Armenian ARMSCII Armenian
Պ-260-11.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19.6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 19.6. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծելու եւ (կամ) երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր (կամ դրանց կրկնօրինակներ) տրամադրելու համար բազային տուրքի չափով,
եթե սույն օրենքով այլ դրույքաչափ նախատեսված չէ
2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար բազային տուրքի 900-ապատիկի չափով
3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2603000000 ծածկագրին դասվող պղնձի խտահանք արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի160-պատիկի չափով
4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2613 ծածկագրին դասվող մոլիբդենի խտահանքեր արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի 800-պատիկի չափով
5. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7202700000, 8102 ծածկագրին դասվող մոլիբդենի (բացառությամբ 810297000) արտահանելու յուրաքանչյուր մեկ տոննայի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրների (մինչեւ հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը) բազային տուրքի 1000-ապատիկի չափով:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2018 թվականին իրանական ցեմենտի գնի շեշտակի նվազման հետեւանքով ներկրման ծավալները 3.5 անգամ աճեցին նախորդ տարվա համեմատ: Իրանական ցեմենտի գնի նվազումը պայմանավորված էր այդ երկրում գազի ցածր գներով եւ պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողների սուբսիդավորմամբ: Փաստացի դեմպինգային գներով ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ առաջացրեց:

Տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 000 դրամ տուրք:

2021 թվականի մայիսին ցեմենտի եւ կլինկերի ներկրումը օրենսդրորեն համարվեց լիցենզավորվող գործունեություն, ցեմենտի ներկրման համար տուրքի չափը մնաց անփոփոխ, կլինկերի համար սահմանվեց 2 000 դրամ՝ 1 տոննայի համար:

ՎԵՐՋԻՆ 3 ՏԱՐԻՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

2019-2021 թվականների ընթացքում ցեմենտի շուկայի զարգացումները ցույց են տալիս, որ 2019 թվականին ընդունված կարգավորումները իրենց նպատակին ծառայել են:

- Նախ՝ ցեմենտի սպառումը (արտադրություն + ներմուծում) էապես աճել է՝ 2019 թվականի 797 հազարի դիմաց՝ 2020 թվականին հասել է 865 հազար տոննայի, 2021 թվականին՝ մոտեցել 900 հազար տոննային: Ընդ որում, դա տեղի է ունեցել շինարարության չափավոր աճի պայմաններում:

- Ցեմենտի շուկայի աճը ապահովվել է գլխավորապես տեղական արտադրողների հաշվին: 2019 թվականին ցեմենտի արտադրությունը կազմել է 590 հազար տոննա, 2020 թվականին՝ 715 հազար տոննա, 2021 թվականին՝ 853 հազար տոննա: Այսինքն, 2 տարում արտադրությունն աճել է 44%-ով:

- Արտադրության մեջ աճն ապահովվել է, պայմանական ասած, ավանդական արտադրողների՝ Արարատցեմենտի եւ Հրազդանցեմենտի հաշվին: Այս 2 ընկերությունները միասին 2021 թվականին արտադրել են 724 հազար տոննա ցեմենտ՝ 2019 թվականի 464 հազար տոննայի եւ 2020 թվականի 616 հազար տոննայի դիմաց: Երկու տարում աճը կազմել է 56%:

- Կլինկերով ցեմենտի արտադրության ծավալները էապես չեն փոխվել: 2019 թվականին ներկրված կլինկերից արտադրվել է 126 հազար տոննա ցեմենտ, 2021 թվականին՝ 128 հազար տոննա: Ընդ որում, 2020 թվականին այս տարբերակով ցեմենտի արտադրությունը նվազել է մինչեւ 100 հազար տոննա՝ պայմանավորված կլինկերի ներկրման արգելքով:

- Ներմուծման ծավալները էապես կրճատվել են: Եթե 2019 թվականին ներմուծվել էր 207 հազար տոննա ցեմենտ, 2020 թվականին ներմուծումը նվազել է մինչեւ 150 հազար տոննա, իսկ 2021 թվականին՝ ընդամենը 44 հազար տոննա:

- Շուկայի համամասնությունը փոխվել է հոգուտ տեղական արտադրողների (հատկապես՝ ավանդական արտադրողների): Եթե 2019 թվականին նախորդ տարվա համեմատ տեղական ավանդական ցեմենտ արտադրողների կշիռը շուկայում նվազել էր 14.1 տոկոսային կետով եւ հասել 58.2%-ի, 2020 թվականին կշիռը աճել է մինչեւ 71.2% իսկ 2021 թվականին՝ մոտ 81%: Ներկրվող ցեմենտի կշիռը նվազել է մինչեւ 5% (2019 թվականին գերազանցում էր 25%-ը):

Այս ամենը ամփոփելով՝ կարող ենք ասել, որ տեղական արտադրությունը աճել է եւ բացարձակ թվերով, եւ կշռով: Փաստացի՝ տեղական արտադրողները կարողացել են վերականգնել իրենց դիրքերը շուկայում՝ ներկրվող ցեմենտի հաշվին: Այսինքն՝ տեղական արտադրությունը պաշտպանելու միջոցառումները եղել են արդյունավետ:

ԽՆԴԻՐԸ

Ի սկզբանե ներմուծվող ցեմենտի տուրքի չափը հաշվարկվել էր այնպես, որ մի կողմից պաշտպաներ տեղական արտադրողներին, նրանց համար ապահովեր հավասար մրցակցային դաշտ, մյուս կողմից, արտադրողներին չտար հանգստի ռեժիմի հնարավորություն, այլ ստեղծեր պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Տուրքի նպատակը հավասարակշիռ վիճակ ստեղծելուն նպաստելն էր, երբ տեղական ցեմենտը կարողանում է մրցակցել ներմուծվողի հետ, սակայն չի կլանում շուկան եւ ներմուծումն ամբողջությամբ չի արգելափակվում: Այսինքն, տուրքի չափն այնպիսին էր, որ ներմուծվող ցեմենտը եւ ներմուծվող կլինկերից արտադրվող ցեմենտը որոշակի առումով զսպաշապիկ ծառայեն եւ կանխեն շուկայի գերկենտրոնացումն ու գնի աճը:

Սակայն այսօր գործող տուրքի չափերը այլեւս չեն ապահովում շուկայի հավասարակշռում: Ինչպես նշվեց, ներկրվող ցեմենտի տուրքը սահմանվել է 3 տարի առաջ՝ այդ պահին առկա պայմանները եւ գները հաշվի առնելով: 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսած տեղի է ունեցել ելակետային պայմանների փոփոխություն:

Մասնավորապես, իրանական ցեմենտի եւ կլինկերի գինը այդ երկրում աճել է: Ավելացել են ցեմենտի տեղափոխման ծախսերը 2-2.5 հազար դրամով (սահմանից մինչեւ Երեւան եւ հարակից շրջաններ): Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1կգ-ի համար 3 դոլարի չափով:

Ներկրվող ցեմենտը դարձել է անմրցունակ եւ սպառվում է միայն Իրանի հետ սահմանակից շրջաններում (տեղափոխման ծախսերի բացակայության շնորհիվ): Դրանից վեր տեղափոխման ծախսը՝ այլ ծախսերի ավելացման եւ տուրքի հետ միասին, զրոյացնում է ներկրվող ցեմենտի մրցակցային հնարավորությունը: Նվազել է նաեւ ներկրվող կլինկերով ցեմենտի արտադրության մրցունակությունը:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ տեղի է ունեցել պետ տուրքի սահմանման հիմնական նպատակներից մեկից շեղում, որը տանում է շուկայի կենտրոնացման եւ ցեմենտի գնի աճի: Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է ցեմենտի մանրածախ եւ մեծածախ գնի աճ՝ 10-15 տոկոսով, իսկ տուրքի չափերը չվերանայելու դեպքում խորանում է ցեմենտի շուկայի հետագա գերկենտրոնացման ռիսկը:

Սա ոչ միայն թանկացնում է մասնավոր կառուցապատումը, այլեւ խնդիրներ է առաջացնում շինարարության ոլորտում արդեն իսկ կայացած պետական մրցույթների հետ կապված (երբ ցեմենտի եւ այլ շինանյութերի թանկացման հետեւանքով իրական ծախսերը շեղվում են նախահաշվային արժեքներից): Բացի այդ, ցեմենտի տուրքի՝ արդյունավետից բարձր մակարդակը ավելացնում է պետական բյուջեի ծախսերը շինարարության գծով, ինչը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է իրականացնել աննախադեպ ծավալով՝ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 000 դրամով (մեկ տոննայի համար 14 000 դրամի փոխարեն սահմանել 9 000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թվականից գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին եւ փոփոխված ելակետային պայմաններին: Կվերանականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճն ու տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով քայլեր ձեռնարկել՝ արտադրողականության բարձրացման եւ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

11.05.2022թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Սիմոնյան


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում եմ օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ