Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-255-06.05.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԵՎ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցողների իրավական կարգավիճակի, նրանց նկատմամբ պետական քաղաքականության իրականացման, նրանց իրավունքների վերականգնման, սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի նպատակը

1.Սույն օրենքի նպատակը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկախացումից՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության եւ այլ դրդապատճառներով անձանց իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարումների ու բռնաճնշումների դատապարտումը, բռնադատված անձանց իրավունքների վերականգնումը եւ նրանց բարոյական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելն է:

Հոդված 3. Բռնադատվածների եւ բռնադատվածների առաջին հերթի ժառանգների կարգավիճակ ունեցող անձանց մասին օրենսդրությունը

1.Բռնադատվածների եւ բռնադատվածների առաջին հերթի ժառանգների կարգավիճակ ունեցող անձանց իրավական կարգավիճակին, իրավունքների վերականգնմանը, սոցիալական պաշտպանությանն ու այլ հարցերին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

Հոդված 4. Բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց հասկացությունները

Սույն օրենքի իմաստով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք են՝

1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով`

1) դատապարտվել են 1961 թվականի ՀԽՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 58, 61, 63, 64, 65, 67, 69, ինչպես նաեւ 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով եւ հետագայում արդարացվել.

2) առանց օրինական հիմքի ենթարկվել են քրեական հետապնդման եւ նրանց նկատմամբ գործերը կարճվել են կամ հետագայում արդարացվել են.

3) առանց օրինական հիմքի դատական կամ արտադատական կարգով տեղավորվել են հոգեբուժական հիմնարկներում հարկադիր բուժման կամ ենթարկվել են բժշկական բնույթի այլ հարկադրական միջոցների եւ հետագայում դրանք դատարանի կողմից վերացվել են.

4) արտաքսվել են նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.

5) ազատազրկվել, աքսորվել կամ արտաքսվել են որպես բռնադատվածի ընտանիքի անդամ.

6) վարչական կարգով ենթարկվել են բռնաճնշումների, այդ թվում` աքսորի, արտաքսման, ուղարկվել են հատուկ բնակավայրեր՝ ազատությունը սահմանափակող պայմաններով ներգրավվել հարկադիր աշխատանքի.

7) ճանաչվել են սոցիալապես վտանգավոր եւ ենթարկվել ազատազրկման, աքսորի, արտաքսման` դատարանի որոշմամբ կամ արտադատական կարգով առանց կոնկրետ հանցագործություն կատարելու վերաբերյալ նրանց մեղադրանք ներկայացնելու, եւ հետագայում այդ որոշումները դատարանի կողմից վերացվել են.

8) ծնվել են բռնադատված մորից՝ աքսորավայրում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում կամ դրանց ճանապարհին:

2. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքական շարժառիթներով`

1) դատապարտվել են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով քաղաքական հայացքների, կուսակցական, ազգային, կրոնական պատկանելիության, ինչպես նաեւ հասարակական հայացքների համար կամ առանց օրինական հիմքի ենթարկվել են քրեական հետապնդման եւ նրանց նկատմամբ գործերը կարճվել են կամ հետագայում արդարացվել են.

2) առանց օրինական հիմքի դատական կամ արտադատական կարգով տեղավորվել են հոգեբուժական հիմնարկներում հարկադիր բուժման կամ ենթարկվել են բժշկական բնույթի այլ հարկադրական միջոցների եւ հետագայում դրանք դատարանի կողմից վերացվել են.

3. Սույն օրենքի իմաստով բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձինք են՝

1) ազատազրկման վայրերում մահացած (գնդակահարված) եւ հետմահու արդարացված կամ պատժի կրումից ազատվելուց հետո՝ մինչեւ սույն օրենքի ընդունումը բռնադատվածի կարգավիճակ ունեցող մահացած անձանց երեխաները, ամուսինը եւ ծնողները.

2) սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ մինչեւ սույն օրենքի ընդունումը մահացած անձանց երեխաները, ամուսինը, ծնողները:

Հոդված 5. Բռնադատվածի կարգավիճակ հայցող անձի արդարացումը կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը, իրավունքների վերականգնման հարցերը քննող եւ բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց վկայականներ տվող մարմինները եւ վկայականների տրման կարգը

1. Բռնադատվածի կարգավիճակ հայցող անձի (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված անձանց) արդարացման կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու վերաբերյալ տրված դիմումների քննությունը եւ գործերի վերանայումն իրականացնում է դատարանը՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Արդարացման վերաբերյալ դիմումները դատարան տրվում են անձամբ բռնադատվածի կարգավիճակ հայցող անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կամ կազմակերպության , իսկ բռնադատվածի մահացած լինելու դեպքում՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ հայցող անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կամ կազմակերպության կողմից: Արդարացման վերաբերյալ որոշումը կայացնում է դատարանը:

3. Դատարանի կողմից արդարացման վերաբերյալ որոշումը կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը ստանալուց հետո, բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը կամ կազմակերպությունը, բռնադատվածի մահացած լինելու դեպքում՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը կամ կազմակերպությունը, դիմում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի իրավունքների վերականգնման եւ համապատասխան վկայական ստանալու համար.

1) Հանձնաժողովի նախագահը Արդարադատության նախարարն է.

2) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարությունների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:

3) Հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

4. Հանձնաժողովին հասցեագրած դիմումին կից, ներկայացվում են՝

1) արդարացման կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.

2) բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի մահվան վկայականը, եթե վկայական ստանալու համար դիմում է բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցողը.

3) բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (անձը հաստատող փաստաթուղթ), եթե դիմում է բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցողը.

4) լուսանկար՝ 3x4 սմ չափսի:

5. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձին համապատասխան վկայական տալը կամ վկայական տալը մերժելը իրականացվում է Հանձնաժողովի կայացրած եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի կայացրած եզրակացությունը ստորագրում է Հանձնաժողովի նախագահը:

6. Փաստաթղթային տեղեկությունների բացակայության դեպքում բռնադատման փաստը հաստատվում է դատական կարգով:

7. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրացման հիմքը բռնադատվածի կամ բռնադատվածի առաջի հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձին Հանձնաժողովի կողմից տրված վկայականն է:

8. Բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառագի կարգավիճակ ունեցող անձին տրված վկայականների հաշվառումն իրականացնում է Հանձնաժողովը:

9. Հանձնաժողովի կողմից բռնադատվածի, բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձին վկայական տալը մերժվում է, եթե վկայական ստանալու համար դիմողի կողմից չի ներկայացվել սույն հոդվածի 4-րդ մասում նշված փաստաթղթերը: Համապատասխան վկայական տալը մերժելու մասին Հանձնաժողովի կայացրած եզրակացությունը կարող է բողոքարկվել դատական կարգով:

10.Հանձնաժողովի կողմից դիմումների քննարկման ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը:

11. «Բռնադատվածների մասին» 1994 թվականի հունիսի 14-ի ՀՕ-106 օրենքով սահմանված կարգով տրված «Բռնադատվածի» եւ «Բռնադատվածի առաջին հերթի ժառանգի» վկայականները հավասարեցվում են սույն օրենքի ընդունումից հետո տրված համապատասխան վկայականներն:

Հոդված 6. Բռնադատվածի կարգավիճակ ունեցողց անձի զինվորական, գիտական եւ այլ կոչումների ու աստիճանների վերականգնումը

1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի զինվորական, գիտական եւ այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետեւանքով, ենթակա են վերականգնման ժամանակին դրանք շնորհած համապատասխան իրավասու պետական մարմնի կամ դրա իրավահաջորդի կողմից՝ Հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա:

Հոդված 7. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անցի քաղաքացիության վերականգնումը

1. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության քաղաքացիությունից զրկված եւ ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի քաղաքացիությունը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Բռնադատվածի կարգավիճակ ստանալու եւ նրա արդարացման եւ իրավունքների վերականգնման մասին հրապարակային ծանուցումը

1. ռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կամ կազմակերպության, իսկ բռնադատվածի կարգավիճակ ունեցվող անձի մահացած լինելու դեպքում՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կամ կազմակերպության պահանջով հանրային հեռուստատեսությամբ պարտավոր են տասնօրյա ժամկետում տալ համապատասխան հաղորդում, որում պետք է նշվեն բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, բնակության վայրը, մինչեւ բռնադատվելը զբաղմունքի տեսակը, վճիռը եւ/կամ որոշումը, բռնադատվելու ժամկետները, մեղադրանքը, սահմանված պատիժը, ինչպես նաեւ ազատ արձակելու եւ արդարացման մասին դատարանի որոշման ժամկետը:

Հոդված 9. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակային ապահովության իրավունքը

1.Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է սույն օրենքով նախատեսված իրավունքների վերականգնումից հետո` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 10. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի գործին առնչվող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը

1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը կամ կազմակերպությունը, իսկ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի մահացած լինելու դեպքում՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճայ մունեցող անձը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը կամ կազմակերպությունը իրավունք ունի`

1) ծանոթանալ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի` կարճված քրեական եւ վարչական գործերի նյութերին եւ սահմանված կարգով ստանալու համապատասխան փաստաթղթերի պատճենները: Այդ նյութերի հետ այլ անձինք կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալու բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի գործերում եղած անձնական իրերը, ինչպես նաեւ ձեռագրերի, լուսանկարների եւ անձնական փաստաթղթերի պատճեները.

2. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի մահացած լինելու դեպքում՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձի կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձի կամ կազմակերպության դիմումի հիման վրա այն մարմինները, որոնք իրականացնում են բռնադատվածների գործերի արխիվային պահպանությունը եւ տիրապետում են համապատասխան տեղեկատվության, պարտավոր են վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին հայտնել բռնադատվածի մահվան ժամանակի, պատճառի եւ թաղման վայրի մասին:

Հոդված 11. Բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը

1. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցություն հետեւյալ չափերով`

1) քրեական պատասխանատվության ենթարկված այն անձինք, ովքեր կրել են ազատազրկման հետ չկապված պատիժ կամ նշանակված ազատազկումը պայմանականորեն չի կիրառվել` սահմանված նվազագույն կենսաթոշակի չափով,

2) մինչեւ երկու տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի եռապատիկի չափով,

3) երկուսից չորս տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի ութապատիկի չափով,

4) չորս տարուց ավելի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի տասներկուսապատիկի չափով,

5) սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված այն բոլոր անձանց, ովքեր նշված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում, ներառյալ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց՝ սահմանված նվազագույն կենսաթոշակի չափով:

2. Բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց ամենամսյա դրամական աջակցության տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Յուրաքանչյուր տարվա «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում միջոցներ են նախատեսվում բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց ամենամսյա դրամական աջակցության տրամադրման համար` Հանձնաժողովի առաջարկությամբ:

4. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու:

5. Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն արտոնյալ պայմաններով արժեքի (բժշկի հատուկ դեղատոմսով) 50 տոկոս զեղչով դեղեր ձեռք բերելու, եթե այլ հիմքով չեն օգտվում անվճար դեղ ստանալու իրավունքից:

6.Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում անվճար օգտվել հանրային ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների եւ մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաեւ Երեւանի մետրոպոլիտենից:

Հոդված 12. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերի:

2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հունիսի 14-ի ՀՕ-106 օրենքը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընդունել սույն օրենքում նշված՝ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԵՎ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Իրավական ակտի անհրաժեշտությունը

Սույն Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանությունը, մասամբ փոխհատուցել պետության բարոյական պարտքը քաղաքական բռնությունների հետեւանքով տուժած մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ առավել իրատեսական դարձնել գործող օրենքով նախատեսված իրավունքների եւ արտոնությունների իրացումը, որոնցից մի մասն արդեն իսկ կորցրել են իրենց արդիականությունը, մի մասն էլ` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց տարիքով, առողջական վիճակով եւ վճարունակությամբ պայմանավորված, կիրառելի չեն:

1.1 Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվում է բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող շուրջ 1000 մարդ, որոնք արդեն 80-90 տարեկան են:

Գործող օրենքով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց համար սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք փաստացի չեն գործում, մասնավորապես` 6-րդ հոդվածի արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու դրույթը, 7-րդ հոդվածը` վարկերի տրամադրման կարգի հետ կապված, 9-րդ հոդվածը` հավելյալ սերտիֆիկատ ստանալու իրավունքի մասին, ուստի անհրաժեշտություն առաջացավ նշված հոդվածները կամ հոդվածի մասը, ուժը կորցրած ճանաչել;

Պետք է նշել, որ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր տրամադրելու ընթացքում առաջացել էին բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես` վարկերի մարման հետ կապված: Քանի որ վարկառուները սոցիալապես անապահով եւ տարեց մարդիկ էին, 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ` 2002-2012 թթ. ընթացում վարկեր ստացած 303 վարկառուից իրենց վարկը մարել կարողացել էին միայն 19-ը եւ հենց այդ հանգամանքը հաշվի առնելով ՀՀ կառավարությունը 2019 թ. մայիսի 2-ի N 485-Ա որոշմամբ որոշեց ներել բռնադատվածների վարկային պարտավորությունները եւ ստացած վարկերը ձեւակերպել որպես պետական աջակցություն: Այսպիսով ակնհայտ է, որ գործող օրենքի այդ հոդվածի կիրարկումը իրատեսական չէ:

Ինչ վերաբերում է Օրենքի 12-րդ հոդվածին, ապա դրանով սահմանված է, որ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձին հատկացվում է միանվագ դրամական աջակցություն` սահմանված նվազագույն աշխատավարձի 12-պատիկի չափով (12000 դրամ), որը տրվում է բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց: Այս ձեւակերպումը` գումարի չափի եւ հոդվածի բավանդակության անհամապատասխանության առումով, մեղմ ասած, անընդունելի է: Հաշվի առնելով այդ հանգամանքը, սույն նախագծով առաջարկվում է, որպես սոցիալական աջակցություն, բռնադատվածներին տրամադրել ամենամսյա դրամական օգնություն առնվազն նվազագույն կենսաթոշակի չափով, որն ինչ-որ կերպ կբարելավի նրանց սոցիալական վիճակը: Միաժամանակ, նախատեսվում է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կհաստատի ամենամսյա դրամական աջակցության չափը, նշանակման եւ վճարման կարգը: Մինչ այդ աշխատանքներ կտարվեն նաեւ այդ կարգավիճակն ունեցող անձանց հստակ թվաքանակը ճշգրտելու ուղղությամբ:

Ելնելով այն հանգամանքից, որ գործող օրենքի կեսից ավելին ենթակա է փոփոխման, նպատակահարմար է գտնվել մշակել նոր օրենքի նախագիծ, իսկ վերջինիս ընդունումից հետո՝ ուժը կորցրած կճանաչվի գործող օրենքը:

1.2 Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաեւ նոր նախագծով առավել իրատեսական եւ առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ ավելացվել են արդարացման կարգի, իրավունքների վերականգնման մասին դրույթներ, ինչպես նաեւ բռնադատվածների համար սահմանվել է տարբերակված ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը; Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ, որոնք կիրառելի չեն եւ կորցրել են իրենց արդիականությունը:

Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաեւ այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն կառավարության որոշումներով:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: Նախագիծը քննարկվել է «Հուշամատյան» իրավապաշտպան եւ այլ շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Ակնկալվող արդյունքը

Ակնկալվող արդյունքը առավել հստակեցված, իրատեսական եւ կիրառելի իրավական ակտ ունենալն է: Մասնավորապես, սույն նախագծի ընդունման արդյունքում առնվազն 1000 մարդ (թիվը ենթակա է ճշգրտման) կստանա ամենամսյա դրամական աջակցություն` որոշակի լրացուցիչ գումար, որը կուղղի իր սոցիալական կարիքների բավարարմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Բռնադատվածի եւ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եւ սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. նախագծի ընդունման առնչությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյան:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ