Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-465-19.03.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «անձինք» բառը փոխարինել «ազգությամբ հայերը»  բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 12.  Քաղաքացիություն չունեցող անձանց երեխայի քաղաքացիությունը, ինչպես նաեւ այն երեխայի քաղաքացիությունը, ում ծնողների քաղաքացիությունն անհայտ է կամ ում ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն

1. Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե`

1) ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են.

2) ծնողների քաղաքացիությունն անհայտ է.

3) ծնողները այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային` իրենց քաղաքացիության երկրի (երկրների) օրենսդրության համաձայն.

4) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսը` այլ երկրի քաղաքացի, որն իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային.

5) ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է.

6) ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է, որն իր քաղաքացիության երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

3. Սույն օրենքի իմաստով երեխան Հայաստանի Հանրապետությունում ծնված է համարվում նաեւ, եթե ծնվել է Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավում:

4. Սույն հոդվածի իմաստով ծնողի քաղաքացիությունը համարվում է անհայտ, եթե մինչեւ երեխայի քաղաքացիությունը որոշելու համար վերջնական որոշում կայացնելու պահը լիազոր մարմնի կողմից ձեռնարկված անհրաժեշտ եւ բավարար միջոցների արդյունքում հնարավոր չի եղել որոշել ծնողի քաղաքացիությունը:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «գործունակ» բառից հետո լրացնել «(բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի)» բառերով.

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական, կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:».

3. 3-րդ մասը «անձը» բառից հետո լրացնել «կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:» բառերով.

4. 5-րդ մասում «անձամբ» բառից հետո լրացնել «, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած, սակայն այլ երկրի քաղաքացիություն չստացած անձն, իր դիմումի համաձայն, կարող է վերականգնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «ծնողի համաձայնությունը» բառերից հետո լրացնել «, կամ եթե ծնողների (ծնողի) համաձայնության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

1. «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:»:

2. «Սույն հոդվածով նախատեսված դեպքերում երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը` քաղաքացիության դադարեցման հետեւանքով` ծնողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված ընդհանուր հիմունքներով»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «դիմումով» բառից հետո լրացնել «, եթե նա ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն» բառերով.

2. 2-րդ մասը «, պահպանում է» բառերից առաջ լրացնել «կամ օտարերկրյա քաղաքացի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը «իրավունքից» բառից հետո լրացնել «եւ եթե երեխան ունի կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն» բառերով:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով եւ արարքը կատարելու պահից չի անցել 10 տարի.»:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «քաղաքացիություն» բառից հետո լրացնել «կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, եթե ունի այլ պետության քաղաքացիություն:» բառերով.

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) նա չունի այլ պետության քաղաքացիություն եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Հայաստանյան Գրասենյակի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում համապատասխան գնահատական է տրվել  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին` «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի պահանջների ապահովման մասով: Ըստ գնահատականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարեւորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն: Դրանցից են` քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությունը, ամուսնության առկայությամբ կամ արտաամուսնական կապից ծնված երեխաների` քաղաքացիության առնչությամբ հավասար իրավունքները, երաշխիքները, այն որ ամուսիններից մեկի քաղաքացիության կարգավիճակի փոփոխությունը չի կարող ազդել մյուսի քաղաքացիության վրա, եւ որ ամուսինների քաղաքացիության կարգավիճակն ավտոմատ կերպով չի կարող փոփոխության ենթարկվել ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում, երկքաղաքացիության արգելքի վերացումը, համաձայն որի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չի պահանջվում հրաժարվել այլ պետության քաղաքացիությունից:

Այնուամենայնիվ, Օրենքով կան որոշակի բացեր, որի լրացման պարագայում քաղաքացիության վերաբերյալ գործընթացը կնպաստի «Ապաքաղաքացիության կրճատման մասին»  կոնվենցիայով սահմանված` քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը: Մասնավորապես`

1) Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործունակությունը  քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ պայման է եւ չի նախատեսվում, որ անգործունակ անձինք կարող են քաղաքացիություն ստանալու համար դիմել իրենց խնամակալների միջոցով: Հաշմանդամություն ունեցող անձանց՝ բոլորի հետ հավասար հիմունքներով քաղաքացիություն ունենալու իրավունքը համապարփակ կերպով ամրագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության 2006 թ. կոնվենցիայում:

2) Օրենքի 13-րդ հոդվածը չի անդրադառնում Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել ցանկացող փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց առանձնահատուկ իրավիճակին: Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիության ձեռքբերմանը նպաստելու` պետությունների պարտավորությունը ամրագրված է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. կոնվենցիայի հոդված 34-ում եւ «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թ. կոնվենցիայի հոդված 32-ում: Անդամակցած պետություններից ակնկալվում է ամեն ջանք գործադրել քաղաքացիության տրամադրման գործընթացն արագացնելու համար:

3) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված հիմքով երեխայի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պահանջվում է ծնողների համաձայնությունը: Սակայն սահմանված չէ իրավական կարգավորումն այն դեպքի համար, երբ ծնողի համաձայնության բացակայության դեպքում երեխան քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ձեռք չբերելու համար ձեռք բերի ՀՀ քաղաքացիություն (նման իրավական կարգավորում նախատեսված է Օրենքի 11-րդ հոդվածով):

4) Օրենքի 17-րդ հոդվածով  կարգավորվում է ծնողների կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխայի քաղաքացիությունը կորցնելու հարցը, սակայն նախատեսված չէ պայման, որի առկայության պարագայում գործի նշված նորմը (երեխան պետք է ունենա այլ պետության քաղաքացիություն կամ այն ստանալու վերաբերյալ գրավոր համաստում):

5) Օրենքի 19-րդ հոդվածով կարգավորվում է որդեգրման դեպքում ՀՀ քաղաքացիության պահպանման հարցը, սակայն նախատեսված չէ որդեգրողների դիմումներով երեխայի քաղաքացիությունը փոխելու դեպքում գործող կարեւոր պայման (երեխան պետք է ունենա այլ պետության քաղաքացիություն կամ այն ստանալու վերաբերյալ գրավոր համաստում):

Բացի այդ 2-րդ մասով նախատեսված չէ այն դեպքը, երբ ՀՀ քաղաքացի երեխային որդեգրում են օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող ծնողները:

6) Օրենքի 21-րդ հոդվածով կարգավորվում է երեխայի քաղաքացիության հարցը այն դեպքում, որի նկատմամբ հաստատված է խնամակալություն կամ հոգաբարձություն, սակայն ծնողների դիմումի համաձայն ՀՀ քաղաքացիությունից երեխայի դուրս գալու համար սահմանված չէ պայման (երեխան պետք է ունենա այլ պետության քաղաքացիություն կամ այն ստանալու վերաբերյալ գրավոր համաստում):

7) Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպք, երբ այն ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա: Սակայն սահմանված չէ դրույթ, որի համաձայն անձի մեղավորությունը պետք է հաստատված լինի օրենքով սահմանված կարգով, այլ ոչ կրի կամայական բնույթ: Բացի այդ, միջազգային պրակտիկայի համաձայն նշված հիմքով քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում այն դադարեցնելու համար սահմանված է վաղեմության ժամկետ:

8) Օրենքի 24-րդ հոդվածով կարգավորվում է ՀՀ քաղաքացիությունը փոխելու դեպքը եւ այն մերժելու հիմքերը: 1-ին մասի համաձայն ՀՀ քաղաքացիությունը փոխելու հիմք է նախատեսված միայն այն, երբ անձը ցանկանում է դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն, սակայն նախատեսված չէ այն դեպքը, երբ անձը արդեն իսկ ունի այլ պետության քաղաքացիություն եւ ցանկանում է դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից: 24-րդ հոդվոծով որպես մերժման հիմք նախատեսված չէ այն, երբ ՀՀ քաղաքացիությունից դուրս եկող անձը չունի այլ պետության քաղաքացիություն եւ մինչեւ Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումը չի ներկայացնում օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին:

Բացի այդ, պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անձը ներկայացնելով այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին գրավոր հավաստում, դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից, սակայն հետագայում մերժվում է նրան այլ պետության քաղաքացիություն ստանալու հարցը եւ արդյունքում վերջինս դառնում է քաղաքացիություն չունեցող անձ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»»  ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվում Օրենքի 10-րդ հեդվածի   1-ին մասի 2-րդ կետում, 13-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 16-րդ հոդվածի 2-րդ մասում, 17-րդ հոդվածում, 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 21-րդ հոդվածում, 23-րդ հոդվածի 2-րդ կետում, 24-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում եւ 26-րդ հոդվածում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից` Միավորված Ազգերի Փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի Հայաստանյան Գրասենյակի առաջարկությունների հիման վրա:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքի  նախագծի ընդունմամբ կապահովվի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի եւ միջազգայնորեն ամրագրված այլ իրավական ակտերի պահանջները: