Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-301-17.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, չորրորդ պարբերությամբ.

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ www.elections.am:».

2) 6-րդ մասում «տեղադրվում հանձնաժողովի համացանցային կայքում» բառերը փոխարինել «տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում» բառերով.

3) 7-րդ մասից հանել «, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների» բառերը.

4) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության եւ ընտրությունների արդյունքների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ընդունվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակում է ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում՝ նաեւ ընտրություններ անցկացվող համայնքների ցանկը:».

5) 10-րդ մասից հանել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները:» նախադասությունը.

5) 11.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպությունը՝ համապատասխան տեխնիկական հնարավորությունների դեպքում, իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մասնագիտացված կազմակերպության հետ կնքում է համապատասխան պայմանագիրը:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ տեղամասային կենտրոնի համարը:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում մասնագիտացված կազմակերպության կողմից տեսանկարահանվում եւ հեռարձակվում են նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները: Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:

Մասնագիտացված կազմակերպության կողմից ընտրական տեղամասում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում իրականացված տեսանկարահանված նյութերը հասանելի են մնում մասնագիտացված կազմակերպության համապատասխան կայքում մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը: Կազմակերպության հետ կնքված պայմանագրով կարող է նախատեսվել ավելի երկար ժամկետ: Տեսանկարահանված նյութերի պատճենները՝ գրավոր դիմումի հիման վրա, կարող են տրամադրվել ընտրական հանձնաժողովներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի շրջանակներում՝ պատճենահանման ինքնարժեքի վճարման պայմանով: Դիմումը կարող է ներկայացվել մինչեւ ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ դատարանի որոշում ընդունելը: Դիմումը պետք է ներառի այն ընտրական տեղամասի համարը, որի տեսանկարահանված նյութերից պահանջվում է պատճենը, եւ դիմումի հետ պետք է ներկայացվի մասնագիտացված կազմակերպության սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ:

Տեսանկարահանված նյութերն արխիվացնում է մասնագիտացված կազմակերպությունը եւ պահպանում ընտրական փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:».

6) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 8.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 10-րդ հոդվածի.

1) 3-րդ մասում «Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան ծանուցում: Դիմումի եւ ծանուցման ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերով.

2) 3.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

3) «3.1. Ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչեւ ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու եւ իրենց նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից եւ լրացնում նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Լիազոր մարմինը դիմողին տրամադրում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու եւ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում լրացնելու մասին ծանուցում: Դիմումի եւ ծանուցման ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այլ անձի անունից դիմում ներկայացվելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել լիազորագիր:

Տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».

4) 4-րդ մասում «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչեւ ժամը 14.00-ն» բառերը փոխարինել «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի դիմումի հիման վրա, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ` մինչեւ ժամը 14.00-ն» բառերով.

5) 5-րդ մասում «Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի եւ տեղեկանքի ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում եւ այդ մասին նրան տրամադրում ծանուցում: Դիմումի եւ ծանուցման ձեւերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:» բառերով.

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ մասում «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 10 օր եւ 6 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 10 օր եւ 6 օր առաջ» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր, 15 օր եւ 9 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 30 օր, 15 օր եւ 9 օր առաջ» բառերով.

7) 11-րդ մասում «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր, 5 օր եւ 3 օր առաջ» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր եւ 5 օր առաջ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.

«Տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ առանձին բաժնում ներառվում են նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասում ընդգրկված ընտրողների ցուցակը:».

2) 4-րդ մասում «մինչեւ 1200» բառերը փոխարինել «մինչեւ 1000».

3) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 12-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «իսկ արտահերթ ընտրությունների դեպքում» բառերը փոխարինել «իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություն նշանակելու վերաբերյալ հրամանագիրն ընդունվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` ընտրություն նշանակելու վերջնաժամկետի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ ըստ համայնքների, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ընտրական տեղամասերի:

Լիազոր մարմինն ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ քվեարկության օրվանից 15օր եւ 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ՝ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ ըստ մարզերի (Երեւան քաղաքի) եւ ընտրական տեղամասերի, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների դեպքում՝ ըստ Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ ընտրական տեղամասերի:

Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երեւանի ավագանու) ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը ընտրական տեղամասերը կազմավորելուց հետո՝ երկօրյա ժամկետում, ինչպես նաեւ քվեարկության օրվանից 15 օր եւ 8 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի:

Սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակները լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է տրամադրում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ:

Լիազոր մարմինը սույն մասում նշված տեղեկանքները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:».

3) 3-րդ մասից հանել «(այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 13-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում «արտահերթ ընտրությունների» բառերը փոխարինել «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների» բառերով.

2) 3-րդ մասում «իսկ արտահերթ ընտրությունների» բառերը փոխարինել «իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների» բառերով.

3) 4-րդ մասից հանել «, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի» բառերը.

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, որոնք պահպանվում են մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու դեպքում՝ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը: Նշված ժամկետների ավարտից հետո ընտրողների ստորագրված ցուցակները կամ դրանցից քաղվածքներ կարող են տրամադրվել բացառապես ընտրական գործերի քննության շրջանակներում: Ընտրողների ստորագրված ցուցակների էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահպանվում է քվեարկությունից հետո հինգ տարի ժամկետով:

Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության են հանձնվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար:»:

Հոդված 8. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջ» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ)» բառերը.

Հոդված 10. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «ավելի քան 2000 ընտրող» բառերը փոխարինել «ավելի քան 2200 ընտրող» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «լրացուցիչ պահանջները սահմանում է» բառերը փոխարինել «լրացուցիչ պահանջները ըստ անհրաժեշտության սահմանում է» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2.1-րդ մասում «բայց ոչ ուշ, քան մինչեւ քվեարկության օրը» բառերը փոխարինել «բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 19-րդ հոդվածի.

1) 1.3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել

2) 1.4-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը հանել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ ոչ ուշ, քան 25 օր առաջ, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ, մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) 6.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.1. Այն կազմակերպությունները, որոնց ղեկավար մարմնի որեւէ անդամ միաժամանակ հանդիսանում է ընտրություններին (հանրաքվեին) մասնակցող կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամ, ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումն ընկած ժամանակահատվածում չեն կարող բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ: Սույն հոդվածով սահմանված արգելքը տարածվում է նաեւ այն կազմակերպությունների վրա, որոնց հիմնադիրը (հիմնադիրները) կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել է որպես թեկնածու:»:

Հոդված 14. Օրենսգրքի 20-րդ հոդվածի.

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն եւ հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական ծրագրերի մասին հաղորդումներ կամ թողարկումներ հրապարակելիս պարտավոր են ապահովելով անկողմնակալություն, հավասարակշռվածություն, գնահատականներից զերծ տեղեկատվություն եւ հավասար պայմաններ:

Ազգային ժողովի եւ 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճերի թեման, ձեւաչափը եւ կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում նախընտրական բանավեճերի քանակը չպետք է պակաս լինի երեքից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տեւողությամբ, իսկ բանավեճերից առնվազն մեկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հավասար թվով նախընտրական բանավեճերի:

70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կազմակերպում է առնվազն մեկական, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ առնվազն երկու նախընտրական բանավեճ, որոնց մասնակցության հավասար պայմաններ են ապահովվում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար: Նախընտրական բանավեճի տեւողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:

Հանրային ռադիոն եւ հանրային հեռուստաընկերությունը ողջամիտ հաճախականությամբ հեռարձակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած սոցիալական գովազդները եւ տեղեկատվական հոլովակները:».

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաեւ թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող մասնավոր հիմունքներով հեռուստառադիոհեռարձակում, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով եւ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների վրա՝ անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս բոլոր հեռարձակողների վրա:

Թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները Ազգային ժողովի ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 5 օր հետո, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման ժամկետից 5 օր առաջ իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին արժեքը, եւ որը մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:».

3) 9-րդ մասում «մինչեւ ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը» բառերը փոխարինել «երեք ամիս» բառերով.

4) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացնում է հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում (մոնիտորինգ): Այդ նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մշակում եւ Ազգային ժողովի եւ եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 2 օր հետո հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վերգետնյա, կաբելային եւ արբանյակային կապով եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը:».

5) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «12. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ՝ ոչ ուշ, քան նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաեւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր առաջ, հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության ժամանակահատվածում սույն հոդվածի պահանջների կատարման մշտադիտարկման արդյունքները եւ հանձնաժողովի եզրակացությունը՝ հեռուստառադիոհեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում սույն մասով նշված եզրակացությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրապարակում եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում ընտրության երկրորդ փուլի արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից 2 օր առաջ:».

6) 14-րդ մասում «անվճար եթերաժամերի» բառերը փոխարինել «անվճար եւ վճարովի եթերաժամերի» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 20.1-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անվճար կամ վճարովի քարոզչություն իրականացնելիս թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովում են ոչ խտրական եւ ոչ կողմնակալ պայմաններ:».

2) 2-րդ մասում «վճարովի հիմունքներով գովազդային նյութեր եւ տեսանյութեր» բառերը փոխարինել «վճարովի հիմունքներով նյութեր եւ տեսանյութեր» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 21-րդ հոդվածի.

1) 2-րդ մասի 2-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների, վերելակներում), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի եւ տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա եւ այլն), սակայն ոչ ավելի, քան մինչեւ 5 քառակուսի մետր մակերեսով կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:».

2) 4-րդ մասում «10 000 եւ ավելի ընտրող» բառերը փոխարինել «4000 եւ ավելի ընտրող» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակներն ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու համար ընտրությունները նշանակվելուց հետո` ոչ ուշ, քան սույն օրենսգրքով սահմանված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման ժամկետից 5 օր առաջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են տեղեկատվություն՝ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ: Տեղեկությունները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Այն վահանակները, որոնք բացակայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցանկում, հետագայում չեն կարող տրամադրվել ընտրություններին մասնակցող կուսակցություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս տեղեկությունները տեղադրում է հանձնաժողովի համացանցային կայքում: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր տեղադրելու համար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձեւով: Այս տեղեկությունների հիման վրա արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջեւ բաշխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիման վրա ընտրություններին մասնակցող կուսակցությունն արտաքին գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության հետ կնքում է պայմանագիր` քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութ փակցնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից պայմանագիր չկնքվելու դեպքում գովազդային վահանակը տնօրինողն ազատ է կնքելու այլ պայմանագիր՝ այդ վահանակն այլ նպատակներով օգտագործելու: Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ վերելակներում տեղակայված քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:

Լուսադիոդային գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները կարող են իրենց վահանակները տրամադրել թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչական նյութեր տեղադրելու համար, եթե սույն մասով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան հայտ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կարողանում են ապահովել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը քվեարկության օրը եւ դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում:»:

Հոդված 17. Օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ անմիջականորեն ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին» բառերը փոխարինել «, համայնքների ղեկավարներին» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 26-րդ հոդվածի շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Նախընտրական հիմնադրամի ձեւավորումը

1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 5 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները եւ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձեւավորելու իրավունք չունեն: Ազգային ժողովի եւ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները՝ հավաքվում են Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում մասնաճյուղ ունեցող որեւէ առեւտրային բանկում: Այս բանկերի ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Նախընտրական հիմնադրամ ձեւավորելու նպատակով, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) դիմումների հիման վրա, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում միաժամանակ երկու եւ ավել ավագանինների ընտրություններին մասնակցող կուսակցություններն ունենում են մեկ նախընտրական հիմնադրամ:

3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է`

1) իր կատարած մուծումներից.

2) իրեն առաջադրած կուսակցության կատարած մուծումներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներից:

4. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձեւավորվում է`

1) այդ կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) կատարած մուծումներից.

2) ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի կատարած մուծումներից.

3) ընտրելու իրավունք ունեցող անձանց մուծումներից:

5. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում չնշված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաեւ նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները:

6. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարող ֆիզիկական անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի սերիան եւ համարը, որը հրապարակման ենթակա չէ:

8. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:

9. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

10. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:»:

Հոդված 19. Օրենսգրքի 27-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը կարող են չներառվել նախընտրական հիմնադրամում» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը համարվում են հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«3. Եթե վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե հիմնավորվում է, որ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, եւ եթե վարույթի արդյունքում հիմնավորվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով:».

4) 8-րդ մասում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերով.

Հոդված 20. Օրենսգրքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաեւ 20-րդ օրը, ինչպես նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության նպատակով կատարված եւ հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր եւ այլն):

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձեւը ներառում է նաեւ ուղեցույց հայտարարագիրը կազմելու եւ ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը, մուծման գումարի չափը եւ մուծումներ կատարած անձանց անունը, ազգանուն.

2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 21. Օրենսգրքի 31-րդ հոդվածի.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով կամ թղթային եղանակով: Հավատարմագրվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպությանը տրամադրում է օգտահաշիվ դիտորդների տվյալները մուտքագրելու համար: Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել մինչեւ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ ժամը 18:00-ն:

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ներկայացնել իրենց կանոնադրության պատճենը հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից կամ կնքված կազմակերպության կնիքով եւ դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին եւ սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Հասարակական կազմակերպությունները կարող են հավատարմագրվել եւ դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ: Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները հանդես են գալիս մեկ միասնական անվան ներքո: Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում, համատեղ դիտորդություն իրականացնող կազմակերպությունների կանոնադրություները, վարքագծի միասնական կանոններ: Համատեղ դիտորդական առաքելությունը իրականավցելու դեպքում տրամադրվում է մեկ օգտահաշիվ, իսկ առաքելությունն իրականացվում է դիտորդների մեկ միասնական ցանկով:

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում եւ անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման եւ ուսուցման մասին:»,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե՝

1) չեն ներկայացվել հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

2) կազմակերպության (համատեղ դիմումի դեպքում՝ կազմակերպություններից որեւէ մեկի) կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջները.

3) դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ.

4) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին.

5) դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման մասին.

6) կամ տվյալ կազմակերպության կառավարման մարմնի որեւէ անդամ մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:»,

3) Հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչում դիտորդական կազմակերպության հավատարմագրումը, եթե՝

1) հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր.

2) Կազմակերպությունը աջակցում է որեւէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որեւէ կուսակցության:»

4) 8-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով կամ թղթային եղանակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ: Հավատարմագրվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում է օգտահաշիվ: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել մինչեւ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ ժամը 18:00:»:

Հոդված 22. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 35-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքներն), ինչպես նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչեւ 3 լիազոր ներկայացուցիչ:».

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) նախընտրական քարոզչության կազմակերպման նպատակով՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների անունից կնքելու քաղաքացիաիրավական պայմանագրեր:».

3) 8-րդ մասում «համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերը փոխարինել «մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 41-րդ հոդվածի.

1) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ իր սահմանած ժամանակացույցին համապատասխան, կարող է կազմակերպել ընտրությունների անցկացման վերաբերյալ գործնական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամների համար:»:

Հոդված 25. Օրենսգրքի 42-րդ հոդվածի.

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող եւ պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք:».

2) 4-րդ մասում «60 օր առաջ» բառերը փոխարինել «100 օր առաջ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ մասով.

«7.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ հասարակական կազմակերպության (բացառությամբ սպորտային եւ մշակույթային) անդամ:»:

Հոդված 26. Օրենսգրքի 43-րդ հոդվածի.

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք եւ բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում:».

2) 4-րդ մասում «կարող են սահմանվել դիմումները ներկայացնելու ավելի կարճ ժամկետներ» բառերը փոխարինել «դիմումները կարող են ներկայացվել հայտարարության հրապարակման օրվանից հետո երեք օրվա ընթացքում» բառերով.

3) 9-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Այս դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:»:

Հոդված 27. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասում «արտահերթ ընտրությունների» բառերը փոխարինել «Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 7-րդ մասում «3 օրացուցային ամսվա» բառերը փոխարինել «2 օրացուցային ամսվա» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետում «հանձնաժողովի անդամը» բառերը փոխարինել «հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 50-րդ հոդվածի.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ.

«Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջ կարող է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ՝ ընտրության արդյունքներն անփոփելու ժամկետից մինչեւ 3 օր առաջ:».

2) 1.1.-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վերահաշվարկի աշխատանքները սկսելու ժամկետը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իր սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:».

3) 6-րդ մասում «առաջին հերթին» բառերը փոխարինել «երկրորդ հերթին» բառերով.

4) 7-րդ մասում «վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերը փոխարինել «բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերով.

5) 7-րդ մասում «երրորդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում» բառերը փոխարինել «երրորդ հերթին վերահաշվարկում է վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները» բառերով.

6) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ներկայացված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկն իրականացվում է որոշումը ստանալուց անմիջապես հետո:».

7) 12-րդ մասում «4 ժամը» բառերը փոխարինել «3 ժամը» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 32. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «70 000 ու ավելի ընտրող ունեցող՝» բառերը.

Հոդված 34. Օրենսգրքի 59-րդ հոդվածի.

1) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քվեաթերթիկները տպագրվում են ինքնաբացարկի համար սույն օրենսգրքով սահմանված առավեագույն ժամկետի ավարտից հետո՝ լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 15 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա, որ հնարավոր լինի ապահովել քվեարկությունը:».

2) 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի կամ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ:».

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրությունների ժամանակ թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը քվեաթերթիկներից հանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ինքնաբացարկի կամ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու հետեւանքով քվեարկությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշմամբ տպագրվում է նաեւ դեմ քվեարկությամբ առանձին քվեաթերթիկ:»:

Հոդված 35. Օրենսգրքի 64-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 1-ին կետում «մինչեւ 1200 ընտրողի» բառերը փոխարինել «մինչեւ 1000 ընտրողի» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետում «մինչեւ 1200 ընտրողի» բառերը փոխարինել «մինչեւ 1000 ընտրողի» բառերով.

3) 2-րդ մասում «հանում է քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, կնիքը» բառերը փոխարինել «հանում է կնիքը» բառերով.

4) 2-րդ մասում «Հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ հատկացվում է» բառերը փոխարինել «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանից հանում է հարյուր ինքնասոսնձվող դրոշմանիշ եւ հատկացնում» բառերով:

Հոդված 36. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական՝ երկու դիտորդ» բառերը:

Հոդված 37. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 14-րդ մասում «քվեարկության նախապատրաստման» բառերը փոխարինել «քվեարկության նախորդ օրը» բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քվեարկության ծրարի մեջ մեկից ավելի քվեաթերթիկներ գտնվելու դեպքում հաշվարկում ընդգրկվում է միայն սահմանված նմուշի քվեաթերթիկը:

Ավելորդ գրառում պարունակող, սահմանված նմուշից տարբերվող, քվեաթերթիկից բացի այլ իր պարունակող քվեարկության ծրարի դեպքում քվեաթերթիկը ծրարից չի հանվում, քվեարկության ծրարը դրանում գտնվող քվեաթերթիկի հետ անհապաղ մարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Քվեարկության ծրարն իր պարունակությամբ մարվում է այնպես, որ վերահաշվարկի ժամանակ հնարավոր լինի հաստատել մարման հիմքերի առկայությունը: Մարված քվեարկության ծրարների ընդհանուր թիվը հաշվվում եւ արձանագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:»:

Հոդված 39. Օրենսգրքի 69-րդ հոդվածի.

1) 1-ին մասից հանել «, կամ ծրարում, քվեաթերթիկից բացի, առկա է այլ իր» բառերը.

2) 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 40. Օրենսգրքի 71-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում)».

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են լուսանկարել կամ տեսանկարահանել ընտրական տեղամասում կազմված քվեարկության արդյունքների արձանագրությունը:

Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրություններով եւ հանձնաժողովի կնիքով:».

3) 9-րդ մասից հանել «արձանագրության մեկ քաղվածք,» բառերը:

Հոդված 41. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ արձանագրության մեկ քաղվածք» բառերը:

Հոդված 42. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի.

1) 3-րդ եւ 4-րդ կետերում «հանձնաժողովին հատկացված» բառերը փոխարինել «հանձնաժողովներին հատկացված» բառերով.

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում).»:

Հոդված 43. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի

1) 3-րդ եւ 4-րդ կետերում «հանձնաժողովին հատկացված» բառերը փոխարինել «հանձնաժողովներին հատկացված» բառերով.

2) 11-րդ կետից հետո լրացնել 11.1-րդ կետով.

«11.1) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում).»:

Հոդված 44. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության ոլորտի լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 45. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 46. Օրենսգրքի 84-րդ հոդվածի.

1) 2-րդ մասի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության ոլորտի լիազոր մարմնի» բառերով.

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը» բառերը փոխարինել «կրթության ոլորտի լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 3-րդ մասում «համացանցային կայքում ապահովում է կուսակցությունների ընտրական ցուցակների եւ նախընտրական ծրագրերի հրապարակայնությունը» բառերը փոխարինել «համացանցային կայքում հրապարակում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները եւ նախընտրական ծրագրերը» բառերով:

Հոդված 48 . Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 49. Օրենսգրքի 90-րդ հոդվածի.

1) 3-րդ մասում «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, իսկ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուները՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն» բառերով.

2) 4-րդ մասում «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն» բառերով:

Հոդված 50. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «մինչեւ Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ սահմանադրական դատարանի որոշում ընդունելը» բառերը փոխարինել «մինչեւ Ազգային ժողովի պատգամավորներին մանդատներ տրամադրելու արձանագրության կազմումը» բառերով:

Հոդված 51. Օրենսգրքի 92-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «նշված նվիրատվություններից» բառերը փոխարինել «նշված մուծումներից» բառերով.

2) 2-րդ մասում «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով.

3) 3-րդ մասում «նվիրատվություն կատարել» բառերը փոխարինել «կատարել մուծում» բառերով.

4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ.

«Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչեւ 200 000-ապատիկի չափով գումար:»:

Հոդված 52 . Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանրային ռադիոյի եւ հանրային հեռուստատեսությանեթերաժամերից ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվճար եւ վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

Հոդված 53. Օրենսգրքի 93.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 54 . Օրենսգրքի 94-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համարին համապատասխան սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) քվեաթերթիկի առկայությունը:

Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում:»:

Հոդված 55. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ գրանցելով ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի պատգամավորներին գրանցելու վերաբերյալ արձանագրությունը կազմվում է Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 5-րդ օրը, իսկ այդ որոշմանը դատարան բողոքարկելու դեպքում` սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը:

Ընտրական ցուցակի մի մասից մանդատ ստացած թեկնածուն հանվում է ընտրական ցուցակի մյուս մասից:».

Հոդված 56. Օրենսգրքի 115-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում «նշված նվիրատվություններից» բառերը փոխարինել «նշված մուծումներից» բառերով, իսկ «նվիրատվություն կատարելու» բառերը փոխարինել «կատարելու մուծում» բառերով.

2) 3-րդ մասում «կատարել նվիրատվություն» բառերը փոխարինել «կատարել մուծում» բառերով:

Հոդված 57. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) մինչեւ քվեարկության ավարտը թեկնածուներից մեկի մահվան դեպքում.»

Հոդված 58. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 5-րդ մասում «մեկ շաբաթով» բառերը փոխարինել «երկու շաբաթով» բառերով:

Հոդված 59. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասում «արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 60. Օրենսգրքի 122-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 122. Արտահերթ ընտրություն նշանակելը եւ անցկացնելը

1. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկը այն հաշվարկով, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

2. Համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով եւ ժամկետներում:

3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:»:

Հոդված 61. Օրենսգրքի 122.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 122.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը եւ անցկացումը, թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը

«1. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով տեղի չունեցած համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

2. Ընտրությունները նշանակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

3. Ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են հերթական ընտրություննների համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 62. Օրենսգրքի 127-րդ հոդվածի

1) 1-ին մասում «հերթական ընտրությունն» բառերը փոխարինել «ընտրության քվեարկությունն» բառերով.

2) 2-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «քան 60 օր առաջ» բառերը փոխարինել «քան 70 օր առաջ» բառերով, իսկ «հետաձգվում է մեկ շաբաթով» բառերը փոխարինել «հետաձգվում է երկու շաբաթով» բառերով:

Հոդված 63. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը եւ անցկացնելը

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

2. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ:

Եթե համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է երկու շաբաթով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների (բացառությամբ Երեւանի) արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները:

4. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

5. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երեւանի) ավագանիների արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն:

6. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ:»:

Հոդված 64. Օրենսգրքի 128.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128.1. Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո համայնքների ավագանիների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը եւ անցկացումը, թեկնածուների առաջադրումը եւ գրանցումը

1. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով տեղի չունեցած համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու հերթական ընտրությունը նշանակվում է մարզպետի որոշմամբ, իսկ արտահերթ ընտրությունը՝ Կառավարության որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում:

2. Ռազմական կամ արտակարգ դրության հետեւանքով տեղի չունեցած համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրությունները նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից որեւէ մեկը այն հաշվարկով, որ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են հերթական ընտրություննների համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:»:

Հոդված 65. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չպետք է պակաս լինի համայնքի ավագանու անդամների՝ սույն օրենսգրքով սահմանված մանդատների թվի 1/3-ից, սակայն ոչ պակաս սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված թվից: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) եւ դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաեւ այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն մեկ երրորդը ներկայացնող (տվյալ բնակավայրում մինչեւ քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող, իսկ քաղաքացիություն չունեցող թեկնածուների դեպքում՝ առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող) թեկնածուներ:»:

Հոդված 66. Օրենսգրքի 131-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Հոդված 67. Օրենսգրքի 132-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Հոդված 68. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետեւանքով ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ չկան.»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:»:

Հոդված 69. Օրենսգրքի 135.1-րդ հոդվածի

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվը պակաս է սույն օրենսգրքով սահմանված՝ համայնքի ավագանու անդամների թվից.».

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունը չկայացած ճանաչելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն: Սույն մասով սահմանված կարգով ընտրությունը չկայացած ճանաչվելու դեպքում եռօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել վարչական դատարան, ապա որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգերորդ օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը, ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:».

5) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել է վարչական դատարան, եւ վարչական դատարանի դատական ակտով ընտրական հանձնաժողովի որոշումը թողնվել է անփոփոխ, կամ որոշում է ընդունվել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, ապա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգերորդ օրը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը, ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:».

6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում ընտրությունները չկայացած ճանաչվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշումը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրն անցկացվում է նոր ընտրություն:».

7) 6-րդ մասից հանել «՝ տվյալ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին համապատասխան» բառերը.

8) 8-րդ մասում «Համապատասխան ընտրական հանձնաժողովն» բառերը փոխարինել «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն» բառերով:

Հոդված 70. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ դատական ակտի ընդունումը» բառերը փոխարինել «համայնքի ավագանու անդամներին մանդատներ տրամադրելու արձանագրության կազմումը ընտրվելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ դատական ակտի ընդունումը» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) «Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝» բառերը փոխարինել «Կուսակցությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ՝» բառերով.

2) 2-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Թեկնածուն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, իսկ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուները ոչ ուշ, քան 15 օր առաջ՝ մինչեւ ժամը 18.00-ն, ինչպես նաեւ քվեարկության օրվանից հետո իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունները:»:

Հոդված 72. Օրենսգրքի 139-րդ հոդվածի.

1) 1-ին մասում «նշված նվիրատվություններից» բառերը փոխարինել «նշված մուծումներից» բառերով.

2) 2-րդ մասում «չափով նվիրատվություն» բառերը փոխարինել «չափով մուծում» բառերով.

3) 3-րդ մասում «չափով նվիրատվություն» բառերը փոխարինել «չափով մուծում» բառերով.

4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում միաժամանակ երկու եւ ավելի համայնքներում ավագանինների ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն ծախսելու իրենց մասնակցությամբ համամասնական ընտրակարգով համայնքի ավագանինների ընտրությունների՝ սույն հոդվածով նախատեսված առավելագույն չափի գումարների հանրագումարը չգերազանցող գումար:»

Հոդված 73. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 140. Քվեաթերթիկները

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվում են միեւնույն չափերի առանձին քվեաթերթիկներ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ այդ կուսակցության համարին համապատասխան սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում այլ կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:

2. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի վրա նշվում են ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, կուսակցությանը տրված համարը, ինչպես նաեւ ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները եւ հայրանունները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում քվեաթերթիկում փոփոխություն չի կատարվում:

Գրանցման համար սահմանված ժամկետի հաջորդ օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվում են հերթական համարներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` վիճակահանությամբ: Նշված համարները փոփոխման ենթակա չեն: Նույն օրը նշանակված մեկից ավելի համայնքներում ընտրություններ անցակցվելու դեպքում տարբեր համայնքներում ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հանդես են գալիս նույն համարով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում կիրառվում է նաեւ «դեմ եմ» բառերը պարունակող քվեաթերթիկ: «Դեմ եմ» քվեաթերթիկն իր ձախ եւ աջ կողային հատվածներում պետք է ունենա ուղղահայաց առանցքի համեմատ սիմետրիկ նշում` սեւ գույնով, այնպես, որ տրցակի կողային հատվածից նայելիս հնարավոր լինի տարբերել այդ տրցակում կուսակցության քվեաթերթիկի առկայությունը:»:

Հոդված 74. Օրենսգրքի 141-րդ հոդվածի.

1) 6-րդ մասի 3-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արձանագրությունը կազմվում է ավագանի ընտրվելու մասին համապատասխան ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտին հաջորդող 5-րդ օրը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` համապատասխան որոշումն ընդունելու հաջորդող 5-րդ օրը:».

2) 8-րդ մասում «այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո» բառերը փոխարինել «այդ մասին հանձնաժողովում լիազորությունների դադարման մասին արձանագրությունը ստանալուց հետո» բառերով:

Հոդված 75. Օրենսգրքի 142-րդ հոդվածի.

1) 6-րդ մասից հանել «արտահերթ ընտրության համար» բառերը.

2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 7-րդ մասով ընտրությունները չկայացած ճանաչվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է նոր ընտրություն եւ հայտարարում քվեարկության օրը, ոչ ուշ, քան հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող քառասնօրյա ժամկետի վերջին կիրակի օրը:»:

Հոդված 76. Օրենսգրքի 142.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 142.2. Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը

1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի ընթացքում: Առաջին նստաշրջանն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը:

2. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է փակ քվեարկության միջոցով:

4. Առաջին նստաշրջանի անցկացման կարգը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 77. Օրենսգրքի 142.3-րդ հոդվածի.

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 78. Օրենսգրքի 144-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 79. Օրենսգրքի 145-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 80. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դրույթի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքից բխող իր որոշումները համապատասխանեցնում է սույն օրենքին:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով ոչ շուտ քան 2022 թվականի նոյեմբերի 1-ը եւ ոչ ուշ քան 2022 թվականի դեկտեմբերի 15-ը կազմավորում է նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները շարունակում են գործել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 17-ը: Նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը գումարվում են 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ժամը 12.00-ին:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների այն ընտրություններում, որոնց նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվում եւ կիրառվում է ինքնաբացարկի՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

1) օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).

2) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Խնդրում ենք ներկայացված օրենքների նախագծերը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր

Վահագն Հովակիմյան

Արփինե Դավոյան

Հակոբ Ասլանյան

Արմեն Խաչատրյան