Armenian ARMSCII Armenian
Կ-270-24.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 1-ին կետում «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերը:

2. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը թեեւ պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առեւտրային շրջանառության մեջ է դրվել, սակայն տեւական ժամանակ համընդհանուր օգտագործման արդյունքում դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում եւ չի նույնականացվում տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ, բացառիկ դեպքերում, երկրից ծագած արտադրանքի հետ.»:

3. 8-րդ կետում «գոյություն ունեցող» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների եւ երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ուժով:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 1-ին եւ 6-րդ մասերում «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ » բառերը:

2. 4-րդ մասի 3-րդ կետում «տեսչական վերահսկողություն» բառերը փոխարինել «հսկողություն» բառով:

3. 9-րդ մասում «տվյալ երկրի տարածքից կամ տարածաշրջանից, տեղանքից կամ բնակավայրից սպիրտային խմիչքի ծագումը ցույց տվող նշումը» բառերը փոխարինել  «տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի կամ ցանկացած այլ անվանումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 5-րդ կետում «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով:

2. 7-րդ կետում «պետական մարմինների կամ» բառերը հանել, իսկ «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը, այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ.»:

2. 4-րդ մասում «ինքն է արտադրում կամ արդյունահանում» բառերը փոխարինել «արտադրվում, վերամշակվում կամ արդյունահանվում են խմբի անդամների կողմից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում «իրավունքի իրավատերերը» բառերը փոխարինել «իրավունք ունեցող անձինք» բառերով:

2. 5-րդ մասում «իրավունքի իրավատիրոջ» բառերը փոխարինել «իրավունքն ունեցող անձի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2-րդ կետում «իրավատեր» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ» բառերով:

2. 3-րդ կետում «իրավատիրոջ» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «երեք ամսվա» բառերով:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «այն մասին, որ այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունք չի խնդրարկում» բառերը փոխարինել «՝ նշելով, թե որ տարրերն են համընդհանուր օգտագործման (ջեներիկ) եւ ինքնուրույն պահպանության ենթակա չեն» բառերով:

Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավատերը» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 37-րդ եւ 38-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 37. Պետական վերահսկողությունը

1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաեւ այլ երկրներից (որոնց  աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի կողմից՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերը:

3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը եւ ներմուծումը:

4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին եւ  մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաեւ սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում՝ համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո եռօրյա ժամկետում տրամադրում է փոփոխված ցանկերը:

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների  կողմից:

2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչեւ շուկայահանումը):

3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում եւ պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) եւ կոնտակտային տվյալները:

4. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող արտադրանքի սերտիֆիկացման մարմիններին ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից:

5. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարվում են արտադրողների կողմից:»:

Հոդված 14. Օրենքի 38-րդ հոդվածից հետո լրացնել նոր 38.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման եւ պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, փուլերը եւ ընթացակարգերը

1. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաեւ տեխնիկական հատկորոշումների մշակման եւ պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների եւ ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին:»:

Հոդված 15. Օրենքի 39-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով եւ ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել» բառերը փոխարինել «կարող են շուկայահանվել» բառերով:

2. 3-րդ մասում «աշխարհագրական նշումը եւ ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով եւ ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել» բառերը փոխարինել «նույնպես կարող են շուկայահանվել» բառերով:

Հոդված 16. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում «վերահսկողության» բառից հետո լրացնել «կամ հսկողության» բառերը:

Հոդված 17. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները նախատեսվում է կատարել եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.  Անհրաժեշտությունը - «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) տեղ գտած որոշ, մասնավորապես՝ հսկողության եւ վերահսկողության հետ կապված դրույթները հստակեցնելու, ինչպես նաեւ «աշխարհագրական նշում» հասկացության սահմանումը վերանայելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (այսուհետ՝ աշխարհագրական նշումով արտադրանք) գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորում են «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքով: Օրենքը համահունչ է Եվրամիության օրենսդրությանը, որն արձանագրվել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 231-րդ հոդվածի 1-ին մասում:

Հայկական ագրոպարենային արտադրանքի ու վայրաճ բույսերի, այդ թվում՝ գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի ու վայրաճ բույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես աշխարհագրական նշումով արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել եւ իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ, մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում, եւ այսօրվա դրությամբ գրանցված միակ աշխարհագրական նշումով արտադրանքը «Սեւանի իշխանն» է: Աշխարհագրական նշումով արտադրանքի չգրանցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ աշխարհագրական նշումով արտադրանքի

- համակարգի եւ դրա առավելությունների վերաբերյալ տնտեսավարողների իրազեկվածության ցածր մակարդակով,

- գրանցման իրավունք ունեցող տվյալ արտադրանքն  արտադրողների կամ վերամշակողների խմբերի չձեւավորվելով, մինչդեռ օրինակ Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաեւ պետությունը,

- տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրավասություն ունեցող հավատարմագրված սերտիֆիկացնող մարմինների բացակայությամբ,

- մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինների եւ դրանց գործունեության շրջանակների ոչ հստակ տարանջատումով,

- անվանումների ընդգրկման սահմանափակ շրջանակով: Օրենքով աշխարհագրական նշումը տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում է, մինչդեռ այդ պահանջը պետք է տարածվի միայն ծագման տեղանունով արտադրանքի վրա, իսկ աշխարհագրական նշումով ապրանքների համար այդ պահանջի կիրառումը սահմանափակում է տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը, որպես աշխարհագրական նշում գրանցելու հնարավորությունը: Այդպիսի արտադրանքներից են օրինակ՝ մածունը, թանը, սուջուխը, բաստուրման, պանիրների մի շարք տեսակներ (հորած պանիր, մոթալ պանիր) եւ այլն: Նույնպիսի խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, եթե որոշվի, որ «Հայկական կոնյակին» տրվում է տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող նոր անվանում, որը պետք է գրանցվի որպես աշխարհագրական նշումով արտադրանք:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության հիմնական սկզբունքներից է նաեւ կողմնորոշումը դեպի որակ, ըստ որի անհրաժեշտ է կենտրոնանալ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավման, մոնիտորինգի եւ խթանման վրա` շեշտը դնելով նաեւ հարուստ ու հնագույն սննդի մշակույթի վրա եւ զուգահեռաբար մշակել ավանդական ապրանքների եւ գինու որակական նույնականացման համակարգը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը - Նախագծով առաջարկվում է՝

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, ըստ որոնց՝

1) հստակեցվում են աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրակացնող մարմինները եւ դրանց գործունեության շրջանակները:

Արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին եւ ընդգրկում է արտադրության եւ շրջանառության բոլոր փուլերը, իսկ արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման  մարմինների կողմից եւ ընդգրկում է արտադրության փուլը (մինչեւ շուկայահանումը):

Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը եւ ներմուծումը :

Բացի այդ, պետական վերահսկողության, ինչպես նաեւ ներմուծման եւ արտահանման արգելքի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սահմանվում է, որ պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին եւ մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաեւ սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով եւ երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում՝ համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո եռօրյա ժամկետում տրամադրում է փոփոխված ցանկերը:

2) որպես աշխարհագրական նշում պահպանվում է ոչ միայն տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում՝ երկրի անվանումը, այլ նաեւ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որն արտադրվել եւ (կամ) վերամշակվել եւ (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

3) սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված չեն կարողանում ձեւավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին եւ ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ:

4) կատարվում են նաեւ որոշ խմբագրական փոփոխություններ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք - Սույն Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, ԵՄ փորձագետների առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ եւ անձինք չեն մասնակցել:

6. Ակնկալվող արդյունքը - Սույն Նախագծի ընդունմամբ հստակեցվում են աշխարհագրական նշումով արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն եւ տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները եւ հնարավորություն է տրվում «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրելու արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու ցանկություն ունեցող մարմիններին: Հնարավորություն է տրվում, որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաեւ տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը: Գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու իրավասության վերապահումը  հնարավորություն կտա կարճ ժամկետներում գրանցելու ավելի քան 10 անվանում աշխարհագրական նշումով ապրանքներ եւ կխթանի ոլորտային ասոցիացիաների ստեղծմանը:

7. Սույն օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը - Սույն Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի «Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան եւ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու եւ քննարկելու կարգը հաստատելու մասին» N 310-Ն որոշման մեջ:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ - Սույն Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի Կառավարության 19-րդ նպատակից եւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ միջոցառման 5-րդ արդյունքային ցուցանիշից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն