Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4691-21.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների շրջանակը, փոխադրամիջոցների գույքահարկով հարկվող օբյեկտը եւ հարկման բազան, փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

Հոդված 2. Փոխադրամիջոցի գույքահարկի հասկացությունը

Փոխադրամիջոցների գույքահարկը (այսուհետ` գույքահարկ) հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Հոդված 3. Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողները

1. Գույքահարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպություններն ու դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաեւ դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները (այսուհետ՝ կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք), բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ այդ մարմինների կողմից ստեղծված հիմնարկների, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը:

2. Անհատ ձեռնարկատերերի վրա տարածվում է ֆիզիկական անձանց համար գույքահարկի վճարման՝ սույն օրենքով սահմանված կարգը:

ԳԼՈՒԽ II

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ, ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 4. Գույքահարկով հարկվող օբյեկտը

Սույն օրենքի իմաստով գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում հետեւյալ փոխադրամիջոցները `

1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.

2) ջրային տրանսպորտային միջոցը (շարժիչով աշխատող).

3) մոտոցիկլետը.

4) ձյունագնացը.

5) մոտոամենագնացը (քվադրոցիկլը):

Հոդված 5. Գույքահարկով հարկման բազան

Գույքահարկով հարկման բազա է համարվում հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:

Հոդված 6. Գույքահարկի դրույքաչափերը

1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է  հետեւյալ տարեկան դրույքաչափերով`

1) մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

ա. 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,

բ. 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,

գ. 251 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.

2) 10 եւ ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

ա. 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,

բ. 201-եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ:

2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:

3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների եւ մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:

4. Մինչեւ երեք տարվա վաղեմության փոխադրամիջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

5. Երեք տարուց ավելի վաղեմության փոխադրամիջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում փոխադրամիջոցի թողարկման տարեթիվը:

6. Բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:

7. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

ԳԼՈՒԽ III

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Գույքահարկի վճարման պարտավորության առաջանալու եւ դադարելու կարգը

1. Գույքահարկի վճարման պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից`

1) հարկվող օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում ֆիզիկական անձի մահվան օրվանից մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) ձեւակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտի համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունները:

Սույն կետով նախատեսված դեպքերում գույքահարկի վճարման պարտավորությունն առաջանում է սեփականության (ժառանգության) ձեւակերպման ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

2) եթե հարկվող օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է փոխադրամիջոցի գույքահարկի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետին անմիջապես նախորդող ամսվա ընթացքում, ապա տվյալ հարկվող օբյեկտի գծով այդ տարվա հարկային պարտավորությունն ավելանում է հաջորդ տարվա հարկային պարտավորությանը եւ ենթակա է վճարման մինչեւ հաջորդ տարվա գույքահարկի վճարման ժամկետը,

3) եթե հարկվող օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, նոր սեփականատիրոջն են անցնում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ սեփականության պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները:

Սույն կետով նախատեսված դեպքերում գույքահարկի վճարման պարտավորությունն առաջանում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

4) Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշները նորերով չփոխանակված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են եւ ենթակա են կատարման սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով: Սույն մասով սահմանված արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

3. Հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառված որեւէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում փոխադրամիջոցների գույքահարկը չհաշվարկելու համար:

Հոդված 8. Գույքահարկի հաշվարկման կարգը

1. Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին:

2. Հիմք ընդունելով փոխադրամիջոցների գծով հաշվառում (գրանցում) իրականացնող համապատասխան լիազոր մարմինների կողմից փոխադրամիջոցների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները` հաշվառող մարմինները հաշվարկում են գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների ընթացիկ տարվա գույքահարկի գումարները եւ մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ը վերջիններիս վերաբերյալ գույքահարկ վճարողներին ներկայացնում են գույքահարկի վճարման ծանուցագրեր:

3. Գույքահարկի հաշվարկի հետ չհամաձայնելու դեպքում գույքահարկ վճարողները գույքահարկի հաշվարկի ճշգրտման նպատակով կարող են դիմել հաշվառող եւ գույքահարկի հաշվարկման համար տեղեկություններ տրամադրող լիազոր մարմիններ: Լիազոր մարմինները նշված տեղեկությունները տրամադրում են դիմումները ստանալուց հետո 3-օրյա ժամկետում:

Հոդված 9. Ընդհանուր սեփականության փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման կարգը

1. Ընդհանուր սեփականության դեպքում փոխադրամիջոցի գույքահարկը հաշվարկվում է դրա ամբողջ հարկման բազայից` հաշվառող մարմնի կողմից:

2. Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով լիազոր մարմնից սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, համասեփականատեր հարկ վճարողների գույքահարկը հաշվարկում են`

1) ընդհանուր համատեղ սեփականության դեպքում` ամբողջ փոխադրամիջոցի մասով գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված բոլոր հարկային պարտավորությունները՝ համասեփականատերերից որեւէ մեկի համար,

2) ընդհանուր բաժնային սեփականության դեպքում` ամբողջ փոխադրամիջոցի մասով գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված բոլոր հարկային պարտավորությունները՝ համասեփականատերերից յուրաքանչյուրի համար` իր բաժնի չափով:

Հոդված 10. Գույքահարկի վճարման կարգը եւ ժամկետները

1. Կազմակերպությունները գույքահարկի գումարները իրենց պետական գրանցման վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը` հաշվի առնելով սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ճշգրտումների հիման վրա կատարված վերահաշվարկները:

Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով գույքահարկի վճարման պարտավորության առաջացման կամ պարտավորության դադարման դեպքերում, սույն մասին համապատասխան որոշված` գույքահարկի տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ տարվա ընթացքում գույքահարկի պարտավորությունների առաջացման կամ գույքահարկի պարտավորությունների դադարման ամիսներին համամասնորեն:

2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը վճարում են իրենց հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

3. Ֆիզիկական անձանց համար գույքահարկի վճարման ժամկետը հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ն է:

4. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների՝ տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Տեխնիկական զննություն իրականացնող սուբյեկտը տեխնիկական զննությունն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են գույքահարկի վճարումներ:

5. Փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկ վճարող ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրը ներառող ժամանակահատվածի համար գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ փոխադրամիջոցի մասով գույքահարկի վճարման պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Փոխադրամիջոցի օտարման դեպքում գույքահարկ վճարող կազմակերպությունները մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրը ներառող ժամանակահատվածի համար տվյալ համայնքում հաշվառված գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող փոխադրամիջոցների գույքահարկի վճարման պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սեփականության իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմինները փոխադրամիջոցի պետական գրանցումն իրականացնում են հաշվառող մարմնի կողմից տրված՝ փոխադրամիջոցի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ փոխադրամիջոցի մասով կատարված են գույքահարկի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված գույքահարկի) վճարումներ:

6. Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշները նորերով չփոխանակված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:

7. Այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց համար առկա են մինչեւ 2010 թվականի հոկտեմբերի 16-ը 3 տարի եւ ավելի ժամանակով չկատարված գույքահարկի վճարման գծով պարտավորություններ եւ որոնց համար 2010 թվականի հոկտեմբերի 16-ից հետո ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված որեւէ իրավախախտման դեպք չի արձանագրվել, սեփականության իրավունքի պետական գրանցումը ժամանակավոր կասեցվում է, եւ գույքահարկի վճարման գծով պարտավորություններ չեն հաշվարկվում:

Այդպիսի տրանսպորտային միջոցի համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր կնքվելու կամ այդ տրանսպորտային միջոցով կատարված որեւէ իրավախախտման դեպք արձանագրվելու կամ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ հաշվառման գործողություն կատարվելու դեպքում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ժամանակավոր կասեցված պետական գրանցումը վերականգնվում է, իսկ գույքահարկի վճարման գծով չհաշվարկված, ինչպես նաեւ հաշվարկված, սակայն չկատարված պարտավորությունները ենթակա են կատարման ամբողջ ծավալով:

Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը ժամանակավոր կասեցնելու եւ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի ժամանակավոր կասեցված պետական գրանցումը վերականգնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կատավարությունը:

Հոդված 11. Տեղեկությունների տրամադրումը եւ գույքահարկի հավաքագրումը

1. Պետական գրանցում (հաշվառում) իրականացնող լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով գույքահարկով հարկվող օբյեկտի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են հաշվառող մարմին:

2. Գույքահարկ վճարողները գույքահարկի հաշվարկման նպատակով կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ սույն հոդվածի 1-ին մասում նշված լիազոր մարմիններից:

3. Տեղական ինքնակառավարման մարմիններն  իրականացնում են գույքահարկի հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում՝ ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ հարկային վարչարարությունը:

ԳԼՈՒԽ IV

ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Գույքահարկի գծով արտոնությունները

1. Գույքահարկից ազատվում են`

1) պետական սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով,

2) փոստային կապի ազգային օպերատորը,

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ մահացած կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցը` մինչեւ այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը:

2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձիք:

Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո գույքահարկից ազատվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում, արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի վերաբերյալ եւ (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հարկվող օբյեկտը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ եւ դրանց մասով կայացնել գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ:

Սույն մասին համապատասխան համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

5. Օրենքով կարող են սահմանվել գույքահարկի գծով այլ արտոնություններ:

Հոդված 13. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնության առաջանալը կամ դադարելը

1. Հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:

2. Հաշվետու տարվա ընթացքում գույքահարկի արտոնությունը դադարելու դեպքում հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

ԳԼՈՒԽ V

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հոդված 14. Գույքահարկի պարտավորություններից ավել վճարված գումարների

(գերավճարների) հաշվանցման եւ (կամ) վերադարձման կարգը

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված գույքահարկի մասով հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հաշվառող մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ գույքահարկի այլ պարտավորությունների, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի Հ.Ն.-1005-1 օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ հողի հարկի պարտավորությունների, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ գույքահարկի պարտավորությունների կամ «Անշարժ գույքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ անշարժ գույքի հարկի պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկ վճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասում նշված հաշվանցումները եւ (կամ) վերադարձերը, ինչպես նաեւ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ գույքահարկի գծով ապառքների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 15. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի դրույթները խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում` իրենց գույքով:

2. Գույքահարկի հաշվարկման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր, տեղական ինքնակառավարման մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Փոխադրամիջոցների գույքահարկի գումարի վճարումը սահմանված ժամկետից մեկ տարուց ավելի ուշացնելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դիմել դատարան` հարկ վճարողի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքի վրա բռնագանձում տարածելու համար, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի վրա բռնագանձում տարածվել չի կարող: Ընդ որում, հարկ վճարողի ժամկետանց հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը 500 հազար դրամը գերազանցելու դեպքում, համայնքի ղեկավարի կողմից հարկ վճարողի գույքի բռնագանձման նպատակով դատարան հայցադիմումի ներկայացումը պարտադիր է:

4. Սույն հոդվածով սահմանված գույքահարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում գույքահարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:

Հոդված 16. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ:

ԳԼՈՒԽ VII

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

2. 2014 թվականի ընթացքում կամ մինչ այդ առաջացած կամ դրանից հետո նույն ժամանակաշրջաններին վերաբերող գույքահարկի գծով պարտավորությունները 2015 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում, եւ դրանք ենթակա են կատարման «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 18. Հարկ վճարողներին հաշվառող մարմինները

Սույն օրենքի իմաստով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ են հանդիսանում համայնքները, որոնք հարկ վճարողների եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:   

Հիմնավորում

«Անշարժ գույքի հարկի մասին», «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). «Անշարժ գույքի հարկի մասին» եւ «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2013 թվականի hունիսի 27-ի թիվ 25-11 արձանագրային որոշմամբ հաստատված` «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաեւ Գործարար միջավայրի բարելավման 2013 թվականի միջոցառումների ծրագրից: Միաժամանակ, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է «Անշարժ գույքի հարկի մասին» եւ «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերից:

Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրման նպատակը գույքային հարկերով (հողի հարկով եւ գույքահարկով) հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, գույքահարկի եւ հողի հարկի մասով հարկային հաշվետվությունների վերացումը եւ համակարգի վարչարարության զգալի պարզեցումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս ֆիզիկական եւ իրավաբանական անձինք սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի համար գույքահարկը հաշվարկում եւ վճարում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, իսկ հողի սեփականատերերը հողի հարկը հաշվարկում եւ վճարում են «Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Գույքահարկի հաշվարկման համար հիմք են հանդիսանում շենքերի, շինությունների կադաստրային արժեքները, սակայն հողամասերի, մասնավորապես բնակելի կառուցապատման հողամասերի հարկի հաշվարկման համար քաղաքներում եւ քաղաքատիպ ավաններում հիմք են հանդիսանում կադաստրային արժեքները, իսկ գյուղական համայնքներում` զուտ եկամուտը: Հարկման նպատակով տարբեր արժեքային համակարգերի (զուտ եկամուտ եւ կադաստրային արժեք) առկայությունը խոչընդոտում է անշարժ գույքի շուկայական գնագոյացմանը, հետեւաբար նաեւ՝ անշարժ գույքի իրատեսական շուկայական արժեքների ձեւավորմանը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է`

Միաժամանակ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում:

4.  Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման եւ վճարման, ինչպես նաեւ տեղական հարկերի հետ կապված հարաբերություններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է`