Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3561-19.08.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Գովազդը տեսալսողական մեդիայում

1. Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ լսողական հաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):

2. Արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ: Օրվա եթերային ժամի հաշվարկը սկսվում է յուրաքանչյուր օր 00.00 ժամից:

3. Արգելվում է գովազդային ընդհատումը լրատվական հաղորդումների ժամանակ:

4. Արգելվում է գովազդը Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրում:

5. Արգելվում է տեսալսողական ծրագրի անվան մեջ ներառել այնպիսի բառ(եր), որը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գործող շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի կազմակերպչի անվանմանը:

6. Տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տեւողությունը եթերային 1 ժամվա ընթացքում չպետք է լինի 5 րոպեից ավելի:

7. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե տեսալսողական հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային տեսալսողական ծրագրով:

8. Տեսալսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդ:»

Հոդված 2. Oրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումներում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 10-րդ մասի առաջին պարբերության «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով,

2) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաեւ սույն օրենքով` տեսալսողական մեդիայում գովազդի համար արգելված ապրանքների եւ ծառայությունների` որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռարձակողների ծրագրերում:»,

3) 12.1-րդ մասը փոխարինել 13-րդ մասով՝ հետեւյալ խմբագրությամբ. «Հանրային հեռարձակողի ծրագրերում արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:»,

4) 14-րդ մասում «հեռուստառադիո» բառը փոխարինել «տեսալսողական» բառով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Տեսալսողական մեդիայի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման հաջորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գովազդի մասին» օրենքով սահմանված են գործունեության տեսակներ, որոնց գովազդը արգելված կամ սահմանափակված է: Այդպիսի գործունեության տեսակներից է խաղային բիզնեսը՝ օնլայն եւ ոչ օնլայն կազինոներ, բուքմեյքերներ, վիճակախաղեր, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր եւ այլն: Այսինքն շահումով խաղերի եւ վիճակախաղերի համար օրենսդիրը սահմանել է գովազդային էական սահմանափակումներ՝ նպատակ ունենալով մի կողմից պաշտպանել սպառողների շահերն ու իրավունքները, մյուս կողմից հասարակության շրջանում հնարավորինս չխթանել խաղամոլությունը: Սա ենթադրում է, որ այս մոտեցումը պետք է պահպանվի նաեւ տեսալսողական մեդիա դաշտի խաղացողների՝ բոլոր տեսակի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի գովազդների համար: Սակայն գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիա միջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճան նման լինել գովազդի մասին օրենքով սահմանափակումների ենթարկված շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի) եւ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ: Այսինքն սա հնարավորություն է տալիս ունենալ ռադիո կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ՝ ըստ էության դառնալով անուղղակի գովազդ: Հետեւաբար «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը գալիս է այն նպատակադրումից, որ բնակչությանը պաշտպանելու համար պետք է փակվեն նաեւ գովազդի հետ կապված սահմանափակումները անուղղակի շրջանցելու բոլոր տեսական հնարավորությունները: Այս համատեքստում, կարծում ենք, պակաս կարեւոր չէ նաեւ ազատ մրցակցային եւ հավասար դաշտի ապահովումը այդ շուկայի բոլոր խաղացողների համար, ինչը օրենքի նախագծի ընդունումով եւս կապահովվի:

Կարեւոր է նաեւ ժամանակային գործոնի հաշվի առնելը (մարդկանց հիշողություն, ապրանքանիշի անվան հետ առաջացող զգացողությունների, տպավորություններ, հիշողություններ), ուստի սույն օրենքով արգելվում է ունենալ տեսալսողական մեդիա միջոց, որի անվանը կամ ապրանքային նշանի անվանը նույնական կամ շփոթության աստիճան նման անվանումով ընկերություն վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղերի (ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:

Բացի այդ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2020 թվականի օգոստոսի 7-ին, որով սահմանվել են նոր կարգավորումներ տեսալսողական մեդիա դաշտի համար, ինչպես նաեւ սահմանվել են նոր հասկացություններ, որոնք արտացոլված չեն «Գովազդի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) տեսալսողական մեդիային վերաբերող իրավադրույթներում: Ավելին, ՀՀ Սահմանադրության համաձայն տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող լիազոր մարմինը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է, որը եւս Օրենքում ներկայացված է հին անվամբ, այն է՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողով:

Վերը նշվածի համատեքստում՝ պարզ է դառնում, որ Օրենքը՝ տեսալսողական մեդիա ոլորտի կարգավորման մասով, այլեւս ոչ արդիական նորմատիվ իրավական ակտ է, որը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք չեն համապատասխանում առկա համայնապատկերի բնութագրիչներին: Օրենքի այն հոդվածները, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիային վերաբերող հարաբերությունները հնացած են եւ համապատասխանում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքին, որն ուժը կորցրել է 2020 թվականին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է լրացում կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 43-րդ հոդվածում եւ փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» օրենքի այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիա ոլորտը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ եւ 24-րդ հոդվածները:

3. Ակնկալվող արդյունքը

Նշված փոփոխությամբ հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճան նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ, ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես արդի միաջազգային կարգավորումներին:

Օրենքի փոփոխությամբ կվերացվեն տեսալսողական մեդիա օրենսդրության հետ հակասությունները եւ կհստակեցվեն Օրենքում օգտագործվող հասկացությունները:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծով առաջարկվող լրացումը եւ փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականի ծրագրից:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) օրենքների նախագծերը,

բ) նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:

Օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պապոյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021)