Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-503-25.04.2014,12.05.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ առանձին կարգավորումների միջոցով ձեւավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչեւ նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը՝ ապահովել քաղաքացիների ու գործատուների իրավունքների պաշտպանության եւ կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 76-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Հոդված 3. Գործատուն Օրենքի 5-րդ հոդվածով սահմանված վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է դիմում՝ նշելով.

1. Դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու եւ չփոխանցելու մասին,

2. Դիմում պետք է լինեն նաեւ հետեւյալ տվյալները՝

ա) գործատուի անվանումը, դիմումատուի անունը եւ ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը, ծննդյան տարեթիվը եւ ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

բ)դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը եւ այլն),

գ)դիմումը ներկայացնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը,

դ) դիմումատուի ստորագրությունը:

Դիմումատուի կողմից դիմումը առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուի՝ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում:

Հոդված 4. Սահմանել, որ.

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները եւ պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին` անկախ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու եւ փոխանցվելու հանգամանքից.

2. հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ ամսվա համար վճարման ենթակա համապատասխան գումարները եւ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին է փոխանցում տվյալ ամսվա կուտակային վճարի պարտավորությունը մարվելուց հետո,

3. մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի համար բացում է կենսաթոշակային հաշիվ` Օրենքի 10-րդ հոդվածի համաձայն,

4. սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ձեռք են բերվում մասնակցի կողմից Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի` կուտակային վճարին համարժեք քանակով փայեր,

5. Եթե մասնակիցը Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարել, ապա սույն հոդվածով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարների հաշվին ձեռք են բերվում պահպանողական կենսաթոշակային ֆոնդի փայեր՝ համաձայն Օրենքի 39-րդ հոդվածի:

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ եւ 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների շրջանակը, կուտակային վճար կատարելու ընթացակարգը, կուտակային վճարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու, կուտակային վճարների հաշվին կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու ընթացակարգերը:

Մասնավորապես,

1) Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է գործատուի` մասնակցի անունից պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորությունը,

2) սահմանված է, որ պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին այն դեպքում, երբ գործատուն մասնակցի անունից հաշվարկվում եւ կամուրջ հաշվին է փոխանցում պարտադիր կուտակային վճարը,

3) Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված է տույժեր` կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշմամբ ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել Օրենքի առանձին դրույթներ, որոնց ուժը կորցրած ճանաչվելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մինչ այդ, հունվար ամսին կայացրած աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանի վերջնական որոշման առանձին դրույթներ տեղիք են տալիս տարընթերցումների եւ ոչ միանշանակ մեկնաբանությունների: Ստեղծվել է իրավական խառնաշփոթ` խոչընդոտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին դրույթների միասնական կիրառումը եւ երկրի ու քաղաքացիների համար կարեւորագույն նշանակություն ունեցող բարեփոխումների ընթացքը: Արդյունքում, խնդիրներ են առաջանում թե պետության, թե գործատուների, թե վարձու աշխատողների համար:

Մյուս կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարվել իրավակիրառական պրակտիկայի առանձին խնդիրների, մասնավորապես, մինչեւ այդ որոշումն ընկած ժամանակահատվածի կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար տույժեր հաշվարկելուն:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը` սահմանելով, որ.

1) գործատուն ազատվում է վարձու աշխատող եւ պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու` Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պարտականությունից, եթե մասնակիցը գործատուին է ներկայացնում համապատասխան դիմում.

2) Վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների համար (անունից) կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը (գործատուն, հարկային գործակալը) ազատվում է Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից.

3) պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները Օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվում անկախ մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն կատարում է եկամտային հարկի պարտավորությունը եւ ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը (պետությունը կատարում է իր պարտավորությունը` անկախ մասնակցի կողմից կուտակային վճար կատարելու հանգամանքից):