Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-466-19.03.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 30.2 հոդվածում`

1.1-ին մասում «հաշիվների» բառը փոխարինել «հաշիվներին առկա դրամական միջոցների» բառերով,

2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկ վճարողի գույքի արգելադրումն իրականացնող պաշտոնատար անձը գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագրի հիման վրա դրա հրապարակումից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին ընդունում է որոշում, որտեղ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, հարկ վճարողի բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում նաեւ արգելադրվող գումարի չափը, ընդունված որոշման հիմքերը այն օրենքների կամ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով որոշում ընդունող անձը ղեկավարվել է այն ընդունելիս, քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելադրման որոշումը բանկերին եւ պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

Առեւտրային բանկերը անմիջապես արգելադրում են որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա ազատ դրամական միջոցները` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով: Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ առաջին հերթին արգելադրվում են ընթացիկ հաշիվները ՀՀ դրամով, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում ըստ հերթականության արգելադրվում են ընթացիկ հաշիվները արտարժույթով, ավանդային հաշիվները ՀՀ դրամով, ավանդային հաշիվներն արտարժույթով:

Հարկ վճարողի բանկային հաշիվներին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առեւտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչեւ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը, կամ արգելադրման մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչեւ սույն հոդվածով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

Այն դեպքում, երբ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկը իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարարության հիման վրա տրամադրել տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: Նշված տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ձեւով:

Եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի տվյալ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցները: Նշվածը չի վերաբերում այն առեւտրային բանկերին, որոնք արգելադրման մասին որոշմամբ արգելադրված բանկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված հաղորդագրություն են ուղարկել այլ առեւտրային բանկի (բանկերի):

Այն դեպքում, երբ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզվում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներին առկա արգելադրված դրամական միջոցները պակաս են արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափից, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով արգելանքից հանել միայն տվյալ բանկում եւ այլ բանկերում արգելադրման արդյունքում հարկային պարտավորության գումարը գերազանցող դրամական միջոցները` հիմք ընդունելով այլ առեւտրային բանկից (բանկերից) ստացված հաղորդագրությունները:

Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելադրման ենթակա գումարի հստակ չափը ենթակա չէ կատարման:

Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա եւ հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից կատարելու փոխանցումներ պետական բյուջե, եթե այդ դրամական միջոցները չեն հանդիսանում գրավի առարկա:

Սույն հոդվածով սահմանված բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ իրավական ակտով:

Հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելիս կազմվում է արձանագրություն: Արձանագրությունում կամ դրա հավելվածում նկարագրվում եւ ըստ անվանումների նշվում է արգելադրվող գույքի անվանումը, քանակը, անհատական հատկանիշները, հաշվեկշռային արժեքները: Նշված արձանագրությունը հանդիսանում է հարկ վճարողի գույքի արգելադրման որոշման անբաժանելի մասը:

Այլ գույքի արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը եւ պայմանները սահմանվում են համապատասխան լիազոր մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համատեղ իրավական ակտով»:

3. 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Այն դեպքում, երբ հարկային մարմնին տրամադրվել է հարկ վճարողի էլեկտրոնային փոստի հասցեն՝ գույքի արգելանդրման մասին որոշման ծանուցումը վերջինիս կուղարկվի էլեկտրոնային եղանակով` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:»:

4. 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է.

1) Եթե, վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում, հարկային մարմնի կողմից, չի ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն,

2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ սույն օրենքի 29.1. հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում,

3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում,

4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչելու դեպքում:

Պարտավորության մարման նպատակով անհրաժեշտ գումարը համապատասխան գանձապետական հաշիվ մուտքագրվելուց հետո կամ սույն հոդվածով սահմանված կարգով աuտիճանական մարման ժամանակացույցը կնքելուց հետո հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարգադրություն ուղարկել համապատասխան անձանց եւ մարմինների արգելանքը վերացնելու մասին: Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման դեպքում, նշված կարգադրությունը հարկային մարմնի կողմից սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, հարկ վճարողն իավունք ունի համապատասխան բանկ ներկայացնել հարկային պարտավորության վճարման անդորրագիրը կամ սույն օրենքի 29.1. հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձումը հավաստող փաստաթուղթը կամ հարկային պարտավորությունը մարելու վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույցը, որից հետո տվյալ բանկը մեկ աշխատանքային օրվա ընթացքում արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցում է կատարում հարկային մարմնին: Եթե բանկը հարցումն ուղարկելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնից մերժում չի ստանում, ապա արգելանքը վերանում է: Հարկային մարմինը արգելանքը վերացնելու վերաբերյալ հարցումը չի կարող մերժել հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում`

-  հարկային պարտավորության գումարը մուտքագրվել է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին;

- ըստ հարկային մարմնի տվյալների սույն օրենքի 29.1. հոդվածով սահմանված կարգով իրականացվել է պարտավորության գումարի գանձում;

- հարկ վճարողի հետ կնքվել է հարկային պարտավորություն մարելու վերաբերյալ աuտիճանական մարման ժամանակացույց:»:

Հոդված 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Սույն օրենքով սահմանված բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգը ներդրվում է սույն օրենքի ուժի մտնելու օրվանից մեկ ամիս հետո:

3. Մինչեւ սույն օրենքով սահմանված գործընթացների կազմակերպման էլեկտրոնային համակարգերի ներդրումը արգելադրման գործընթացները իրականացվում են թղթային եղանակով:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

1.  Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը պայմանավորված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ 2011 թվականի հուլիսի 27-ին կայացած` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստի արձանագրությամբ գործարարների կողմից բարձրացված հարցերի լուծման առաջարկների տրամադրման հետ:

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, Հարկային մարմնի կողմից գույքի արգելադրման ընթացակարգի բացերի առկայությամբ, ինչը գործնականում խոչընդոտում է ձեռնարկատիրության իրականացմանը: Սույն որոշման նախագծի ընդունմամբ հստակ կկարգավորվի հարկ վճարողների բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման կարգը` հարկային պարտավորությանը համաչափ, հարկ վճարողի այլ գույքի արգելադրման կարգը, ինչպես նաեւ արգելադրված գույքը արգելանքից հանելու կարգը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս բացակայում է Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու հստակ` ըստ քայլերի հաջորդականության կարգը, որը առաջացնում է լրացուցիչ վարչարարության անհրաժեշտություն եւ անորոշություն գործարարների համար: Ընթացակարգի անկատարելության արդյունքում գործնականում արգելադրվում են գործարարների բանկային հաշիվներին առկա ամբողջ դրամական միջոցները, առանց հաշվի առնելու պարտավորության չափը, ինչը առաջացնում է խոչընդոտներ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես`

-  բանկերը, առաջնոդրվելով «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, Հարկային մարմնին չեն կարող տեղեկություն հայտնել բանկային հաշիվներին առկա գումարների չափի մասին եւ գործնականում արգելադրվում է բանկային հաշիվների առկա ամբողջ գումարը.

-  այն դեպքում, երբ ձեռնարկատերը ունի հաշիվներ մեկից ավելի բանկերում, ապա հարկային մարմնի որոշումը ուղարկվում է բոլոր բանկերին եւ արգելանք է դրվում ձեռնարկատիրոջ բոլոր բանկերում ունեցած հաշիվներին առկա դրամական միջոցների վրա, եթե անգամ մեկ հաշվին առկա գումարը համապատասխանում է հարկային պարտավորության չափին.

-  առկա են դեպքեր, երբ բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման մասին որոշման մեջ բացակայում է արգելադրման ենթակա գումարը եւ արդյունքում, առեւտրային բանկերը, ելնելով պետության շահերից, արգելադրում են բանկային հաշիվներին առկա ամբողջ գումարները՝ առանց հաշվի առնելու հարկային պարտավորության չափը.

-  արգելադրված գումարներից հարկային պարտավորության գումարները պետական բյուջե վճարելու համար ձեռնարկատերերը ստիպված են լրացուցիչ դիմել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ վճարում կատարելու թույլտվություն ստանալու համար.

- կարգավորված չէ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների մարման կամ  օրենքով սահմանված կարգով պարտավորությունների մարման ժամանակացույց կազմելու դեպքում, ինչ ժամկետում եւ ինչի հիման վրա առեւտրային բանկերը պետք է վերացնեն արգելանքը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարությունն ու մի շարք միջազգային կառույցներ ակտիվ համագործակցում են հարկային դաշտը հնարավորինս հստակեցնելու, թափանցիկ դարձնելու նպատակով: Մասնավորապես, ՀՀ կառավարությունն իրականացնում է տեսչական բարեփոխումներ, որոնց շրջանակներում նախատեսվում է թեթեւացնել տնտեսվարող սոուբյեկտի վրա տեսչական` ընդհանրապես վարչական բեռը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Կարգավորման նպատակն է հստակեցնել Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու ընթացակարգը եւ վերացնել լրացուցիչ խոչընդոտները բիզնես իրականացնելու տեսանկյունից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Փոքր եւ միջին ձեռնակատիրության զարգացման խորհրդի քարտուղարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Հստակեցնել Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա հարկային պարտավորությանը համաչափ արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու ընթացակարգը, ինչը կվերացնի տնտեսվարող սուբյեկտների աշխատանքների անընդհատության խոչընդոտները եւ կապահովի թափանցիկ միջավայր: