Armenian ARMSCII Armenian
Կ-4081-29.11.2013,08.05.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 184. Ապօրինի գործողություններ պետական պարգեւների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների եւ պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ պատրաստելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 219-րդ եւ 220-րդ հոդվածներից հանել «184,» թիվը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 1-ին կետը «183,» թվից հետո լրացնել «184,» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։