Armenian ARMSCII Armenian
Կ-332-07.07.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետից հետո լրացնել նոր բովանդակությամբ 1-9 կետեր՝

«1. հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման եւ անցկացման կարգը.

2. հաստատում է միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը.

3. հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.

4. հաստատում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման եւ վնասազերծման կարգը.

5. հաստատում է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը.

6. հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները.

7. հաստատում է հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները.

8. հաստատում է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները, հրապարակի անվտանգության պահանջները, հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը.

9. հաստատում է ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները:»:

Հոդված 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, վեցամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: