Armenian ARMSCII Armenian
Կ-258-11.05.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետի «գ» ենթակետում «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով.

2) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«11) պաշտոնատար անձ՝ անձ, ով իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

«2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում իրավասու մարմինը որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:»:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ուսումնասիրությունը կարող է տեւել առավելագույնը երեք տարի:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի եւ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների տվյալներով:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ուսումնասիրությունների վրա:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

1.1. Օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ:

1.2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այս ինստիտուտը կարող է դառնալ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման եւ հանցավոր եկամուտների շրջանառության դեմ պայքարի կարեւոր գործիք: Միեւնույն ժամանակ, օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը:

1.3. Այսպիսով, սույն նախագիծը նպատակ է հետապնդում վերանայելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ կառուցակարգեր՝ միաժամանակ իրականացնելով որոշ տեխնիկական շտկումներ:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

i. Պաշտոնատար անձանց շրջանակը

2.1. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում բացահայտված է «պաշտոնատար անձ» հասկացության բովանդակությունը, որի համաձայն՝ պաշտոնատար անձ է համարվում ուսումնասիրությունը սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձը կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձը: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունը սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով համարվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ:

2.2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երեւան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երեւան համայնքի ավագանու անդամների, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին եւ 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական եւ բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք, հարկային, մաքսային ծառայությունների բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, ոստիկանության, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք, Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք:

2.3. Այսպիսով, ակնհայտ է, որ Օրենքի գործող խմբագրությամբ «պաշտոնատար անձ» հասկացությունը չի ներառում «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց մի մասին: Արդյունքում, օրինակ՝ պետական եկամուտների կոմիտեի վարչության պետը կամ ոստիկանության տարածքային ստորբաժանման ղեկավարը հանդիսանում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք, սակայն վերջիններիս նկատմամբ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով չի կարող սկսվել ուսումնասիրություն:

2.4. Միեւնույն ժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքը որոշակի շրջանակի պաշտոնատար անձանց համար վերջիններիս զբաղեցրած պաշտոններից բխող լրացուցիչ պարտավորություն է նախատեսել՝ սահմանելով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն: Ելնելով վերը նշված պաշտոնատար անձանց կարգավիճակից, Նախագիծը մշակվել է այն տրամաբանությամբ, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձինք պետք է ներառվեն Օրենքով սահմանված «պաշտոնատար անձի» հասկացության մեջ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Նախագծով առաջարկվում է Օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը փոփոխել, եւ «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակում ներառել այն անձանց, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն:

ii. Ուսումնասիրության ժամկետը

2.5. Իրավասու մարմնի կողմից նախաձեռնվող ուսումնասիրության տեւողությունը, պայմանավորված գործի բարդությամբ (կախված ուսումնասիրության շրջանակներում ներգրավված անձանց եւ ուսումնասիրվող գույքերի քանակից, միջազգային փոխօգնության շրջանակներում այլ պետություններից աջակցություն ստանալու անհրաժեշտությունից, գործով բազմադրվագ ֆինանսական գործառնությունների, «քողարկված» գործարքների առկայությունից եւ ուսումնասիրության տեւողության վրա ազդեցություն ունեցող այլ էական հանգամանքներից), գործնականում կարող է գերազանցել Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված երկամյա ժամկետը: Օրինակ միայն մասնագետ կամ փորձագետ ներգրավելու դեպքում, պայմանավորված ներկայումս փորձագիտական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ, նշանակված փորձաքննությունները կարող են տեւել ամիսներ: Հիմք ընդունելով նշված օբյեկտիվ բարդությունները՝ Նախագծով առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ սահմանել երեք տարին:

2.6. Վերոնշյալի առնչությամբ Նախագծի անցումային դրույթներով նախատեսված է, որ Օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա: Այս կապակցությամբ հարկ է քննարկել օրենքի հետադարձության կանոնների կիրառելիության հարցը:

2.7. Նախագծով նախատեսվում է իրականացնել ուսումնասիրության ժամկետի երկարաձգում եւ ժամկետը համարել երկարաձգված նաեւ այն ուսումնասիրությունների համար, որոնք սկսվել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը եւ շարունակվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ: Այսինքն, բովանդակային առումով նախատեսվում է օրենսդրական ակտով երկարաձգել սկսված, բայց չավարտված հայցային վաղեմության ժամկետները:

2.8. Հայցային վաղեմության ժամկետները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության տրամաբանության մեջ բացառապես ընթացակարգային նորմեր են, քանի որ վաղեմության ժամկետի ավարտը ինքն իրենով չի հանգեցնում որեւէ նյութական իրավունքի ծագման կամ դադարման: Հայցային ժաղեմության ժամկետի լրանալու հանգամանքը վկայակոչելը կազմում է անձի դատավարական իրավունքների մաս, այսինքն՝ ծագում է միայն պահից սկսած, երբ անձը ստանում է որոշակի դատավարական կարգավիճակ: Հետեւաբար, դատարանում քննվող քաղաքացիական գործի բացակայության պայմաններում անձը օժտված չէ հայցային վաղեմության ժամկետներին առնչող որեւէ իրավունքով եւ օրենսդրական փոփոխությունները այս պարագայում չունեն հետադարձ ազդեցություն, այլ ուղղված են բացառապես ապագայում դատարանի կողմից քննվելիք քաղաքացիական գործերին:

2.9. Իրավախախտում կատարած անձը չունի որեւէ նյութական իրավունք, այն է՝ «իրավական վիճակ», որը փոփոխվում է (վատթարանում է) հայցի ներկայացման համար նախատեսված վաղեմության ժամկետների փոփոխության արդյունքում, հատկապես, եթե այդպիսի ժամկետը ավարտված չէ օրենսդրական փոփոխության իրականացման պահին: Սահմանադրությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ առանց որեւէ շոշափելի իրավունքի առկայության պաշտպանի անձանց՝ ապագային ուղղված ակնկալիքները:

2.10. Միջազգային փորձը նույնպես ցույց է տալիս, որ վաղեմության ժամկետների երկարաձգումը համատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հետ: Նույնիսկ քրեական իրավունքի ոլորտում չավարտված վաղեմության ժամկետների երկարաձգումը ընդունելի է ինչպես ՄԻԵԴ, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովի կողմից:

2.11. Հետեւաբար ուսումնասիրության ժամկետների երկարաձգումը, ինչը բովանդակային առումով չավարտված հայցային վաղեմության ժամկետների երկարաձգում է, համատեղելի է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքների հետ, քանի որ նախ տվյալ ակտը օժտված չէ հետադարձությամբ այնքանով, որքանով չի վերականգնում ավարտված վաղեմության ժամկետներ եւ, բացի այդ, չի հանգեցնում անձի իրավական վիճակի վատթարացման:

iii. Ուսումնասիրություն սկսելու հիմքերը

2.12. Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ իրավասու մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակներում տվյալներ ձեռք բերվեն առ այն, որ այլ անձի պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Մինչդեռ, Օրենքի առկա կարգավորումներով իրավասու մարմինը չունի լիազորություն սեփական նախաձեռնությամբ այդ անձի գույքի նկատմամբ սկսելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ: Հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա հնարավոր է սկսել ուսումնասիրություն պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող գույքի առնչությամբ՝ նախագծով առաջարկվում է համարժեք հնարավորություն ստեղծել նաեւ այն դեպքերի համար, երբ նշված անձանց վերաբերյալ տվյալները հայտնաբերվել են ուսումնասիրության շրջանակներում:

iv. Համարժեք գույքի բռնագանձման հնարավորությունը

2.13. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նշված դեպքերի համար նախատեսված է բռնագանձման ենթակա գույքի շուկայական արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն: Սակայն գործնականում հնարավոր են դեպքեր, երբ գույքի շուկայական արժեքի պարզումն անհնար է: Մասնավարապես, գույքի շուկայական արժեքը պարզելը հնարավոր չէ, եթե այդ գույքը Հայաստանի Հանրապետությունում եզակի է, չի գտնվում ազատ շրջանառության մեջ կամ դատախազությունը չի կարողացել բավարար ելակետային տվյալներ ձեռք բերել գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու եւ դրա կատարման արդյունքում շաուկայական արժեքը պարզելու համար (օրինակ իրավաբանական անձը դատախազության պահանջով տվյալներ չի ներկայացրել ակտիվների, պարտավորությունների եւ եկամտաբերության վերաբերյալ):

2.14. Այդպիսի իրավիճակների համար Նախագծով առաջարկվում է Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նախատեսել այլընտրանքային՝ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն: Այսինքն՝ բոլոր դեպքերում իրավասու մարմինը պարտավոր է ողջամիտ ջանքեր գործադրել այդպիսի գույքի շուկայական արժեքը պարզելու համար եւ միայն անհնարինության դեպքում կարող է ներկայացվել գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման պահանջ:

2.15. ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի շուկայական արժեքի որոշումը գործնականում միշտ էական դժվարություններ է ենթադրում: Նման դեպքերի համար, նպատակահարմարությունից ելնելով, առաջարկվում է 20-րդ հոդվածը լրացնել 4.1-րդ մասով՝ նախատեսելով ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ: Այսինքն՝ սույն մասում նշված դեպքերում իրավասու մարմինը, ի տարբերություն նույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում նշված դեպքերի, պարտավոր չէ միջոցներ ձեռնարկել գույքի շուկայական արժեքը պարզելու համար եւ կարող է կոնկրետ գործի եւ գույքի առանձնահատկություններից ելնելով, միանգամից պահանջել այդ գույքի ձեռքբերման արժեքը, եթե առկա չեն տվյալ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ: Հարկ է նշել, որ այս կարգավորումը ոչ միայն չի խախտում անձանց իրավունքները, այլեւ հնարավորություն է տալիս գույքի սեփականատիրոջը գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել իրավասու մարմին:

3. Տեխնիկական շտկումներ

3.1. Օրենքում առաջարկվում է կատարել նաեւ որոշ տեխնիկական բնույթի շտկումներ, որոնք նպատակ ունեն նվազեցնելու օրենքի որոշ դրույթների առնչությամբ հնարավոր տարընկալումները:

4. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

4.1. Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

5. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

5.1. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը:

6. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

6.1. Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 39-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն