Armenian ARMSCII Armenian
Կ-2421-26.04.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածների՝

1) վերնագրերում «(անալոգ)» եւ «(անալոգի)» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ ածանցյալներ» եւ «կամ ածանցյալների» բառերը,

2) 1-ին մասերում «(անալոգ)» եւ «(անալոգի)» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ ածանցյալ» եւ «կամ ածանցյալի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել եւ հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի եւ առողջության համար, եւ որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում» (այսուհետ՝ Համաձայնագիր):

2021թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 21-ից:

«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ միջազգային իրավական ակտի՝ «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրի» դրույթներին չհակասելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում՝ համապատասխանեցնելով այն Համաձայնագրում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ լրացված հասկացությունների մասով:

Այդ նկատառումներից ելնելով՝ մշակվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:

Նախագծի համաձայն՝ օրենքը լրացվել է Համաձայնագրով սահմանված նոր հասկացությամբ՝ համապատասխանեցվելով Համաձայնագրում կիրառվող հասկացություններին: «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացվող հասկացությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետեւ՝ Օրենսգիրք):

Նախագծի համաձայն՝ օրենսգրքի 27-րդ, 393-399-րդ, 402-403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածները կլրացվեն «ածանցյալ» հասկացությամբ, ինչի շնորհիվ կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին» 1616-Լ որոշման ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համաձայնագրում կատարված փոփոխություններին եւ լրացումներին համապատասխան՝ նախագծով նախատեսվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» լրացնել նոր՝ «թմրանյութերի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ» հասկացությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացնել «ածանցյալ» հասկացությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք ՀՀ ոստիկանության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքում կատարված լրացումը կնպաստի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը եւ այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության լաբորատորիան հագեցնել նոր սերնդի մասս-սելեկտիվային դետեկտորով գազային քրոմատոգրաֆով եւ հեղուկային պրեպարատիվ եւ անալիտիկ քրոմատոգրաֆով, որոնք պետք է ունենան նյութերի այլընտրանքային գրադարաններ:

Նշված սարքավորումների ընդհանուր արժեքը կկազմի 131.240.000 ՀՀ դրամ: Դրանց ձեռք բերման անհրաժեշտությունն արձանագրված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1908-Լ որոշման 1-ին հավելվածի «Ոստիկանություն» գլխի 5-րդ կետի՝ «Ոստիկանության տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում» նպատակի «ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական (դատաավտոտեխնիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաապրանքագիտական) ներուժի զարգացում, փորձաքրեագիտական գործունեության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցների ձեռքբերում» միջոցառմամբ, որի կատարման վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն