Armenian ARMSCII Armenian
Կ-2611-11.05.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում՝

1) լրացնել նոր 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբարկղերից, աղբամաններից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս երեք խորանարդ մետր եւ ավելի աղբի կուտակումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:

2) 2-րդ մասում «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով» բառերով, իսկ «խախտում» բառը փոխարինել «խախտումներ» բառով,

3) 2.4-րդ մասում «Սույն հոդվածի 2.2-րդ մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2.3-րդ մասով» բառերով,

4) 3-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

5) լրացնել 3.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված վարչական իրավախախտումները բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

6) լրացնել նոր 11.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«11.1. Սույն հոդվածի 1.1-ին եւ 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կարող են կիրառվել նաեւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 43.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 43.2. Աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը

1. Աղբավայրը շահագործողների կողմից աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 2191-ին հոդվածում՝

1) 1-ին մասում «43.1-ին հոդվածի 1-ին, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերով,

2) 2-րդ մասում «43.1-ին հոդվածի 2-8-րդ եւ 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ (3-րդ, 3.1-ին, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված իրավախախտումները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով ՀՀ ոստիկանությանը) եւ 10-12-րդ մասերով» բառերով,

Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 7-րդ (ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում՝ տեղեկացնելով համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին), 10-12-րդ մասերով» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝

«Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-րդ, 3.1-ին, 4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «43.2-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ լրացվող 43.2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը նաեւ ոստիկանությանը վերապահելու նպատակով:

Չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաեւ սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն Օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:

ՀՀ մարզերում եւ Երեւան քաղաքում վերջին հինգ տարիների ընթացքում Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, Երեւան քաղաքում իրականացվել է 3990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում մարզերից չորսում որեւէ վարույթ չի հարուցվել:

Վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաեւ դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախատումների դեմ պայքարը: Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:

Օրենսգրքի 43.1 հոդվածի 2-րդ մասում 22.05.18 ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում տեղ է գտել վրիպակ, որի արդյունքում հոդվածի 2-րդ մասի խմբագրությունից ստացվում է, որ պատասխանատվություն է նախատեսվում հիշյալ հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակի կատարման համար, այնինչ կրկնակիությունը պետք է նախատեսվեր միայն 1-ին մասով կատարված իրավախախտման համար: Օրենսգրքի 43.1 հոդվածի 2.4-րդ մասում եւ 3-րդ մասի 3-րդ կետում նախատեսվում է ուղղել համապատասխան մասերին հղումները:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է այնպես, որ 43.1 հոդվածի 3-4-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը քննելու հնարավորություն ունենան եւ՛ տեղական ինքնակառավարման մարմինները, եւ՛ ՀՀ ոստիկանությունը, սակայն կրկնակի վարչարարությունից խուսափելու նպատակով գործը քննելու է այն մարմինը, որը տվյալ պահին հայտնաբերել է իրավախախտումը:

Հայաստանի Հանրապետությունում շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի տարրերի՝ մթնոլորտային օդի, ջրերի, հողի վրա, սակայն դրանց ազդեցության գնահատում հնարավոր չէ իրականացնել, քանի որ աղբավայրի տարածքից արտանետվող եւ արտահոսող վնասակար նյութերի չափումներ չեն իրականացվում: «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է թափոնների հեռացման վայրերի, այդ թվում՝ աղբավայրերի մոնիթորինգի իրականացման պահանջ:

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություն, ուստի ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի անհրաժեշտ ներդաշնակեցումը ենթադրում է նաեւ անհրաժեշտ պատասխանատվության մեխանիզմների նախատեսում, որի անհրաժեշտությունից էլ ելնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվում է 43.2-րդ հոդվածով:

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8.2. կետերով ամրագրված միջոցառումների կատարման եւ «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջներից, ինչպես նաեւ նպատակաուղղված է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դրույթների կատարմանը:

Աղբավայրերի շահագործումը կարգավորվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերով՝ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Հարկային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով եւ մի շարք ենթաօրենսդրական ակտերով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կարեւորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը եւ իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաեւ ՀՀ ոստիկանությանը:

Նախագծով աղբավայրը շահագործողների համար սահմանվում է նաեւ պատասխանատվության միջոց, որը կիրառվելու է աղբավայրի տարածքում Կառավարության սահմանած կարգով մոնիթորինգ չիրականացնելու համար: Արդյունքում դա կապահովի՝ աղբավայրի տարածքում մոնիթորինգի պատշաճ իրականացումը, բնապահպանական որոշ խնդիրների լուծումը եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 43.2. հոդվածով եւ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին:

Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը Կառավարության կողմից կընդունվի 2022 թվականին, իսկ աղբավայրը շահագործողները (հիմնականում դրանք հանդիսանում են համայնքային ենթակայության հիմնարկներ) հնարավորություն կունենան 2023 թվականի ընթացքում նախապատրաստելու աղբավայրի մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական միջոցները, ուստի նախատեսվում է օրենսգրքի 43.2. հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը:

Միաժամանակ, Պետաիրավական նախարարական կոմիտեի 26.01.2022թ, թիվ ԿԱ/22-2022 արձանագրության 1-ին կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերով առաջարկվել էր համապատասխան մեխանիզմներ մշակել համայնքում աղբակույտեր առաջանալու դեպքում համայնքի ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու եւ Օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված իրավախախտման հայտնաբերման այլընտրանքային միջոցներ նախատեսելու համար: Ուստի, նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացնել 1.1-րդ մասով, իսկ 43.1-րդ հոդվածի 1.1-ին եւ 3-7-րդ մասերով սահմանված իրավախախտումների հայտնաբերման համար որպես ապացույց կիրառվել նաեւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքավորումների միջոցով արձանագրված փաստերը:

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման կարգի սահմանման իրավական հենքը:

3. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը եւ բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում: Ինչպես նաեւ աղբավայրերի մոնիթորինգի իրականացումը կնպաստի շահագործվող աղբավայրերը վնասակար ազդեցության նվազեցմանը:

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվի «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» եւ «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը:

Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի թափոնների տեղադրման վայրի հարակից տարածքներում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը: Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրերը շահագործողների կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը եւ ըստ անհրաժեշտության` կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության եւ Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը առնչվում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթ, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1.1 կետով նախատեսված է ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում առաջնահերթ յոթ նախաձեռնությունների իրականացում, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու եւ աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը եւ նորարարության խթանմանը, ինչպես նաեւ Երեւանի` որպես կանաչ եւ խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը եւ ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:

Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050թ. ռազմավարությամբ նախանշված են մի շարք նպատակներ, այդ թվում մաքուր եւ կանաչ Հայաստանի ապահովումը:

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից (4.10-րդ մասի առաջնահերթ ուղղություններ՝ 8-րդ պարբերություն)՝

«թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման), կառավարման համակարգի կատարելագործումը»:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում:

Սույն որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները Օրենսգրքի 43.1 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման մասով 2022թ. եւ 2023թ.կկազմեն համապատասխանաբար՝ 16 311 800 ՀՀ դրամ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն