Armenian ARMSCII Armenian
Կ-299-13.06.2022-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կատարվում են ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կանոնադրության փոփոխությունները եւ սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝  ֆինանսների նախարարությունը մշակում եւ իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձեւավորման եւ ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման եւ համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման եւ իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձեւավորման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանը պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող գործակալությունը:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի (կոլեգիալ մարմինների դեպքում՝ կոլեգիալ մարմնի անդամների), գլխավոր քարտուղարի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ գրասենյակը, օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական մարմնի ղեկավարի խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի, պետական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաեւ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

Վերոնշյալ հոդվածից հետեւում է, որ պետական մարմնի կառուցվածքում, ի թիվս այլ միավորների, կարող են ընդգրկվել միայն կառուցվածքային ստորաբաժանումները, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաեւ գրասենյակները: Այսինքն՝ օրենսդիրը պետական կառավարման համակարգի մարմինների կառուցվածքում այնպիսի կառուցվածքային միավոր, ինչպիսին է գործակալությունը, չի նախատեսել:

ՀՀ 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքում եւ ՀՀ 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության գանձապետարան» հասկացությունը, որը, սակայն, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի իմաստով բնորոշվում է որպես պետական ֆինանսների կառավարման բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմնի՝ նույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների ամբողջություն, եւ վերջինիս վերապահված գործառույթները որեւէ աղերս չունեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածներում սահմանված գույքի պահպանության գործառույթի հետ, ուստի անհրաժեշտություն է առաջանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում կատարել անհրաժեշտ համապատասխանեցում:

Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով պետական կառավարման համակարգի մարմիններում կառուցվածքային միավորների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել Օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 Նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 5.5-րդ կետով, որի համաձայն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների արդյունավետ ծախսման հետ: Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կշարունակի կարեւորել հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար եւ  արդյունավետ օգտագործումը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:

6. Նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 785-Ն, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 743-Լ որոշումներում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն