Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-282-03.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ՝ ընդունվելուց հետո երկշաբաթյա ժամկետում գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը, Կառավարությունը եւ պատգամավորները:»:

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Առկա իրավիճակը իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, որի 81-րդ հոդվածի առաջին մասը, այդ պահին գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցությունը եւ Կառավարությունը, իսկ պատգամավորը իրավունք ուներ առաջարկ ներկայացնել շրջանառության մեջ դրված նախագծի փոփոխված դրույթների վերաբերյալ: Այսինքն՝ երկրորդ ընթերցումից առաջ սահմանված էր առաջարկ ներկայացնելու լիազորությամբ օժտված սուբյեկտային նեղ կազմ՝ նման լիազորություն չտրամադրելով անգամ նախագծի հեղինակ պատգամավորին: Իսկ այլ պագամավորների՝ առաջարկ ներկայացնելու իրավունքը սահմանափակաված էր փոփոխված դրույթների շրջանակով:

2018 թվականի հունվարի 17-ին հիշյալ հոդվածում կատարվել է փոփոխություն, որով սուբյեկտային կազմը լրացվել է, եւ նախագծի հեղինակին եւս իրավունք է տրվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, սահմանված ժակետում առաջարկ ներկայացնել նախագծի վերաբերյալ, սակայն մյուս պատգամավորները նորից մնացել են գործող սահմանափակման մեջ: Ավելին, հիշալ փոփոխությամբ ավելացվել է ՄԻԱՅՆ բառը, հստակեցնելով եւ եւս մեկ անգամ շետադրելով, որ պատգամավորների առաջարկները կարող են վերաբերել նախագծի միայն փոփոխված դրույթներին:

Հետեւաբար, գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագծի հեղինակ չհամարվող պատգամավորը շրջանառվող նախածի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ կարող է անել միայն առաջին ընթերցման համար, իսկ դրանից հետո իր առաջարկը կարող է վերաբերվել ոչ թե նախագծին ընդհանրապես, այլ միայն նախագծի փոփոխված դրույթներին:

Նման իրավակարգավորումը որեւէ իրավաչափ նպատակ չի հետապնդում, փոխարենը՝ սահմանափակում է պատգամավորի իրավաստեղծ գործունեությունը՝ կաշկանդելով նախագծի քննարկման կոնկրետ փուլում տեսակետ հայտնելու, առաջարկ ներկայացնելու իրավունքի իրացումը: Շրջանցելու համար այս արգելքը, գործականում պատգամավորը ստպված է լինում իր առաջարկը ձեւակերպել խմբակցույթան կամ այդ փուլում իրավասու այլ սույեկտի անունից, եթե վերջիններս առաջարկի հետ կապված առարկություններ չունեն: Հակառակ պարագայում առաջարկը որեւէ կերպ չի կարող ներկայացվել եւ քննարկվել:

Բացի այդ, երբեմն գործնականում ծագում է իրավական վեճ՝ պատգամավորի ներկայացրած առաջարկը վերաբերում է բուն նախագծին, թե նախագծի փոփոխված հոդվածին, քանի որ նախագիծը լրամշակման ընթացքում կարող է էապես տարբերվել նախնական տարբերակից:

2. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի օրինագծի ոչ հեղինակ պատգամավորին եւս գրավոր առաջարկ ներկայացնելու նախագծի վերաբերյալ:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության
Ազգային Ժողովի նախագահ
Ալեն Սիմոնյանին


Հարգարժան պարոն Սիմոնյան,


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հերիքնազ Տիգրանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:



Հարգանքով՝ Հերիքնազ Տիգրանյան

2-ը հունիսի 2022