII Armenian
Կ-3622-23.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի  ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Քաղաքաշինական գործունեության օբյեկտներն ըստ ռիսկայնության դասակարգվում են հինգ աստիճանների (կատեգորիայի):»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1. «իրավաբանական անձինք,» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատերերը,» բառերը.

2.  «(կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, կազմողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ եւ այլն)» բառերը փոխարինել «(կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր կազմողներ, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնողներ, շինարարություն իրականացնողներ, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ եւ այլն)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) «ը» կետի «այլ բան նախատեսված չէ» բառերը փոխարինել «ամրագրված է նման պահանջ» բառերով.

2) «թ» կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«թ) ապահովել շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված աշխատանքների:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 - րդ հոդվածով.

« Հոդված 7.1. Քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները

1.  Քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները եւ պարտականությունները.

1) քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն են՝

ա. պետական, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմիներից ձեռք բերել նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ, օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում եւ այլն) նախագծման տեխնիկական պայմաններ եւ կառուցապատողի կողմից տեխնիկական բնութագրում նշված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութեր.

բ. նախագծային փաստաթղթերի կազմում ընդգրկել լրացուցիչ նյութեր.

գ. մասնակցել օրենքով նախատեսված նախագծի համաձայնեցման փուլերին.

դ. իրականացնել շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն՝ օրենքով սահմանված համապատասխան շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունենալու եւ քաղաքաշինական փաստաթղթերի կազման աշխատանքների կապալի պայմանագրով նման պարտավորություն ստանձնելու դեպքում.

2) քաղաքաշինական փաստաթղթեր կազմող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի  պարտականություններն են՝

ա. կատարել օրենսդրության եւ քաղաքաշինական փաստաթղթերի նախագծման թույլտվության պահանջները.

բ. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքով եւ իրավական այլ ակտերով ապահովել քաղաքաշինական փաստաթղթեր մշակող պատասխանատու մասնագետների հեղինակային իրավունքները:

2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները եւ պարտականությունները.

1) փորձաքնություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն են՝

ա. Քաղաքաշինական փաստաթղթերի եւ մեթոդաբանության վերաբերյալ մասնագիտական եզրակացության տրամադրելը.

բ. քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար կառուցապատողից, ինչպես նաեւ նախագիծը կազմող աշխատանքների պատասխանատու կապալառուից պահանջել ներկայացված ճարտարապետաշինարարական լուծումները հիմնավորող օրենքով սահմանված փաստաթղթեր.

գ. նյութերի լրակազմված չլինելու դեպքում դրանք վերադարձնել պատվիրատուին՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու առաջարկով.

2) փորձաքնություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի պարտականություններն են՝

ա. փորձաքննության ընթացքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը եւ գնահատմանը փորձագետների մասնակցությունն ապահովելը.

բ. քաղաքաշինական փաստաթղթերով նախատեսված նախագծային լուծումների համապատասխանության հավաստումը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ. հրաժարվել իրենց կողմից կազմված նախագծերի փորձաքննությունն իրականացնելուց.

3) փորձաքնություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կարող է ունենալ նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ եւ պարտականություններ:

3. Շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքները եւ պարտականությունները.

1) շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն են՝

ա. հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները եւ ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.

բ. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները եւ պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն

 2) շինարարություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի պարտականություններն են՝

ա) շինարարության ընթացքում ապահովել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.

բ) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձեւակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետեւանքով.

4. շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն ու պարտականությունները.

1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն են՝

ա. շինարարության իրականացման պատասխանատու մասնագետներին տալ ցուցումներ եւ հրահանգներ պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին եւ այլ նորմատիվային փաստաթղթերին, ինչպես նաեւ ճարտարապետաշինարարական նախագծին չհամապատասխանող նյութերի, շինվածքների կոնստրուկցիաների եւ ինժեներական սարքավորումների օգտագործումը բացառելու մասին.

բ. հրաժարվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունից, եթե կառուցապատողի եւ (կամ) շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից ինքնակամ իրականացված գործողությունների արդյունքում գրանցվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների կամ ճարտարապետաշինարարական նախագծային լուծումների այնպիսի շեղումներ, որոնք կարող են նվազեցնել քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությունը, կայունությունը եւ ազդել հուսալիության վրա.

գ. օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել տեխնիկական հսկողության իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները.

դ. շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտը շինարարական աշխատանքների բոլոր փուլերում անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով  ստուգում է շինարարական աշխատանքների համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծերին եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին.

2) շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի պարտականություններն են՝

ա. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը ճարտարապետաշինարարական նախագծով տրված լուծումներին եւ պահանջներին.

բ. շինարարության բոլոր փուլերում ստուգել շինարարական աշխատանքների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին եւ ստուգման արդյունքներն արձանագրել կատարողական փաստաթղթերում.

գ. քաղաքաշինական գործունեության օբյեկտի կրողունակությանը, կայունությանը եւ հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման կամ իր կողմից տրված ցուցումները ողջամիտ ժամկետում չկատարելու կամ տեխնիկական վթարների առաջացման դեպքում դադարեցնել շինարարությունը եւ այդ մասին 48 ժամվա ընթացքում նշված կամ էլեկտրոնային գրանցամատյաններում առկա հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով (այսուհետ՝ Կապի միջոցներ) իրազեկել կառուցապատողին եւ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին.

դ. պահպանել շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգով սահմանված պահանջները.

ե. անավարտ աշխատանքների եւ թերությունների հայտնաբերման դեպքում օբյեկտի շինարարական կապալառու կազմակերպության հետ կազմել դրանց ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները.

զ. տեղեկացնել կառուցապատողին հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական նորմերի եւ կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ կոնստրուկցիաներով կատարված շինարարական աշխատանքների մասին.

է. հայտնաբերված թերությունների եւ խախտումների վերացման վերաբերյալ շինարարություն իրականացնող քաղաքաշինական գործունեության սուբյեկտին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ եւ հրահանգներ.

ը. մասնակցել շինարարական կազմակերպությունների կողմից դադարեցված քաղաքաշինական գործունեության օբյեկտների, դրանց առանձին մասերի, կոնստրուկցիաների եւ հանգույցների միջանկյալ ընդունմանը՝ դադարեցումից ոչ ուշ քան 3 ամսվա ընթացքում, ինչպես նաեւ ձեւակերպված համապատասխան ակտով նրանց հանձնելուն՝ նշելով այդ օբյեկտների փաստացի վիճակը.

3) քաղաքաշինական գործունեության օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը տվյալ շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից արգելվում է.

4) շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտը պետք է ունենա օրենքով սահմանված համապատասխան քաղաքաշինական գործունեության իրավունք:

5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն ու պարտականությունները.

1) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի իրավունքներն են՝

ա. շենքերի եւ շինությունների առկա նախագծային փաստաթղթերի եւ շահագործման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերում,

բ. իրականացնել շենքերի եւ շինությունների անձնագրավորում.

գ. իրականացնել ինժեներաերկրաբանական հետախուզում, ինժեներապաշտպան միջոցառումներ եւ դրանց արդյունքում կազմել նյութեր.

դ. իրականացնել գեոդեզիական ծառայություններ.

2) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ մատուցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի պարտականություններն են՝

 ա. հետազննման արդյունքներով, վնասված տարրերի ուժեղացման կամ փոխարինման եւ վնասվածքների առաջացման պատճառների վերացման վերաբերյալ տալ առաջարկություններ:

բ. ընտրել հետախուզման եւ հետազննման համար բավարար մեթոդներ եւ տալ խնդիրների լուծման վերջնական առաջարկություններ.

գ. կոնստրուկցիաների նյութերի ամրության եւ այլ բնութագրերի որոշման ժամանակ առավելություն տալ հսկողության չքայքայող մեթոդներին (մասնավորապես բետոնի ամրությունը որոշել մեխանիկական գործողության սարքերով).

դ. իրականացնել շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն՝ ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

6. Սույն հոդվածում նշված I դասի քաղաքաշինական գործունեություն իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են ունենալ պաշտոնական ինտերնետային կայք, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, մասնագետների վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովի հետադարձ կապի հնարավորություն:

7. Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները պարտավոր են՝

1) քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները.

2) ապահովել քաղաքաշինական գործունեության օբյեկտներում քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան գործելակարգով սահմանված աշխատանքների եւ ծառայությունների կատարումը.

3) օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել վիճակագրական եւ այլ տեղեկություններ.

4) իրականացնել Օրենքով սահմանված այլ պարտականություններ:»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ 9-րդ հոդվածները:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 - զ5 » կետերով՝.

«զ1 ) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման եւ թեստավորման կարգը, հավաստագրերի ձեւերը, լիցենզավորված անձանց եւ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձեւավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման եւ մոնիթորինգի իրականացման կարգը.

զ2 ) հաստատում է շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների եւ խորհրդատվական ծառայությունների,  ըստ ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական օբյեկտների դասակարգման եւ քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող քաղաքաշինական աշխատանքների եւ ծառայությունների ցանկերը.

զ3 ) հաստատում է օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ ՇՄԶ) կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.

զ4 ) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների եւ կազմակերպությունների կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը.

զ5 ) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.»:

Հոդված 7. Օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27-35 կետերով՝

«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին եւ ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.

28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների, եւ ծառայությունների մատուցման գործելակարգերը եւ պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.

29) հաստատում է մասնագիտական, Էթիկայի եւ որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության եւ գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը.

30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության եւ մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.

31) հաստատում է ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների տեսակները, քանակը եւ դրանց շնորհման չափորոշիչները.

32) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.

33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը եւ հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.

34) իրականացնում է I, II եւ III կարգերի մասնագետների եւ I, II եւ III դասերի  գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում է մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության եւ ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալներ (անվանումը եւ գտնվելու վայրը, ազգանունը, անունը, բնակության վայրը եւ հաշվառման հասցեն), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգումների, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձեւակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման եւ վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.

35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչներ:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ V.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  V.1

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11.1. Շարունակական մասնագիտական զարգացման  հասկացությունը եւ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեությանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ)՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների եւ հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է:

2. Քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետները մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձիք են (այսուհետ Հավաստագրված մասնագետ), որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են մասնագիտական գործունեության ՇՄԶ համապատասխան հավաստագիր եւ գրանցվել են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից վարվող մասնագետների ռեեստրում:

3. Մասնագետներն իրենց աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի եւ բարդության դասակարգվում են I, II եւ III կարգի.

1)  I կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել I, II, III, IV եւ V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական գործունեության օբյեկտներում եւ հանդես գալ, որպես I, II եւ III դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ.

2) II կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել  I, II, III, ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական գործունեության օբյեկտներում եւ հանդես գալ, որպես II եւ III դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ.

3) III կարգի մասնագետը կարող է քաղաքաշինական գործունեություն իրականացնել I եւ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) քաղաքաշինական գործունեության օբյեկտներում եւ հանդես գալ, որպես III դասի քաղաքաշինական գործունեության տեսակների պատասխանատու մասնագետ:

4. Քաղաքաշինության բնագավառի մասնագիտական գործունեության տեսակներին համապատասխան մասնագիտական որակավորումների պահանջները հաստատվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավական ակտով:

5. Այլ պետություններում քաղաքաշինության բնագավառի մասնագիտական կրթություն ստացած անձինք (ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները) Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա մասնագիտական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՇՄԶ հավաստագրերի առկայության դեպքում:

6. III կարգի մասնագետի հավաստագիր կարող է ստանալ համապատասխան մագիստրոսի կրթական աստիճան ստացած, 90 տոկոս եւ ավելի միջին որակավորման գնահատական (ՄՈԳ) ունեցող անձը՝ օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու եւ հավաստագրման հայտը ոչ ուշ, քան համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում ներկայացնելու դեպքում, հակառակ դեպքում՝ հավաստագրումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացրած III կարգի հավաստագիր ունեցող մասնագետը կարող է հաջորդ հնգամյա փուլում հավաստագրվել որպես III կարգի մասնագետ՝ առանց ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի շեմը լրացնելու:

8. Վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացրած եւ ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի առնվազն 75 տոկոսը հաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետը մասնագիտական գործունեությունը շարունակելու եւ ՇՄԶ հավաստագիր ստանալու համար կարող է անցնել ստացված տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների գնահատման գործընթաց (այսուհետ թեստավորում) եւ ստանալ ՇՄԶ հավաստագիր:

9. Վերջին հինգ տարում ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակի 75 տոկոսի շեմը չհաղթահարած համապատասխան ոլորտի մասնագետի գործունեությունը ժամանակավոր կասեցվում է մինչեւ նոր ՇՄԶ հավաստագրի ստացումը (բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով սահմանված դեպքերի):

10. Բազային մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձը, օրենքով սահմանված կարգով կարող է մասնակցել վերաորակավորման կրթական ծրագրերով անցկացվող դասընթացներին եւ գիտելիքների ստուգումը բարեհաջող անցնելուց հետո ձեռք բերել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինության գործունեության տեսակին եւ ենթատեսակին համապատասխան կրթության այլ որակավորման աստիճան:

11. Վերաորակավորման համար անհրաժեշտ ԲՈՒՀ-ի կրթական կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր մասնագիտության համար սահմանվում է՝ առնվազն 45 կրթական կրեդիտ (ECTS):

12. Վերաորակավորված մասնագետին ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն հոդվածի 6-8-րդ կամ Օրենքի 11.4-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները:

Հոդված 11.2 Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների պատասխանատու մասնագետների ՇՄԶ ապահովող միջոցառումների պլանավորումը

1. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներին համապատասխան պատասխանատու մասնագետների ՇՄԶ ապահովող միջոցառումների պլանավորումն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը:

Հոդված 11.3.  ՇՄԶ կազմակերպման գործընթացը

1. ՇՄԶ-ն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության եւ բազմաձեւության սկզբունքների համակցմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ՇՄԶ գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով՝ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: ՇՄԶ-ի, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:

3. ՇՄԶ բազմաձեւությունն ապահովելու համար սահմանվում են հետեւյալ գործունեության զարգացման տեսակները.

1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին եւ համագումարներին մասնակցության եւ (կամ) իրականացման միջոցով.

2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության եւ (կամ) իրականացման միջոցով.

3) ինքնակրթություն եւ ինքնազարգացում՝ հեռավար դասընթացների մասնակցության եւ (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման եւ (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքների ներկայացման միջոցով:

4. Հավաստագրման համար անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր հնգամյա փուլի համար սահմանվում է՝

1) I կարգի մասնագետների համար ՝ առնվազն 240 ՇՄԶ կրեդիտ.

2) II կարգի մասնագետների համար՝ առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

3) III կարգի մասնագետների համար՝ առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ.

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ՇՄԶ գործունեության զարգացման տեսակները քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա եւ (կամ) միջազգային հետեւյալ կազմակերպությունները.

1) օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական կրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատությունները.

2) քաղաքաշինական մասնագիտական հասարակական եւ ինքնակարգավորվող կազմակերպությունները.

3) շինարարական կամ նախագծային կազմակերպությունները.

4) քաղաքաշինական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ:

Հոդված 11.4 ՇՄԶ հավաստագիրը եւ ՇՄԶ արդյունքների հավաստագրումը

1.  Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիրը ՝

քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթուղթ է, որը տրվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու եւ սույն հոդվածով սահմանված ժամկետներում մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում.

2.  ՇՄԶ գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով:

3. ՇՄԶ հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: ՇՄԶ հավաստագրի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ մասնագետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմին հաջորդ հինգ տարիների համար՝ ՇՄԶ հավաստագիր ստանալու նպատակով:

4. ՇՄԶ հավաստագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների բավարարման եւ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրք վճարելու դեպքում:

5. ՇՄԶ հավաստագիրը (բացառությամբ Օրենքի 11.1-րդ հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված դեպքերի) տրվում է, եթե մասնագետը.

1) ըստ վերապատրաստման մակարդակի լրացրել է սույն օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը.

2) սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության տեսակին եւ ենթատեսակին համապատասխան ունի Հայաստանի Հանրապետությունում համապատասխան բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

3) սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինության գործունեության տեսակին եւ ենթատեսակին համապատասխան բակալավրի որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, իսկ համապատասխան մագիստրոսի որակավորման աստիճան ունենալու կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն համապատասխան կրթության որակավորման աստիճան ունենալու կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում վերջին հինգ տարում ունի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն.

4) տիրապետում է հայերենին:

6. ՇՄԶ հավաստագիր չի տրվում, եթե մասնագետը չի ապահովել սույն հոդվածի 3-5-րդ կամ Օրենքի 11.1-րդ հոդվածի 6-8-րդ մասերով սահմանված պահանջները:

7. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը Հավաստագրման եւ թեստավորման վերաբերյալ որոշումներն ընդունում է սույն օրենքի 11.3-րդ հոդվածով սահմանված ՇՄԶ ապահովող միջոցառում իրականացնող կազմակերպությունում կամ կրթական հաստատությունում գործող սույն օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 29-րդ կետով սահմանված համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա: Սակայն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

Հոդված 11.5.  Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի հասկացությունը, իրավունքները եւ պարտականությունները

1. Պատասխանատու մասնագետ է հանդիսանում լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտին տրամադրված լիցենզիային կից համապատասխան ներդիրներում ընդգրված անձը, ով ունի ՇՄԶ հավաստագիր եւ գրանցված է մասնագետների ռեեստրում:

2. Պատասխանատու մասնագետի իրավունքներն են՝

1) օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը եւ մասնագիտացմանը համապատասխան իրականացնել լիցենզավորման ենթակա եւ (կամ) շինարարության թույլտվություն չպահանջվող քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն.

2) ներկայացնել ապացուցողական հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն քաղաքաշինական փաստաթղթերով.

3) քաղաքաշինական գործունեության օբյեկտին եւ մեթոդաբանությանը վերաբերող  հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ազատ արտահայտումը.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցել սույն օրենքի 11.3-րդ հոդվածով սահմանված ՇՄԶ գործունեության զարգացման տեսակներին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանել իր գործարար համբավը, պատիվը եւ արժանապատվությունը.

6) օրենքով սահմանված կարգով ստեղծել միավորումներ կամ անդամակցել դրանց.

7) դիմել սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով՝ իր կարծիքով այլ պատասխանատու մասնագետի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում.

8) օգտվել օրենքով սահմանված այլ իրավունքներից:

3. Պատասխանատու մասնագետի պարտականություններն են՝

1) քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով.

2) պահպանել օրենսդրության պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակել, լրացնել, վարել եւ շրջանառել քաղաքաշինական փաստաթղթերը եւ անձնական ստորագրությամբ վավերացնել դրանք.

4) Օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական գործունեության օբյեկտների վերաբերյալ պահպանել գաղտնիք պարունակող տեղեկությունները.

5) կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել ՇՄԶ գործընթացին.

6) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից հաստատված մասնագիտական բնութագրին համապատասխան.

7) հավաստագրված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին 15 օրյա ժամկետում հայտնել քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).

8) պահպանել պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները:

9) կատարել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:

4. Պատասխանատու մասնագետները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Հոդված 11.6. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը

1. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով պատասխանատու մասնագետին  ՇՄԶ հավաստագրման ենթակա մասնագիտական գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

2.  ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ընթացքում պատասխանատու մասնագետին արգելվում է կասեցման որոշմամբ սահմանված քաղաքաշինական գործունեության օբյեկտում եւ ժամանակահատվածում իրականացնել աշխատանքների եւ ծառայությունների իրականացման գործելակարգերով սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են կասեցման մասին որոշմամբ նախատեսված անհետաձգելի միջոցառումներն իրականացնելուն:

3. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու որոշմամբ պետք է հստակ սահմանվեն կասեցվող գործողությունը, գործառույթը կամ գործողությունները, ինչպես նաեւ կասեցման պատճառները, իրավական հիմքերը եւ ժամկետները:

Եթե, խախտման բնույթից ելնելով, դրանք կամ դրանց հետեւանքները հնարավոր է վերացնել պատասխանատու մասնագետին հավաստագրման ենթակա գործունեության առանձին գործառույթները կամ հավաստագրով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկելու միջոցով, ապա այդ դեպքերում պատասխանատու մասնագետի ողջ գործողության կասեցում չի կիրառվում:

Սույն մասի 1-ին պարբերությունով սահմանված հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշման բովանդակությանը ներկայացված դրույթներ չպարունակող ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումներն անվավեր են:

5. Եթե առկա են ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման մեկից ավելի հիմքեր, ապա կասեցման որոշում կայացվում է յուրաքանչյուր հիմքով առանձին:

6. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցված է համարվում այդ մասին քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշումը պատասխանատու մասնագետին Կապի միջոցներով տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից, եթե ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին որոշմամբ կամ օրենքով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման ժամկետը սահմանվել է մինչեւ խախտման պատճառի վերացումը, ապա ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցումը վերացված է համարվում պատասխանատու մասնագետի՝ խախտումները վերացնելու մասին հայտարարությունը (համապատասխան հիմնավորող փաստաթղթերով) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն, նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով, այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում եւ դրա մասին պատշաճ ձեւով համապատասխան պատասխանատու մասնագետին չի հայտնում:

Հոդված 11.7. ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման կարգը

1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցնել միայն քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից միջնորդություն ներկայացնելու եւ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Մասնագիտական հանձնաժողովը հավաստագրի գործողության կասեցման հարցը քննարկում եւ համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով եւ հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

3. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում:

4. Եթե մասնագիտական հանձնաժողովի կողմից հավաստագրի գործողությունը կասեցնելու մասին հարցի քննարկման վերաբերյալ եզրակացությունը կայացնելուց հետո 15 օրվա ժամկետում հավաստագրի գործողության կասեցման մասին որոշում չի ընդունվում, ապա հավաստագրի գործողության կասեցման հարցը համարվում է մերժված: Այս դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը իրավունք չունի նույն հիմքերով երկրորդ անգամ բարձրացնել հավաստագրի գործողության կասեցման հարցը:

Հոդված 11.8.  ՇՄԶ հավաստագրի գործողության կասեցման դեպքերը

1. ՇՄԶ հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել՝

1) մասնագետի կողմից սույն օրենքով նախատեսված մասնագետների գրանցամատյաններում ամրագրված իր տվյալների փոփոխությունների մասին տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին 15 օրյա ժամկետում չհայտնելու կամ չներկայացնելու դեպքերում (բացառությամբ գործող տվյալների բազաներից ինքնաշխատ եղանակով տվյալների թարմացման դեպքերի).

2) ՇՄԶ հավաստագրման ենթակա գործունեության իրականացման ժամանակ օրենսդրությամբ սահմանված պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար, հավաստագրման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման կամ  երկու եւ ավելի դեպքում պատասխանատու մասնագետի կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված պահանջները.

3) արձանագրված խախտումը պատասխանատու մասնագետի կողմից պատասխանատվության ենթարկվելուց հետո 30 օրվա ընթացքում չվերացնելու դեպքում.

4) պատասխանատու մասնագետի կողմից օրենքով սահմանված վերահսկողություն եւ հսկողություն իրականացնող անձանց կողմից՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում:

5) մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքում:

2. Սույն հոդվածի առաջին մասի  1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման պատճառի վերացումը, իսկ 5-րդ կետով նախատեսված դեպքում ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ՇՄԶ հավաստագրի գործողությունը կասեցվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

Հոդված 11.9. ՇՄԶ հավաստագրի գործողության դադարեցումը

1. ՇՄԶ հավաստագրի գործողությունը դադարեցվում է ՝

1) հավաստագիր ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) հավաստագրված մասնագետի մահվան դեպքում.

3) մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ սույն օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն հավաստագրի գործողությունը կասեցվելու դեպքում.

4) հավաստագրի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ հավաստագրով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ՇՄԶ հավաստագրի գործողությունը դադարեցվում է հավաստագրի ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

2. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով ՇՄԶ հավաստագրի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինն իրավունք ունի կասեցնել հավաստագրի գործողությունը մինչեւ դատարանի կողմից հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այս դեպքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը պարտավոր է հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել հավաստագրի գործողության կասեցման օրվանից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմում չներկայացվելու դեպքում հավաստագրի գործողության կասեցումը համարվում է վերացված:

4. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր ՇՄԶ հավաստագիր ստանալու ՇՄԶ հավաստագրի դադարեցվելուց մեկ տարի հետո:

5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դադարեցվում է դատական կարգով՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի դիմումի համաձայն:

6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով հավաստագրի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

7. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը դադարեցվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի որոշմամբ:

8. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով հավաստագրի գործողությունը համարվում է դադարեցված՝ հավաստագրված մասնագետի մահվան օրվանից:

Հոդված 11.10. Լիցենզավորված անձանց եւ ՇՄԶ հավաստագրված մասնագետների  ռեգիստրը

1. Լիցենզավորված անձանց եւ ՇՄԶ հավաստագրված մասնագետների   ռեգիստրն ստեղծում եւ վարում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը: Ռեգիստրի հիմնական նպատակը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց եւ ՇՄԶ հավաստագրված մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքումը, հաշվառումը, պահպանումը, գրանցամատյանի վարումը, մոնիթորինգի եւ վարկանիշավորման իրականացումը (ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում) եւ օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցումն ապահովելն է:

2. Գրանցամատյանի ձեւավորման եւ վարման կարգը, ինչպես նաեւ այն պետական մարմինների ցանկը, որոնց տրամադրվում է ռեգիստրից օգտվելու հասանելիություն հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Պետական քաղաքաշինական կադաստրը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը եւ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը»:

2.  7-րդ մասից հետո լրացնել 8-15-րդ մասերով.

«8. Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը քաղաքաշինության գործունեության վերահսկմանն ու բարելավմանն ուղղված տվյալների հավաքագրման, որակի գնահատման, վերլուծության եւ արդյունքների գրանցման միջոցառումների համախումբ է, որը ենթադրում է որոշակի մեթոդաբանությունների եւ գործիքների կիրառում:

9.  Վարկանիշավորումը դասակարգվում է, ըստ նվազման չորս աստիճանի՝

1) բարձրագույն.

2) բարձր.

3) միջին.

4) ցածր:

10. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորումը իրականացնում է հետեւյալ փուլերով՝

1) տվյալների հավաքագրում.

2) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանած չափորոշիչներին համապատասխան որակի գնահատում.

3) վերլուծություն եւ արդյունքների գրանցում:

11. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան բարձր, միջին եւ ցածր աստիճանների վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված անձանց եւ մասնագետների ռեեստրներում առկա տեղեկությունների հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով:

12. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը որակի գնահատման չափորոշիչներին համապատասխան, բարձր աստիճանի վարկանիշավորում ունեցող քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին բարձրագույն աստիճանի վարկանիշավորման նպատակով լիցենզավորված գործունեության որակի գնահատումն իրականացնում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից կամավորության սկզբունքով ներկայացված հայտի հիման վրա:

13. Բարձրագույն աստիճանի վարկանիշավորումը իրականացվում է որակի գնահատման հանձնաժողովի միջոցով:

14. Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման համար օրենքով կարող են նախատեսվել պետական տուրքեր:

15. Սահմանված մոնիթորինգի իրականացման կարգին համապատասխան քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց եւ ՇՄԶ հավաստագրված մասնագետների աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման մոնիթորինգի իրականացումը ապահովում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը: »:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումը, մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակները, ենթատեսակները եւ դասային աստիճանները

1. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակները եւ համապատասխան ենթատեսակները (որոնց համապաստասխան տրվում են ներդիրներ) դասակարգվում են դասային աստիճանների, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:

3. Քաղաքաշինության բնագավառում, ըստ դասային աստիճանների լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտները իրավունք ունեն լիցենզավորված գործունեություն իրականացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված համապատասխան ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտներում:

4. Քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակներն են՝

1) քաղաքաշինական փաստաթղթերի կազմումը՝ բացառությամբ կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի, որը դասակարգվում է I, II եւ III դասերի, եւ ունի հետեւյալ ենթատեսակներ.

ա. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին եւ արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային եւ հողմաէներգետիկ կայաններ).

բ. ջերմագազամատակարարում եւ օդափոխություն (օդափոխության, ջեռուցման եւ օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարաման եւ գազամատակարարաման համակարգեր).

գ. հիդրոտեխնիկական (հիդրոտեխնիկական կառուցվածքներ եւ համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ).

դ. ջրամատակարարում եւ ջրահեռացում (ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին եւ արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա).

ե. տրանսպորտային (տրանսպորտային ուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր եւ օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր եւ այլն).

զ. կապ (հեռահաղորդակցության եւ ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).

2) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, որը դասակարգվում է I եւ II  դասերի եւ ունի հետեւյալ ենթատեսակները.

ա. ճարտարապետություն (բացառությամբ պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցման եւ վերականգնման).

բ. քաղաքաշինություն եւ տարածական պլանավորում.

գ. պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների վերակառուցում, վերականգնում.

դ. բնակելի, հասարակական եւ արտադրական կառույցներ.

ե. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին եւ արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային եւ հողմաէներգետիկ կայաններ).

զ. ջերմագազամատակարարում եւ օդափոխություն (օդափոխության, ջեռուցման եւ օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարաման եւ գազամատակարարաման համակարգեր).

է. հիդրոտեխնիկական (հիդրոտեխնիկական կառուցվածքներ եւ համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ).

ը. ջրամատակարարում եւ ջրահեռացում (ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին եւ արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա).

թ. տրանսպորտային (տրանսպորտային ուղիներ, ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր եւ օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր եւ այլն).

ժ. կապ (հեռահաղորդակցության եւ ազդանշանային համակարգեր, հաղորդակներ,  ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).

ի. ինժեներաերկրաբանական հետախուզում.

3) Շինարարության իրականացում, որը դասակարգվում է I, II եւ III դասերի, եւ ունի հետեւյալ ենթատեսակները.

ա. բնակելի, հասարակական եւ արտադրական կառույցներ.

բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին եւ արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային եւ հողմաէներգետիկ կայաններ).

գ. ջերմագազամատակարարում եւ օդափոխություն (օդափոխության, ջեռուցման եւ օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարաման եւ գազամատակարարաման համակարգեր).

դ. հիդրոտեխնիկական (հիդրոտեխնիկական կառուցվածքներ եւ համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ).

ե. ջրամատակարարում եւ ջրահեռացում (ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին եւ արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա).

զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր եւ օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր եւ այլն).

է. կապ (հեռահաղորդակցության եւ ազդանշանային համակարգեր, հաղորդակներ,  ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).

4) շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որը դասակարգվում է I եւ II  դասերի եւ ունի հետեւյալ ենթատեսակները.

ա. բնակելի, հասարակական եւ արտադրական կառույցներ.

բ. էլեկտրամատակարարում (էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին եւ արտաքին ցանցեր, էլեկտրամատակարարման համակարգեր, ֆոտովոլտային եւ հողմաէներգետիկ կայաններ).

գ. ջերմագազամատակարարում եւ օդափոխություն (օդափոխության, ջեռուցման եւ օդի լավորակման համակարգեր, ջերմամատակարարաման եւ գազամատակարարաման համակարգեր).

դ. հիդրոտեխնիկական (հիդրոտեխնիկական կառուցվածքներ եւ համակարգեր, հիդրոէներգետիկ կառույցներ).

ե. ջրամատակարարում եւ ջրահեռացում (ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին եւ արտաքին ցանցեր, հիդրոմելորացիա).

զ. տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր եւ օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր եւ այլն).

է. կապ (հեռահաղորդակցության եւ ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ).

5) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայությունների մատուցումը, որը դասակարգվում է I եւ II  դասերի եւ ունի հետեւյալ ենթատեսակները.

ա. ինժեներաերկրաբանական հետախուզում.

բ. գեոդեզիա.

գ. շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ անձնագրավորում:

5. Քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակների դասակարգումը սահմանվում է, ըստ քաղաքաշինական գործունեության օբյեկտների ռիսկայնության աստիճանների եւ  համապատասխանաբար.

1) I դասի գործունեության տեսակը բնորոշվում է I, II, III, IV եւ V ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներում գործունեություն իրականացնելու կարողությամբ,

2) II դասի գործունեության տեսակը բնորոշվում է I, II եւ III ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներում գործունեություն իրականացնելու կարողությամբ,

3) III դասի գործունեության տեսակը բնորոշվում է I եւ II ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներում գործունեություն իրականացնելու կարողությամբ:»:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքաշինության բնագավառում շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների եւ ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ VIII.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  VIII.1

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 26.3. Պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները

1. Քաղաքաշինության բնագավառում էթիկայի կանոնները (այսուհետ՝ Էթիկայի կանոններ) պատասխանատու մասնագետի մասնագիտական գործունեության վարքագծի նորմեր են՝ ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության, մասնագիտական կատարելագործման, հանրության, գործընկերների եւ այլոց իրավունքների եւ օրինական շահերի ճանաչման վերաբերյալ:

2. Էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների եւ այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:

3. Էթիկայի կանոնները  չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:

Հոդված 26.4. Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգը եւ ներկայացվող պահանջները

1. Պատասխանատու մասնագետի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, պատասխանատու մասնագետների նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված քննությունն անցկացնում է պատասխանատու մասնագետների էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ Էթիկայի հանձնաժողով):

2. Էթիկայի կանոնների խախտումները քննելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվում է հասարակական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով:

3. Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող մարմնը պատահականության սկզբունքով ձեւավորում է Էթիկայի հանձնաժողով: Պատասխանատու մասնագետի գործատուի ներկայացուցիչը չի կարող ներգրավվել էթիկայի հանձնաժողովի կազմում:

4.  Էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձեւավորվում է պատասխանատու մասնագետի էթիկայի առանձին հանձնաժողով: Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել հանձնաժողովի անդամ:

5. Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ՝ քաղաքաշինության բնագավառի մասնագետների գրանցամատյանում գրանցված համապատասխան գործունեության տեսակի հավաստագիր ունեցող մասնագետներից կամ պատասխանատու մասնագետների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից, մեկ քաղաքաշինության բնագավառում գիտական աստիճան ունեցող  գիտնական, հոքեբան եւ մեկ իրավաբան:

6. Էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը նշանակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնից:

7. Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր:

7. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու առկայության դեպքում հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը:

8. Լիցենզավորող մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են:

9. Էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, Էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը, Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը հաստատում է լիցենզավորող մարմինը:

11. Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիցենզավորող մարմինը:

12. Էթիկայի հանձնաժողովում քննության են ենթակա պատասխանատու մասնագետի էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները:

13. Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերեւույթ արարքներ հայտնաբերելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝

ա. մերժել դիմումը.

բ. դադարեցնել գործի քննությունը սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում.

2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում՝

ա. Լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն առաջին անգամ խախտում կատարած պատասխանատու մասնագետին նկատողություն տալու վերաբերյալ,

բ. մեկ տարվա ընթացքում կրկին պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն պատասխանատու մասնագետին խիստ նկատողություն տալու վերաբերյալ,

գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնի խախտում կատարվելու դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ կասեցնել պատասխանատու մասնագետի հավաստագիրը՝ մեկ ամիս ժամկետով:

14. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունած եզրակացությունն մեկ օրվա ընթացքում ուղարկում է ծառայողական քննության կողմերին:

15. Էթիկայի հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված որոշումների հիման վրա լիցենզավորող մարմինը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է քաղաքաշինության բնագավառի տեսչական մարմնին՝ համապատասխան պատասխանատու մասնագետին կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթը շարունակելու նպատակով:

16. Լիցենզավորող մարմնը սահմանած կարգով վարում է մասնագիտական էթիկայի խախտում կատարած անձանց գրանցամատյանը:»:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածում «դատական կարգով» բառերը փոխարինել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 15. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից՝

1. վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝

1) հավաստագրման եւ թեստավորման իրականացման կարգը, հավաստագրերի ձեւերը.

2) լիցենզավորված անձանց եւ հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձեւավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վարկանիշավորման եւ մոնիթորինգի իրականացման կարգը.

3) շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների,  ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման եւ  քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող քաղաքաշինական աշխատանքների եւ ծառայությունների ցանկերը.

4) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների ՇՄԶ կազմակերպման եւ հավաստագրման հնգամյա ժամանակացույցը:

2. 24 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝

1) Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա կազմակերպությունների եւ մասնագետների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը.

2) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները:

3. Վեց ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է՝

1) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին եւ ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.

2) ՇՄԶ ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը եւ մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող կրեդիտների քանակը եւ դրանց շնորհման չափորոշիչները.

3) մասնագիտական հանձնաժողովների անհատական կազմը եւ աշխատակարգը.

4) լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության եւ մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը.

4. 24 ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը հաստատում է՝

1) թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.

2) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան  քաղաքաշինական գործունեության օբյեկտներում աշխատանքների եւ ծառայությունների իրականացման գործելակարգերը եւ պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.

3) հաստատում է մասնագիտական, Էթիկայի եւ որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության եւ գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձեւը.

4) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները:

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն