Armenian ARMSCII Armenian
Պ-320-29.06.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 43-րդ մասում «հինգհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում  հսկիչ դրամարկղային մեքենաներով  իրացման շրջանառության  մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 2.   Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ մասում «հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի՝ տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով  իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 3.  Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47-րդ մասով.

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17.3-րդ մասով նախատեսված ցուցանակը վնասելը, թաքցնելը կամ դրա տեսանելիությունը նվազեցնելը կամ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR (արագ արձագանքման) կոդ չունենալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4.   Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը «40-45-րդ» բառերից հետո լրացնել «, 47-րդ» բառով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետ՝ երեք ամսվա ընթացքում: