Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-468-20.03.2014-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Սույն օրենքը չի կարգավորում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժա»  կետով նախատեսված  զոհերի հաշվառման եւ հուղարկավորության հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

1. 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ մահացածի աճյունասափորը հողին հանձնելու կամ աճյունաuափորը  հուշապատում տեղադրելու  ծիսական արարողություն` սույն օրենքի եւ սանիտարական ու բնապահպանական պահանջներին համապատասխան.».

2. 2-րդ պարբերությունում «եւ բնապահպանական» բառերը փոխարինել «բնապահպանական եւ սանիտարական» բառերով.

3. 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանների տրամադրման համար հողատարածքները եւ որտեղ նախկինում հատկացված գերեզմաններում կարող է իրականացվել վրահուղարկավություն կամ նոր հուղարկավորություն`  գերեզմանում ազատ տարածքի առկայության դեպքում,».

4. 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բաց գերեզմանատուն» գերեզմանատուն, որտեղ առկա են նոր գերեզմանատեղերի տրամադրման համար ազատ հողատարածքներ,».

  5. 9-րդ պարբերությունը «կազմակերպելը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով.

6. լրացնել նոր պարբերություններով` հետեւյալ բովանդակությամբ `

       «գերեզմանատան տնօրինություն` համայնքային գերեզմանատների համար` համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, կամ համայնքի ղեկավարի  կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առեւտրային կազմակերպություն, պետական գերեզմանատների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.

«քաղաքացիական հոգեհանգիստ` ազգային ավանդույթներին համաձայն մահացածին հողին հանձնելուց առաջ հրաժեշտի ծիսակատարություն:».

«ընտանեկան գերեզման» սույն օրենքով սամանված չափով մեկ ընտանիքին հատկացվող գերեզմանատեղ:

 Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ`

 «Հոդված 4.  Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների  շահագործման բնագավառում պետական  կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) բնագավառի պետական քաղաքականության մշակումը.

2) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում հսկողության եւ վերահսկողության իրականացումը.

3) գերեզմանատների զբաղեցրած հողերի կառուցապատման սխեմաների մշակման, դրանց սահմանների փոփոխման աշխատանքների, նոր գերեզման ատաների կազմակերպման համակարգումը: Հողերի կառուցապատման սխեմաների մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) գերեզմանատների, դիակիզարանների եւ հուղարկավորությունների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ , ինչպես նաեւ գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո` շինարարության իրականացման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերի շինությունների (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առկայության պահանջի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, բացառությամբ՝ Երեւան քաղաքի:

5) մասնավոր գերեզմանատների տարածքների կառուցապատման համար (շինարարության թույլտվություն ստանալուց հետո՝ շինարարության իրականացման) փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերի շինությունների (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առկայության պահանջի խախտման դեպքում տալ կարգադրագիր՝ ողջամիտ ժամկետում (որը չի կարող գերազանցել 12 ամիսը) վերացնելու հայտնաբերված խախտումները բացառությամբ՝ Երեւան քաղաքի:

 Հոդված 4. Օրենքը լրացնել  4.1  եւ 4.2 հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 4.1  Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների  շահագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասություններն են`

1)  բնագավառում առկա խնդիրների լուծման ուղղությամբ պետական կառավարման լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը.

2) հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների տարածքների օգտագործման, շահագործման ու պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

Հոդված 4.2 Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

1. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

1) գերեզմանատների կազմավորումը, շահագործումը եւ պահպանումը` քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան.

2) համայնքային գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման եւ թաղումների գրանցման մատյանի վարումը, գերեզմանի վկայականի տրամադրումը.

3) համայնքի վարչական տարածքում մահացած, հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չունեցող քաղաքացիների հուղարկավորության կազմակերպումը.

4) գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման եւ համաձայնեցման փուլում քաղաքաշինական փաստաթղթերում շենքերի շինությունների (համապատասխան մակերեսներով եւ քանակով) առկայության պահանջի ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում:

5) գերեզմանատների կառուցապատման սխեմաների մշակումը եւ հաստատումը.

6)Երեւան քաղաքում գտնվող գերեզմանատների, դիակիզարանների եւ հուղարկավորությունների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների եւ  գերեզմանատների տարածքների կառուցապատման  ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) Երեւան քաղաքում գտնվող գերեզմանատների գործունեության եւ դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կարգի կատարման նկատմամբ  վերահսկողության իրականացումը:

2. Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները իրականացնում են սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Oրենքի 7-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6.   Օրենքի 8-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել  «2 օրվա ընթացքում» բառերը:

2. 3-րդ մասի 3-րդ պարբերությունում «կարգի» բառը փոխարինել «կամքի»   բառով.

3. 3-րդ մասը լրացնել 5-րդ պարբերությամբ՝ հետեւալ բովանդակությամբ.

««Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի ցանկությամբ հուղարկավորությունը կարող է կատարվել մասնավոր գերեզմանատանը:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հուղարկավորությունը իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից տրված մահվան վկայականի հիման վրա:

Մահվան վկայականը տրվում է մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում մահացածի մարմնի պարտադիր հերձման դեպքերում` պաթալոգիաանատոմիական կենտրոնի կողմից անվճար տրված մահվան պատճառի եզրակացության հիման վրա:».

2. 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «(բնօրինակի)» բառից հետո լրացնել «կամ գրանցամատյանում նախկինում կատարված գրանցումների» բառերը:

3. 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվում է` դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով),  իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12 քառակուսի մետր հողատարածք:

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում` համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի համար 1 քառակուսի մետր հողատարածք (1.0x1.0 մետր չափերով), կամ տեղադրվում է հուշապատի մեջ:

4. Հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի ցանկությամբ անվճար հիմունքներով տրամադրվող գերեզմանատեղից բացի, համայնքային գերեզմանատանը կարող է վճարովի հիմունքներով տրամադրվել առավելագույնը 6 քառակուսի մետր հողատարածք` գերեզմանատան կառուցապատման սխեմայով համապատասխան տարածքներ նախատեսված լինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ վճարի չափով:»:

4. Հոդվածը լրացնել նոր 4.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ.

 «4.1 Գերեզմաններում տապանաքարերի, հուշաքարերի, հուշարձանների, գերեզմանի սահմանային եզրաքարերի տեղադրման համար իրականացվող շինարարական աշխատանքների համար շինարարական թույլտվություն չի պահանջվում:»:

5. 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

6. 9-րդ մասում «վարչակազմին» բառը փոխարինել «տնօրինությանը» բառով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Հուղարկավորությունների կազմակերպումն իրականացնող մարմինները

1. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը` գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումն իրականացնում է`

1) համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը, կամ նրա կողմից լիազորված անձը.

2) պետական գերեզմանատների դեպքում` տվյալ պետական մարմինը.

3) մասնավոր գերեզմանատան դեպքում` գերեզմանատան սեփականատերը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձիք` վերջիններիս եւ գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

2. Համայնքներում հուղարկավորության կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել ոչ առեւտրային կազմակերպություններ:»:

Հոդված 9.   Օրենքի 19-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «մասնավոր» բառը:

2. 3-րդ մասում «գերեզմանատների» բառից առաջ լրացնել «Պետական»  բառը:

3. 5-րդ մասում «հաշվին» բառից հետո լրացնել «բացառությամբ պետական եւ մասնավոր գերեզմանատների» բառերը:

4. Հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Համայնքային եւ պետական գերեզմանատները օտարման կամ մասնավորեցման ենթակա չեն, բացառությամբ այն գերեզմանատների, որոնց նկատմամբ համայնքի կամ պետության սեփականության իրավունքը ծագել է սույն օրենքի 19.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել նոր 19.1 եւ 19.2-րդ հոդվածներով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.1  Մասնավոր գերեզմանատների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները.

1. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են սույն օրենքի 19-րդ, 20-րդ,    21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթների համաձայն` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հա տարածքով հողամասերում: Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, սույն օրենքով նախատեսված պահանջների եւ պայմանների բավարարման դեպքում, մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից ստանում են թույլտվություն՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգով:  Թույլտվության տրամադրումը կարող է մերժվել, եթե դիմողի կողմից չեն պահպանվել մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար սույն օրենքով սահմանված պահանջները եւ պայմանները: Թույլտվության տրամադրման համար գանձվում է տարեկան տեղական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

2. Մասնավոր գերեզմանատները կարող են կազմավորվել  հողերի գոտիավորման եւ օգտագործման սխեմաների հիման վրա՝ կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա:

3. Մասնավոր գերեզմանատան կազմակերպումը հանդիսանում է քաղաքաշինական գործունեության տեսակ եւ ենթակա է օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.

4. Մասնավոր գերեզմանատան կազմակերպման համար պարտադիր պայման է հանդիսանում սեփականատիրոջ բանկային հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով դրամային միջոցների առկայությունը:

5. Մասնավոր գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է.

1) գերեզմանատան տարածքում ունենալ  հետեւյալ շինությունները`

ա. շուրջօրյա աշխատանքային ռեժիմով դիակների պահման վայր` մինչեւ հոգեհանգստի եւ հուղարկավորության իրականացումը,

բ. առնվազն մեկ հոգեհանգստի սրահ` նվազագույնը 100 քառակուսի մետր մակերեսով,

գ. առնվազն մեկ հոգեհացի մատուցման սրահ` նվազագույնը 150 քառակուսի մետր մակերեսով,

դ. դիահերձարան,

ե. ավտոկայանատեղ` առնվազն 30 տրանսպորտային միջոցների համար,

զ. հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար,

է. ծաղիկների, ծաղկեպսակների եւ հոգեհանգստի ու հուղարկավորության համար անհրաժեշտ այլ պարագաների վաճառքի սրահ,

ը. դիակիզարան` երկու եւ ավելի հեկտար տարածքում գերեզմանատան կազմակերպման դեպքում, իսկ մինչեւ երկու հեկտար տարածքում գերեզմանատան կազմակերպման դեպքում` որեւէ գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու պայմանագիր.

թ. ոռոգման եւ խմելու ջրի համակարգ, հասարակական զուգարան.

2) յուրաքանչյուր երկու հեկտար տարածքում գերեզմանատան կազմակերպման դեպքում ունենալ առնվազն մեկ ավտոդիատար.

3)  պարսպապատել գերեզմանատան տարածքը.

4)  պահպանել բնապահպանական եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

6. Մասնավոր գերեզմանատան տարածքը օտարելու դեպքում նոր սեփականատիրոջը պետք է միաժամանակ փոխանցվեն նաեւ սույն օրենքի 19.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները: Սույն մասի պահանջները չպահպանելու դեպքում օտարման պայմանագիրը առոչինչ է:

7. Գերեզմանատան սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի վերակազմակերպման կամ լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան  դեպքում սույն օրենքի 19.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքները եւ պարտավորությունները փոխանցվում են այն անձին, որին փոխանցվում է գերեզմանատան տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը:

8. Մասնավոր գերեզմանատների տարածքը, դրա վրա առկա օժանդակ շինություններով, կարող է օտարվել միայն որպես մեկ գույքային միավոր:

9. Մասնավոր գերեզմանատան սեփականատերը պարտավոր է անձնակազմի անդամներից նշանակել մեկ պատասխանատու անձ՝ կազմակերպության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատուցման վերաբերյալ հարցերը հուղարկավորության կազմակերպումն ստանձնող անձի հետ քննարկելու համար:

10. Ծառայությունները պատշաճ կազմակերպելու նպատակով մասնավոր գերեզմանատան սեփականատերն իր ներքին իրավական ակտերով պետք է հաստատի անձնակազմի հագուստի, ինպես նաեւ անձնակազմի՝ հուղարկավորության, հոգեհանգստի եւ հոգեհացի մասնակիցների հետ վարվեցողության կանոններ:

Հոդված 19.2.  Մասնավոր գերեզմանատներում հուղարկավորությունը

1. Մասնավոր գերեզմանատան սեփականատերը ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) հիման վրա:

2. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան սեփականատերը պայմանագիր կարող է կնքել ինչպես մահացածի  հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի հետ, այնպես էլ մահացածի հետ` վերջինիս կենդանության ժամանակ: Ընդ որում, գերեզմանատան սեփականատիրոջ եւ մահացածի  միջեւ՝ վերջինիս կենդանության ժամանակ կնքված պայմանագրի առկայության դեպքում մահացածի փոխարեն պայմանագրային պարտավորությունների կատարման պահանջ կարող է ներկայացնել մահացած անձի իրավահաջորդը:

3. Պայմանագիրը կնքվում է նվազագույնը 15 տարի ժամկետով: Նշված պայմանագրի համաձայն` գերեզմանատան սեփականատերը պարտավորվում է հատկացնել պայմանագրում ուղղակիորեն նշված տարածքը եւ հուղարկավորումը կատարելուց հետո պայմանագրում նշված ժամանակահատվածում պահպանել եւ սպասարկել գերեզմանը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրին կցվում է հատակագիծ, որի վրա մատնանշվում է հուղարկավորման համար հատկացված տարածքը:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում գերեզմանատան սեփականատերը պարտավոր է պահպանել գերեզմանը եւ միջոցներ է ձեռնարկում պայմանագրի մյուս կողմին ժամկետի ավարտման մասին ծանուցելու համար: Սույն մասում նշված մեկամյա ժամկետում պայմանագրի մյուս կողմը կարող է գերեզմանատան սեփականատիրոջ հետ կնքել նոր պայմանագիր կամ իրականացնել վերահուղարկավորություն այլ գերեզմանատանը կամ իրականացնել դիակիզում:

6. Սույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան նոր պայմանագիր չկնքելու կամ վերահուղարկավորություն կամ դիակիզում չկատարելու դեպքում եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, գերեզմանատան սեփականատերը կարող է կրկին օգտագործել գերեզմանի տարածքը՝ կատարելով վրահուղարկավորում կամ տարածքն օգտագործել մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո այն դիակիզելու, գերեզմանահորն անմիջապես ախտահանելու եւ աճյունասափորը հուշապատում տեղադրելու եւ 5 տարի ժամկետով պահելու պայմանով: Նշված 5 տարի ժամկետը լրանալուց հետո աճյունասափորը գերեզմանատան սեփականատիրոջ կողմից ենթակա է ոչնչացման` սանիտարական կանոնների պահպանմամբ:

7. Մասնավոր գերեզմանատան տնօրինությունը պարտավոր է վարել գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման մատյաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով, որոնք արխիվացվում եւ պահվում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով։

Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

1. հոդվածը լրացնել նոր 2.1 մասով` հետեւյալ բովանդակությամբ `

«2.1. Գերեզմանատների եւ դիակիզարանների կազմակերպման պարտադիր պայման է հանդիսանում`

1) բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական եւ հասարակական այլ շենքերից առնվազն 300 մետր հեռավորության պահպանումը,

2) գերեզմանատների սանիտարապաշտպանիչ գոտու` գերեզմանատան սահմանից (պարսպից, ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորության սահմանումը: Նշված գոտում արգելվում է ցանկացած գործունեություն, բացառությամբ հուղարկավորության ծառայությունների կազմակերպման եւ գերեզմանատան շահագործման նպատակներին ծառայող կառույցների գործունեությունը:

3) գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմանատան սահմանից (պարսպից, ցանկապատից) առնվազն 40 մետր հեռավորության վրա:».

2. Հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Պետական եւ համայնքային գերեզմանատներում գերեզմանները տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ եւ սույն օրենքով սահմանված չափերով.».

Հոդված 12 . Օրենքի հոդված 24-ի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 13. Օրենքը լրացնել 25.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 25.1   Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

1. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: »:

 Հոդված 14. Անցումային դրույթներ

Մասնավոր գերեզմանատները կազմավորվում եւ դրանց շահագործման մեկական թույլտվություններ տրամադրվում են Երեւան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում: Սույն մասով նշված առաջին թույլտվությունների տրամադրումից հետո Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց կարող է տարամադրվել թույլտվություն ոչ պակաս քան երեք տարի անց:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


 ՀԻ Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾ

ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի նիստի N02/29.6/[148457]-13  արձանագրության 23-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի  կատարմամբ:

Օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել գերեզմանատների ու  դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները:

1.2. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2006 թվականին: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրա դրույթների կատարման ուղղությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ՀՀ  մարզպետարանների հետ համատեղ, իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ: Մասնավորապես.  գերեզմանատների  եւ հուղարկավորությունների կազմակերպման գործընթացներում պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունների սահմանման,  համայնքային գերեզմանատներում անվճար եւ վճարովի հիմունքներով տրամադրվող գերեզմանների չափերի սահմանման, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ներդրման մասով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

  Առկա խնդիրների կարգավորման համար առաջարկվում է սահմանել բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, օրենքը լրացնել նոր հոդվածներով՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման  մարմինների իրավասությունների, բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանելու, ինչպես նաեւ մասնավոր գերեզմանատների կազմակերպման համար իրավական եւ ինստիտուցիոնալ հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթները:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք  եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Հեղինե Բիշարյանի եւ  Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ, ՀՀ կառավարության իրավաբանական վարչության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել հիմքեր օրենքի պահանջների խախտումների բացահայտման եւ բացասական գործընթացների հետեւանքների կանխարգելման համար, ինչպես նաեւ  մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման ուղղությամբ:

Մասնավոր գերեզմատների ինստիտուտի ձեւավորումը օրինական հիմքերի վրա կդնի դրանց գործունեությունը` խթանելով պետական, համայնքային եւ մասնավոր գերեզմանատների առողջ մրցակցությունը, նպաստելով հուղարկավորությունների կազմակերպման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների շահագործման բնագավառի առկա կոռուպցիոն  ռիսկերի նվազեցմանը, ոլորտի մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը: