Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4731-25.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 33 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.

«1.1 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների համար հավաստագրի գործողության ժամկետում շահութահարկի գումարը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացման եւ տարածաշրջանում Հայաստանի` որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2000 թվականին ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, եւ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

ՏՏ ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների ներդրման եւ օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված ծրագրերն ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

2008-2012թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 22.8% միջին տարեկան աճ:

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես, միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ եւ շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով եւ անգլերենի իմացությամբ, էժան աշխատուժ եւ ցածր գործառնական ծախսեր, ուժեղ եւ հաջողակ սփյուռքի ներկայություն աշխարհում, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Այնուամենայնիվ, հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն զգալիորեն սկսել է զիջել տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին (միջազգային փորձի վերլուծությունը կցվում է):

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր կապիտալը մարդկային ռեսուրսներն են, որոնք ապահովում են մտավոր սեփականության ձեւավորումն ու հավելյալ արժեքի ստեղծումը, իսկ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսներում ներդրումներն, ըստ էության, հանդիսանում են կապիտալ ներդրումներ` ուղղված հավելյալ արժեքի ձեւավորմանը: Տեխնիկական եւ բնական գիտությունների բարձրակարգ դպրոցների եւ գիտակրթական ավանդույթների առկայությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մրցակցային առավելություններից է, եւ ներկայումս պետության հիմնական ջանքերն ուղղված են Խորհրդային Միության տարիներին ստեղծված ավանդույթների փոխակերպմանը (տրանսֆորմացմանը)` ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ առկա մրցակցային առավելությունների օգտագործմանը` Հայաստանը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելու նպատակով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում խթանելու մարդկային ռեսուրսներում ներդրումների իրականացումը, նորարար գաղափարների գեներացումն ու սկսնակ ընկերությունների ստեղծումը, ինչն իր հերթին կխթանի երկրի տնտեսության աճին, մրցունակության եւ արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ տարածաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակով մշակվել է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված սույն օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացումը եւ ՏՏ ոլորտի հետագա զարգացումը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ:

Վերոնշյալ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում): Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից:

5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացում եւ ՏՏ ոլորտի հետագա զարգացման ապահովում: