Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-429-08.01.2014,25.02.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

Սույն օրենքի նպատակը ոստիկանական պահպանությունը` որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ սահմանելն է, ոստիկանական պահպանության եւ մասնավոր պահնորդության ոլորտների տարանջատումը, ինչպես նաեւ` ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ռազմականացված  ստորաբաժանումների իրավական դրության ամրագրումը:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) պահպանություն - պահպանվող օբյեկտի եւ նրա շրջակայքի  դիտում` պահպանվող օբյեկտի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները   հայտնաբերելու, կանխելու եւ խափանելու նպատակով.

2) հույժ կարեւոր նշանակության օբյեկտներ – այնպիսի օբյեկտներ, որոնց բնականոն գործունեության ընթացքի խախտումները կարող են բնակչության կյանքի կամ առողջության համար անմիջական ռադիացիոն, հիդրոդինամիկ, քիմիական, հրդեհապայթյունավտանգ եւ այլ սպառնալիք հանդիսանալ.

3) կարեւորագույն նշանակության օբյեկտներ – այնպիսի օբյեկտներ (կազմակերպություններ, կառույցներ), որոնց աշխատանքը երաշխավորում է բնակչության նորմալ կենսագործունեությունը, իսկ դրանց գործունեության խաթարումը կամ ոչ պատշաճ շահագործումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա կամ էապես նվազեցնել բնակչության կենսագործունեության անվտանգությունը.

4) պահպանվող օբյեկտ – սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված ոստիկանական պահպանության ենթակա շենքերը, շինությունները, օբյեկտները, գույքը, անձինք.

5) պահպանության միջոցներ - պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովմանն ուղղված ահազանգման միջոցների տեղադրում, շահագործում, սպասարկում, պահպանության պահակակետերի տեղադրում, համապատասխան տարածքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովում, անցագրային եւ նորօբյեկտային ռեժիմի կազմակերպում, հանցագործությունների եւ այլ իրվախախտումների նախականխում ու կանխում, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտի անվտանգության ապահովման նպատակով իրականացվող այլ միջոցառումներ.

6) անցագրային ռեժիմ - պահպանվող օբյեկտ մուտք գործելու (ելք) համար պահպանության միջոցների իրականացում, որոնք բացառում են անձանց, տրանսպորտային միջոցների եւ գույքի անվերահսկելի մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ hանդիսացող տարածք.

7) ներօբյեկտային ռեժիմ - պահպանվող օբյեկտում գտնվելու համար պահպանության միջոցների իրականացում, որոնք ապահովում են օբյեկտում գտնվող անձանց վարքի համապատասխանությունը նախապես որոշված կանոններին:

ՀՈԴՎԱԾ 3. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանական պահպանությունը սույն օրենքով նախատեսված դեպքերում իրականացվող պարտադիր պետական պահպանության տեսակ է:

2. Ոստիկանական պահպանության ենթակա են.

1) պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերն ու շինությունները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված շենքերի եւ շինությունների.

2) հույժ կարեւոր նշանակության օբյեկտները.

3) կարեւորագույն նշանակության օբյեկտները.

4) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի hամաձայն՝ զենքի արտադրություն, զենքի առեւտուր, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրություն, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում եւ արտահանում իրականացնելու համար լիցենզիա ստացած առեւտրային կազմակերպությունների (այսուհետ՝ լիցենզավորված կազմակերպություններ) գույքը  (շենք, շինություն, պահեստ, փոխադրամիջոց կամ այլ հնարավոր տարածք, որտեղ առկա կլինի լիցենզավորված գործունեության իրականացման հետ կապված թմրամիջոց, հոգեմետ նյութեր եւ դրանց պրեկուրսորներ, զենք կամ ռազմական նշանակության արտադրանք).

5) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննությանը ենթակա քրեական գործերով)` քրեական դատավարությանը մասնակցող անձինք:

3. Ոստիկանական պահպանության ենթակա օբյեկտների եւ գույքի պահպանությունն իրականացվում է մարտական զենքով եւ (կամ) տեսադիտարկման հատուկ տեխնիկական միջոցներով, որոնք միացվում են ոստիկանական պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կենտրոնական պահպանության դիտակետերին՝ ոստիկանական վերակարգերի արագ արձագանքման եւ իրավախախտումների նախականխման, կանխման ու խափանման նպատակով:

4. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, կարեւորագույն եւ հույժ կարեւոր նշանակության օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորագույն եւ հույժ կարեւոր նշանակության օբյեկտների ցանկը սահմանելիս հիմք է ընդունում դրանց բնականոն  գործունեության ընթացքի ցանկացած խախտման դեպքում պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների վտանգման անմիջական սպառնալիքի առկայության հնարավորությունը:

5. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, հույժ կարեւոր նշանակության օբյեկտների, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված` քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահպանությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

  6. Ոստիկանական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, հույժ կարեւոր նշանակության օբյեկտների պահպանությունն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության  ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն)  պետի հրամանով:

 7. Ոստիկանական պահպանության սակագների հաշվարկման կարգը, տարեկան ծախսերի նորմատիվները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Արգելվում է ոստիկանական պահպանության ենթակա օբյեկտների պահպանության պայմանագրեր կնքել մասնավոր պահնորդական կազմակերպությունների կամ այլ անձանց հետ: Սույն դրույթի խախտմամբ կնքված պայմանագրերն առոչինչ են:

9. Ոստիկանական պահպանության ծառայությունը կարող է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումներում արտաբյուջետային միջոցների հաշիվ բացել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ոստիկանական պահպանության ծառայության արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման եւ տնօրինման նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ոստիկանական պահպանության ծառայությունն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցել սույն հոդվածի 2-րդ մասով չնախատեսված օբյեկտների պահպանության վճարովի ծառայություններ:

11. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված արտաբյուջետային ֆոնդը ձեւավորվում է պայմանագրային հիմունքներով ոստիկանական պահպանություն իրականացնելու համար գանձվող վճարներից եւ ծախսվում է ոստիկանական պահպանության ծառայության համար ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման, սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝  ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքի եւ առողջության պահպանման համար ապահովագրավճարների վճարման, ոստիկանական պահպանության ծառայության ծառայողների վերապատրաստման, պահպանության պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում պահպանվող օբյեկտին պատճառված վնասի փոխհատուցման, ոստիկանական պահպանության ծառայության շենքերի ու շինությունների, ծառայության պայմանների բարելավման նպատակով: Արտայուջետային ֆոնդը ծախսելու այլ ուղղությունները սահմանվում են արտաբյուջետային ֆոնդի տարեկան նախահաշիվը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 4. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1. Ոստիկանական պահպանության ենթակա՝  սույն օրենքի  3-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված օբյեկտների եւ գույքի պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն կնքված գրավոր պայմանագրի հիման վրա: Պայմանագրի գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:

 2.  Ոստիկանական պահպանության ենթակա՝ սույն  օրենքի 3-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերով սահմանված շենքերի, շինությունների, օբյեկտների եւ անձանց  պահպանությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` վարչական ակտի հիման վրա, առանց ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելու:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում կնքվող ոստիկանական պահպանության մասին պայմանագիրը պարունակում է պահպանության միջոցների մասին պլան, տվյալներ ոստիկանական պահպանության ծառայության ծառայողների, պահակետերի թվաքանակի, տեղաբաշխման, շահագործվող պահպանության տեխնիկական համակարգերի եւ միջոցների ինչպես նաեւ` ոստիկանական պահպանության ծառայության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման եղանակների մասին:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրի գինը որոշելիս հիմք են ընդունվում սույն օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սակագները:

ԳԼՈՒԽ 2.

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ,  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 5.   ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի իմաստով ոստիկանական պահպանության ծառայությունը ոստիկանության ենթակայության հիմնարկ է: Հիմնարկն ընդգրկում է ոստիկանական պահպանության ծառայության վարչական մասը, պահպանության տարածքային, շարային, ինչպես նաեւ ոստիկանության ռազմականացված ստորաբաժանումները:

2. Ոստիկանական պահպանության ծառայության, բացառությամբ ռազմականացված ստորաբաժանումների ծառայողների, ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայստանի Հանրապետության օրենքով:

ՀՈԴՎԱԾ 6. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ

1. Սույն օրենքի իմաստով` ռազմականացված ստրաբաժանման ծառայողը աշխատանքային պայմանագրով ոստիկանական պահպանության ստորաբաժանման կազմում ծառայության անցած անձն է:

2. Ռազմականացված ստորաբաժանման կազմում ծառայության անցնել չի կարող այն անձը՝

1) ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի.

2) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մաuով նախատեuված դեպքերի.

3) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) որը որպես թմրամոլ, ալկոհոլամոլ կամ հոգեկան հիվանդ գտնվում է հաշվառման մեջ բժշկական կազմակերպությունում.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) որը ծառայողական իրավախախտումների համար ազատվել է ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից, պաշտպանության նախարարության համակարգից, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, քրեակատարողական ծառայությունից, փրկարար ծառայությունից եւ ազատման օրվանից մեկ տարուց պակաս ժամանակ է անցել.

7) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

8) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար  եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ:

3. Ռազմականացված ստրաբաժանման ծառայողը կրում է հատուկ համազգեստ, ունի վկայական, որոնց ձեւերը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

4. Ռազմականացված ստորաբաժանման ծառայողի կյանքն ու առողջությունը ապահովագրվում է դժբախտ պատահարներից: Ապահովագրավճարները վճարվում են ոստիկանական պահպանության  ծառայության արտաբյուջետային միջոցներից:

ՀՈԴՎԱԾ 7. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

1. Ոստիկանական պահպանություն իրականացնող ծառայողի լիազորություններն են.

1) անձանցից պահանջել կատարելու իր  լիազորություններից բխող  օրինական պահանջները.

2) պահպանվող օբյեկտի աշխատակիցներից, պաշտոնատար եւ այլ անձանցից պահանջել անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմի պահպանում, արգելել անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմին չենթարկվող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ,  վնասազերծել պահպանվող օբյեկտ ներխուժող, ներխուժած անձանց, եթե այդ անձինք ցուցաբերում են անհնազանդություն կամ դիմադրություն եւ նրանց հանձնել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում.

3) պահպանվող օբյեկտում անցագրային ռեժիմ կիրառելիս իրականացնել քաղաքացիների անձնական եւ նրանց մոտ գտնվող իրերի զննություն, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաեւ` պահպանվող օբյեկտ մուտքի, ելքի (այդ թվում` տրանսպորտային միջոցով), գույք տեղափոխելու  իրավունք տվող թույլտվություններ.

4) իրականացնել պահպանվող օբյեկտ մուտք գործող կամ պահպանվող օբյեկտից դուրս եկող տրանսպորտային միջոցների զննություն.

5) կատարել պահպանվող օբյեկտի նկատմամբ կամ պահպանվող օբյեկտում  իրավախախտում կատարած անձանց վնասազերծում, անձնական զննություն եւ նրանց հանձնել ոստիկանության համապաստախան ստորաբաժանում.

6) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն.

7) պահպանության տեխնիկական համակարգերի նախագծումը, մոնտաժը, տեխնիկական սպասարկումը, ինչպես նաեւ կենտրոնացված պահպանության դիտակետերի շահագործումը:

2. Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` քրեական դատավարությանը մասնակող անձանց պաշտպանության միջոցները ոստիկանական պահպանության ստորաբաժանման կողմից իրականացնելու կարգն ու պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ԳԼՈՒԽ 3.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈԴՎԱԾ 8.  ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՑ ԽՈւՍԱՓԵԼՈւ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Ոստիկանական պահպանության ծառայության հետ ոստիկանական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում ոստիկանական պահպանության ծառայությունն իրավունք ունի դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիականան օրենսգրքի 461-րդ հոդվածին համապատասխան պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով: Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կազմակերպությունները պարտավոր են պետությանը հատուցել դրանով պատճառված վնասները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքելուց խուսափելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մինչեւ համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Ոստիկանական պահպանության ծառայության ծառայողի օրինական պահանջը չկատարելը  առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 4.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 10. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր են ոստիկանական պահպանության ծառայության հետ ոստիկանական պահպանության մասին պայմանագիր կնքել մինչեւ 2014 թվականի հունիսի 1-ը:

2. Ոստիկանական պահպանության ենթակա՝  սույն օրենքի  3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված լիցենզավորված կազմակերպությունների գույքի պահպանության պայմանագիրը կնքվում է միայն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում լիցենզավորված գործունեության իրականացման հետ կապված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը կամ դրանց պրեկուրսորները, զենքը կամ ռազմական նշանակության արտադրանքը փաստացի առկա են ոստիկանական պահպանության ենթակա շենքում, շինությունում, պահեստում, փոխադրամիջոցում կամ այլ հնարավոր տարածքում:

ՀՈԴՎԱԾ 11. ՖԻԶԻԿԱԿԱՆ եւ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

Ոստիկանական պահպանության ծառայությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գործառույթն իրավունք ունի իրականացնել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը: