Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-374-30.10.2013,06.03.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 11.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 11.1. Գործերի պատահական բաշխման սկզբունքը

1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում են պատահական ընտրության սկզբունքի հիման վրա` սույն օրենսգրքի 2.1 գլխով սահմանված կարգով»:

Հոդված 2. Օրենսգրքի 14-րդ հոդվածում լրացնել 2.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«2.1 Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակված դատավորը նախագահի պաշտոնում պաշտոնավարում է մինչեւ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալը»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 21.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 21.1 Դատական վիճակագրության վարումը եւ հրապարակայնության ապահովումը

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարելու դեպքում, դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):

7. Դատական դեպարտամենտը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում է դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

8. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

9. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի, հրապարակվում են, մասնավորապես, հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) դատավորների քանակը,

2) հաշվետու ժամանակաշրջանի սկզբում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված գործերի ընդհանուր քանակը,

3) հաշվետու ժամանակաշրջանում ստացված գործերի ընդհանուր քանակը,

4) հաշվետու ժամանակաշրջանում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու եւ այլ հիմքերով ավարտված),

5) հաշվետու ժամանակաշրջանում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը,

6) գործի քննության միջին տեւողությունն ըստ նիստերի քանակի,

7) գործի քննության միջին տեւողությունն ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ), այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության,

8) մինչդատական վարույթի գործերն՝ ըստ տեսակների,

9) հաշվետու ժամանակաշրջանում անավարտ գործերի ընդհանուր քանակը,

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների,

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

10.Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի, դատական կազմի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները),

2) հաշվետու ժամանակաշրջանում ստացված բողոքների ընդհանուր քանակը,

3) հաշվետու ժամանակաշրջանում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը,

4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերն՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

11. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 9-րդ մասով, բացառությամբ 9-րդ մասի 4-րդ-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաեւ սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:

12. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաեւ հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հետ,

2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը,

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցող սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցող սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը:

4) սույն հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա հետ:

Հոդված 4. Օրենսգրքում լրացնել 2.1 գլուխ հետեւյալ բովանդակությամբ`

«2.1. Դատարաններում գործերի բաշխումը.

Հոդված 21.2. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը

1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերն անհապաղ մուտք են արվում համակարգչային ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ պատահական ընտրությամբ եւ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը:

2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որպեսզի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջեւ տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, ովքեր նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով՝ բոլոր դատավորների միջեւ:

3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս նրանց հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացումն ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:

4. Դատարանների նախագահների խորհուրդը սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:

5. Դատարանների նախագահների խորհուրդը բացառիկ դեպքերում, հաշվի առնելով որեւէ դատարանում դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորի ծանրաբեռնվածությունը, կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված առավելագույն տոկոսաչափը գերազանցող տոկոսաչափեր:

6. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի (գործերի) առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Դատարանների նախագահների խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում կայացնել դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանելու բաշխման ցանկից կամ սահմանելու նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ՝ դրա համար սահմանելով կոնկրետ ժամանակահատված, որը չի կարող լինել ավելին, քան 6 ամիսը, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին:

7. Եթե դատավորը գտնվում է արձակուրդի մեջ (ներառյալ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է (ներառյալ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կամ նրա լիազորությունները կասեցվել են, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը եւ ժամկետը:

8. Նոր դատավոր նշանակվելու դեպքում այդ դատավորին գործերի բաշխումը կատարվում է ընդհանուր կարգով:

9. Եթե ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայրեր, որոնցում գործում են նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավորներ, ապա այդ դատարանի նախագահը` համաձայն օրենքով սահմանված ընդդատության կանոնների, որոշում է այն նստավայրը, որտեղ պետք է քննվի տվյալ գործը, իսկ գործերի բաշխումը այդ նստավայրում գործող դատավորների միջեւ կատարվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

10. Եթե դատարանի նստավայրում առկա է միայն մեկ դատավոր եւ օրենքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` դատարանի նախագահը որոշել է, որ գործը պետք է քննվի տվյալ նստավայրում, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:

11. Այն դեպքում, եթե մուտքագրված գործը համաձայն օրենքի ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին, իսկ դատական կազմի այլ դատավորները որոշվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

12. Առանձին տեսակի գործերի բաշխման առանձնահատկությունները սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը` հիմք ընդունելով սույն հոդվածով ամրագրված պատահական բաշխման սկզբունքը՝ այնքանով, որքանով այն իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է այդ առանձնահատկությունների սահմանման նկատմամբ:

13. Գործն ըստ էության լուծող որոշումներ չպահանջող գործերի բաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 21.3. Վերաքննիչ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործերը դատավորներին (գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում՝ նախագահող դատավորներին) հանձնվում են սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ից 8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով:

2. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը համակարգչային ծրագիր են մուտքագրվում եւ բաշխվում միմյանցից առանձին:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը կոլեգիալ կազմով քննելու համար վերաքննիչ դատարանում ձեւավորվում են երեքական դատավորներից բաղկացած դատական կազմեր:

4. Վերաքննիչ դատարանների նախագահները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորվող դատական կազմերի մեջ չեն ընդգրկվում, նրանց հանձնվում են միայն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործեր` սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում նրանք փոխարինում են դատական կազմի բացակայող դատավորներին՝ Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

5. Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:

6. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորված դատական կազմերից մեկական անդամներ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ մեկ դատական կազմից տեղափոխվում են մեկ այլ դատական կազմ:

Հոդված 21.4. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում այդ գործը նույն օրը մուտքագրվում է համակարգիչ եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ից 8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով: Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատների նախագահներին գործ չի հանձնվում եւ նրանց անուն-ազգանունը չի ներառվում բաշխման ցանկում, բացառությամբ այն դեպքերի, եթե վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահն այդ մասին գրավոր դիմում է Դատարանների նախագահների խորհրդին: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացնում վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի անուն-ազգանունը բաշխման ցանկում ներառելու մասին` սահմանելով նաեւ սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասերով նախատեսված տոկոսաչափը:

Հոդված 21.5. Գործերի վերաբաշխման կարգը

1. Եթե դատավորը գործուղվել կամ տեղափոխվել է այլ դատարան կամ տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:

2. Դատավորի ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայելու դեպքում նրան հանձնված գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 21.6. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը

1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը եւ սույն օրենսգրքի 21.3-րդ հոդվածով սահմանված դեպքերում կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:

3. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերն՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Վճռաբեկ դատարանի նախագահին եւ Դատարանների նախագահների խորհրդին:

4. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:

Հոդված 5. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը եւ իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։

2. Վճռաբեկ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացրած դատական ակտերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։

3. Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։

4. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է»։

Հոդված 7 . Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-րդ հոդվածով.

«Հոդված 50.1 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետեւության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միեւնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դատական սխալը յուրաքանչյուր դատավարության համար սահմանվում են համապատասխան դատավարական օրենսգրքով։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտի պատճառաբանական մասը պետք է պարունակի տվյալ գործով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։»։

Հոդված 8. Օրենսգրքի 64-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ)» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 68-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասը.

«1.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ բողոքը պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը դռնփակ անցկացնելու մասին: Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված էլեկտրոնային կրիչում առկա վճռաբեկ բողոքը: Եթե գրավոր ներկայացված վճռաբեկ բողոքի եւ էլեկտրոնային կրիչում առկա նույն վճռաբեկ բողոքի միջեւ առկա է անհամապատասխանություն, ապա Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվում է գրավոր ներկայացված վճռաբեկ բողոքը»։

Հոդված 10. Օրենսգրքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«Հոդված 72. Դատարանների նախագահների խորհուրդը

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ եւ առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

2) քննարկում է դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող ցանկացած հարց կամ իրադարձություն եւ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց վերացման վերաբերյալ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.

7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

8) մշակում եւ հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.

9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.

10) մշակում եւ հաստատում է դատավորների եւ դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.

11) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որեւէ դատավորի դիմումի հիման վրա առաջիկա նիստի ընթացքում կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների.

14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ դրանց աշխատակարգը.

15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը.

16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

17) հաստատում է Դատական դեպարտամենտի կողմից նախապատրաստված բյուջետային հայտը.

18) դատարանների կողմից ներկայացված հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

20) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում եւ հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում եւ փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը եւ առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների եւ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները եւ ձեւերը.

24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու եւ կրելու կարգը.

25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց սահմանած օրակարգով:

5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ որեւէ հարցի շուրջ քվեարկելուց:

6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաեւ այլ անձինք:

7. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին հրավիրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ արդարադատության նախարարության եւ Փաստաբանական պալատի մեկական ներկայացուցիչներ, որոնք ունեն նիստին ելույթ ունենալու իրավունք:

8. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի տեսաձայնագրությունը եւ ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:

9. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

10. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ «Հայաստանի Հանրապետության Դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:

Հոդված 11. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները

1. Դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ինչպես նաեւ ուսումնական հարցերի հանձնաժողովները:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններ:

3. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից երկուսը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, երկուսը՝ ՀՀ մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից: Դատարանների նախագահները չեն կարող ընդգրկվել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

4. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:

5. Դատավորների ընդհանուր ժողովի անդամները կարող են առաջադրվել որպես հանձնաժողովների անդամներ ինքնաառաջադրման կամ դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով:

6. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` 4 տարի ժամկետով:

7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դատարանների բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ:

8. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաեւ քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամներից, որոնք ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:

9. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

Հոդված 12. Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:»:

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 106-րդ հոդվածը:

Հոդված 14. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունի Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ,Դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը:»:

Հոդված 15. Oրենսգիրքը լրացնել 124.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 124.1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը մնում է թափուր այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.

2) դադարում են դատարանի նախագահի լիազորությունները`

ա. լրանում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը.

բ. սույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառման արդյունքում Հանրապետության Նախագահը դադարեցնում է դատարանի նախագահի լիազորությունները.

գ. սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքում դիմում է ներկայացվում.

դ. դադարեցվում կամ դադարում են նախագահի պաշտոնը զբաղեցնող դատավորի լիազորությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել այդ պաշտոնում մինչեւ դատարանի նոր նախագահ նշանակվելը:»

Հոդված 16. Օրենսգրքի 125-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 125. Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Առաջին ատյանի դատարանի նախագահի լիազորությունները` սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով դադարելու կամ դադարեցվելու դեպքում Արդարադատության խորհրդի կողմից անցկացվում է դատարանի նոր նախագահի ընտրություն:

2. Դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու նպատակով տվյալ դատարանի բոլոր այն դատավորները, որոնք համապատասխանում են սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված պահանջին, ունեն դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 5 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ, Արդարադատության խորհրդի կողմից ընդգրկվում են այդ դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում: Դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում սույն մասով սահմանված պահանջներին համապատասխանող դատավորներին ընդգրկելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Արդարադատության խորհուրդն այդ մասին գրավոր տեղեկացնում է դատավորներին, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող են գրավոր դիմել իրենց թեկնածությունները հանելու վերաբերյալ:

3. Դատարանի նախագահին ընտրում է Արդարադատության խորհուրդը` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցուցակում ընդգրկված դատավորներից: Դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է սույն հոդվածի 6-ից 10-րդ մասերով սահմանված կարգով քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն կատարելու միջոցով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, ինչպես նաեւ կառավարման ոլորտում կրթությունը եւ աշխատանքային փորձը:

4. Դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է՝

1) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ նոր դատարանի ստեղծումից հետո՝ 10-րդ օրը,

2) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում՝ պաշտոնավարման ժամկետը լրանալուց 2 ամիս առաջ,

3) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» եւ «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ լիազորությունները դադարելուց կամ դադարեցնելուց հետո` 10-րդ օրը,

4) սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում՝ համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո` 10-րդ օրը,

5. Վճռաբեկ դատարանի նախագահը դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունից 7 օր առաջ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հայտարարում է դատարանի նախագահի թեկնածուների ընտրություն անցկացնելու մասին՝ նշելով օրը եւ ժամը:

6. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատարանի նախագահի թեկնածուների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

7. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

8. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ:

9. Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն առավելագույն հավասար ձայներ ստացած թեկնածուներին: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

10. Եթե դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ներառվել է մեկ թեկնածու, ապա քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» եւ «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Թեկնածուն ընտրվում է, եթե նրա օգտին տրված ձայների քանակը գերազանցում է նրա դեմ տրված ձայների քանակը: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում վերստին սկսվում է սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի նախագահի թափուր պաշտոնի համալրման գործընթացը, իսկ դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է սույն հոդվածով նախատեսված քվեարկության օրվան հաջորդող 10-րդ օրը:

11. Եթե դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ոչ մի թեկնածու չի ընդգրկվում, ապա Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանած կարգով նշանակվում է դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որի պաշտոնավարման ժամկետը չի կարող գերազանցել 2 ամիսը: Նշված ժամկետը լրանալուց 10 օր առաջ սույն հոդվածի 6-ից-10-րդ մասերով սահմանված կարգով անցկացվում են դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություններ:

12. Եթե Հանրապետության Նախագահն առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին դատարանի նախագահ, ապա վերստին սկսվում է սույն հոդվածով սահմանված կարգով դատարանի նախագահի թափուր պաշտոնի համալրման գործընթացը, իսկ դատարանի նախագահի թեկնածուների ընտրությունն անցկացվում է այդ ժամկետը լրանալուց հետո՝ 10-րդ օրը:

13. Դատարանի նախագահը նշանակվում է 4 տարի ժամկետով:

14. Միեւնույն անձը չի կարող նշանակվել դատարանի նախագահի պաշտոնում 2 անգամ անընդմեջ:

15. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնը սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքերով թափուր մնալու դեպքում վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով անհապաղ հայտարարում է այդ պաշտոնում առաջադրումներ սկսելու մասին: Հայտարարության մեջ նշվում են թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

16. Հայտարարությունից հետո` մեկ շաբաթյա ժամկետում, համապատասխան պաշտոնին հավակնող բոլոր այն դատավորները, դատարանի նախագահները եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահները, ովքեր ունեն դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 5 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ, կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը դատարանի նախագահին ընտրում է սույն հոդվածի 6-ից 11-րդ մասերով սահմանված կարգով:

17. Սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել տվյալ դատարանի դատավորի պաշտոնում՝ դատարանի նոր նախագահ նշանակվելու պահից, իսկ 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում՝ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվելու պահից:»:

Հոդված 17. Oրենսգիրքը լրացնել 144.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 144.1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու հիմքերը

1. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը մնում է թափուր այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.

2) դադարում են դատարանի նախագահի լիազորությունները`

ա. լրանում է դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը.

բ. սույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառման արդյունքում Հանրապետության Նախագահը դադարեցնում է դատարանի նախագահի լիազորությունները.

գ. սույն օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված դեպքում դիմում է ներկայացվում.

դ. դադարեցվում կամ դադարում են նախագահի պաշտոնը զբաղեցնող դատավորի լիազորությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել այդ պաշտոնում մինչեւ դատարանի նոր նախագահ նշանակելը:»

Հոդված 18. Օրենսգրքի 145-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 145. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Վերաքննիչ դատարանի նախագահները նշանակվում են սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները` սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված հիմքերով դադարելու կամ դադարեցվելու դեպքում վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածուների ցուցակում ընդգրկվում են այն դատավորները, ովքեր համապատասխանում են սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված պահանջին, ունեն դատավորի պաշտոնում առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 3 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 7 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ:

3. Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը սույն օրենսգրքի 124.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հիմքերով թափուր մնալու դեպքում վերաքննիչ դատարանի նախագահի թափուր պաշտոնին կարող են հավակնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող անձը, վերաքննիչ դատարանի դատավորը, այլ վերաքննիչ դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի դատավորը կամ պալատի նախագահը, ովքեր ունեն դատավորի պաշտոնում առնվազն 5 տարվա ստաժ կամ տվյալ դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 3 տարվա ստաժ կամ քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն 3 տարվա ստաժ կամ հանրային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոններում առնվազն 7 տարվա ստաժ եւ չունեն կարգապահական տույժ:

Հոդված 19. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

2) լրացնել 5-ից 8-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

6. Արդարադատության խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, կառավարման ոլորտում կրթությունը եւ աշխատանքային փորձը, անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Յուրաքանչյուր հավակնողի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

7. Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

8. Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի նշանակում համապատասխան անձին Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է նոր քվեարկություն:»

Հոդված 20. Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասում «ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նշանակման համար սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 5-ից 8-րդ մասերով» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 154-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ հոդվածի տեքստում «էթիկայի» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով՝:

2) 1-ին մասի երրորդ նախադասության «կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին» բառերը փոխարինել «հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում եւ 4-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

2) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի եւ կարգապահական կանոնների խախտման հիմքերով.

«2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:»:

3) 3-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով:

4) 4-րդ մասում «տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ» բառերից հետո լրացնել «էթիկայի կանոնների խախտման հիմքով՝» բառերը:

5) 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 23. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասում, 159-րդ հոդվածի 1-ին մասում եւ 166.1-րդ հոդվածի 2-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, ապա վարույթ հարուցած կարգապահական հանձնաժողովի անդամները խորհրդակցական սենյակում ներկա չեն գտնվում:» նախադասությունը հանել:

Հոդված 25 . Oրենսգրքի 165-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 4-րդ կետում «դատավորի» բառից առաջ լրացնել «վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նկատմամբ`» բառերը

2) 3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«5) առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների նկատմամբ՝ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:»

3) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Եթե առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:»:

Հոդված 26. Օրենսգրքի 166-րդ հոդվածում «դատավորի» բառերից հետո լրացնել «(դատարանի նախագահի)» բառերը, իսկ «դատավորը» բառից հետո լրացնել «(դատարանի նախագահը)» բառերը:

Հոդված 27. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ նախադասությունները հանել:

Հոդված 28. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունում, 78-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 166.1-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «էթիկայի», բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով, իսկ 159-րդ հոդվածի 1-ին մասում՝ «կարգապահական հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) էթիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 76-րդ հոդվածի 5-րդ մասում, 78-րդ հոդվածի 2-րդ մասում, 92-րդ հոդվածի 6-րդ մասում, 95-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «դատարանների նախագահների խորհրդի էթիկայի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերը համապատասխանաբար փոխարինել «դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերով:

Հոդված 32. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն առանց կարգապահական վարույթ հարուցելու լիազորության շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ իր կողմից հարուցված կարգապահական վարույթներն ավարտելը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Նշված ժամկետն ավարտվելուց հետո չավարտված կարգապահական վարույթները փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

4. Մինչեւ դատարաններում գործերի թվայնացման եւ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումը դատական գործի նյութերը դատավորներին տրամադրվում են թղթային կրիչով, իսկ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումից հետո՝ էլեկտրոնային եղանակով եւ թղթային կրիչով:

5. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական կազմերն առաջին անգամ ձեւավորվում են պատահական ընտրությամբ՝ համակարգչային ծրագրի միջոցով:

6. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները պաշտոնավարում են մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների առաջին ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի կիրառվում:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա հաջորդող մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը:

9. Սույն օրենքի 7-րդ եւ 9-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։