Armenian ARMSCII Armenian
Կ-289-03.06.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 4.3

ԱԿՑԻԱՆԵՐ

Հոդված 15.4. Ակցիա

1. Ակցիան վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման ընթացքում վաճառողի կամ ծառայություն մատուցողի կողմից (այսուհետ նաեւ՝ ակցիա իրականացնող) իրականացվող միջոցառում է, որն ուղղված է սպառողների շրջանում ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացմանը կամ իրացման ծավալների մեծացմանը:

2. Ակցիան իրականացվում է հետեւյալ եղանակներով.

1) զեղչ.

2) ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում:

3. Սույն գլխում սահմանված կարգավորումները տարածվում են ցանկացած գործողության նկատմամբ, որը համապատասխանում է սույն օրենքի իմաստով ակցիայի բնորոշմանը, անկախ իրականացրած գործողության համար փաստացի կիրառվող անվանումից:

4. Սույն գլուխը կիրառելի չէ հարկային հարաբերությունների նկատմամբ:

Հոդված 15.5. Զեղչ

1. Զեղչն ապրանքի իրացմանը կամ ծառայության մատուցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտման կամ նվազեցված գնի նշման մասին հրապարակային տեղեկացմամբ եւ ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչեւ զեղչի իրականացումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե նախորդ գնից տարբերվող այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով):

2. Գնի իջեցումը չի համարվում զեղչ կամ այլ ակցիա, երբ վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացնելու մասին կամ չի նշում, հայտնում կամ այլ կերպ տեղեկացնում գնի իջեցմանը նախորդող գինը:

3. Ապրանքի կամ ծառայության գնի տոկոսային նվազեցումը կատարվում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնից:

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով  ակցիա իրականացնողը զեղչի մեկնարկի առաջին օրվանից ապահովում է զեղչի հրապարակման պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գնի եւ զեղչի կիրառման արդյունքում առաջարկվող գնի միաժամանակյա տեսանելիությունը սպառողին:

5. Ակցիա իրականացնողը զեղչ սահմանելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող եւ զեղչի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ եւ ընկալելի:

6. Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից երեք ամիս:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում սպառողի կողմից ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը:

Հոդված 15.6. Ապրանքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում

1. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռք բերումը դառնում է այլ կերպ շահավետ:

2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել.

1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ.

2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը:

3. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների համար ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գինը ակցիայի իրականացմամբ պայմանավորված չի կարող բարձրացվել՝ ներառելով  տրվող նվերների, բոնուսների կամ այլ միջոցների արժեքը:

4. Ակցիա իրականացնողը ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ եւ ընկալելի:

5. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տեւել ոչ ավել, քան մեկնարկի պահից երեք ամիս:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների հետագա կիրառումը:

7. Ակցիա իրականացնողը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում չի կարող իրականացնել նույն ապրանքների համար ապրանքի իրացման կամ նույն ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում:

Հոդված 15.7. Ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները

1. Ակցիա իրականացնողն ակցիայի մասին սպառողներին իրազեկում է տեղեկատվության տարածման ցանկացած եղանակով՝ ցուցանակ, ցուցափեղկ, զանգվածային լրատվության միջոցներով եւ սպառողներին հասանելի այլ միջոցներով, որոնցից առնվազն մեկը պետք է պարունակի.

1) ակցիայի եղանակի հակիրճ նկարագրությունը.

2) ակցիայի ենթակա ապրանքների եւ ծառայության հստակ շրջանակը.

3) ակցիայի իրականացման ժամանակահատվածը՝ մեկնարկի եւ ավարտման օրերը.

2. Ակցիա իրականացնողն ակցիայի շրջանակում նշում է նաեւ ակցիայի այլ պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը կամ դրա հասանելիության աղբյուրը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ակցիայի ենթակա ապրանքների եւ ծառայության շրջանակը չնշելու դեպքում ակցիան կիրառելի է համարվում ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ապրանքների կամ ծառայությունների ամբողջ տեսականու նկատմամբ:

4. Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոս նշվում է այն տոկոսը, որով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը:

5. Ակցիա իրականացնողն ապահովում է ակցիայի վերաբերյալ ընթեռնելի, ամբողջական եւ հավաստի տեղեկատվության հրապարակումը:

6. Ակցիայի պայմանների վերաբերյալ հրապարակման բովանդակության ամենամեծ եւ ամենափոքր տառաչափերի տարբերությունը չի կարող երկու անգամից ավել լինել:

7. Այն դեպքում, երբ մինչեւ ակցիայի ժամկետի ավարտը ակցիային մասնակցող ապրանքները կամ ծառայություններն ամբողջությամբ սպառվում են, ապա ակցիան համարվում է վաղաժամկետ դադարած:

8. Վաճառողը կամ ծառայություն մատուցողը կարող է իր նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ դադարեցնել ակցիայի իրականացումը:

9. Ակցիայի վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում ակցիա իրականացնողը պետք է միջոցներ ձեռնարկի ակցիայի իրականացման վերաբերյալ հրապարակումը դադարեցնելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «15-րդ հոդվածի 4-րդ մասի,» բառերից հետո լրացնել «գլուխ 4.3-ի,» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքի կարգավորումները տարածվում են ուժի մեջ մտնելուց հետո հայտարարվող ակցիաների նկատմամբ:

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն