Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-473-25.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ համակարգչային հիմքի վրա, մասնավորապես, ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաեւ բոլոր ձեւաչափերով տեղեկատվություն` ներառյալ տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու եւ անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակները

2) պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներ`

ա) ծրագրային ապահովման մշակում, որը ներառում է` ծրագրային ապահովման ստեղծումը, փոփոխությունների կատարումը, փորձարկումը եւ աջակցումը, պատվիրատուների համար կիրառական ծրագրերի ստեղծումը, համակարգերի ծրագրային ապահովման, կիրառական ծրագրերի, տվյալների հիմնապահեստների, վեբ կայքերի կառուցվածքի ու բովանդակության մշակումը եւ/կամ մշակման եւ գործարկման համար անհրաժեշտ մեքենայական հրամանների ստեղծումը, ծրագրային ապահովման սարքաբերումը` որոշակի գործառույթների իրականացման համար մշակված կիրառական ծրագրերի վերափոխումը եւ հարմարեցումը պատվիրատուների տեղեկատվական համակարգի միջավայրին,

բ) խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, որը ներառում է` համակարգչային տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման եւ կապի տեխնոլոգիաների ինտեգրված համակարգչային համակարգերի մշակումը եւ նախագծումը, օգտվողների ուսուցման հետ կապված ծառայությունները,

գ) համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, որը ներառում է` ներցանցային կառավարումը եւ պատվիրատուների համար համակարգչային համակարգերի ստեղծումը եւ/կամ տվյալների մշակման տեխնիկական միջոցների սպասարկումը եւ աջակցման այլ  ծառայությունները,

դ) տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում եւ հարակից գործունեություն, որը ներառում է` ցանցում կայքերի տեղաբաշխման ենթակառուցվածքների ապահովումը, տվյալների մշակումը (օգտագործողների կողմից տրամադրված կամ բնօրինակ ծրագրերի կիրառմամբ տվյալների լրիվ մշակումը, տվյալների ավտոմատացված մշակումն ու ներանցումն ապահովող ծառայությունները, ներառյալ` տվյալների հիմնապահեստների կառավաման ծառայությունները) եւ հարակից ծառայությունները, կայքերի տեղաբաշխման հետ կապված մասնագիտացված ծառայությունները (hosting service)` ինտերնետ ցանցում կայքերի տեղաբաշխում (Web hosting), տվյալների հոսընթաց փոխանցում (չբաժանված ըստ փաթեթների) կամ կիրառական ծրագրերի տեղաբաշխում, ծրագրային եւ ապարատային ռեսուրսների գործարկում, ընդհանուր ժամանակի տարանջատման ռեժիմում գործող կենտրոնական (համընդհանուր)  համակարգչի միջոցով օգտվողների սպասարկում,

ե) վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, որոնք ներառում են` գործողություններ կապված վեբ-կայքերի հետ` որոշակի ձեւաչափով ինտերնետում տեղադրված տվյալների ծավալուն հիմնապահեստների ձեւավորման եւ սպասարկման համար որոնման համակարգերի կիրառում` հասցեներով կամ բովանդակությամբ հեշտ եւ հասանելի որոնում կազմակերպելու նպատակով, գործողություններ կապված այլ վեբ-կայքերի հետ, որոնք գործում են որպես ինտերնետի պորտալ, ինչպես, օրինակ, պարբերաբար թարմացվող տեղեկատվություն ապահովող լրատվական կայքերը,

զ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում

3) տնտեսվարող սուբյեկտ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, իրավաբանական անձի մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները, անհատ ձեռնարկատերերը

4) աքսելերատորներ` կազմակերպություններ, որոնք աջակցում են սկսնակ եւ փոքր կազմակերպությունների զարգացմանը` տրամադրելով խորհրդատվություն եւ/կամ ռեսուրսներ

5) տեխնոպարկ, տեխնոկենտրոն` իրավաբանական անձ կամ համատեղ գործունեության վերաբերյալ պայմանագրային հիմունքներով կազմակերպված իրավաբանական անձանց (մասնակիցների) միություն, որի գլխավոր խնդիրն է ինովացիոն միջավայրի ձեւավորման` համապատասխան նյութատեխնիկական, ֆինանսական բազայի ստեղծման միջոցով ներդրումային եւ ինովացիոն ծրագրերի իրականացումը, գիտատար մշակումների, բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքի արտադրությանն ուղղված գործունեությունը.

6) հավաստագիր` հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ

7) հավաստագրող հանձնաժողով` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման, հավաստագրի տրամադրումը մերժելու, գործողությունը դադարեցնելու իրավասություն ունեցող հանձնաժողով

8) հավաստագրված անձ` սույն օրենքով սահմանված կարգով հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտ

9) կանոնադրական կապիտալում ուղղակի մասնակցություն` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի սեփականատեր

10) կանոնադրական կապիտալում անուղղակի մասնակցություն` սույն օրենքի իմաստով անուղղակի մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`

ա) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ունի ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները.

բ) մասնակիցը չունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս կամ փայ) կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով.

գ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 50 տոկոս եւ ավելի մասնակցություն.

դ) մասնակիցն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ունեցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ունի կամ չունի մասնակցություն եւ իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա կամ կանխորոշելու տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:

ՀՈԴՎԱԾ 4. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաեւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

2. Պետական աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում`

1) մրցունակության բարձրացումը,

2) հմուտ աշխատուժի ներգրավումը եւ հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով,

3) դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը եւ սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը,

4) վենչուրային եւ օտարերկրյա ներդրումների խթանումը եւ ներգրավումը:

ՀՈԴՎԱԾ 5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

1. Սույն օրենքի շրջանակներում պետական աջակցություն են ստանում հետեւյալ տնտեսվարող սուբյեկտները`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սկսնակ տնտեսվարող սուբյեկտները,

2) նորարարական եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները,

3) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները, այդ թվում` տեխնոպարկերը, տեխնոկենտրոնները, աքսելերատորները,

4)  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրեր իրականացնող տնտեսվարող սուբյեկտները:

ՀՈԴՎԱԾ 6. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման եւ արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքի սկզբունքներին եւ աջակցման եղանակներին համապատասխան: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով եւ սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 7. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով, պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր):

2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տնտեսվարող սուբյեկտների իրական գտնվելու վայրի, գործունեության հիմնական եւ ոչ հիմնական տեսակների, աշխատողների թվաքանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներմուծման եւ այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա:

3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է հարկային մարմինների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված եւ տրամադրված տեղեկությունների, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա:

4. Տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

5. Կախված հավաքագրվող ցուցանիշների բնույթից` հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՎԱՍՏԱԳՐՎՈՂ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1.Կամավորության սկզբունքով հավաստագրման համար դիմող տնտեսվարող սուբյեկտները, պետք է բավարարեն հետեւյալ պահանջներին`

1)  ստեղծվում են կամ ստեղծվել են բացառապես սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության տեսակների ներքո գործունեություն իրականացնելու նպատակով,

2) աշխատողների թվաքանակը չի գերազանցում 15-ը:

2. Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված աշխատողների թվաքանակը հավաստագրի գործողության ընթացքում չի կարող գերազանցել 15-ը:

4. Հավաստագրված անձինք.

1) պարտավոր են հավաստագրի գործողության ընթացքում պահպանել սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում նշված պահանջները,

2) չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսվարող սուբյեկտներին օտարել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

1. Հավաստագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ձեւավորված հանձնաժողովի կողմից:

Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որում ընդգրկվում են`

1) ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը,

2) պետական ֆինանսների կառավարման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը,

3) պետական բյուջեի մուտքերի համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը,

4) ոլորտի մասնավոր հատվածը ներկայացնող երկու ներկայացուցիչ:

2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում, իսկ հանձնաժողովի անդամների քանակը կեսից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած եւ նշանակվում է նոր նիստ:

3. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրությունները ստորագրվում են նիստին մասնակցած անդամների կողմից:

5. Հանձնաժողովի նիստերի հրավիրման եւ այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարությունը: Հանձնաժողովի քարտուղարություն է հանդիսանում ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

6. Հանձնաժողովը հավաստագրի տրամադրման կամ մերժման մասին որոշումը պարտավոր է ընդունել հավաստագրի տրամադրման մասին դիմումը ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:

ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՄԸ

1. Հավաստագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված տնտեսվարող սուբյեկտները հավաստագրման համար պարտավոր են դիմել մինչեւ պետական գրանցումը կամ պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում:

3. Հավաստագիր տրվում է մինչեւ 3 անընդմեջ ֆինանսական տարի ժամկետով: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից առնվազն մեկ ամիս առաջ հավաստագրված անձը պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ ձեւով հայտարարություն, այն մասին, որ բավարարում է սույն օրենքով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջներին:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված տնտեսվարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար պարտավոր են ներկայացնել`

1) դիմում հավաստագիր ստանալու մասին,

2) իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականի համարը,

3) տնտեսվարող սուբյեկտի գործունեության մանրամասն նկարագրությունը եւ ուղղությունները` ըստ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության տեսակների,

4) հայտարարություն այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով,

5) տեղեկանք աշխատողների թվաքանակի, պաշտոնների անվանումների եւ աշխատողների անուն-ազգանունների մասին,

6) հայտարարություն այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտի ստեղծումը հիմք չի հանդիսացել այլ տնտեսվարող սուբյեկտի լուծարման կամ տրոհման համար,

7) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ձեւով եւ կարգով:

5. Սույն օրենքի պահանջներին բավարարող նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների հիմնադիրները կարող են հավաստագրման համար դիմել մինչեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվելը: Տվյալ դեպքում, եթե հանձնաժողովը որոշում է կայացնում հավաստագրի տրամադրման մասին, այն փաստացի կտրվի իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականի համարը հանձնաժողովին ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Այն դեպքում, երբ հավաստագրված անձը հավաստագրի գործողության ընթացքում որոշում է զբաղվել հավաստագրման ժամանակ չներկայացված, սակայն սույն օրենքի համաձայն հավաստագրման ենթակա գործունեության տեսակներով, ապա վերջինս պարտավոր է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով դիմել հանձնաժողովին հավաստագրի փոփոխության համար:

ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

1. Հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված հավաստագիր ստանալու իրավունք ունեցող տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին,

2) հավաստագիր ստանալու համար դիմումը ներկայացվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ,

3) հավաստագրման համար ներկայացված փաստաթղթերը թերի են, արժանահավատ չեն եւ չեն համապատասխանում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին,

4) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց կողմից նախկինում խախտվել են սույն օրենքի պահանջները,

5) հավաստագրման համար դիմած տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանցից որեւէ մեկը նախկինում ունեցել է ուղղակի կամ անուղղակի մասնակցություն սույն օրենքի պահանջները խախտած այլ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

6) նախկինում դադարեցվել է տնտեսվարող սուբյեկտին տրամադրված հավաստագրի գործողությունը սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3) - 5) կետերով նախատեսված հիմքերով:

ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ավարտվել է հավաստագրի գործողության ժամկետը,

2) տնտեսվարող սուբյեկտը ներկայացրել է դիմում հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ,

3) հավաստագրի գործողության ընթացքում խախտվել են սույն օրենքի 8-րդ հոդվածի  4-րդ մասով սահմանված պահանջները,

4) տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները;

5)տնտեսվարող սուբյեկտը հավաստագրման համար ներկայացրել է ոչ հավաստի տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2) - 5) կետերով նախատեսված դեպքերում հավաստագրի գործողությունը դադարեցվում է հանձնաժողովի որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

1. Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություններ:

ՀՈԴՎԱԾ 14. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հավաստագրված անձանց ցուցակը հրապարակվում է ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում:

2. Ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի պաշտոնական կայքում հրապարակվում են նաեւ սույն օրենքի պահանջները խախտած տնտեսվարող սուբյեկտների անվանումները, այդ թվում` տվյալ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց անվանումները կամ անունները: Տվյալ հրապարակումը տեղակայվում է 5 տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 15.  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցում (հաշվառում) իրականացնող մարմինը պարտավոր է ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

2. Հարկային մարմինները պարտավոր են սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, իրենց մոտ առկա, տեղեկությունները յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 16. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի հետագա զարգացման եւ տարածաշրջանում Հայաստանի` որպես զարգացած ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշի ու մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը 2000 թվականին ճանաչվել է որպես ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, եւ ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

ՏՏ ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձեւավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների ներդրման եւ օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված ծրագրերն ի վերջո կնպաստեն Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի եւ ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՀՏ եւ բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

2008-2012թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է շուրջ 22.8% միջին տարեկան աճ:

ՏՏ ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես, միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական ներուժ ճարտարագիտության, ինֆորմատիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառներում, բարձրակարգ եւ շնորհալի մասնագետներ` տեխնիկական հմտություններով եւ անգլերենի իմացությամբ, էժան աշխատուժ եւ ցածր գործառնական ծախսեր, ուժեղ եւ հաջողակ սփյուռքի ներկայություն աշխարհում, խոշոր վերազգային ընկերությունների հետ համագործակցության մեծ փորձ, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ:

Այնուամենայնիվ, հետազոտություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտում մրցունակության առումով Հայաստանն արդեն զգալիորեն սկսել է զիջել տարածաշրջանի երկրներին, որոնք նշանակալի արտոնություններ են տրամադրում ոլորտին (միջազգային փորձի վերլուծությունը կցվում է):

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր կապիտալը մարդկային ռեսուրսներն են, որոնք ապահովում են մտավոր սեփականության ձեւավորումն ու հավելյալ արժեքի ստեղծումը, իսկ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսներում ներդրումներն, ըստ էության, հանդիսանում են կապիտալ ներդրումներ` ուղղված հավելյալ արժեքի ձեւավորմանը: Տեխնիկական եւ բնական գիտությունների բարձրակարգ դպրոցների եւ գիտակրթական ավանդույթների առկայությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մրցակցային առավելություններից է, եւ ներկայումս պետության հիմնական ջանքերն ուղղված են Խորհրդային Միության տարիներին ստեղծված ավանդույթների փոխակերպմանը (տրանսֆորմացմանը)` ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ առկա մրցակցային առավելությունների օգտագործմանը` Հայաստանը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելու նպատակով: Ուստի, անհրաժեշտություն է առաջանում խթանելու մարդկային ռեսուրսներում ներդրումների իրականացումը, նորարար գաղափարների գեներացումն ու սկսնակ ընկերությունների ստեղծումը, ինչն իր հերթին կխթանի երկրի տնտեսության աճին, մրցունակության եւ արտադրողականության բարձրացմանը, հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու եւ տարածաշրջանում հայաստանյան ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակով մշակվել է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված սույն օրենսդրական փաթեթը, որի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացումը եւ ՏՏ ոլորտի հետագա զարգացումը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ:

Վերոնշյալ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում): Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից:

5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացում եւ ՏՏ ոլորտի հետագա զարգացման ապահովում: