Armenian ARMSCII Armenian
Կ-354-16.08.2022-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Խնամքի նպաստի իրավունք ունի նաեւ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող (այսուհետ՝ գյուղական բնակավայրում բնակվող) ծնողը, մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով: Սույն մասով ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմաններին եւ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2.1-ին մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ մասի եւ 2.1-ին մասի 1-3-րդ կետերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը «սույն» բառից հետո լրացնել «օրենքի 28.1-ին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28.1-ին հոդվածի 2-րդ մասում «4-րդ եւ 5-րդ կետերում» բառերը փոխարինել «4-րդ կետում» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 7.1

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ
(ՏՐՎՈՒՄ Է 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՈՂԻՆ)

Հոդված 28.2. Սույն գլխի դրույթների կիրառումը

Սույն գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո:

Հոդված 28.3. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ՝ խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող)՝ մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ամիսը՝ ներառյալ, եթե խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ ՝

1) ծնողը եւ երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2) երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում,

3) երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:

2. Օտարերկրյա քաղաքացի ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք, եթե բավարարում է սույն հոդվածով սահմանված պայմաններին եւ երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով:

3. Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

4. Խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

5. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ) գտնվող ծնողին (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող) խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ՝

1) առնվազն մեկ տարի անընդմեջ ծնողը հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով, եւ

2) խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

6. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու (վճարելու) համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28.4. Խնամքի նպաստ նշանակելը եւ վճարելը

1. Խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում) դիմումը, ծնողի եւ երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը (տվյալները), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաեւ մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո՝ ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների:

2. Խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

3. Խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը մինչեւ երեխայի երկու տարին լրանալը ներկայացվելու դեպքում՝

1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

4. Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում՝

1) խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, եւ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրացել է դիմելու օրվա դրությամբ, եւ դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

5. Օտարերկրյա քաղաքացի ծնողին խնամքի նպաստը նշանակվում է սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում նշված ժամկետների հաշվառմամբ, սակայն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառվելու երեք տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից ոչ շուտ:

6. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչեւ խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն: Սույն հոդվածում խնամքի արձակուրդն ավարտվելու օր է համարվում աշխատանքը վերսկսելու օրվան նախորդող օրը:

7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է 28.3-րդ կետի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ գործատուներից որեւէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում եւ վճարվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով:

8. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչեւ խնամքի արձակուրդը սկսվելու ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 10-րդ մասի համաձայն:

9. Եթե խնամքի նպաստը նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա այդ չափով խնամքի նպաստը վճարվում է մինչեւ խնամքի արձակուրդը ընդհատվելու կամ գյուղական բնակավայրի հաշվառումից դուրս գալու ամիսը՝ ներառյալ, բայց ոչ ավելի, քան մինչեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը: Խնամքի նպաստի նշանակման համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է սույն հոդվածի 11-րդ մասի համաձայն:

10. Եթե խնամքի նպաստ նշանակվել է սույն օրենքի 28.3-րդ կետի 4-րդ մասով սահմանված չափերից որեւէ մեկով, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) 28.3-րդ կետի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում եւ չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող,

2) 28.3-րդ կետի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում:

11. Եթե խնամքի նպաստ նշանակվել է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին, ապա խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու ամսվան նախորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը վճարվում է՝

1) 28.3-րդ կետի 5-րդ մասով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվել է խնամքի արձակուրդում,

2) 28.3-րդ կետի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվել խնամքի արձակուրդում:

12. Խնամքի նպաստը նշանակվում եւ վճարվում է մինչեւ երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը:

13. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող ծնողին (այդ թվում՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին) եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո խնամքի արձակուրդն ընդհատվել է, ապա խնամքի արձակուրդն ավարտվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով:

14. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա խնամքի արձակուրդում գտնվելու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստը չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափով:

15. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը կամ երեխան դուրս են եկել գյուղական բնակավայրի հասցեով հաշվառումից, ապա հաշվառումից դուրս գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար սահմանված չափով:

16. Եթե խնամքի նպաստը նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում գտնվող խնամքի նպաստ նշանակելուց հետո լրանում է գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին կամ նշանակվել է (վճարվում է) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին եւ խնամքի նպաստ նշանակելուց հետո ծնողը ձեռք է բերել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի կարգավիճակ, ապա այդ հանգամանքներն առաջանալու գալու ամսվան հաջորդող՝ խնամքի նպաստի իրավունք ունենալու ամիսների համար խնամքի նպաստի չափը ինքնաշխատ եղանակով փոխվում է եւ վճարվում է խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար սահմանված չափով:

17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը եւ որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում՝ նաեւ մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում նշված պայմաններին) կամ

2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով: Եթե ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա:

20. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ ծնողին կամ նրա փոխարեն խնամքի նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:

21. Խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է նաեւ ծնողի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով խնամքի նպաստը վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են տարածքային բաժին:

22. Խնամքի նպաստը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով խնամքի նպաստ չի վճարվում:

23. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո խնամքի նպաստը տվյալ լիազորագրով չի վճարվում:

24. Խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելը նպաստի գումարը ծնողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին կամ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի (այսուհետ՝ Ազգային օպերատոր) անկանխիկ փոստային վճարային ծառայությունների միջոցով խնամքի նպաստի գումարը ծնողի հաշվարկային հաշվին փոխանցելն է: Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հոդված 28.5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը եւ վերականգնելը, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելը եւ վերսկսելը, չվճարված խնամքի նպաստի գումարը վճարելը

1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի երկու տարեկանը լրանալու դեպքում.

2) երեխայի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպություն ընդունվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.

4) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ երեխայի կամ ծնողի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու դեպքում,

6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.

7) երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում.

8) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ տասներկու ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու դեպքում:

2. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան հանգամանքն առաջանալու (հայտնաբերվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Խնամքի նպաստ վճարելը դադարեցվում է՝

1) ծնողի՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում՝ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու օրվանից.

2) խնամքի նպաստը լիազորագրով վճարվելու դեպքում (ներկայացվել է խնամքի նպաստը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) ծնողին կամ նրա լիազորած անձին տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու դեպքում՝ տասներկուերորդ ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

4. Ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված 12 ամսյա ժամկետները կիրառվում են ծնողի մահվան ամսվանից:

5. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Այս դեպքում նույն երեխայի համար խնամքի նպաստի իրավունք կրկին ձեռք բերելու դեպքում խնամքի նպաստ նշանակվում է դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

6. Խնամքի նպաստը վճարելը վերսկսվում է սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվելու դեպքում՝ խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դիմումի հիման վրա, դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից:

7. Խնամքի նպաստ վճարելը վերսկսվում է, եթե ծնողը դիմելու օրվա դրությամբ ունի խնամքի նպաստի իրավունք:

8. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա խնամքի նպաստի գումարի հետ՝ մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամբողջ ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա խնամքի նպաստի գումարը) վճարվում է միանվագ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Չվճարված նպաստի գումարը նախորդող ժամանակահատվածի ամիսների համար վճարվում է սույն օրենքի 28.4-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ մասերով սահմանված չափով:

9. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի դիմումի հիման վրա, դիմումը մինչեւ երեխայի երեք տարեկանը լրանալը ներկայացնելու դեպքում՝ անկանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

10. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է երեխայի օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, որդեգրողին), եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

11. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու եւ չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի (տվյալների) ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 7. Օրենքի 7-րդ գլխի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը: Այս դեպքում Օրենքի 27-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգավորումը կիրառվում է, եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հոդված 8. Օրենքի 7-րդ գլուխը 2025 թվականի հունվարի 1-ից ճանաչել ուժը կորցրած:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաեւ երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող եւ փաստացի բնակվող ծնողին (այսուհետ՝ գյուղաբնակ ծնող)՝ անկախ աշխատելու հանգամանքից:

Առաջիկա տարիներին ծնելիության կայուն աճ ապահովելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ հանրապետության բնակչության թվի էական աճ գրանցելու նախադրյալների ստեղծման նպատակով Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի:

Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին՝ անկախ նրանց աշխատելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից:

Նման մոտեցման հիմքում ընկած է 2 փաստ: 2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաեւ չաշխատող՝ գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողները արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքներում երեխային խնամելը նույնպես ծախսատար է եւ արժանի է պետական հոգածության:

Բացի այդ, նախորդ տարիների իրավակիրառ պրակտիկան ցույց տվեց, որ գյուղաբնակ ծնողի համար խնամքի նպաստի իրավունքի իրացման առանձնահատկություն սահմանելը չի ծառայում իր նպատակին, քանի որ գործնականում քաղաքացիների հաշվառման եւ փաստացի բնակության վայրերը տարբեր են: Ըստ այդմ, խնամքի նպաստի նոր գաղափարախոսությունից (այս նպաստի իրավունք տրվում է բոլոր ծնողներին՝ անկախ հաշվառման կամ փաստացի բնակության վայրից) ելնելով՝ նշված առանձնահատկությունը նպատակահարմար է վերանայել (հանել):

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխվում է խնամքի նպաստի գաղափարախոսությունը, անհրաժեշտություն է առաջանում վերանայել խնամքի իրավունքի իրացման՝ նշանակման, վճարման, ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու պայմանները, սահմանել տարբերակված չափեր:

Գործող իրավակարգավորումներով խնամքի նպաստի չափը սահմանում է Կառավարությունը: Քանի որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողը կորցնում է իր եկամուտը մասը, նպատակահարմար է խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը սահմանել ավելի բարձր:

Հարկ է նշել, որ համանման մոտեցում կիրառված է մայրության նպաստի համակարգում՝ աշխատող ծնողի մայրության նպաստը հաշվարկվում է եկամտից, իսկ չաշխատող ծնողինը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առաջարկվում է ընդունել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը»:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

1) խնամքի արձակուրդում գտնվող ծնողին՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,

2) խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ կվճարվի խնամքի արձակուրդում գտնվող եւ չգտնվող ծնողերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված՝ խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները՝ նախագծով առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները՝ դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետի կատարումը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, մասնավորապես՝ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից:

Արդյունքում, 2023 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների ծնողներին նշանակվելու է խնամքի նպաստ անկախ բնակության վայրի հասցեից: Այսինքն, ի տարբերություն գործող կարգավորումների, խնամքի նպաստ նաեւ քաղաքաբնակ չաշխատող մայրերի:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը ներկայացված են ՀՀ 2023-2025 թվականների ՄԺԾԾ հայտով՝ 17.6 մլրդ դրամի չափով: Ճշգրտված փաստացի տվյալներով, նվազագույն ամսական աշխատավարձը 75000 դրամ սահմանելու դեպքում կպահանջվի հատկացնել 20.4 մլրդ դրամ:


Տեղեկանք

Մինչեւ 2 տարեկան երեխայի ծննդյան միանվագ նպաստի գծով ծախսերի 2022թ փաստացի (29.06.2022 դրությամբ ), սպասողական եւ 2023 թ կանխատեսումների վերաբերյալ

Ցուցանիշներ

29.06.2022 դրությամբ փաստացի

2022թ սպասողական

2023թ

Երեխաների միջին ամսական թիվը, մարդ

Ամսական գումարը /դրամ/

Ծախսը /հազ.դրամ /

Երեխաների միջին ամսական թիվը, մարդ

Ամսական գումարը /դրամ/

Ծախսը /հազ.դրամ /

Երեխաների միջին ամսական թիվը, մարդ

Ամսական գումարը /դրամ/

Ծախսը /հազ.դրամ /

Ընդամենը

40,444

 

7,527,920

42,304

 

15,714,785

47,728

 

20,350,685

աշխատող ծնողի մասով /քաղաքաբնակ/

13,162

28,600

2,258,599

14,362

28,600

4,929,038

14,506

37,500

6,527,700

չաշխատող ծնողի մասով /քաղաքաբնակ /

           

5,000

30,700

1,842,000

աշխատող ծնողի մասով /գյուղաբնակ /

3,425

57,200

1,175,460

3,485

57,200

2,392,104

3,520

68,200

2,880,768

չաշխատող ծնողի մասով /գյուղաբնակ/

23,857

28,600

4,093,861

24,457

28,600

8,393,642

24,702

30,700

9,100,217


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն