Armenian ARMSCII Armenian
Կ-267-18.05.2022-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»  1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը լրացնել նոր՝ 6.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 6.1  Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները

1. Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաները նշանակվում են եւ նշանակումը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից:

2. Առողջապահության ոլորտում մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշով (այսուհետ՝ տվյալ հետազոտական ցուցանիշ) ռեֆերենս նշանակված լաբորատորիան պետք է.

1) լիազոր մարմնի կողմից հաստատված՝ որակի արտաքին գնահատման ծրագրերի շրջանակում, իրականացնի տվյալ հետազոտական ցուցանիշով  հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների կատարած հետազոտությունների վերահաստատում,

2) տարին առնվազն 2 անգամ մասնակցի ԻՍՕ/ԻԷԿ 17043-ով հավատարմագրված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչված կազմակերպությունների կողմից՝ տվյալ հետազոտական ցուցանիշի չափման ուղղությամբ իրականացվող լաբորատորիաների որակի արտաքին գնահատման ծրագրերին,

3) կատարի տվյալ հետազոտական ցուցանիշի չափման ուղղությամբ լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների հաստատում կամ հերքում,

4) կիրառի էտալոնային եւ (կամ) էտալոնի հետ համեմատելի եւ հետեւելի աշխատանքային ստանդարտ նմուշներ (չափանմուշներ),

5) իրականացնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Առողջապահության ոլորտում նշանակված ռեֆերենս լաբորատորիան իրավունք ունի.

1) տվյալ հետազոտական ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների մասնակցությամբ, կազմակերպել եւ իրականացնել որակի արտաքին գնահատումներ՝ կատարելով արդյունքների վերլուծություններ եւ ներկայացնելով բարելավման ուղղությամբ առաջարկություններ: Լաբորատորիաների որակի արտաքին գնահատման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2) կազմակերպել տվյալ հետազոտական ցուցանիշի ուղղությամբ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատում՝ վերապատրաստումներ կազմակերպելու համար: Լաբորատորիաների մասնագետների կոմպետենտության գնահատման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3) տվյալ հետազոտական ցուցանիշով հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներին տրամադրի մեթոդական-գործնական աջակցություն:

4. Նույն նմուշի մեկ հետազոտական ցուցանիշով ընթացիկ հետազոտությունը կարող է ռեֆերենսության կարգով վիճարկվել այդ հետազոտական ցուցանիշով ռեֆերենս նշանակված լաբորատորիաներից միայն մեկում` հաշվի առնելով սույն օրենքի 6.1 հոդվածի 7-րդ կետի պահանջները:

5. Ռեֆերենս լաբորատորիաները, ռեֆերենս եւ ընթացիկ (առաջնային հետազոտության, ոչ ռեֆերենս հետազոտության) գործառույթների շրջանակներում, կարող են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

6. Ռեֆերենս լաբորատորիայի կողմից, ռեֆերենս գործառույթների շրջանակներում, տրված եզրակացությունը վերջնական է եւ չի կարող վիճարկվել:

7. Ռեֆերենս լաբորատորիան չի կարող իրականացնել նույն նմուշի ընթացիկ եւ ռեֆերենս հետազոտություններ: Ռեֆերենս լաբորատորիայի իրականացրած ընթացիկ հետազոտությունը կարող է վիճարկվել:

8. Ռեֆերենս լաբորատորիաները կարող են  ֆինանսավորվել պետական բյուջեի միջոցներից եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի արձանագրության /20.07.2021 կա/123-2021 կետ 3-ի պահանջով՝ ըստ որի՝ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի «Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» թիվ 1206 որոշման ընդունումից հետո՝ մեկամսյա ժամկետում պետք է տրվի  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ռեֆերենս լաբորատորիաների շրջանակների հստակեցումը կատարելու համար  առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում կատարել լրացում՝ ավելացնելով համապատասխան հոդված՝  ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակների սահմանմամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի ռեֆերենս լաբորատորիաների գործառույթների շրջանակները:

5. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն